HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

40 տարվա սպասում․ Ջրաձոր նոր գյուղը չի կառուցվում 

Ախուրյան գետի աջ ափին գտնվող Կապսի ջրամբարի վերակառուցումը պետք է ավարտվեր 2024թ–ի ամռանը։ Այդպես էր նախատեսված Հայաստանի կառավարության և Վերակառուցման վարկերի բանկի (KfW) միջև 2014թ. դեկտեմբերի 19-ին ստորագրված վարկային համաձայնագրով։ Ծրագրի փակման և վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը, ըստ համաձայնագրի, 2024թ. հուլիսն է:

Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել էր 1985 թվականին։ 1988թ–ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարական աշխատանքները դանդաղել էին, իսկ 1993թ–ից՝ ամբողջությամբ դադարեցվել։ Այդ ժամանակ ջրամբարի պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի: 

Մասնագետներն անավարտ շինությունը վտանգավոր են համարել գետի ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի համար: Կառավարության 2013թ օգոստոսի 8-ի նիստում Կապսի ջրամբարը վերականգնելու մասին որոշում ընդունվեց՝ համոզմունքով, որ ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը: Գերմանական KfW  բանկը պատրաստակամություն էր հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն: 

Ջրամբարը վերակառուցելու ցանկությունը երրորդ անգամ կառավարությունը վերահաստատեց 2020թ օգոստոսի 27-ի 1411-Լ որոշումով։ Ջրամբարի վերակառուցումը նախատեսվում էր սկսել 2020թ.-ին։ Վերակառուցման վարկերի բանկի (KfW)–ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) միջև Կապսի ջրամբարը վերակառուցելու երկրորդ համաձայնագիրը կնքվեց 2023թ ապրիլի 21–ին, իսկ ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը տեղի ունեցավ 2023թ մայիս 17–ին։  

Կապսի ջրամբարի կառուցման հետևանքով Ջրաձոր գյուղն ամբողջությամբ պետք է տեղափոխվի։ 2017թ կատարված ուսումնասիրությունը հաստատել է, որ նույնիսկ առանց ջրամբարը կառուցելու, աշխարհագրական անբարենպաստ պայմաններից ելնելով, Ջրաձորի որոշ հատվածներ երկրաշարժի ժամանակ կարող են սահել ձորը։ 1980-ական թվականներին, երբ ջրամբար կառուցելու որոշում էր ընդունվել, ուսումնասիրություններից կրկին եզրահանգել են, որ գյուղը պետք է տեղափոխվի։ 

Տարածքային զարգացման հիմնադրամը (ՏԶՀ) «Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր նոր բնակավայրի կառուցապատման համար անհրաժեշտ ծրագրային և նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման»  խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման նպատակով 2022թ հունվարի 25-ին 187 մլն դրամի պայմանագիր է կնքել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի և «Հայնախագիծ» ԲԲԸ–ի հետ։ 

Երկու ընկերությունները համատեղ գործունեությամբ (կոնսորցիում) պետք է իրականացնեն Ամասիա համայնքի Ջրաձոր նոր գյուղի տարածական պլանավորման  և կառուցապատման, այդ թվում՝ ճանապարհա-փողոցային ցանցի, կամուրջի, ինժեներական համակարգերի, հասարակական և արտադրական շենքերի, բնակելի տների և տնտեսական շինությունների աշխատանքային նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում։ 

Նախագծողները աշխատանքը պետք է հանձնեին 650 օրացուցային օրում, որի հաշվարկը սկսվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրից՝ 2022թ հունվարի 26-ից։ ՏԶՀ-ի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանը հավանական էր համարել, որ Ջրաձոր նոր բնակավայրի նախագիծը պատրաստ կլինի 2023թ հուլիսին։ Սա նախագծի հանձնման՝ պայմանագրով սահմանված ժամկետն էր։

Սակայն, 2024թ հունվարի 4–ին պատվիրատուն՝ Հայաստանի տարածքային զագացման հիմնադրամը, նոր համաձայնագրով երկարաձգել է Ջրաձոր գյուղի նախագծման աշխատանքների ժամկետը։ Համաձայնագրով նախագիծը հանձնելու ժամկետ է սահմանվել պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրից` 761 օրացուցային օրը։ Այսինքն, 6 ամսով երկարաձգվել է աշխատանքը հանձնելու ժամկետը։ 

Անցնող տարիներին «Հետքը» մի քանի անգամ անդրադարձել է Ջրաձոր գյուղի վերաբնակեցման հարցին, քանի որ 1988թ դեկտեմբերի 7–ի ավերիչ երկրաշարժից հետո 28 տնտեսություն հիմնովին ավերվել է։ Բնակիչները տնակներում են բնակվում, մի մասն էլ՝ կիսավեր շինություններում՝ սպասելով նոր գյուղում տուն ունենալու բաղձալի օրվան։

Ջրաձորի համայնքապետ Գեւորգ Հովակյանը 2009թ–ին այդ հարցով հերթական անգամ դիմել էր Շիրակի մարզպետին. «Մարդիկ մեղք են, գյուղից չեն ուզե դուրս գալ, բայց դե էդպես ապրելն էլ արդեն անհնար է»: 

«Գյուղի բնակֆոնդի 80%-ն ավերված է: «69 ընտանիք բնակարանի կարիք ունի, խարխուլ, կիսաքանդ տներում են ապրում, 18 ընտանիք ունեմ տնակներում ապրող»,-հայտնել էր նա «Հետք»-ին:

2022թ ապրիլի 5-ին կառավարությունում քննարկել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի արդյունքները։ Տեղեկացրել են, որ երկրաշարժից տուժած Ջրաձոր գյուղի 28 ընտանիքի հարցը, նրանց ցանկությամբ, կլուծվի Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Ջրաձոր համայնքից վերաբնակեցվող ընտանիքների հետ:

2020թ սեպտեմբերին Ջրաձոր բնակավայրի արդեն վարչական ղեկավար Գևորգ Հովակյանը մեզ հայտնել էր, որ նախատեսվում է փաստաթղթային և նախագծման բոլոր աշխատանքներն ավարտել մինչև 2021թ. մայիս-հունիս ամիսը: Տեղեկացրել էր, որ գյուղացիների սեփականության գույքագրումն արդեն ավարտվել է, գնահատվել է նրանց ողջ ունեցվածքը՝ տունն իր հարակից շինություններով, այգին, բանջարանոցը, պտղատու ծառերի արժեքը և սպասում են: Կառավարությունը նոր հատկացված հողատարածքում տներ է կառուցելու՝ սեփականատերերի ունեցած տների քմ-ի հաշվարկով: 

Ջրաձոր գյուղի վերաբնակեցման ծրագիրն իրականացնելու համար պետական բյուջեից մոտ 5 մլրդ դրամ է նախատեսվել: «3-րդ հանրապետության պատմության մեջ սա թերևս առաջին դեպքն է լինելու, երբ մենք զրոյից բնակավայր ենք ստեղծելու, զրոյից գյուղ ենք կառուցելու»,- կառավարության  2020թ-ի օգոստոսի 27-ի նիստի ժամանակ հայտարարել էր վարչապետ Ն Փաշինյանը։ Նույնը նա կրկնեց 2022թ-ի հուլիսին։ 

Իսկ Ջրաձորի բնակիչները, պաշտոնական հավաստիացումներից բացի, առայժմ ոչինչ չունեն։ 2022թ-ի հուլիսին ՏԶՀ-ի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խաչատրյանը հուսադրում էր, որ բնակիչների սպասումային իրավիճակն իր ավարտին է մոտենում։ Ըստ նրա՝ 2023թ․-ի վերջերին պետք է սկսվեր գյուղի շինարարությունը: Շինարարության ընթացքում լինում են ձմեռային դադարներ, մենք կարծում ենք, որ 2026թ-ի գարնանն արդեն գյուղը պատրաստ կլինի»,- հայտնել էր ներկայումս հիմնադրամի տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Ա Խաչատրյանը: 

Իրականությունն այն է, որ 2024թ հունվարին ՏԶՀ–ը դեռևս գյուղի նախագծման պայմանագրի ժամկետ է երկարաձգում։

Պայմանագրում նախատեսված անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքերն այս պայմանագրի վրա չեն տարածվում, և այն ստորագրելու օրվանից կողմերի միջև կնքված լրացուցիչ համաձայնագրերը այդպիսի հիմնավորումներ չունեն։ Պայմանագրի 77 կետի համաձայն՝ ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ, մինչև 30 օրացուցային օր։ Ընդ որում, ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համաձայնագիրը պետք է կնքվեր մինչև պայմանագրով այդ ժամկետը լրանալը, եթե կատարողը առաջարկությունը ներկայացրել է ծառայությունների մատուցման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ։

Նախագծողը բաց է թողել այդ ժամկետը, բայց դրանից հետո երեք անգամ ժամկետ է երկարաձգվել։ ՏԶՀ-ին խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ է պայմանագրի ժամկետը լրանալուց ամիսներ հետո կնքվել համաձայնագիրը, և ինչպես է հաշվարկվելու 761 օրացուցային օրը՝ 2023թ հուլիսի՞ց, թե՞ 2024թհունվարի 4-ից (վերջին համաձայնագիրը կնքելու օրն է-խմբ

Տարածքային զարգացման հիմնադրամը հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Ջրաձոր նոր գյուղի նախագծային աշխատանքների մեկնարկը տրվել է ոչ թե 2022թհունվարի 26-ին, այլ՝ մարտի 18-ին, և աշխատանքների ավարտի ժամկետը սահմանվել է նոյեմբերի 6-ին։

Նշենք, որ մարտի 18-ին կողմերի միջև կնքված թիվ 1 համաձայնագրում աշխատանքների ավարտի նոր ժամկետ սահմանելու մասին խոսք չկա։ Համաձայնագրով կողմերը պայմանագրով նախատեսված բյուջեի 2022-23թթ․-ի վերաբաշխումն են հաստատել։

Կողմերի միջև նոյեմբերի 6-ին կնքված թիվ 3 համաձայնագրով 30 օրով երկարաձգվել է աշխատանքների ժամկետը։ Ինչպես նշել ենք վերևում՝ պայմանագրով այդ իրավունքը նրան տրված էր մեկ անգամ և նախագծի իրականացման ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով՝ մինչև դեկտեմբերի 6-ը։

Հիմնադրամը հայտնում է, որ 2022թ․-ի նոյեմբերի 22-ին նախագծողը դիմել է հիմնադրամին և հայտնել, որ Ջրաձոր նոր բնակավայրի նախագծի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարությունից առաջարկել են՝ նոր բնակավայրի շինարարության համար նախատեսված հողամասերում լրացուցիչ հնագիտական ուսումնասիրություն իրականացնել։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի ԿԳՄՍ նախարարության դրական եզրակացությունը ստանալ նախագծի վերաբերյալ։ «Այս հանգամանքով պայմանավորված՝ նախագծի աշխատանքների ավարտ է սահմանվել 2024թ փետրվարի 25-ը։ Տեղեկացնենք նաև, որ հնագիտական եզրակացությունն արդեն պատրաստ է, և նախագիծն ուղարկվել է փորձաքննության»,- հայտնում են հիմնադրամից։

Վերջին՝ թիվ 4 համաձայնագիրը կողմերը կնքել են 2024թ հունվարի 4-ին, որով աշխատանքներն ավարտելու ժամկետ է սահմանվել 761 օրացուցային օրը։ Համաձայնագրում լրացուցիչ հնագիտական ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտության, ինչպես նաև՝ 2024թ փետրվարի 25-ը աշխատանքներն ավարտելու վերջնաժամկետ սահմանելու մասին խոսք չկա։

Լուսանկարում՝ Ջրաձոր գյուղի նախագիծը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter