HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բնակարանում հնարավոր չէ ապրել. 1-ին հարկի բնակարանի հիմնապատերը քանդել են ու դարձրել ռեստորան 

Երևան քաղաքի Պուշկինի 39 շենքի երկրորդ հարկի բնակարանի մուտքի դուռը մեծ դժվարությամբ կարողացանք բացել: Պատերի նստվածքներն այնքան են խորացել, որ քարերն իջել են բացվածքների վրա՝ արգելակելով մուտքի և միջսենյակային դռների շարժը: Դուռը բացելուն պես լսվեցին երաժշտության ու մի խումբ մարդկանց խոսակցության ձայներ: «Տանը մարդ չի ապրում, դրանք առաջին հարկի ձայներն են»,- ասաց տանտիրոջ հայրը՝ Էդուարդ Համբարձումյանը: Առաջին հարկի բնակարաններից մեկը, առանց համապատասխան թույլտվության, 1.5 տարի շահագործվել է որպես սրճարան-ռեստորան:

Միջանցքից դեռ 1-2 քայլ չէինք արել, երբ նկատեցինք՝ սրճարանի լույսերը փայտե հատակի գերանների արանքից (շենքի միջհարկային ծածկերը փայտյա են) ներթափանցում են երկրորդ հարկի բնակարան: Տանտերերը ստիպված են եղել լքել իրենց բնակարանը, քանի որ այն արդեն բնակության համար պիտանի չէ:

Էռնա Համբարձումյանը Պուշկինի 39 շենքի երկրորդ հարկում գտնվող բնակարանի սեփականատերն է: Անմիջապես բնակարանի տակ՝ առաջին հարկում են գտնվում թիվ 6 և 7 բնակարանները, որոնք պատկանում են նույն անձանց: Բնակարանները միացվել են իրար և վերածվել «Juli’s» անվամբ ռեստորան-սրճարանի: 

Վթարային բնակարանի սեփականատիրոջ հայրը՝ Էդուարդ Համբարձումյանը, պատմեց, որ 2020թ. ձմռանը տան սեփականատեր աղջիկն ու թոռները իր տանն են ապրել: Մարտին գնացել են Պուշկինի 39 հասցեի իրենց տուն, սակայն չեն կարողացել բնակարանի դուռը բացել: Ստիպված շինարարական գործիքների գործադրմամբ են բացել: Արդեն ներսում հայտնաբերել են, որ հյուրասենյակի պատերից մեկի վրա մեծ ճաքեր կան:

Էդուարդ Համբարձումյանը պատմեց, որ այդ ժամանակ առաջին հարկում շինաշխատանքներ են արվել: Անձամբ է իջել ներքև և հետաքրքրվել, թե ինչ է կատարվում: Պատասխանել են, թե ամրացման աշխատանքներ են կատարում: Տեսնելով, որ շինաշխատանքները շարունակվում են՝ զանգահարել է Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ:

Էդ. Համբարձումյանն ասում է, որ առաջին հարկի տարածքի սեփականատերերի հետ ընդհանուր լեզու չեն գտնում, քանի որ վերջիններս որևէ առաջարկով հանդես չեն գալիս: Իրենց հետ չեն խոսում, չեն փորձում իրավիճակը շտկել:

Առաջին հարկի բնակարանում իրականացվել են վերակառուցման աշխատանքներ: Քանդվել են մի քանի հիմնական պատեր: Իսկ պատուհանի բացվածքները վերածվել են դռան բացվածքների, ինչը խարխլել է շենքի ընդհանուր պատերն ու հիմքը:

Թեժ գիծ ահազանգից հետո Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից եկել են և տեսել տարածքը, 2020թ. մարտի 27-ին կազմվել է արձանագրություն: Շինարարական փաստաթղթերի ուսումնասիրության և տարածքի տեղատեսության արդյունքում պարզվել է, որ թիվ 7 բնակարանում՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի, իրականացվել են վերակառուցման աշխատանքներ: Մասնավորապես՝ քանդվել է հիմնական պատը, իրականացվել են երկաթբետոնե կոնստրուկցիայով հեծանի կառուցման, ինչպես նաև պատուհանի բացվածքը դռան բացվածքի վերակառուցման աշխատանքներ:

Արձանագրությամբ նշված է, որ խախտումը թույլ է տրվել այդ ժամանակ բնակարանի սեփականատեր Նարինե Բաբայանի կողմից:

Մինչդեռ թիվ 6 բնակարանի սեփականատեր Կարեն Խաչատրյանը գրություն-պարզաբանում է ուղարկել  իր փաստաբանին, որպեսզի այն օգտագործվի դատարանում, թե թիվ 7 բնակարանը 2001թ. առքուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել կինը, որը հետագայում վաճառել է Նարինե Բաբայանին: Հայտնել է, որ շինաշխատանքներն իրականացվել են դեռևս այն ժամանակ, երբ սեփականատերը կինն է եղել, իսկ շինարարական աշխատանքներն իրականացվել են քաղաքաշինական նորմերին համապատասխան: Տեղեկացրել է նաև, որ 2021թ.-ին, նույն բնակարանի սեփականատեր կրկին դարձել են Խաչատրյանները: Նարինե Բաբայանը բնակարանը վաճառել է Կարեն Խաչատրյանի  որդուն՝ Իշխան Խաչատրյանին:

Արձանագրվել է՝ կատարված վերակառուցման աշխատանքների հետևանքով նստվածքներ և մնայուն դեֆորմացիաներ են առաջացել, ինչպես թիվ 7 բնակարանի կրող քարե պատերին, այնպես էլ երկրորդ հարկի՝ Էռնա Համբարձումյանին պատկանող բնակարանի պատերին:

Ճաքեր և նստվածքներ են առաջացել նաև երկրորդ հարկի բնակարանի առաստաղին, հատակին և միջնորմերում: Կատարելով թիվ 6 և 7 բնակարանների վերակառուցման աշխատանքներ՝ վնաս է պատճառվել ոչ միայն Էռնա Համբարձումյանին, այլև ընդհանուր շենքին: Խախտվել են սեյսմակայունության նորմերը:

Թեև խախտումներն արձանագրվել են՝ իրավասու մարմինները տեղեկացված են եղել դրանց մասին, սակայն սրճարան-ռեստորանն անարգելք գործել է:

Երևանի քաղաքապետարարանից մեզ հայտնեցին, որ միայն 2023թ. հոկտեմբերին է թիվ 7 բնակարանի 68 քմ բնակելի նպատակային նշանակության տարածքը փոխվել հասարակական նշանակության:

Ավելի վաղ «Մինթ» ՍՊԸ-ն առցանց հարթակով հայտ է ներկայացրել քաղաքապետարան` ոգելից խմիչքների վաճառքի և հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություններ ստանալու նպատակով, սակայն դիմումները մերժվել են, քանի որ նշված կազմակերպության կողմից շահագործվող Երևան քաղաքի Պուշկինի փող. 39 շենքի թիվ 7 տարածքի նպատակային նշանակությունը բնակելի էր: Բացի այդ չի ներկայացվել կազմակերպությանը նշված տարածքի պատկանելիության վերաբերյալ փաստաթուղթ:

Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ դեռևս 06.03.2023թ.-ին «Մինթ» ՍՊԸ-ի տնօրենին ծանուցում են ուղարկել նշված հասցեի նպատակային նշանակությունը բնակելիից հասարակականի փոխելու վերաբերյալ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և ծառայությունների բաժնի աշխատակցի կողմից 04.08.2023թ.-ին «Մինթ» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ կազմվել են արձանագրություններ` առանց թույլտվությունների ոգելից և ալկոհոլային խմիրքների վաճառքի և հանրային սննդի կազմակերպում, իրացում իրականացնելու համար:

Իսկ 24.08.2023թ. ՍՊԸ-ի տնօրեն Գայանե Ավագյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու համար:

Այժմ Էռնա Համբարձումյանի բնակարանի պատերի ճաքերը գնալով խորանում են և հայտնվում են նորերը: Նույնիսկ զուգարանակոնքն է ճաքել, քանի որ նստվածքի հետևանքով թեքվում է: Սեփականատերը բնակարանն ազատել է կահույքից և տեղափոխել հոր ավտոտնակ: Ինքն էլ երեխաների հետ հայրական տանն է ապրում, քանի որ իրենց բնակարանը դարձել է վթարային և բնակության համար խիստ վտանգավոր:

«Մինթ» ՍՊԸ-ն և սնանկության գործով անցնող Կարեն Խաչատրյանը

Ընկերությունը ստեղծվել է 2022թ. մարտի 24-ին: Միակ սեփականատերն ու տնօրենը Գայանե Ավագյանն է: Ընկերության իրավաբանական հասցեն նշված է հենց Պուշկինի 39 շենքը:

«Մինթ» ՍՊԸ-ն տարածքն օգտագործում է վարձակալությամբ:

Ինչ վերաբերում է գույքի սեփականատեր Կարեն Խաչատրյանին, ապա վերջինիս դեմ 2020թ. սնանկության հայց է ներկայացվել: Դատարանը նույն տարվա սեպտեմբերին Կ. Խաչատրյանին սնանկ է ճանաչել: Վաճառքի են ներկայացվել Կարեն Խաչատրյանին և երրորդ անձանց սեփականութուն հանդիսացող, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում գրավադրված գույքերը, որոնց թվում եղել են նաև Պուշկինի 39 հասցեի 6 և 7 բնակարանները:

Աճուրդի հայտարարության մեջ նկարագրվել էր, որ թիվ 6 բնակարանի ընդհանուր մակերեսը՝ 56.2 քմ է (3.2 քմ մակերես ունեցեղ տարածքը ընդհանուր է թիվ 7 հասցեի հետ): Նշված է, որ մուտքը թիվ 7 հասցեից է: Իսկ թիվ 7 հասցեի բնակարանի նկարագրության մեջ նշված է, որ տարածքը 68 քմ է, մուտքը Պուշկինի փողոցի կողմից է: Ունի Պուշկինի փողոց նայող երկու ցուցափեղկ, տեղազննման օրվա դրությամբ տարածքը շահագործվում էր որպես սրճարան: Թիվ 6 բնակարանի աճուրդի մեկնարկային գինը կազմել է մոտ 64 մլն 500 հազ. դրամ, իսկ թիվ 7 բնակարանինը՝ մոտ 95 մլն դրամ:

Ըստ այդ հայտարարության՝ թիվ 7 բնակարանի նկատմամբ առկա է «Մինթ» ՍՊԸ-ի վարձակալության իրավունքը՝ մինչև 2027թ. ապրիլի 22-ը:

Բնակարանները չեն վաճառվել, իսկ Սնանկության դատարանի 2023թ․ հունիսի վճռով Կարեն Խաչատրյանի սնանկության վերաբերյալ գործն ավարտվել է նրա ֆինանսապես առողջացմամբ:

Վնասի հատուցման պահանջն ու 3 տարի ձգվող դատական գործը

Էռնա Համբարձումյանն  ընդդեմ Նարինե Բաբայանի 2021թ. դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:

Դատարանը 7-րդ բնակարանի օգտագործման, շահագործման և կառուցապատման հետևանքով Է. Համբարձումյանին պատճառված վնասի պատճառահետևանքային կապը պարզելու նպատակով նշանակել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Բաբայան-Լատ նախագիծ» ՍՊԸ-ի համապատասխան փորձագետներին:

«Բաբայան-Լատ նախագիծ» ՍՊԸ-ն իրականացրել է փորձաքննություն և մի շարք խախտումներ նշել: Փորձագետներն արձանագրել են, որ հիմնական շենքում ծածկերը փայտից են:

Ըստ փորձագիտական եզրակացության, որը կազմվել է 2022թ. մարտի 31-ին՝ թիվ 7 բնակարանի սեփականատեր Նարինե Բաբայանի կողմից կատարվել են շինարարական աշխատանքներ, որոնց իրականացումը հավանաբար ընթացել է շինարարական տեխնոլոգիական պահանջները չպահպանելով: Դրանց պատճառով առաջացել են նստվածքներ և մնայուն դեֆորմացիաներ:

Էռնա Համբարձումյանի բնակարանը գտնվում է 2-րդ հարկում՝ անմիջապես 7-րդ բնակարանի վերևում: Փորձաքննությունն իրականացրած ընկերության աշխատակիցները եղել են նաև 3-րդ հարկի այն բնակարանում, որը գտնվում է Է. Համբարձումյանի բնակարանի անմիջապես վերևում: Այնտեղ նույնպես արձանագրվել են ճաքեր՝ կրող և պարփակող կոնստրուկցիաներում:

Նշված երկու բնակարաններում չափվել են պատերի ճաքերի և դեֆորմացիաների մեծությունները, արձանագրվել ուղղություններն ու երկարությունները: Արձանագրվել է, որ դեֆորմացիաների պատճառով դռները կքվել են, որոնց շահագործումը գրեթե անհնար է դարձել: Բացի այդ, Էռնա Համբարձումյանի բնակարանի կրող և պարփակող կոնստրուկցիաներն ունեն վնասվածության 3-րդ կարգ, իսկ վնասվածքի մակարդակը՝ «կոնստրուկցիաների զգալի վնասվածք»:

Քարե պատերում մասնագետներն արձանագրել են 1-10 մմ ճաքեր, ծածկը և հենարանների հարթակները զգալի տեղափոխված են, որոշ տեղերում միաձույլ բետոնները պոկվել և կոտրվել են: Նույնիսկ ծխատարները թեքվել են և այլն:

Մասնագետներն առաջարկել են բնակարանի ուժեղացման և վերականգնման միջոցառումներ իրականացնել: Փորձագետները խորհուրդ են տալիս  բնակիչներին ժամանակավոր տեղահանել շենքի վերականգնման, ուժեղացման ու նորոգման նպատակով, որից հետո միայն այն պիտանի կլինի շահագործման:

Թիվ 11 բնակարանը լիարժեք շահագործելու համար անհրաժեշտ են կոնստրուկտիվ  միջոցառումներ, այն է՝ կոնստրուկցիաների ամրացում և վերականգնում:

«Բաբայան-Լատ նախագիծ» ՍՊԸ-ի մասնագետները մշակել են նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ, որոնք փորձագիտական եզրակացության անբաժանելի մասն են: Ըստ այդ փաթեթի՝ Է. Համբարձումյանի բնակարանի վերակառուցման, այդ թվում՝ ամրացման համար կպահանջվի  մոտ 11 մլն 332 հազ. դրամ:

Արդեն 3 տարի է՝ Համբարձումյանն ընդդեմ Նարինե Բաբայանի, վնասի փախհատուցման պահանջով, դիմել է դատարան, սակայն գործը դեռ գտնվում է նախնական դատական նիստերի փուլում: Ընթացքում դատավոր է փոխվել, և քննությունը սկսվել է սկզբից:

Այս գործի քննությունը դեռ չավարտված՝ Է. Համբարձումյանը՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջով 2023թ. մայիսին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ առաջին հարկի բնակարանների սեփականատերեր, հայր և որդի Կարեն և Իշխան Խաչատրյանների դեմ:

Պահանջն այն է, որ Իշխան և Կարեն Խաչատրյանները վերացնեն իր սեփականության իրավունքի խախտումները: Այն է՝ վերականգնեն թիվ 7 բնակարանի կրող քարե առանցքներով պատերը, վերականգնեն դռան բացվածքի ձևափոխված պատուհանների բացվածքները, վերականգնեն առաստաղը: Այս գործի քննությունը ևս գտնվում է նախնական փուլում:

Այս ընթացքում Է. Համբարձումյանն ու վերջինիս հայրը՝ Էդուարդ Համբարձումյանը, բազմիցս դիմել են քաղաքապետարան, պատկան այլ մարմիններին, սակայն՝ անօգուտ: Քաղաքապետարանից պատասխանել են, թե առաջին հարկում նոր շինարարություն չի կատարվում, իսկ 2020թ. արդեն արձանագրություն կազմվել է, նոր արձանագրության հիմք չկա: Մինչդեռ վնասված բնակարանի սեփականատիրոջ հայրը՝ Էդուարդ Համբարձումյանը, պատմում է, որ շինաշխատանքներն իրականացվել են գիշերային ժամերին, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները ցերեկն են եկել ու արձանագրել, որ այդ պահին շինաշխատանքներ չեն կատարվում:

Համբարձումյանների դիմումներից մեկը հասցեագրվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, քանի որ բնակարանը սրճարան դարձնելու համար շենքի ճակատային հատվածներում կատարվել են փոփոխություններ: Բացի այդ, շենքի ընդհանուր վթարայնությունը կարող է վնաս պատճառել նաև շենքի ճակատային հատվածին:

Նախարարությունից պատասխանել են, որ Պուշկինի 39 շենքն ընդգրկված չէ «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»։ Հայտնել են, որ իրենք եզրակացություններ են տալիս ճարտարապետական արժեք ունեցող  շենքերի ճակատային մասերին վերաբերող հարցերի վերաբերյալ: 

Այն ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս քայլեր չի ձեռնարկել՝ բավարարվելով «դիմումի քննությունը դուրս է նախարարության գործառույթների շրջանակից» պատասխանով:

Պարզաբանում ստանալու նպատակով հեռախոսով զրուցել ենք սրճարանի վերածված թիվ 7 բնակարանի սեփականատեր Իշխան Խաչատրյանի հետ: Վերջինս ասաց, թե չգիտի՝ ինչի հետևանքով է առաջացել Է. Համբարձումյանի բնակարանին հասցված վնասը։

«Այդ տարածքը ես գնել եմ արդեն այդ վիճակում, ոչ մի բան ես չեմ փոփոխել այդ բնակարանի վրա»,- ասում է Իշխան Խաչատրյան՝ հավելելով, որ երբ ինքը դարձել է գույքի սեփականատեր և այն հանձնել վարձակալության, վարձակալն ընդամենը կոսմետիկ վերանորոգում է արել:

Իշխան Խաչատրյանից նաև հետաքրքրվեցինք, թե մինչև նպատակային նշանակությունը փոխելը, ինչու է բնակարանը մոտ 1,5 տարի շահագործվել որպես սրճարան-ռեստորան:

«Ժամանակի հարց էր: Քաղաքապետարանը, ոնց դուք գիտեք, լավ չի աշխատում, չի աշխատել: Դիմումն անընդհատ տրվել է, ինչ-որ պատճառով անընդհատ դիմումը հետաձգել են: 1,5 տարի տևեց մինչև նպատակային նշանակությունը փոխվեց: Երկար գործընթաց էր»,- ասում է Իշխան Խաչատրյանը:

Քանի որ ըստ վերը նշված տվյալների թիվ 6 և 7 բնակարանների որոշ տարածքներ ընդհանուր են, հետաքրքրվեցինք, թե ինչ կարգավիճակ ունի թիվ 6 բնակարանը, ինչին ի պատասխան Իշխան Խաչատրյանն ասաց, որ 6-րդ բնակարանն իր ընտանիքի հետ կապ չունի: Մինչդեռ Կադաստրի կոմիտեի բազային տվյալների համաձայն՝ թիվ 6 բնակարանի սեփականատերը Իշխան Խաչատրյանի հայրն է՝ Կարեն Խաչատրյանը: Այն ընդհանուր համատեղ սեփականություն է և ընդհանուր տարածք է ունեցել սրճարանի վերածված թիվ 7 բնակարանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter