HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոչ աշխատանքային օրերին ու ժամերին քրեակատարողական հիմնարկներում բժիշկներ չեն հերթապահում

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից միայն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում է իրականացվում բժիշկների և բուժակների շուրջօրյա հերթապահություն: Մյուս ՔԿՀ-ներում ժամը 18:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին միայն բուժքույրերն են մնում՝ բժիշկ չկա:

Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում պահվում է ազատությունից զրկված 2493 մարդ, որից 1329-ը կալանավորված են, իսկ 1164-ը՝ դատապարտված: Նրանցից 71-ը կին է, իսկ 2-ը՝ անչափահաս: Այս թիվն ամեն օր փոփոխվում է՝ հաշվի առնելով դատապարտյալների կամ կալանավորված անձանց շարժը, սակայն էական փոփոխություն գրեթե չի լինում:

Ամենածանրաբեռնված քրեակատարողական հիմնարկը «Արմավիրն» է: Այստեղ պահվում է 659 կալանավոր և 376 դատապարտյալ: Հաջորդը «Նուբարաշենն» է: Այստեղ կալանավորված է կամ պատիժը կրում է 441 անձ: Մյուս ՔԿՀ-ներում պահվում է 30-186 մարդ:

Դատապարտյալների բժշկական սպասարկումն իրականացնող «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը նախկինում ենթարկվում էր Արդարադատության նախարարությանը, սակայն 2023թ.-ից ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնում է Առողջապահության նախարարությունը:

Նախարարությունից փոխանցեցին, որ հաշվի անելով ծանրաբեռնվածությունը «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում հերթապահություն իրականացնում են 2-ական բուժքույր, իսկ մնացած ՔԿՀ-ներում՝ 1-ական: 

Քանի որ բժիշկներն աշխատում են 8-ժամյա ռեժիմով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18:00-ից հետո հերթապահ չեն մնում, բուժքույրերի վրա է մնում քրեակատարողական հիմնարկի ողջ ծանրաբեռնվածությունը: 

Բուժքույրերն են ընդունում կալանավորված անձանց և քրեակատարողական հիմնարկում տեղավորելուց առաջ զննում նրանց, արձանագրում մարմնի վրա առկա վնասվածքները: Նրանք են զբաղվում վատառողջ դատապարտյալների, հացադուլի մեջ գտնվող անձանց, ինքնավնասման և այլ բուժական հարցերով: Իսկ ծանր դեպքերում նրանց վրա է մնում քաղաքացիական հիվանդանոցներից շտապօգնություն հրավիրելու պատասխանատվությունը: 

Ամենածանրը «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների միջին բուժական կազմի վիճակն է: «Արմավիր»-ն ունի մի քանի մասնաշենք և մեկ մասնաշենքից մյուսը քայլելու համար մոտ 10 րոպե է անհրաժեշտ: Բացի այդ, այստեղ համեմատաբար մեծ է ազատությունից զրկվածների թիվը, ինչն ավելացնում է ծանրաբեռնվածությունը: Հերթապահները բուժքույրեր են, այսինքն՝ կանայք, ինչն ավելի է բարդացնում նրանց վիճակը: Սակայն պարզվում է, որ նրանք ստանում են գրեթե նույն աշխատավարձը, ինչ օրինակ՝ 23 ազատազրկված ունեցող «Երևան-Կենտրոն» կամ 76 անձի սպասարկող «Աբովյան» ՔԿՀ-ների բուժակները:

Հաճախ են լինում նաև միջադեպեր, բուժանձնակազմի նկատմամբ անհարգալից կամ բռնության դեպքեր: Օրինակ՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մի քրեական գործ, որը վերաբերում է «Արմավիր» ՔԿՀ-ի բուժքրոջը բռնության ենթարկելուն: Ըստ մեղադրանքի՝ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձը պահանջել է, որ իրեն բուժօգնություն տրամադրելու համար բուժաշխատող ներկայանա մասնաշենք: Բուժքույր Թամարա Սարգսյանն այցելել է նշված տեղամաս: Բուժքույրը գտնվել է պատժախցային մասնաշենքի՝ կալանավորված և դատապարտված անձանց բուժօգնություն տրամադրելու համար հատկացված սենյակում, կալանավորված անձը մտել է նշված սենյակ և առանց իր առողջական վիճակի վերաբերյալ կոնկրետ բողոքներ ներկայացնելու, սկսել է բարձրաձայն, կոպիտ և արհամարհական տոնով խոսել բուժքույր Թամարա Սարգսյանի հետ և պահանջել, որ իրեն հետազոտի նեղ մասնագետ՝ գաստրոէնտերոլոգ: Բուժքույրը պատասխանել է, որ տվյալ նեղ մասնագետը հիմնարկ այցելում է այլ օրերի: Տղամարդը գոռգոռացել ու հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքով հարվածել և հատակին է գցել սեղանին իր առջև դրված, Թամարա Սարգսյանի բժշկական պայուսակը: Այնուհետև ձեռքերով հարվածներ  է հասցրել Թամարա Սարգսյանի ուսին: 

Առողջապահության նախարարությունից «Հետք»-ին հայտնեցին, որ ՔԿՀ-ների բժիշկներին վճարվող միջին աշխատավարձը կազմում է 259 հազ 500 դրամից մինչև 277 հազ. դրամ, իսկ բուժակների աշխատավարձը 132 հազարից մինչև 141 հազար դրամ է՝ կախված նրանից՝ սոցիալական վճար վճարող են, թե ոչ: 

«Ամսական, եռամսյակային, տարեկան կտրվածքով առավել ծանրաբեռնված ստորաբաժանման աշխատակիցները վարձատրվում են լրացուցիչ լրավճարով և պարգևավճարով»,- հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Զրուցել ենք մի քանի ստորաբաժանման բուժքույրերի հետ: Պատմել են, որ բացի տարեվերջին տրամադրվող «13-րդ աշխատավարձից» ու մարտի 8-ի առթիվ տրված 40 հազ. դրամից, հավելյալ չեն վարձատրվել: 

Քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար լինում են նաև բժիշկների թափուր հաստիքներ: Օրինակ՝ փետրվարի 9-ի դրությամբ ՔԿՀ-ներում եղել է 9 թափուր հաստիք, որից 3-ը՝ ստորաբաժանման ղեկավարի: «Գորիս», «Սևան» ՔԿՀ-ներում թափուր է հոգեբույժի հաստիքը, «Վարդաշենում» և «Նուբարաշենում» ընդհանուր բժիշկ են փնտրում և այլն:

«Թափուր հաստիքների առկայությունը կախված է աշխատանքի առանձնահատկությամբ, ստորաբաժանման տեղակայվածությամբ, ինչը բերում է կադրերի արտահոսքի»,- հայտնում է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վահե Հակոբյանը:

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter