HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանը ՌԴ է ուղարկել Քամիլ Զեյնալիի հանձնման միջնորդությունը, չնայած որ նա արդեն Բաքվում է

Զգուշացում․ նյութում առկա են սպանության տեսանյութի դրվագներ

Հայաստանի գլխավոր դատախազությունն այսօր ներքին գործերի նախարարությունից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն: Այս մասին հայտնել է դատախազության հանրային կապերի բաժինը։

Հիշեցնենք՝ խոսքը փետրվարի 21-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի Քամիլ Զեյնալիի մասին է։ 44-օրյա պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերը առանձնակի դաժանությամբ սպանել են Արցախի տասնյակ քաղաքացիական բնակիչների, և այդ հանցագործներից մեկն էլ Քամիլ Զեյնալին է, որը հետախուզվում էր Հայաստանի Հանրապետության կողմից։

«Հետքի» տեղեկություններով՝ Զեյանլին մեղադրվում է Հադրութի շրջանի Ազոխ գյուղի 80-ամյա բնակիչ Յուրի Ասրիյանի սպանության մեջ։ 2020-ի դեկտեմբերին ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը գլխատում 80-ամյա անօգնական մարդուն, որն, ամբողջ ընթացքում «ալլա՜հ, ալլա՜հ» բացականչելով, խնդրում էր չգլխատել իրեն։ 

Չնայած որ տեսանյութում գլխատողի դեմքը պարզ չի երևում, սակայն, մեր տեղեկություններով ՀՀ իրավապահները Քամիլ Զեյնալիին նույնականացրել են ձայնի միջոցով։

Քամիլ Զեյնալին Ադրբեջանում հայտնի ֆիթնես մարզիչ է։ «Դոմոդեդովո» օդանավակայանում ՌԴ իրավապահների կողմից նրա ձերբակալման մասին լուրը հայտնեցին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ։ Նրա փաստաբան Ալեկպեր Գարաևը APA գործակալությանը տեղեկացրել էր, թե ՌԴ իրավապահները Զեյնալիին ձերբակալել են ՀՀ-ի կողմից միջազգային հետախուզման մեջ լինելու հիմքով։ 

Ձերբակալման պահին Զեյնալին սոցցանցի իր էջով ուղիղ եթեր էր մտել և ասել, թե արդեն երրորդ անգամ է Ռուսաստանում, սակայն միայն հիմա են նրան ձերբակալում։ Նա հույս էր հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները կաջակցեն իրենց։

Նրա փաստաբան Ալեկպեր Գարաևը հայտնել էր, թե Զեյնալին ձերբակալվել է որպես կասկածյալ՝ Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրա խոսքով՝ ՌԴ դատախազությունը նյութերի է սպասում Հայաստանից, և եթե այդ լրացուցիչ նյութերն ուղարկվեն, ապա Զեյնալին կկանգնի դատարանի առաջ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար։

Եվ մինչև ՀՀ իրավապահները լրացուցիչ նյութեր կուղարկեին ՌԴ, ձերբակալումից ժամեր անց Քամիլ Զեյնալին ազատ է արձակվում։ Իսկ փետրվարի 22-ի լուսադեմին արդեն ժամանել է Բաքու, որտեղ նրան դիմավորել են մեծ շուքով։ 

Ազատ արձակվելուց և Բաքու մեկնելուց մի քանի ժամ անց միայն ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչպես արդեն նշեցինք, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն է ուղարկել Զեյնալիին հայկական կողմին հանձնելու միջնորդությունը։ Թե ինչու են ՌԴ իրավապահները ձերբակալել և մի քանի ժամ անց ազատ արձակել տարեց մարդու դաժան սպանության մեջ մեղադրվող Քամիլ Զեյնալիին՝ չսպասելով ՀՀ իրավապահների ներկայացրած նյութերին, պարզ չէ։

Ռուսաստանի Դաշնության այս քայլն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հարցին, թե բողոքի նոտա լինելու է ռուսական կողմին՝ Զեյանլիին ազատ արձակելու համար, Մհեր Գրիգորյանն արձագանքել էր․ «Եկեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»: Միևնույն ժամանակ փոխվարչապետը վստահություն էր հայտնել, թե «գործողություններ կլինեն»։

Հիշեցնենք՝ դեռևս 2021 թվականին «Հետքն» անդրադարձել էր Հադրութի շրջանի Ազող գյուղի 80-ամյա բնակիչ Յուրի Ասրիյանի սպանության պատմությանը։ Մենք զրուցել էինք նրա միակ հարազատի՝ քրոջ՝ Մարիա Ասրիյանի հետ։ Պատմությունը կարող եք կարդալ ստորև տեղադրված հղումով։

Գլխավոր լուսանկարը՝ Զեյնալիի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter