HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

230 մլրդ դրամ. Հայաստանի բանկերը 2023-ը բարձր շահույթով են փակել 

Հայաստանի բանկային համակարգը 2023 թվականին շարունակել է բարձր շահույթով աշխատել։ Թեև նախորդ տարվա համեմատ համակարգի շահույթը որոշակի կրճատվել է, սակայն այն մի քանի անգամ բարձր է, քան մինչև 2022-ը գրանցվող ցուցանիշները։

230 մլրդ դրամի շահույթ՝ մեկ տարում 

2023 թվականին Հայաստանում գործող 18 բանկերը միասին 230 մլրդ դրամի շահույթ են ապահովել։ 2022 թվականի համեմատ բանկային համակարգի շահույթը նվազել է 9.2%-ով։ Այս մասին են վկայում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։

Չնայած համակարգի ընդհանուր շահույթը նախորդ տարվա համեմատ նվազել է, սակայն, վստահաբար, 2023-ը շարունակել է «բարենպաստ» տարի լինել բանկերի համար։ Վերջին երկու տարիներին գրանցվող շահույթի ցուցանիշները աննախադեպ են Հայաստանի բանկերի համար։

2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները դարձան հայկական բանկերի ռեկորդային շահույթի շարժիչ ուժը: Բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայություններն ու արտարժութային գործառնություններից ստացված եկամուտները էական հոսքեր ապահովեցին բանկերի համար։ Արդյունքում բանկերի շահույթը նշված տարում եռապատկվեց։

Ինչ վերաբերում է 2023-ին գրանցված 9.2% նվազմանը, բանկերի ֆինանսական հաշվետվություններից կարելի է ենթադրել, որ նվազումը գրանցվել է հիմնականում չորրորդ եռամսյակում, քանի որ տարվա առաջին երեք եռամսյակների կտրվածքով համակարգի շահույթը շարունակում էր աճել։

Մինչև 2022 թվականը, բանկային համակարգի ամենամեծ շահույթը գրանցվել է 2021-ին։ Շահույթի աճը բանկերում համահունչ է նրանց մյուս ֆինանսական ցուցանիշների աճին՝ կապիտալի, ակտիվների, վարկերի, ավանդների և այլն։ 

2023-ին շահույթի ցուցանիշով առաջատարը Արդշինբանկն է, որը մեկ տարում մոտ 63 մլրդ դրամի մաքուր շահույթ է ապահովել։ 2022-ի համեմատ այն էապես չի փոխվել։

Շահույթով մյուս առաջատար բանկը Ամերիաբանկն է։ Գրանցել է 46 մլրդ դրամի շահույթ և 4 % աճ։

Երրորդ տեղում Ակբա բանկն է՝ մոտ 29 մլրդ դրամի շահույթով։ Բանկի շահույթը մեկ տարում մոտ 27%-ով ավելացել է։

Հաջորդում են Ինեկոբանկն (26.5 մլրդ դրամ) ու Այ Դի բանկը (մոտ 16 մլրդ դրամ)։

Բանկերից միայն երկուսն են 2023 թվականը վնասով փակել՝ Արմսվիսբանկն (2.2 մլրդ դրամի վնաս) ու հատկապես Արցախբանկը (24 մլրդ դրամի վնաս):

2022-ի վնասից հետո տարին շահույթով են փակել Ամիօ բանկը (նախկինում՝ Հայբիզնեսբանկ) և ՎՏԲ-Հայաստան բանկը։ 

Մյուս բանկերի ցուցանիշները առավել մանրամասն կարող եք տեսնել այս ինֆոգրաֆիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter