
Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հետընթաց է գրանցել նախորդ տարի
Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանի՝ Գյումրու «Շիրակի» հիմնական արտադրական ցուցանիշները նախորդ տարի ավելի ցածր են եղել, քան 2018-ին:
Այսպես՝ եթե 2018-ին «Շիրակից» օգտվել է 165.946 ուղեւոր, ապա անցյալ տարի այդ թիվը եղել է 147.536: Տարբերությունը զգալի է՝ ավելի քան 18 հազար հոգի: Նկատենք, որ 2017-ից Գյումրիում ուղեւորահոսքն աճում էր, սակայն դրական միտումները խախտվեցին նախորդ տարի:
Ինֆոգրաֆիկայում կարելի է տեսնել, որ 2019-ը «Շիրակը» վատ չէր սկսել, հունվար-փետրվարի ցուցանիշները նախորդ տարիների համեմատ ավելի բարձր էին, սակայն մարտից սկսած ուղեւորահոսքն ավելի պակաս է եղել, քան 2018-ին, ինչն էլ վերջնական ազդեցություն է ունեցել տարեկան տվյալների վրա: Ամռանը հույս կար, որ երկրորդ կիսամյակում «Շիրակը» կակտիվանա՝ հաշվի առնելով ռուս-վրացական օդային կապի խափանումը, ինչից օգտվեց Հայաստանը: Այդուհանդերձ, հայտարարությունները, թե Գյումրուց չվերթներ են բացվելու Մոսկվա եւ Բաթում, իրականություն չդարձան:
2017-ի դեկտեմբերից ի վեր, ինչ «Շիրակից» իր թռիչքները դադարեցրեց «Տարոն-Ավիան», այս օդանավակայանից օգտվում է միայն ռուսական «Պոբեդան», որն այստեղ թռչում է 2016-ի դեկտեմբերից Մոսկվայից: Այլ կերպ ասած՝ Գյումրին կանոնավոր օդային կապ ունի միայն Ռուսաստանի մայրաքաղաքի հետ, որն ապահովում է մեկ օպերատոր:
Այս տարի Գյումրուց նոր չվերթներ է բացելու իռլանդական «Ryanair» բյուջետային ավիաընկերությունը: Այս պահի տվյալներով՝ նախատեսվում է 2 ուղղություն՝ դեպի գերմանական Մեմինգեն եւ հունական Աթենք: Հաշվի առնելով «Շիրակի» ներկա կախվածությունը «Պոբեդայի» Մոսկվա-Գյումրի-Մոսկվա ուղեգծից՝ կարելի է պնդել, որ «Ryanair»-ի մուտքով ուղեւորահոսքը Հայաստանի հյուսիսային օդանավակայանում մեծանալու է: Կարելի է ակնկալել նաեւ, որ այս տարի «Շիրակը» կգերազանցի 2018-ին գրանցված 165.946 ուղեւոր ցուցանիշը, որն առայժմ ռեկորդային է Գյումրու համար:
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա անցյալ տարի «Շիրակով» չի տեղափոխվել ո՛չ բեռ, ո՛չ փոստ: Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տրամադրած տվյալներից: Նշենք, որ վերջին տարիներին այս սեգմենտում լավագույն ցուցանիշը գրանցվել է 2015-ին՝ 50,8 տոննա, ինչը, սակայն, մեծ հաշվով չնչին թիվ է:
Հնարավոր է, որ բեռնափոխադրումը «Շիրակում» աշխուժանա, երբ Գյումրիում սկսի գործել ազատ տնտեսական գոտին: Վերջինիս անդրադարձել ենք, այն իր գործառնական տեսակով լինելու է լոգիստիկ եւ արտադրական: Հենց Գյումրիում ԱՏԳ ստեղծելու գաղափարին նպաստել է միջազգային օդանավակայանի առկայությունը:
Վերադառնալով «Շիրակի» արտադրական ցուցանիշներին՝ նշենք, որ 2019-ին այստեղ նվազել են նաեւ թռիչք-վայրէջքները, որոնք, բնականաբար, եւս գլխավորապես կախված են «Պոբեդայի» գործունեությունից: Եթե 2018-ին, ըստ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի, կատարվել էր 488 թռիչք-վայրէջք (ՔԱԿ-ը մեկ թռիչքն ու մեկ վայրէջքը հաշվարկում է որպես մեկ թռիչք-վայրէջք, այսինքն՝ 2018-ին եղել է ընդհանուր 976 հատ թռիչք եւ վայրէջք), ապա, կոնցեսիոների փոխանցմամբ, 2019-ին «Շիրակում» կատարվել է 453 թռիչք եւ 454 վայրէջք, ընդհանուր՝ 907 հատ:
Տես նաեւ՝
- «Շիրակ» օդանավակայանի ցուցանիշներն աճում են, բայց հեռու են բավարար լինելուց
- «Շիրակ» օդանավակայանը վերակենդանացել է. հուշում են թվերը
- «Շիրակում» արձանագրվել են վերջին տարիների վատագույն ցուցանիշները (ինֆոգրաֆիկա)
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել