
«Շիրակ» օդանավակայանը վերակենդանացել է. հուշում են թվերը
Քաղավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալները Գյումրու «Շիրակ» օդանավակայանի 2017 թ. գործունեության մասին հուշում են, որ մեր երկրի համար նշանակությամբ երկրորդ օդային դարպասը վերակենդանացել է:
Վերհիշենք, որ 2016-ը «Շիրակի» համար վայրիվերումների տարի էր: Նախորդ տարիների համար կտրուկ նվազել էին թռիչք-վայրէջքները, հետեւաբար՝ նաեւ ժամանող եւ մեկնող ուղեւորների թիվը: Ավելին՝ 2016-ի օգոստոս-սեպտեմբերին «Շիրակում» ընդհանրապես թռիչք չէր կատարվել, այսինքն՝ օդանավակայանը պարապուրդի մեջ էր:
Սակայն 2016-ի տարեվերջը հուսադրող էր նրանով, որ ռուսական «Պոբեդան» կանոնավոր թռիչքներ մեկնարկեց Մոսկվա-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ: Զուգահեռաբար կառավարությունը, նպատակ ունենալով Գյումրու օդանավակայանը դարձնել բյուջետային ավիաընկերությունների հանգրվան, որոշակի փոփոխություններ կատարեց: Այսպես՝ 2014-ի դեկտեմբերի 31-ից այստեղ չի գործում 10.000 դրամ «օդի տուրքը», 2017-ի հունվարից «Շիրակում» 50 տոկոսով զեղչվեց ՔԱԳՎ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի աերոնավիգացիոն ծառայության գինը, իսկ փետրվարից ավիաօդերեւութաբանական ծառայությունը մատուցվում է անվճար (այն տրամադրում է ԲՆ «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն): Հերթական լավ լուրը եղավ 2017-ին, երբ «Շիրակում» իր գործունեությունը սկսեց տեղական «Տարոն-Ավիան»:
Այս ամենը նպաստեց հյուսիսային օդանավակայանում կյանքի աշխուժացմանը, ինչի մասին փաստում են թվերը: Ներկայացնենք գործունեության հիմնական արտադրական ցուցանիշները՝ համեմատելով նախորդ տարիների հետ:
Վերջին 5 տարում՝ 2013-ից ի վեր, «Շիրակն» ի վերջո կարողացել է հատել 100.000 ուղեւորի շեմը: Միջազգային օդանավակայանի համար սա կարող է տարօրինակ ցուցանիշ թվալ, բայց սա է իրականությունը:
2017-ի առաջին 6 ամիսներն ամփոփելիս նշել էինք, որ ամսական կտրվածքով «Շիրակում» լավագույն տվյալները գրանցվում են մայիսին ու նոյեմբերին: Քանի որ 2017-ը գրեթե բոլոր առումներով «հեղափոխական» էր «Շիրակում», այս օրինաչափությունն էլ խախտվեց: Մայիսին կրկին աճ գրանցվեց նախորդ ամիսների համեմատ, բայց արդեն օգոստոսին այստեղ ուղեւորահոսքը կազմեց շուրջ 12.000 մարդ: Սեպտեմբերին կանխատեսել էինք, որ այս ռեկորդը կգերազանցվի, քանի որ առջեւում նոյեմբերն էր: Այդպես էլ եղավ. ըստ էության, առաջին հերթին արտագնա աշխատանքից ամանորյա տոների համար վերադարձողների հաշվին նոյեմբեր ամսվա ցուցանիշն անցավ 14.000-ից: Դեկտեմբերին նույնպես այդքան մարդ օգտվեց «Շիրակից»:
Բեռնափոխադրումների մասով պատկերը տարբերվում է: Ինչպես «Զվարթնոցում», «Շիրակում» էլ բեռնափոխադրումները որեւէ օրինաչափություն չունեն: Դա, ըստ էության, հիմնականում պայմանավորված է բեռնափոխադրող օպերատորների կանոնավոր չվերթների բացակայությամբ:
Այս առումով «Շիրակում» վերջին տարիների լավագույն արդյունքը եղել է 2015-ին, իսկ նույն 2017-ին Գյումրու օդանավակայանով ներմուծվել ու առաքվել է ընդամենը 2,3 տոննա բեռ:
Իսկ ահա չվերթներն աճել են. անցյալ տարի «Շիրակում» կատարվել է 371 թռիչք-վայրէջք, ինչը 2013-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել