HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական ավիափոխադրողները միայն նավիգացիայի համար Ռուսաստանում տեղականներից գրեթե եռակի թանկ են վճարում  

Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերության դիմում-առաջարկը կառավարությանը ավիացիայի հայկական շուկայում հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու մասին դեռեւս պաշտոնական պատասխան չի ստացել, սակայն ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Գառնիկ Պապիկյանը վերջերս հրավիրվել է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարություն՝ այս թեմայով հանդիպման: Այս մասին մեզ հայտնել է ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը:

Հիշեցնենք, որ «Տարոն-Ավիան» կառավարությանը դիմել էր Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո՝ այս տարվա մայիսին: Հարցի լուծման ձգձգման վերաբերյալ Քարամյանը կարծիք հայտնեց, որ, թերեւս, որոշակի նշանակություն է ունեցել կառուցվածքային (քաղավիացիայի կոմիտեն, ըստ այդմ, այլեւս ոչ թե կառավարությանն առընթեր է, ինչպես նախկինում, այլ ենթարկվում է նախարարությանը) եւ նախարարի փոփոխությունը: Այդուհանդերձ, անցյալ տարի Գյումրուց եւ Երեւանից դեպի Ռուսաստան թռիչքներ կատարած փոխադրողը հույս ունի, որ մրցակցային դաշտը մեր երկրում կկարգավորվի, եւ չվերթները կվերսկսվեն:

«Հետքը» գրել է, որ «Տարոն-Ավիային» մտահոգում է ռուսաստանյան ավիափոխադրողների հետ անհավասար մրցակցությունը: Հայաստանում, մասնավորապես, տարաձայնությունը «Շիրակ» եւ «Զվարթնոց» օդանավակայաններում դրանց կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի վարած գնային քաղաքականության հետ է:       

Այլ խնդիր կա Ռուսաստանում, որը հայկական օպերատորի թիրախային ուղղությունն է: Չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամներ են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրեւ արտասահմանյան ու նրանց հանդեպ կիրառում համապատասխան գներ, որոնք բարձր են տեղական փոխադրողներին առաջարկվող գներից: Նշենք, որ 2017-ին «Տարոն-Ավիան» Գյումրուց թռել է Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով, Մոսկվա («Դոմոդեդովո»), Երեւանից՝ Մոսկվա («Վնուկովո»): Լ. Քարամյանը նշում է, որ խնդիրը համակարգային է եւ կապված չէ կոնկրետ օդանավակայանի հետ, ապա հավելում է, որ նույն Կրասնոդարի օդանավակայանը ժամանակին զեղչեր է կիրառել «Տարոն-Ավիայի» համար:

ՌԴ օդանավակայաններից զատ՝ խնդրահարույց է նաեւ «Ռոսավիացիայի» քաղաքականությունը: Ըստ Լ. Քարամյանի՝ այս պետական մարմինը եւս հայկական ավիաընկերություններին դիտարկում է իբրեւ արտասահմանյան՝ նրանցից գանձելով ոչ տեղական գներ: Այսպես՝ Ռուսաստանի տարածքում «Ռոսավիացիան» ոչ տեղական ընկերություններից իր մատուցած աերոնավիգացիոն ծառայության դիմաց յուրաքանչյուր 100 կմ-ի համար պահանջում է 95,2 դոլար, այնինչ տեղական փոխադրողները վճարում են մոտ 35 դոլար (2,7 անգամ ավելի էժան): Սա, բնականաբար, հսկայական տարբերություն է: Եթե Երեւան-Մոսկվա չվերթի համար հայկական փոխադրողը միայն այս ծառայության համար ռուսական կառույցին պետք է վճարի շուրջ 2500 դոլար, ապա տեղական ընկերությունները մուծում են մոտ 700 դոլար: Եթե այս 1800 դոլար տարբերությունը բաժանենք 180-տեղանոց ինքնաթիռի վրա, կստացվի, որ միայն աերոնավիգացիոն ծառայության պատճառով հայկական օդանավում մեկ տեղի գինը 10 դոլարով ավելի թանկ պիտի լինի, քան ռուսաստանյան ինքնաթիռում:

Փաստորեն ստացվում է, որ ՌԴ օպերատորները ոչ միայն իրենց գնային քաղաքականության, մեծ ռեսուրսների, այլեւ տեղական ավիացիոն կառույցների օժանդակությամբ շատ արագ կարողանում են մրցակցությունից հանել փոքր երկրների փոքր ավիաընկերություններին:

Լեւոն Քարամյանը շեշտում է, որ Հայաստանում թե՛ տեղի, թե՛ արտասահմանյան ընկերությունների համար գործում են աերոնավիգացիոն նույն գները, այսինքն՝ մեր երկրում խնդիր չունեն ոչ միայն ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, այլեւ ցանկացած այլ պետության օպերատորները:

«Տարոն-Ավիան» ՌԴ-ում առկա գնային խտրականության թեման բարձրացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի առաջ: ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը «Հետքին» հայտնել է հետեւյալը. «Հաշվի առնելով, որ Հայաստանը եւ Ռուսաստանը գտնվում են ԵԱՏՄ տարածքում՝ ընկերությունը խնդրել է ուսումնասիրել նշված հարցերը ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանության տեսանկյունից: Վերը նշվածի հիման վրա հանձնաժողովը «Եվրասիական տնտեսական շաբաթ» միջոցառման շրջանակներում դիմել է ԵԱՏՀ մրցակցության հարցերով լիազորված դեպարտամենտին, որպեսզի վերջինս ուսումնասիրություն իրականացնի նշված հարցի առնչությամբ: Քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ձեւավորել սահմանված փաստաթղթերի ամբողջական փաթեթը եւ այն փոխանցել ԵԱՏՀ համապատասխան դեպարտամենտին՝ խնդրի ամբողջական ուսումնասիրության նպատակով»:

Գ. Սահակյանը նաեւ տեղեկացրել է, որ ՏՄՊՊՀ-ն եւ «Տարոն-Ավիան» ներկայում ակտիվորեն աշխատում են՝ փաստաթղթերի փաթեթը ԵԱՏՀ ներկայացնելու համար. «Սահմանված ընթացակարգի համաձայն՝ ստացված դիմումի հիման վրա պետք է կատարվի ուսումնասիրություն, որին կմասնակցեն նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինները: Հետեւապես հանձնաժողովը շարունակելու է պաշտպանել հայկական ավիաընկերության իրավունքները՝ նպատակ ունենալով հասնել խնդրի վերջնական լուծմանը»:

Լուսանկարը՝ «Տարոն-Ավիայի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter