
«Շիրակ» օդանավակայանի ցուցանիշներն աճում են, բայց հեռու են բավարար լինելուց
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում, ինչպես եւ Երեւանի «Զվարթնոցում», անցյալ տարի հիմնական արտադրական ցուցանիշների աճ է գրանցվել՝ բացառությամբ բեռնափոխադրման: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեի՝ «Հետքին» տրամադրած տվյալներից:
Ամենաուրախալին այն է, որ վերջին երկու տարիներին «Շիրակից» օգտված ուղեւորների թիվն անցնում է 100 հազարը: Այսպես՝ եթե 2017-ին Գյումրու օդային դարպասներով մեկնել ու ժամանել էր ավելի քան 105 հազար մարդ, ապա անցյալ տարի այդ թիվը 60 հազարով ավելին է եղել՝ 165.946:
Մտահոգողն այն է, որ «Շիրակից» 2018-ին օգտվել ու շարունակում է օգտվել միայն ռուսական «Պոբեդան», իսկ այդտեղ բազավորվող հայկական «Տարոն-Ավիան», թռիչքներ կատարելով 2017-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին, դադարեցրեց չվերթները ռուսական օպերատորների հետ անհավասար մրցակցության պատճառով: Այսինքն՝ «Շիրակի» ցուցանիշներն ապահովում է ռուսական ավիաընկերությունը:
Ամսական կտրվածքով «Շիրակում» ուղեւորների հոսքը նախկինում համեմատաբար մեծ է եղել մայիսին ու նոյեմբերին, սակայն 2017-ին այդ օրինաչափությունը խախտվեց ու բարձր ցուցանիշ գրանցվեց օգոստոսին, որը հետո գերազանցվեց նոյեմբեր-դեկտեմբերին: 2018-ին արդեն ամենաակտիվ ամիսները եղել են հուլիսն ու օգոստոսը, երբ օդանավակայանից օգտվել է գրեթե 18 հազար մարդ: Ինչպես կարելի է տեսնել ինֆոգրաֆիկայում, ամենապասիվ ամիսն անցյալ տարի եղել է փետրվարը, իսկ ամառային վերելքից հետո ցուցանիշներն աստիճանաբար նվազել ու դեկտեմբերին հավասարվել են տարեսկզբյան թվերին:
Բեռնափոխադրումը, ինչպես եւ «Զվարթնոցում», որեւէ միտում չունի, ամեն տարի պատկերը փոխվում է: Ընդհանրությունն այն է, որ «Շիրակում» տարիներ շարունակ բեռնափոխադրումը չնչին թվեր է կազմում: 2018-ին օդանավակայանով փոխադրվել է ընդամենը 600 կգ բեռ, որից 500-ը՝ ապրիլին, իսկ 100-ը՝ օգոստոսին:
«Շիրակում» նախորդ տարի աճել է նաեւ թռիչք-վայրէջքների թիվը՝ 488: Ինչպես ուղեւորափոխադրումների ցուցանիշը, սա էլ վերջին տարիներին արձանագրված ամենամեծ թիվն է:
Այդուհանդերձ, եթե նկատի ունենանք, որ «Շիրակը» երկրի երկրորդ միջազգային օդանավակայանն է, այս թվերը շատ հեռու են բավարար համարվելուց:
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել