
2020-ին «Շիրակ» օդանավակայանի ուղեւորների թիվը կրճատվել է 4 անգամ
Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Գյումրու «Շիրակը», 2020 թ. ծառայել է 35.491 ուղեւորի, ինչը վերջին տարիներին «Շիրակի» գրանցած ամենավատ արդյունքներից է: Ավելի վատ եղել էր 2016-ին, երբ օդանավակայանից օգտվել էր ընդամենը 12.421 մարդ: Համեմատության համար ասենք, որ 2017-2019 թթ. «Շիրակով» մեկնել ու ժամանել է ավելի քան 100.000 ուղեւոր: Իսկ 2019-ի համեմատ՝ նախորդ տարի ուղեւորների թիվը նվազել է 4 անգամ:
Քաղավիացիայի կոմիտեի հրապարակած վիճակագրության համաձայն՝ այն բանից հետո, երբ 2020 թ. մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվեց, եւ երկրի սահմանները փակվեցին, Գյումրու օդային դարպասն ապրիլ-հունիս ամիսներին ուղեւորի երես չի տեսել: Չնայած հուլիսից որոշակի հոսք եղել է, ստորեւ ներկայացվող գրաֆիկում կարելի է տեսնել, որ ուղեւորների ամսական քանակը չի հասել նույնիսկ 4000-ի (դեկտեմբերին եղել է 3000-ից մի փոքր ավել):
Բեռնափոխադրումների մասով թե՛ 2019-ին, թե՛ 2020-ին Գյումրու օդանավակայանում զրոյական վիճակ է եղել՝ բեռ չի տեղափոխվել:
Նախորդ տարի տխուր վիճակ է արձանագրվել նաեւ «Շիրակի» թռիչք-վայրէջքների սեգմենտում: Եթե 2018-ին այստեղ գրանցվել է 488 թռիչք-վայրէջք, իսկ 2019-ին՝ 453 հատ, ապա անցյալ տարի այդ թիվը եղել է ընդամենը 129: Ընդ որում՝ նախորդ տարվա ապրիլ-հունիսին այստեղ եղել է միայն 1 թռիչք-վայրէջք, սակայն ուղեւոր չի փոխադրվել: Գրաֆիկում կարելի է տեսնել, որ մարտ ամսից հետո, բացառությամբ դեկտեմբերի, թռիչք-վայրէջքների քանակը Գյումրիում միանիշ է եղել:
Տես նաեւ՝
- Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հետընթաց է գրանցել նախորդ տարի
- «Շիրակ» օդանավակայանի ցուցանիշներն աճում են, բայց հեռու են բավարար լինելուց
- «Շիրակ» օդանավակայանը վերակենդանացել է. հուշում են թվերը
- «Շիրակում» արձանագրվել են վերջին տարիների վատագույն ցուցանիշները (ինֆոգրաֆիկա)
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել