HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ են ՔԱԿ-ն ու վիճկոմիտեն տարբեր տվյալներ հայտնում օդային ուղով ՀՀ սահմանը հատածների մասին 

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի եւ վիճակագրական կոմիտեի տվյալները օդային ճանապարհով Հայաստան ժամանողների եւ երկրից մեկնողների վերաբերյալ զգալիորեն տարբերվում են միմյանցից:

Հղում անելով ՔԱԿ-ի տվյալներին՝ գրել էինք 2021 թ. ընթացքում Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններով մեր երկիր ժամանած ու այստեղից մեկնած ուղեւորների քանակի մասին:

Այսպես՝ նախորդ տարի «Զվարթնոցով» արտերկիր է մեկնել 1.155.765 մարդ, Հայաստան ժամանել՝ 1.122.447 հոգի, տարբերությունը՝ 33.318 ուղեւոր։ Ընդհանուր ուղեւորահոսքը եղել է 2.278.212 մարդ: «Շիրակով» էլ անցյալ տարի մեկնել է 68․071 մարդ, ժամանել՝ 54․068 հոգի, տարբերությունը՝ 14.003, իսկ ընդհանուր ուղեւորահոսքը՝ 122.139 մարդ։

Այս տվյալները կոմիտեն վերցրել է երկու օդանավակայանների կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ՓԲԸ-ից: Վերջինս էլ իր հերթին, ինչպես նկատել է ՔԱԿ-ը, տվյալները պատրաստում է ավիաընկերությունների եւ օդանավակայանների ծառայությունների ու բաժինների տեղեկատվության հիման վրա:

Ինչպես տեսնում ենք, թե՛ «Զվարթնոցում», թե՛ «Շիրակում» նախորդ տարի մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների քանակը:

Բայց վիճկոմիտեի տվյալները, որոնց աղբյուրը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից շահագործվող սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգն է, բավականին տարբերվում են ՔԱԿ-ի եւ «ԱՄՕ»-ի ցուցանիշներից (ընդ որում՝ խոսքը ոչ միայն 2021, այլեւ 2020 թվականի մասին է):

Ըստ այդմ՝ 2021-ին «Զվարթնոցով» ժամանել է 1.133.533 ուղեւոր, մեկնել՝ 1.150.979 հոգի, տարբերությունը՝ 17.446, իսկ ընդհանուր ուղեւորահոսքը՝ 2.284.512 մարդ: Այսպիսով՝ ՍԷԿՏ համակարգի տվյալներում մեկնածներն ավելի քիչ են, ժամանածները՝ ավելի շատ, քան ներկայացրել են օդանավակայանների կոնցեսիոներն ու ՔԱԿ-ը: Դրա հետեւանքով էլ ժամանած-մեկնածների բացասական տարբերությունը, ըստ վիճկոմիտեի, ոչ թե 33,3 հազ. է, այլ «ընդամենը» դրա կեսը՝ 17,4 հազ.:

Այստեղ հարկ է նկատել, որ ՍԷԿՏ համակարգում «Զվարթնոցից» անջատ են ներկայացված վերջինիս բեռնային համալիրով (կարգո տերմինալ) ժամանածների ու մեկնածների տվյալները՝ 2021-ին այստեղ ժամանել է 398, մեկնել՝ 64 հոգի: Բայց եթե այս թվերը գումարենք վերը նշվածներին, երկու աղբյուրների տվյալները չեն հավասարվի, եւ տարբերությունը կմնա խոշոր:  

«Շիրակի» պարագայում էլ, ըստ ՍԷԿՏ համակարգի եւ վիճկոմիտեի, 2021 թ. ժամանածների թիվը եղել է 54.118, իսկ մեկնածներինը՝ 68.154 ուղեւոր, բացասական տարբերությունը՝ 14.036, ընդհանուր ուղեւորահոսքը՝ 122.275 մարդ: Ինչպես տեսնում ենք, այս թվերը շատ չեն տարբերվում կոնցեսիոների եւ ՔԱԿ-ի ցուցանիշներից, բայց, ամեն դեպքում, տարբերություն կա:

Սեղմելով քարտեզում նշված սահմանային անցակետերի վրա՝ կարող եք տեսնել, թե 2021 թ. դրանցով որքան մարդ է հատել ՀՀ պետական սահմանը (տվյալները՝ ՍԷԿՏ համակարգից)

Տվյալների տարբերության տեսական պատճառներից մեկը կարող էր լինել տարանցիկ (տրանզիտ) ուղեւորների քանակը, որոնք ժամանում են օդանավակայան, սակայն, չհատելով սահմանը, կրկին մեկնում են: Բայց ի՞նչ է տեղի ունենում գործնականում: «Զվարթնոցի» պարագայում («Շիրակի» մասին չենք խոսում, քանի որ այս օդանավակայանով տարանցիկ ուղեւոր չի տեղափոխվում) տարանցիկ ուղեւորներ են, մասնավորապես, Թբիլիսիից Երեւանի միջոցով Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ մեկնողները (Թբիլիսի-Երեւան-Մոսկվա-Երեւան-Թբիլիսի): Ու չնայած այս մարդիկ, տարանցելով Երեւանը, ուղեւորվում են Մոսկվա կամ Թբիլիսի, վիճակագրության մեջ չեն մտնում, քանի որ օդանավից դուրս չեն գալիս եւ «Զվարթնոցի» ժամանման սրահ չեն մտնում, առավել եւս՝ սահման չեն հատում:

Մեր հարցին, թե որն է քաղավիացիայի կոմիտեի ու վիճկոմիտեի տվյալների տարբերության (հատկապես՝ «Զվարթնոցի» պարագայում) պատճառը, ՔԱԿ-ից զուտ նշել են, որ իրենք ցուցանիշներն ստանում են ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, վերջինս էլ հիմնվում է ավիաընկերությունների եւ օդանավակայանի ծառայությունների ու բաժինների տեղեկատվության վրա, իսկ վիճկոմիտեն տվյալները ձեռք է բերում ԱԱԾ-ի կողմից շահագործվող ՍԷԿՏ համակարգից, եւ հաշվարկների մեթոդաբանությունները տարբեր են, ինչի արդյունքում էլ առկա են շեղումներ:

Թե ինչպիսի մեթոդաբանական տարբերությունների մասին է խոսքը, ՔԱԿ-ը չի մասնավորեցրել՝ առաջարկելով դիմել վիճկոմիտեին: Այդուհանդերձ, մենք դիմել ենք վերջինիս ինֆորմացիայի սկզբնաղբյուրին՝ ԱԱԾ-ին: Վերջինիս հարցրել էինք, թե որն է տարբերության պատճառը, եւ արդյոք ՀՀ սահմանը չհատող տարանցիկ ուղեւորները, այդուհանդերձ, ներառվում են ՍԷԿՏ համակարգում եւ մտնում վիճակագրության մեջ:

ԱԱԾ մամուլի կենտրոնից ստացել ենք հետեւյալ պատասխանը. ««Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների 2021 թ. արտադրական ցուցանիշների վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները համապատասխանում են ՍԷԿՏ համակարգի տրամադրած տվյալներին եւ ճիշտ են: Ձեր հարցադրումը տվյալների տարբերության մասով առաջարկում ենք հասցեագրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին»:

Ստացվում է, որ կողմերից յուրաքանչյուրը (ՔԱԿ-ն ու ԱԱԾ-ն) իր տվյալը համարում է ճիշտ, սակայն չի պարզաբանում, թե, ի վերջո, կոնկրետ ինչն է պետական մյուս մարմնի տրամադրած թվերի հետ տարբերության պատճառը:

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter