
Կորոնավիրուսի ու պատերազմի տարում «Զվարթնոց» օդանավակայանը հակառեկորդներ է գրանցել
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2020 թ. փակել է հակառեկորդային ցուցանիշներով, ինչը հասկանալի պատճառներ ունի: Նախորդ տարվա առաջին 9 ամիսներին օդային փոխադրումները տուժեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ վերջին եռամսյակում դրան ավելացավ նաեւ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը:
2019 թվականին Հայաստանի գլխավոր օդային դարպասը կարողացել էր հաղթահարել տարեկան 3 մլն ուղեւորի շեմը եւ, կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տվյալների համաձայն, տեղափոխել էր 3.021.608 ուղեւոր (իր հերթին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն որպես 2019 թ. տարեկան ցուցանիշ նշել է 3.048.859): Իսկ ահա 2020 թվականին, համաձայն ՔԱԿ-ի, «Զվարթնոցից» օգտվել է ընդամենը 790.827 ուղեւոր: Տարբերությունն ավելի քան 2,2 մլն է, ինչը Հայաստանի պայմաններում հսկայական թիվ է:
Ինչպես կարելի է տեսնել ներքեւի գրաֆիկում, նախորդ տարվա առաջին եռամսյակում օդանավակայանի ցուցանիշները եղել են վերջին տարիների տվյալների տիրույթում, չնայած տարվա սկզբից շարունակական անկում է եղել: Ամենամեծ հակառեկորդը գրանցվել է ապրիլին, երբ Հայաստանում արդեն (մարտի 16-ից) հայտարարված էր արտակարգ դրություն, եւ երկրի սահմանները փակ էին: Դրանից հետո չնայած մինչեւ սեպտեմբեր ուղեւորահոսքը շատ դանդաղ աճել է, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը նոր խոչընդոտներ ստեղծեց զբոսաշրջության համար: Այդուհանդերձ, պիտի հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում դեպի մեր երկիր թռիչքները չեն դադարեցվել: Հոկտեմբեր-նոյեմբերին ուղեւորահոսքի որոշակի նվազումից հետո դեկտեմբերին ավանդական աճ է գրանցվել: Շեշտենք, սակայն, որ մարտից հետո «Զվարթնոցից» օգտված ուղեւորների ամսական թիվն այդպես էլ չի հասել 100.000-ի շեմին:
Ի տարբերություն կոնցեսիոներ ընկերության, որը բեռնափոխադրման տվյալների մեջ ներառում է նաեւ փոստի ծավալները, քաղավիացիայի կոմիտեն ներկայացնում է միայն օդանավակայանի միջոցով առաքված ու ներմուծված բեռների քաշը: Եթե 2018-ին, ըստ ՔԱԿ-ի, «Զվարթնոցով» բեռնափոխադրման ծավալը կազմել է 18.069 տոննա, 2019-ին՝ 19.511 տ, ապա անցյալ տարի այն եղել է 15.733 տ:
Թռիչք-վայրէջքների ցուցանիշները ներկայացնելու առումով եւս տարբերություններ կան: Կոնցեսիոները դրանք ցույց է տալիս առանձին-առանձին (գործնականում պատահում է այնպես, որ թռիչքներն ավելի շատ լինեն, քան վայրէջքները, կամ հակառակը, օրինակ՝ ամսվա կամ տարվա վերջում ինքնաթիռը ժամանել է, բայց չի մեկնել կամ էլ մեկնել է ու չի վերադարձել, եւ տվյալ ժամանակահատվածն ամփոփելիս երկու ցուցանիշներն իրարից տարբերվում են), իսկ ՔԱԿ-ը 1 թռիչքն ու 1 վայրէջքը հաշվում է որպես 1 թռիչք-վայրէջք:
Եթե 2018-ին, քաղավիացիայի կոմիտեի տվյալներով, «Զվարթնոցում» կատարվել է 11.580 թռիչք-վայրէջք, իսկ 2019-ին՝ 13.260, ապա նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է ընդամենը 4963: Ներքեւի գրաֆիկում կարող եք տեսնել, որ թռիչք-վայրէջքներն սկսել են նվազել մարտ ամսից, իսկ ապրիլին գրանցվել է ամենացածր ցուցանիշը: Ընդ որում՝ մարտից հետո թռիչք-վայրէջքներն ամսական կտրվածքով չեն հասել նույնիսկ 500-ի:
Բնականաբար, որքան քիչ են թռիչքներն ու վայրէջքները, այնքան քիչ են թե՛ տեղափոխված ուղեւորները, թե՛ բեռը:
Հաջորդ հոդվածում կներկայացնենք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ցուցանիշները:
Տես նաեւ՝
- 2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի արտադրական ցուցանիշներն աճել են
- «Զվարթնոցի» ցուցանիշներն աճել են՝ բացի բեռնափոխադրումից
- «Զվարթնոցը» թարմացրել է նախորդ տարվա ռեկորդը (ինֆոգրաֆիկա)
- «Զվարթնոցում» կտրուկ աճել է տեղափոխվող ուղեւորների ու բեռի քանակը (ինֆոգրաֆիկա)
Լուսանկարում՝ «Զվարթնոց» օդանավակայանը (zvartnots.aero)
Մեկնաբանել