
«Զվարթնոցի» ցուցանիշները «վերակենդանացում» են հուշում, բայց մտահոգիչը մեկնածների զգալի մեծ թիվն է
2021 թ․ Հայաստանի գլխավոր օդային դարպասներով՝ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով, արտերկիր է մեկնել 1.155.765 մարդ, Հայաստան ժամանել՝ 1.122.447 հոգի, տարբերությունը՝ 33.318 ուղեւոր։ Այս մասին «Հետքը» տեղեկացել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեից, որն իր հերթին տվյալները վերցրել է օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ՓԲԸ-ից։
Եթե հաշվի առնենք, որ արտագնա աշխատանքի մեկնածները որպես կանոն տարեվերջին ինչ-որ ժամանակով վերադառնում են, մյուս կողմից՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում շատ մեծ չէ արտերկրում Ամանոր նշելու մեկնող հայաստանցիների թիվը, կարող ենք եզրակացնել, որ այդ 33 հազարի մեջ գգալի է արտագաղթածների մասնաբաժինը։
Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-օգոստոսին «Զվարթնոցով» մեկնածներ-ժամանածներ տարբերությունը 48.053 էր, սակայն այն ժամանակ մենք նշել էինք, որ հաշվի առնելով արտագնա աշխատանքի ու արտերկրյա հանգստի մեկնածների թվերը՝ ճիշտ է սպասել տարեվերջյան տվյալներին։ Ու հիմա տեսնում ենք տարբերության որոշակի մեղմացում, բայց, ամեն դեպքում, 33 հազարը Հայաստանի մասշտաբով մի ամբողջ քաղաքի կամ նույնիսկ քաղաքների բնակչության թիվ է։ Օրինակ՝ 2021 թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ, համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի, ընդհանուր շուրջ 33 հազար մարդ էր գրանցված Մասիս եւ Վեդի քաղաքներում (20,7 եւ 11, 7 հազ․ համապատասխանաբար)։
Վերադառնալով «Զվարթնոցի» թվերին՝ նշենք, որ 2021-ին ընդհանուր ուղեւորահոսքն այստեղ եղել է 2.278.212 մարդ։ Սա, իհարկե, համեմատելի չէ կորոնավիրուսով ու 44-օրյա պատերազմով հիշվող 2020 թվականի հետ, երբ «Զվարթնոցից» օգտվեց ընդամենը 791 հազ․ մարդ (տես ստորեւ), սակայն նախորդ տարվա ցուցանիշը հետ է 2017-2019 թթ․ տվյալներից։ Հիշեցնենք, որ 2019-ը «Զվարթնոցի» լավագույն տարին էր, երբ օդանավակայանը սպասարկեց 3 մլն-ից ավել մարդու։
Ինչ վերաբերում է ամսական կտրվածքով շարժին, ապա ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում տեսանելի է, որ 2021-ը «Զվարթնոցն» սկսել էր (տես հունվար-մարտ ամիսները) վերջին տարիների համար վատագույն ցուցանիշներով, բայց, օրինակ, օգոստոսին, որն ավանդաբար ամենաակտիվ ամիսն է «Զվարթնոցում», նախորդ տարվա ուղեւորահոսքը երկրորդ լավագույնն էր 2019-ից հետո։
Այսպիսով՝ Հայաստանի գլխավոր օդանավակայանը 2021-ին կարողացել է մոտենալ նախաքովիդյան ու նախապատերազմական ցուցանիշներին, ու չի բացառվում, որ գալիք տարի կարողանա գերազանցել 2019-ին արձանագրած անձնական ռեկորդը։
2020-ի համեմատ 2021-ին «Զվարթնոցում» աճել է նաեւ բեռնափոխադրման ծավալը։ Առաքվել է 8․803 տոննա բեռ, ներմուծվել՝ 8․518 տ, ընդհանուր՝ 17.321 տ։ Կոնցեսիոներ «ԱՄՕ»-ն բեռնափոխադրման ծավալների մեջ ներառում է նաեւ օդով ուղարկված եւ ընդունված փոստի տվյալները։ 2020-ին «Զվարթնոցում» բեռնափոխադրումը եղել է 15.733 տ, 2019-ին՝ 19.511 տ, իսկ 2018-ին՝ 18.069 տ: Սրանք, սակայն, ՔԱԿ-ի տվյալներն են, որոնցում փոստը ներառված չէ։ Եթե հաշվի առնենք նաեւ փոստը, ապա, 2019-ին, օրինակ, բեռնափոխադրումը կազմել է 20․065 տ։ Ամեն դեպքում, տեսնում ենք, որ նախորդ տարվա բեռնափոխադրման ծավալները (բեռ+փոստ) չնայած գերազանցում են 2020-ի թվերին, զիջում են 2018-2019 թթ․ ցուցանիշներին (իսկ ահա 2017-ին այդ ծավալներն անցել էին 22 հազ․ տոննան)։
Ուղեւորահոսքից ու բեռնափոխադրումից բացի՝ օդանավակայանի երրորդ կարեւոր արտադրական ցուցանիշը թռիչք-վայրէջքների քանակն է։ Առիթներ ունեցել ենք նշելու, որ կոնցեսիոները վիճակագրությունը վարում է թռիչքների ու վայրէջքների գումարային հաշվարկով, իսկ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն մեկ թռիչքն ու մեկ վայրէջքը հաշվում է մեկ հատ՝ որպես մեկ թռիչք-վայրէջք: Բայց քանի որ այս անգամ կոմիտեն հենց «ԱՄՕ»-ի տրամադրած թվերն է ներկայացրել, տեսնում ենք թռիչքների ու վայրէջքների քանակն առանձին-առանձին։ Այսպես՝ 2021-ին «Զվարթնոցում» կատարվել է 10.106 թռիչք եւ 10.112 վայրէջք, գումարային՝ 20.218 հատ։
Քաղավիացիայի կոմիտեի համաձայն՝ 2020-ին «Զվարթնոցում» կատարվել է 4․963 թռիչք-վայրէջք, 2019-ին՝ 13.260, իսկ 2018-ին՝ 11.580։ Համեմատությունը ցույց է տալիս, որ ուղեւարահոսքի ու բեռնափոխադրման սեգմենտների նման այստեղ էլ օդանավակայանը զգալիորեն գերազանցել է 2020-ին արձանագրած տվյալները, բայց չի կարողացել հասնել 2018-2019 թթ. արդյունքներին։
Հաջորդիվ կներկայացնենք Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանի՝ Գյումրու «Շիրակի» ցուցանիշները 2021 թ. կտրվածքով։
Տես նաեւ՝
- Կորոնավիրուսի ու պատերազմի տարում «Զվարթնոց» օդանավակայանը հակառեկորդներ է գրանցել
- 2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի արտադրական ցուցանիշներն աճել են
- «Զվարթնոցի» ցուցանիշներն աճել են՝ բացի բեռնափոխադրումից
- «Զվարթնոցը» թարմացրել է նախորդ տարվա ռեկորդը (ինֆոգրաֆիկա)
- «Զվարթնոցում» կտրուկ աճել է տեղափոխվող ուղեւորների ու բեռի քանակը (ինֆոգրաֆիկա)
Լուսանկարում՝ «Զվարթնոց» օդանավակայանը (zvartnots.aero)
Մեկնաբանել