HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Շիրակով» մեկնածները եկածներից ավելի շատ են եղել այնքան, որքան Սիսիանի բնակչությունն է

Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանից՝ Գյումրու «Շիրակից», 2021 թ․ ընթացքում օգտվել է 122.139 ուղեւոր։ Անցյալ տարի «Շիրակից» մեկնել է 68․071 մարդ, ժամանել՝ 54․068 հոգի։ Այս թվերը «Հետքին» փոխանցել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, սակայն սկզբնաղբյուրը օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ՓԲԸ-ն է։

Եթե Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում 2021-ից առաջ վերջին անգամ 2015-ին է մեկնածների թիվն ավելի եղել ժամանածներից, ապա «Շիրակի» պարագայում օրինաչափ երեւույթ է այն, որ մեկնողները եկողներից ավելի շատ են։

Այս պատկերն ենք տեսնում 2018-2021 թթ․, իսկ 2017-ին ժամանածների թիվն ավելի էր մեկնածներից ընդամենը 8-ով։ Ինչպես «Զվարթնոցի» դեպքում, այս պարագայում եւս կարող ենք ասել, որ գործ ունենք արտագաղթի հետ, քանի որ ժամանակավոր հեռացողների հիմնական խմբերը՝ տարվա ընթացքում արտագնա աշխատանքի եւ հանգստի մեկնողները, տարեվերջին վերադառնում են հայրենիք, գումարած սրան՝ Ամանորն արտերկրում նշող մեր հայրենակիցների թիվը (այն էլ «Շիրակով» մեկնողների) հատկապես կորոնավիրուսի համավարակի պայմաններում շատ մեծ չէ։

2018-ին ժամանածներ-մեկնածներ բացասական տարբերությունը եղել է 1.202 մարդ, 2019-ին՝ 670, 2020-ին՝ 471, իսկ նախորդ տարի՝ 14.003։ Հասկանալու համար, թե ինչ թիվ է սա Հայաստանի համար, բավական է ասել, որ ՀՀ վիճկոմիտեի տվյալներով՝ 2021-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ 14 հազ․ գրանցված բնակիչ է ունեցել Սիսիան քաղաքը (խոսքը ոչ թե փաստացի բնակվողների, այլ հաշվառում ունեցողների մասին է)։ Այսինքն՝ «Շիրակ» օդանավակայանից նախորդ տարի մեկնել է Սիսիանի բնակչության չափ ավելի շատ մարդ, քան եկել է։

2021-ին գրանցված 122.139 ուղեւորահոսքը 3,4 անգամ գերազանցում է 2020-ի արդյունքը, երբ Գյումրու օդային դարպասներից օգտվել էր 35.491 մարդ։ Բայց «Շիրակը» դեռ հետ է մնում նախաքովիդյան ու նախապատերազմական շրջանի՝ 2018-2019 թթ․ ցուցանիշներից։ Ընդհանրապես, վերջին տարիներին «Շիրակի» լավագույն ցուցանիշները գրանցվել են 2018-ին, երբ այստեղով անցել է գրեթե 166 հազար մարդ։ Բնականաբար, միջազգային օդանավակայանի համար սա շատ փոքր թիվ է, բայց ունենք այն, ինչ ունենք։

Shirak: Passengers (2014-2021)
Infogram

Եթե վերլուծենք ամիսներով, ապա հարկ է նկատել, որ օգոստոսին, երբ «Շիրակը» փակ էր վերանորոգման պատճառով, այստեղ թռիչքներ ու վայրէջքներ չեն եղել, այսինքն՝ ուղեւորահոսքը 0 էր։ Ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում կարող ենք տեսնել, որ վերջին տարիներին նման պատկեր եղել է նաեւ 2016-ի օգոստոս-սեպտեմբեր, ինչպես նաեւ 2020-ի ապրիլ-հունիս ամիսներին։ Փոխարենը նախորդ տարվա հոկտեմբերին «Շիրակից» օգտվել է 18.673 ուղեւոր, ինչն ամսական կտրվածքով լավագույն արդյունքն է վերջին տարիների ընթացքում։

Passengers: LWN (2014-2021)
Infogram

Այս թվերից հետո եթե կարող ենք խոսել «Շիրակի» ուղեւորահոսքի որոշակի վերականգնման մասին, ապա ոչ մի լավ բան չենք կարող ասել բեռնափոխադրման (բեռ+փոստ) սեգմենտի վերաբերյալ, որում 2019-2020 թթ․ նման պատկերը զրոյական է։ Վերջին անգամ «Շիրակով» 0,6 տ կամ 600 կգ բեռ տեղափոխվել է 2018-ին։

Ինչ վերաբերում է թռիչքներին ու վայրէջքներին, ապա այս ոլորտում որոշակի աշխուժացում կա։ Ինչպես նախկինում նշել ենք, եթե ՀՀ քաղավիացիայի կոմիտեն մեկ թռիչքն ու մեկ վայրէջքը հաշվում է մեկ հատ՝ որպես մեկ թռիչք-վայրէջք, ապա կոնցեսիոները վիճակագրությունը վարում է թռիչքների ու վայրէջքների գումարային հաշվարկով։ «Հետքի» ստացած տվյալների համաձայն՝ 2021-ին «Շիրակում» կատարվել է 547 թռիչք եւ նույնքան վայրէջք, ընդհանուր՝ 1․094 հատ։ Համեմատության համար ասենք, որ 2018-ին այստեղ գրանցվել է 488 թռիչք-վայրէջք, 2019-ին՝ 453 հատ, իսկ 2020-ին՝ ընդամենը 129: 

Չվերթերի շատացման պատճառն այն է, որ եթե նախկինում այստեղ ժամանում էր միայն ռուսական «Պոբեդան», ապա հիմա «Շիրակից» օգտվող ավիաընկերությունների թիվն ավելացել է, չնայած խոսքն էլի ռուսական օպերատորների մասին է։

Ընթերցողներին տեղեկացնենք, որ կոնցեսիոներ ընկերության կայքում այժմ հասանելի է ոչ միայն «Զվարթնոցի», այլեւ «Շիրակի» չվացուցակը։ Վերջինիս բացակայությունը նախկինում բավականին դժվարություններ էր առաջացնում ուղեւորների եւ ավիացիայով հետաքրքրվողների համար։ 

Տես նաեւ՝

Լուսանկարը՝ «Զվարթնոց» օդանավակայանի (կառավարում է նույն կոնցեսիոները) ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter