
Գյումրու օդանավակայանը մնացել է միակ «հաճախորդի» հույսին
Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղեւորային համալիրը առավոտից մինչեւ երեկո փաստացի պարապուրդի մեջ է: Կեսօրին՝ մեր այցի ժամանակ, այստեղ միայն ոստիկանության ու ԱԱԾ-ի ծառայողներն էին, բանկի մասնաճյուղի ու վերգետնյա ծառայության աշխատողները: Տոմսարկղը փակ էր:
Օդանավակայանում աշխուժությունը սկսվում է երեկոյան 8-ի կողմերը, երբ վայրէջք է կատարում Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից ժամանած «Պոբեդա» ավիաընկերության օդանավը, որը կես ժամ անց մեկնում է հակառակ ուղղությամբ: Այսինքն՝ ուղեւորային համալիրն ամբողջ օրվա ընթացքում մարդաշատ է լինում միայն մեկ-մեկուկես ժամ: Սա՝ այն դեպքում, երբ «Շիրակը» Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանն է:
Ստացվում է, որ մինչ օրս «Շիրակին» չի հաջողվում հասնել դեռ 2016-ին առաջադրված նպատակի իրագործմանը: Իսկ նպատակն այն էր, որ Գյումրին պետք է մատչելի ծառայություններ մատուցող բյուջետային («լոուքոսթեր») ավիաընկերությունների համար գրավիչ ուղղություն դառնար: «Մենք ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրինության հետ նախատեսել ենք «Շիրակը» զարգացնել որպես բյուջետային ավիաընկերությունների հետ աշխատող օդանավակայան»,- 2016-ի հոկտեմբերին հայտարարել էր ՔԱԳՎ-ի նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը:
Անցել է ավելի քան 2 տարի, սակայն «Շիրակից» այսօր օգտվում է միայն մեկ ավիափոխադրող՝ ռուսական «Պոբեդան», որը «Աէրոֆլոտի» դուստր ձեռնարկությունն է: Հիշեցնենք, որ այս ընկերությունը Մոսկվա-Գյումրի-Մոսկվա ուղղության շահագործումը սկսեց 2016-ի դեկտեմբերին: 2017-ի ապրիլին դրան միացավ հայկական «Տարոն-Ավիան», որը բազավորվեց հենց «Շիրակում»: Տեղական օպերատորը 2017-ի ընթացքում Գյումրուց թռավ Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով, Մոսկվա, սակայն 2018-ից դադարեցրեց այս չվերթները: «Տարոն-Ավիային» մտահոգում է ռուսական օպերատորների հետ անհավասար մրցակցությունը ոչ միայն «Զվարթնոցում» ու «Շիրակում», այլեւ Ռուսաստանի տարածքում: Այս հարցերը ընկերությունը բարձրացրել է Հայաստանի իշխանությունների ու եվրասիական տնտեսական գոտու մրցակցության պաշտպանության մարմինների առաջ: «Տարոն-Ավիայի»՝ շուկա վերադառնալու հարցը կախված է նշված խնդիրների լուծումից:
Դատարկ կառամատույցն ու թռիչքուղին
Իսկ մինչ այդ «Պոբեդան» Գյումրու օդանավակայանից օգտվում է հպարտ մենության մեջ՝ առանց մրցակցի: Հիշեցնենք, որ կառավարությունը բյուջետային ավիաընկերություններին գրավելու համար մի շարք արտոնություններ է կիրառում «Շիրակում»: Դեռ 2014-ի դեկտեմբերի 31-ից այստեղ չի գործում 10.000 դրամ «օդի տուրքը», 2017-ի հունվարից «Շիրակում» 50 տոկոսով զեղչվեց «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի կողմից մատուցվող աերոնավիգացիոն ծառայության գինը, իսկ նույն տարվա փետրվարից ավիաօդերեւութաբանական ծառայությունը մատուցվում է անվճար:
2016-ին, երբ «Շիրակին» նոր լիցք հաղորդելու քայլեր էին ձեռնարկվում, գրել էինք, որ, ըստ էության, Հայաստանի երկրորդ օդանավակայանը փորձում է գնալ վրացական Քութայիսի օդանավակայանի ճանապարհով, որը 2012-ի վերաբացումից հետո գրավիչ կետ է դարձել բյուջետային ավիաընկերությունների համար: Համեմատել էինք նաեւ Գյումրու եւ Քութայիսի տարեկան ուղեւորահոսքերը: Բայց «Շիրակը» դեռ շատ ու շատ հեռու է իր վրացական գործընկերոջից: Թվերը լավագույն ապացույցն են:
2013- Գյումրի՝ 66.534, Քութայիս՝ 187.939
2014- Գյումրի՝ 37.857, Քութայիս՝ 218.003
2015- Գյումրի՝ 39.328, Քութայիս՝ 182.954
2016- Գյումրի՝ 12.421, Քութայիս՝ 271.363
2017- Գյումրի՝ 105.664, Քութայիս՝ 405.173
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն դեռ չի հայտարարել 2018-ի տարեկան թվերը, սակայն արդեն հայտնի է, որ Քութայիսի օդանավակայանն անցյալ տարի սպասարկել է 617.373 ուղեւորի, ինչով նույնիսկ գերազանցել է Բաթումի օդանավակայանին (598.891 ուղեւոր):
Քութայիսի օդանավակայանի ուղեւորահոսքի առյուծի բաժինը ապահովում է եվրոպական հայտնի «լոուքոսթեր» հունգարական «Wizz Air»-ը, որն այստեղից թռչում է եվրոպական ամենատարբեր ուղղություններով՝ Աթենք, Բեռլին, Մեմինգեն, Վիլնյուս, Լոնդոն, Հռոմ, Պրահա, Վրոցլավ, Վարշավա, Կատովիցե, Դորտմունդ, Միլան, Բարսելոնա, Ռիգա, Սալոնիկ, Բուդապեշտ, Փարիզ, Լառնակա, Վիեննա: Այս պահին Քութայիսից թռիչքներ են կատարում նաեւ տեղական «ServiceAir» եւ ռուսական «Ural Airlines» ավիաընկերությունները:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել