HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ-իսրայելական նախագիծ. Գյումրիում մինչեւ 2022 թ. ազատ տնտեսական գոտի է հիմնվելու

Այսօր կառավարությունը որոշեց Գյումրիում ստեղծել ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ), որի կազմակերպիչը «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն է: ԱՏԳ հիմնելու գաղափարը հենց այս ընկերության հիմնադիրներինն է, եւ այն նոր չէ:

Ինչու՞ է ընտրվել Գյումրին

Դեռ 2017-ի սեպտեմբերին Երեւանում գրանցվել էր «Լոջիստիք Էֆ Թի Զի» ՍՊԸ-ն, որն այս տարվա մայիսին անվանափոխվել է՝ դառնալով «Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ»: Ընկերությունը հիմնել էր Իսրայելի քաղաքացի, Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորը (Tsvi Kan-Tor), ով նաեւ ՍՊԸ-ի տնօրենն էր: Ընկերության գրանցումից երեք օր անց Կան-Տորի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել էր ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ)՝ հանդիպելով դրա այն ժամանակվա պետ Սերգեյ Ավետիսյանին: Պատվիրակության անդամները հայտնել էին, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի հարակից տարածքում մտադիր են լոգիստիկ կենտրոն ստեղծել, ինչը Ավետիսյանի կողմից ողջունվել էր:

Մի քանի ամիս անց՝ 2018-ի փետրվարին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու «Լոջիստիք Էֆ Թի Զի» ՍՊԸ-ի նոր տնօրեն Հայկ Մաղաքյանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել:

Հայտնի էր դարձել, որ ընկերությունը ցանկանում է Գյումրիում կառուցել, շահագործել ու զարգացնել օդային ուղիներով փոխադրվող ապրանքների համար նախատեսված ազատ տնտեսական գոտի: Ցվի Կան-Տորը նշել էր, որ Գյումրու ընտրությունն առաջին հերթին պայմանավորված է օդանավակայանի առկայությամբ, որտեղից հնարավոր է թռիչքներ կատարել եվրասիական երկրներ: Կառավարության այսօրվա որոշումից էլ տեղեկանում ենք, որ Գյումրիում ԱՏԳ ստեղծելու նախադրյալ է ոչ միայն «Շիրակ» միջազգային օդանավակայանը, այլեւ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը, երկաթուղին եւ համապատասխան հողատարածքների առկայությունը:

«Մենք ընտրել ենք Գյումրին՝ որպես տարանցիկ գոտի, որտեղից փաթեթավորված ապրանքը օդային ուղիներով հասնելու է եվրասիական երկրներ,- անցյալ տարվա փետրվարին ասել էր Ցվի Կան-Տորը,- մեր նպատակն է ստեղծել ազատ տնտեսական գոտի այն ընկերությունների համար, որոնք էլեկտրոնային առեւտրի ոլորտում են գործում, ինչպիսիք են «Amazon»-ը, «eBay»-ը, որոնք զբաղվում են բեռների օդային փոխադրումով, իրականացնում են նաեւ դեղերի փաթեթավորում, կենցաղային, էլեկտրոնային սարքավորումների հավաքում, այս գործառույթները նպատակ կա կազմակերպելու Գյումրիում»: Քաղաքապետարանն իր հերթին պարտավորվել էր 14 կմ երկարությամբ շրջանցող ճանապարհ կառուցել քաղաքի մուտքից (օդանավակայան գնացող ճանապարհը սկսվում է այստեղից) մինչեւ ԱՏԳ-ի տարածք:

Քարտեզում ներկայացված է օդանավակայան-ԱՏԳ ճանապարհը, սակայն նախատեսվող տարբերակն այլ է

Այս տարվա ապրիլին Ս. Բալասանյանը ԱՏԳ-ի նախաձեռնողների հետ հանդիպմանը նշել էր, որ ճանապարհի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Որտե՞ղ եւ ի՞նչ ժամկետով է գործելու ԱՏԳ-ն

ԱՏԳ-ն հիմնվելու է Գյումրու հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Մարմաշեն գյուղ տանող ճանապարհի աջ եւ ձախ կողմերում՝ ներառելով ընդհանուր 319 հա տարածք: Նշենք, որ ճանապարհի ձախ հատվածում Շերամ 1 եւ Շերամ 2 թաղամասերն են, որոնցից առաջինում մի քանի բնակելի շենքեր կան, եւ դրանք, բնականաբար, դուրս են մնալու ԱՏԳ-ի տարածքից, իսկ Շերամ 2-ի տարածքը ներառված է այդ գոտում:

ԱՏԳ-ի մի հատվածում (հասցեն՝ Մարմաշենի 17, առաջին նկարում՝ կարմիր գույնով) գործելու է «ազատ մաքսային գոտի» ընթացակարգը, ինչը նշանակում է, որ այդ տարածքն, ի տարբերություն ԱՏԳ-ի մնացած տարածքի, առանձնացված է լինելու ՀՀ մաքսային տարածքից. այստեղ, նշված ընթացակարգի համաձայն, կիրառվելու են մաքսային արտոնություններ:  

ԱՏԳ-ն գործելու է 40 տարի ժամկետով: Այն գործարկվելու է 5 փուլով: Առաջին փուլում ազատ տնտեսական գոտի կհիմնվի ընդհանուր 319 հա տարածքից միայն 30 հա-ի վրա: Ծրագրվում է, որ առաջին փուլն իրականություն պետք է դառնա ընդհանուր հողատարածքի վարձակալության պայմանագիրը ստորագրելուց հետո 3 տարվա ընթացքում (կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Գյումրու քաղաքապետարանի հետ կնքվելիք պայմանագրով ընկերությունը իրավունք կունենա հետագայում գնել այդ հողատարածքները): Այսինքն՝ եթե հողահատկացման պայմանագիրը կնքվի այս տարի, ապա մինչեւ 2022 թ. Գյումրին պետք է ԱՏԳ ունենա:

Իսկ վերջին՝ 5-րդ փուլը, «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ն նախատեսում է կյանքի կոչել ԱՏԳ-ի կազմակերպչի կարգավիճակը ստանալուց հետո առավելագույնը 12 տարի անց: Գործադիրի այսօրվա որոշմամբ ՍՊԸ-ն արդեն ստացել է այդ կարգավիճակը, իսկ առաջիկա 30 աշխատանքային օրում էկոնոմիկայի նախարարը պետք է ընկերության հետ պայմանագիր կնքի: Այսինքն՝ ամբողջական ծրագիրը պիտի իրականացվի մինչեւ 2031 թ.:

Այդուհանդերձ, այսօրվա նիստում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը մտահոգություն հայտնեց ԱՏԳ-ի համար 319 հա հատկացնելու վերաբերյալ՝ նշելով, որ հզոր երկրներից շատերը 200 հա-ից ավելի տարածք չեն հատկացնում ԱՏԳ-ներին, քանի որ դա բերում է տնտեսության քայքայման (ինչպես հայտնի է, այս գոտիների ռեզիդենտները հարկային արտոնություններ են ստանում): Ըստ Վերմիշյանի՝ 10-15 հա-ն բավական է Գյումրու ԱՏԳ-ի համար: Ի պատասխան՝ նախարար Տ. Խաչատրյանը նշեց, որ հողային իրավունքների փոխանցումը եւս փուլային է լինելու, այնպես որ հնարավոր ռիսկերը քննարկելու, վերլուծելու, դիմագրավելու համար ժամանակ ունենալու են:

Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում

Ըստ գործարար ծրագրի՝ առաջին փուլում ԱՏԳ-ում լինելու է 2000 աշխատատեղ, որը հետագայում հասնելու է մինչեւ 12500-ի (սա ԱՏԳ-ի ներսում ուղղակի աշխատատեղերի թիվն է), ինչպես նաեւ կբացվի մինչեւ 56000 անուղղակի աշխատատեղ ԱՏԳ-ից դուրս:

ՀՀ տնտեսության մեջ արտասահմանյան ուղղակի ներդրումների ծավալը կազմելու է մոտ 540 մլն դոլար: Մեկնարկային փուլերում Հայաստանի ՀՆԱ-ն ԱՏԳ-ի գործունեության շնորհիվ պիտի տարեկան համալրվի 200 մլն դոլարով, իսկ հետագայում այդ թիվը պիտի հասնի 1 մլրդ-ի: Հարկային մուտքերն էլ տարեկան 1,5 մլն դոլարից հասնելու են 140 մլն-ի:       

Ինչո՞վ կարելի է զբաղվել ԱՏԳ-ում

Ազատ տնտեսական գոտին գործառնական տեսակով լինելու է լոգիստիկ եւ արտադրական: Այստեղ կարելի է զբաղվել տարբեր գործունեությամբ՝ բազմամյա մշակաբույսերի աճեցում, բերքի մշակում, սննդամթերքի, մանածագործական արտադրանքի, հագուստի, կաշվի, քիմիական նյութերի, դեղագործական, ռետինե եւ պլաստմասսայե, ոչ մետաղական եւ մետաղական արտադրանքի, համակարգիչների, օպտիկական, էլեկտրական սարքերի, ավտոմեքենաների, կահույքի արտադրություն, մեքենաների ու սարքավորանքի նորոգում, մեծածախ առեւտուր, ինտերնետով կամ փոստով ապրանքների մանրածախ առեւտուր, ավտոճանապարհային եւ օդային բեռնափոխադրումներ, պահեստավորում, փոստային եւ սուրհանդակային գործունեություն, տեղեկատվական ծառայություններ, ֆինանսական միջնորդություն, ճարտարապետական եւ ճարտարագիտական գործունեություն, գիտական հետազոտություններ, օդային տրանսպորտի եւ սարքավորանքի վարձույթ եւ լիզինգ:  

«Հիմնականը պետք է լինի տեսակավորման գործունեությունը՝ հաշվի առնելով «Շիրակ» օդանավակայանի առկայությունը: Այսինքն՝ միջազգային էլեկտրոնային հարթակներում առեւտուր անող միջազգային կազմակերպությունները, որոնք հեռացված են մեր հարեւան շուկաներից, կարող են նախընտրել որպես շահագործող գրանցվել այս ԱՏԳ-ում, ստեղծել իրենց պահեստները, ապրանքների որոշակի քանակ պահել այդ պահեստներում եւ Ռուսաստանում պատվերներ ունենալու դեպքում առաքումները կատարել ոչ թե 2-3 օրվա ընթացքում, ինչպես այսօր են կատարում, այլ 2-3 ժամվա ընթացքում: Այդպիսին է իրենց առաջիկա պլանը,- կառավարության նիստում հայտարարել է Տիգրան Խաչատրյանը:- Երկրորդ ուղղությունը հավաքման արտադրություններն են: Որպես օրինակ բերվում է դեղամիջոցների փաթեթավորման գործունեությունը: Այսօր, երբ իրականացվում է վերջնական փաթեթավորված դեղամիջոցների փոխադրում, հիմնական ծավալը դեղամիջոցի քաշը չէ, իսկ երբ նման ԱՏԳ-ում տեղակայված շահագործողներն իրենց փաթեթավորման կետերը մոտեցնում են սպառման շուկաներին, խնայում են լոգիստիկայի մեջ: Երրորդ ուղղությունը նման տրամաբանությամբ վերաբերելու է սարքերի հավաքմանը, որոնց դետալների տեղափոխումը լոգիստիկ տեսանկյունից շատ ավելի էֆեկտիվ է, քան հավաքված սարքը, որովհետեւ վերջինս հաճախ ավելի ծախսատար է: Չորրորդ ուղղությունն էլ ոչ սննդային գյուղատնտեսությունն է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում, իրենց գնահատմամբ, կա դրա զարգացման որոշակի պոտենցիալ: Մտածում են, որ երբ այսպիսի լոգիստիկ կենտրոն լինի, դրա շուրջ կարող են ձեւավորվել գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտներ, որոնք կարտադրեն դեղագործության եւ պարֆյումերիայի համար նախատեսված գյուղարտադրանք»:

Ովքե՞ր են կազմակերպչի սեփականատերերը

Նախարար Խաչատրյանն այսօր նաեւ հայտնել է, թե կազմակերպիչը ԱՏԳ-ներ կազմակերպելու փորձառություն ունեցող ընկերություն է, նման տարածքներում համագործակցության փորձ ունի հեղինակավոր կազմակերպությունների հետ:  

Իրականում, սակայն, ինչպես ասվեց վերը, Գյումրու ԱՏԳ-ի կազմակերպիչ հայկական ՍՊԸ-ն հիմնադրվել է միայն 2017-ի սեպտեմբերին, հասկանալի է, որ նպատակը հենց այս ծրագրի իրականացումն է եղել: Համաձայն պետռեգիստրի՝ մինչեւ այս տարվա մայիս ամիսը ընկերության միակ սեփականատերը Ցվի Կան-Տորն էր, ով նաեւ առաջին տնօրենն էր (ինչպես ասվեց, նրան այս պաշտոնում փոխարինել է երեւանցի Հայկ Մաղաքյանը): Մայիսին «Լոջիստիք Էֆ Թի Զի» ՍՊԸ-ն ոչ միայն վերանվանվել է «Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ»-ի, այլեւ փոխվել է սեփականատերը: Միակ մասնակից է դարձել Կան-Տորի իսրայելական հաշվառման հասցեում գրանցված «ELP Logistic Park Euro Asia» ՍՊԸ-ն: Սակայն սա էլ իր հերթին ստեղծվել է 2017-ի օգոստոսին:

Հայկական ընկերության գործարար ծրագրում նշվում է, որ դրա սեփականատեր իսրայելական ընկերության հիմնադիրները նախաձեռնող խմբի անդամներն են: Նրանցից Ցվի Կան-Տորը Գյումրու ԱՏԳ-ի ծրագրի ղեկավարն ու հայեցակարգի մշակողն է: Եղել է Իսրայելի արդյունաբերական գոտու օպերատոր ընկերությունների տնօրեն եւ խորհրդի անդամ, փաստաբան է, «Kan-Tor & Acco» ընկերության համահիմնադիր է, որը մասնագիտացած է միգրացիոն օրենսդրության մեջ: Ընկերությունն ունի ավելի քան 50 հաճախորդ, որոնց մի մասը Գյումրու ԱՏԳ-ի հավանական շահագործող է: 2015-ից Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի նախագահն է: Ամիտ Ակոն (Amit Acco), որը Գյումրու ԱՏԳ-ի ծրագրի պատասխանատուն է անվտանգության, տեխնոլոգիաների ու իրավական հարցերով, եւս փաստաբան է, «Kan-Tor & Acco» ընկերության համահիմնադիր է, բազաների կառավարման ծրագրեր մշակելու փորձ ունի, զգալի փորձ ունի ավիացիոն անվտանգության ասպարեզում, երկար տարիներ աշխատել է Լոնդոնի «Հիթրոու», Մոսկվայի «Շերեմետեւո», Կահիրեի օդանավակայաններում:

Երեւանցի Աշոտ Ղազարոսի Մաղաքյանը ծրագրի մենեջերն է, ենթակառուցվածքների ու շինաշխատանքների վերահսկման պատասխանատուն: ՀՀ եւ Իսրայելի քաղաքացի է, ինժեներ-շինարար է, աշխատել է Հայաստանում, Իսրայելում, Անգոլայում: «Գարդման Տուր» զբոսաշրջային գործակալության հիմնադիրներից է, հենց այս ընկերության երեւանյան հասցեում (Խանջյան 47/1) է գրանցված նաեւ «Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ»-ն: Հայկ Աբրահամի Մաղաքյանը, ինչպես ասվեց, այս ՍՊԸ-ի տնօրենն է, պետական մարմինների հետ փոխգործակցության եւ թույլտվությունների ստացման հարցերով պատասխանատուն, տնտեսագետ է, «Գարդման Տուր» ընկերության համահիմնադիր է: Եղբայրը՝ երեւանցի Արտակ Աբրահամի Մաղաքյանը, ինչպես նաեւ Սուրեն Շահնազարյանը ԱՏԳ-ի ծրագրի համակարգողներ են: Իսրայելական «ELP Logistic Park Euro Asia»-ի նշանակալի մասնակիցները վերը նշվածներից առաջին չորսն են:     

Լուսանկարները՝ Երանուհի Սողոյանի

Մեկնաբանություններ (3)

Ռուդիկ
Քաղաքական անկողմնակալ, հեռատես մարդիկ կտարբերակեն այս նախագծի լիրավ իրագործման դեպքում ինչ հետվանքների կհանգեցնի Հայաստանի Հանրապետութլանը։ ՀԿՉ
suria
ինչու ինչու այդպիսի երկարաժամկետ հողի սեփականաշնորհման աստիճանականությամբ քողարկված գործարքը կնքվել է աշխարհում առկա երկրներից միայն իզրայելի հետ հրեական համակարգի գաղտնիության և ծածկագրված գործունեության փաստերի պայմաններում հարևան բարեկան երկրի հետ թշնամական պայմաններում հայ եկեղեցու հետ գաղտնի պայմանադգրերի առկայության պայմաններում և անտեսանելի կառավարության վիրուսային կառավարման համակագի գործադրման պայմաններում, սա գաղտնածածում դավաճանության երանգներն արդեն ակնհայտ երևում են ի սկզբանե և դրան ավելացրած ներկա իշխանությանոչ հայկական ծրագրային գործելակերպի պայմաններում
Yerevan2800
գոհ եմ հրապարակումից, հարցիս պատասխանը ստացա, սակայն գործընթացը ինքնին հետաքրքիր է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter