HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Զվարթնոց», «Բագրատաշեն», «Բավրա». Հայաստանի ամենաբանուկ անցակետերը 2023-ին

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թ. ՀՀ պետական սահմանի անցակետերով իրականացված մուտքերի եւ ելքերի քանակական տվյալները:

Ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգն է: Նախկինում առիթ ունեցել ենք գրելու, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից շահագործվող ՍԷԿՏ համակարգի տվյալները տարբերվում են, մասնավորապես, «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի («ԱՄՕ») ցուցանիշներից:

Երբ ժամանակին «Հետքը» Քաղավիացիայի կոմիտեին հարցրել էր, թե որն է քանակական տվյալների տարբերության պատճառը, պատասխանն այն էր, որ ՔԱԿ-ը ցուցանիշներն ստանում է «ԱՄՕ»-ից, վերջինս էլ հիմնվում է ավիաընկերությունների եւ օդանավակայանի ծառայությունների ու բաժինների տեղեկատվության վրա, իսկ Վիճկոմիտեն տվյալները ձեռք է բերում ՍԷԿՏ համակարգից, եւ հաշվարկների մեթոդաբանությունները տարբեր են, ինչի արդյունքում էլ առկա են շեղումներ: Բայց թե ինչ մեթոդաբանական տարբերությունների մասին է խոսքը, այդպես էլ պարզ չէր դարձել: Իր հերթին ԱԱԾ-ն մեզ ընդամենը փոխանցել էր, որ Վիճկոմիտեի հրապարակած տվյալները համապատասխանում են ՍԷԿՏ համակարգի տրամադրած տվյալներին եւ ճիշտ են:

Եթե «ԱՄՕ»-ն հրապարակում է միայն իր տնօրինման ներքո գտնվող «Զվարթնոցի» ու «Շիրակի» ցուցանիշները, ապա Վիճկոմիտեն ՍԷԿՏ համակարգից ստանում է ՀՀ բոլոր սահմանային անցակետերի տվյալները: Այդ անցակետերն են՝ «Զվարթնոց», «Գյումրի», «Կարգո» (խոսքը «Զվարթնոցի» բեռնային համալիրի մասին է), «Էրեբունի» (այս 4-ը գործում են համապատասխան օդանավակայաններում), «Բավրա», «Գոգավան», «Պրիվոլնոյե», «Բագրատաշեն», «Մեղրի», «Մարգարա» (այս 6-ը գործում են ավտոմայրուղիների վրա) եւ «Այրում» (երկաթուղային):

Նկատենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետով ելումուտ չէր եղել 1993-ից, երբ Թուրքիան փակել էր սահմանը: 2023-ի փետրվարին դրանով հայկական կողմը բեռնատարներով Թուրքիա տեղափոխեց հումանիտար օգնություն այդ երկրում երկրաշարժից տուժածների համար: Ավանդաբար բավականին փոքր է նաեւ ելումուտը «Պրիվոլնոյե» անցակետով: Օրինակ՝ 2021-ին այստեղ շարժ չի եղել:

Սեղմելով քարտեզում նշված սահմանային անցակետերի վրա՝ կարող եք տեսնել, թե 2023 թ. դրանցով որքան մարդ է հատել ՀՀ պետական սահմանը (տվյալները՝ ՍԷԿՏ համակարգից)

ՀՀ սահմանային անցակետերում 2023 թ. ընթացքում գրանցվել են սահմանահատման հետեւյալ ցուցանիշները (նվազման կարգով).

«Զվարթնոց» - 5.052.056
«Բագրատաշեն» - 2.855.821
«Բավրա» - 695.427
«Մեղրի» - 617.494
«Գոգավան» - 166.173
«Գյումրի» - 95.107
«Այրում» - 67.791
«Էրեբունի» - 5.806
«Կարգո» - 1.910
«Պրիվոլնոյե» - 409
«Մարգարա» - 48

Հարկ է նկատել, որ «Զվարթնոց» օդանավակայանը ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 5 մլն ուղեւորի շեմը: Առաջիկայում «Հետքը» կանդրադառնա Հայաստանի օդանավակայանների հիմնական արտադրական ցուցանիշներին: 

Լուսանկարում՝ Բագրատաշենի անցակետը / Ֆոտոլուր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter