HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մարիա Ասրիյան․ ապրել՝ եղբոր դաժան սպանության ցավը սրտում

Զգուշացում․ հոդվածում կա դաժանություն նկարագրող տեսարան

80-ամյա Յուրի Ասրիյանը ամբողջ կյանքում ապրել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։ 2020թ․ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի զինված ուժերը գրավել են գյուղը և գերեվարել նրան։ Այդ օրվանից հետո Յուրի Ասրիյանի միակ հարազատը՝ 82-ամյա քույրը, փորձել է փնտրել եղբորը, որևէ տեղեկություն իմանալ նրա մասին, սակայն չի կարողացել, մինչև դեկտեմբեր ամսին ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տարածվեց Յուրի Ասրիյանի գլխատման տեսանյութը։ Ադրբեջանցի զինծառայողներից մեկը Ասրիյանին պառկեցրել է գետնին, նա իր ձեռքի դանակը գցում է և մոտ կանգնած ադրբեջանցի մեկ ուրիշ զինծառայողից, որի դեմքը տեսանյութում երևում է, վերցնում է մեկ այլ դանակ։ Յուրի Ասրիյանի աջ ձեռքը դնում է ծնկի տակ, մյուս ոտքով Ասրիյանի ձախ ձեռքը սեղմում է մարմնին, որպեսզի չկարողանա շարժել, այնուհետև ձեռքով ծնոտը բարձրացնում է և կոկորդը կտրում։ Այսքանով տեսանյութն ավարտվում է։ 80-ամյա տարեց տղամարդը, ամբողջ ընթացքում «ալլա՜հ, ալլա՜հ» բացականչելով, խնդրում էր չգլխատել իրեն, սակայն ադրբեջանցի զինվորականները դաժանորեն սպանում են նրան։ 

«Եղբորս մասին ինչ ասեմ․ ինքը շատ ազնիվ, բարի, բարոյական ու աշխատասեր մարդ էր, բայց․․․ես վիդեոն չեմ տեսել, չորս կողմի ժողովուրդը տեսել է, ամբողջ աշխարհը տեսել է»,- արցունքները կոկորդում խեղդելով և ձեռքը եղբոր լուսանկարին տանելով՝ խոսքը կիսատ է թողնում 82-ամյա Մարիա Ասրիյանը։

Մարիա Ասրիյանը ծնվել է 1938 թվականին Ազոխ գյուղում։ Ընտանիքում 5 երեխա են եղել, իրենից մեծ երեք եղբայր է ունեցել, իսկ Յուրի Ասրիյանը եղել է ընտանիքի կրտսեր զավակը։ Նրանց հայրը զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում, և ընտանիքի ամբողջ հոգսը մնացել է մոր ուսերին։ 1956 թվականից Մարիա Ասրիյանը ավագ եղբայրների հետ տեղափոխվել է Բաքու և այնտեղ ապրել մինչև 1990 թվականը, իսկ Յուրի Ասրիյանը մոր հետ մնացել է գյուղում։ 1990 թվականին, երբ սկսվել են Բաքվի ջարդերը, Մարիա Ասրիյանը եղբայրների հետ Բաքվից տեղափոխվել և մինչև այժմ բնակվում է Արարատի մարզի Սիս գյուղում։ Ավագ եղբայրներն արդեն մահացել են․ մինչև 44-օրյա պատերազմը ընտանիքի հինգ զավակներից մնացել էին միայն Մարիա Ասրիյանն ու Յուրի Ասրիյանը։

Յուրի Ասրիյանը ծնվել է 1940թ․, միայնակ թոշակառու էր։ Նա առողջական խնդիրներ է ունեցել, և 2005 թվականից Մարիա Ասրիյանը եղել է եղբոր խնամակալը, այդ ժամանակվանից քույրը տարվա զգալի ժամանակահատվածն անցկացրել է Ազոխում՝ եղբորը խնամելով։ 

«Իրա ձեռքով ամեն ինչ գալիս էր, բայց վերջին տարիներին՝ մորս մահից հետո, կռացած էր քայլում։ Եթե ես գետափ հասնում էի մի ժամում, ինքը երկու-երեք ժամում չէր կարողանում հասնել․․․ կամաց-կամաց, տեղ-տեղ պառկում էր, տեղ-տեղ նստում էր, սենց էլի, հիվանդ էր»,- պատմում է Մարիա Ասրիյանը։

Նրանք գյուղից մի փոքր հեռու տնամերձ հողամաս են ունեցել, որտեղ հոնենիներ, թզենիներ ու ընկուզենիներ կային։ Մարիա Ասրիյանը պատմում է, որ չեն կարողացել մշակել, բայց բերք միշտ ունեցել են։ Անցյալ տարի՝ մինչև պատերազմը, հասցրել է նույնիսկ հոնի մուրաբա եփել՝ եղբոր ցանկությամբ։

«Հինգ հատ հոնի ծառ կար, բութ մատիս չափի բերք էր տալիս։ Գնացի քաղեցի, ախպերս ստիպեց, որ 15 բանկա մուրաբա էփեմ։ էփեցի, դրեցի»։

Պատերազմի սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին, Մարիա Ասրիյանը Ազոխում է եղել՝ եղբոր տանը։ Պատմում է՝ ինքը քնած է եղել, երբ եղբայրը եկել, ասել է, թե տան հետևից ձայներ են լսվում. «Ես քնած էի, ախպերս եկավ, ինքը ավելի շուտ էր արթնանում, ասեց՝ Մարո՛, Մարո՛, ելի՛, տան հետևը տրուբաներ կա գցած, թակում են։ Հետո պարզվեց՝ պատերազմի ձայնն էր»։

Մարիա Ասրիյանը մինչև հոկտեմբերի 16-ը Ազոխում էր։ Այդ ժամանակ գյուղի բնակչության մեծ մասն արդեն դուրս էր եկել տներից։ Այդ օրը Մարիա Ասրիյանը տան գործերն անելուց հետո գնացել է գյուղամեջ, որպեսզի հետաքրքրվի, թե իրենք ինչպես կարող են դուրս գալ գյուղից։

«Ախպերս ամեն գիշեր քրտնում էր, ամբողջ անկողինը ջուր էր դառնում։ Գիշերը երկու անգամ փոխում էի։ Շորերը լվացի, կախեցի։ Իրիկնադեմին գնացի դեպի հարևանուհիս, ինքն էլ շորերը հավաքում էր, որ նստեր ավտոն, գնար։ Լացելով եկա տուն, ասեցի՝ Յուրի՛կ, ես էլ եմ գնում, շորերս հավաքեմ ու գնամ։ Եկա վերև, շորերս հավաքեցի ու կանչեցի՝ Յուրի՛կ, դու էլ ե՛կ, շորերդ հավաքենք, գնանք։ Ասաց՝ ես իմ տնից ոչ մի տեղ չեմ գնալու։ Իրա կոշիկները ման եկա, չճարեցի, պարզվեց՝ ամբողջը հավաքել թաքցրել է։ Ասացի՝ ինչի՞ չես գալիս, ասեց՝ որտե՞ղ գամ։ Ինքը գիտեր, որ ես ստեղ նկուղում եմ ապրում, մի անգամ եկել տեսել էր։ Չեկավ, գիտեր, որ ապրելու տեղ չկա։ Բայց որ գար, հիմա լավ կլիներ, էլի մի կերպ կապրեինք, բայց չեկավ»,- պատմում է Մարիա Ասրիյանն ու միաժամանակ ձեռքին պահած թաշկինակով սրբում արցունքները։ Հոկտեմբերի 16-ին գյուղ եկած հացի մեքենայով գյուղում գտնվող տղամարդիկ նրան ճանապարհել են Գորիս, որտեղից էլ եկել է Սիս։

Մարիա Ասրիյանն ասում է, որ երբ գյուղացիները Ազոխից դուրս են եկել, ոչինչ չեն վերցրել իրենց հետ, քանի որ չեն մտածել, թե ադրբեջանցիները կարող են գյուղը գրավել։ Մտածել են՝ գյուղում հայ զինվորականներ կան, ուրեմն կպահեն, սակայն, ըստ Մարիա Ասրիյանի, գյուղն է զինվորականներին պահել։ 

Յուրի Ասրիյանի աճյունը հայտնաբերվել է 2021 թվականի հունվարի 21-ին։ Մարիա Ասրիյանն ասում է, որ դրանից հետո ինքը գրեթե տանը չի եղել, ամեն օր տարբեր դռներ է թակել եղբոր աճյունը ստանալու և հողին հանձնելու համար։ Նախ գնացել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ, այնուհետև՝ Դատաբժշկական հանրապետական գիտագործնական կենտրոն՝ ԴՆԹ նույնականացման համար։ Որոշ ժամանակ անց կենտրոնում նրան ցույց են տվել հայտնաբերված աճյունի լուսանկարները, և Մարիա Ասրիյանը հագուստից ճանաչել է եղբորը։ Ի վերջո, երկարատև սպասումից հետո, երբ հաստատվել են նաև ԴՆԹ նույնականացման արդյունքները, 2021թ․ մարտի 24-ին աճյունը ստացել են և հուղարկավորել Սիս գյուղում։ 

«Եղբոր կողքին ո՞վ է լինում․ քու՛յրը։ Քրոջից բացի ուրիշը չի լացի, ճիշտ չի՞։ Աստված էլ ինձ չափից դուրս արտասուք է տվել։ Տեսնու՞մ ես էս բանը (բարձրացնում է շապիկի թևքը և ցույց տալիս բազկի վրայի մեծ սպին)։ Հենց զալում ընկա, հոգեհացի ժամանակ, ոտս սայթաքեց, ահագին տեղ գնացի, չկարողացա ինձ ղեկավարեմ, ընկա ու ձեռքս կոտրվեց։ Առավոտը գնացինք հիվանդանոց, անալիզ տվեցինք, հաջորդ օրն էլ վիրահատեցին։ Փառք Աստծո, հիմա լավ է, բայց չկարողացա ինձ կառավարել, մինչև հիմա էլ չեմ հաղթահարում»,- պատմում է Մարիա Ասրիյանը։

pic4.jpg (876 KB)

Նա այժմ բնակվում է ավագ եղբոր որդիների տան հետնամասի կիսանկուղային, կիսաթափված պատերով սենյակում։ Նրա հետ նստած ենք անմիջապես իր կացարանի կիսաբաց դռան դիմաց՝ խաղողի վազերի հովին։ Մարիա Ասրիյանը ամսական մոտ 50 հազար դրամ թոշակ է ստանում, ասում է՝ հազիվ է բավարարում։

Ամբողջ զրույցի ընթացքում նա այդպես էլ չթույլատրեց լուսանկարել կամ տեսանկարահանել իրեն, ասաց՝ չի ցանկանում ինչ-որ տեղ երևալ։ Զրույցի ավարտից հետո նա մեզ ճանապարհեց մինչև իրենց տան փայտե դուռը, ցտեսություն ասաց և տխուր հայացքով հետևեց այնքան ժամանակ, մինչև մեր ավտոմեքենան կորավ տեսադաշտից։ 

Մարիա և Յուրի Ասրիյանների պատմությունն ընդամենը մեկն է այն տասնյակ զարհուրելի դրվագներից, վայրագություններից, որոնք թույլ են տվել Ադրբեջանի զինված ուժերը Արցախի խաղաղ բնակիչների, ընդ որում՝ նաև տարեց և անօգնական մարդկանց նկատմամբ։ 

Իլյուստրացիաները՝ Հարութ Թումաղյանի

Մեկնաբանություններ (1)

SANJAY KUMAR YADAV
It is very emotional story between brother & Sister. I think life is sometimes very unreal. I do know know why innocent people being in pain or killed ? Life is not fixed. God will help us all of you. I wish all the best senior MARIA. MARIA...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter