HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԶՊՄԿ-ից հավաստիացնում են, որ «Գեոպրոմայնինգի» դեմ պատժամիջոցները կոմբինատի վրա չեն տարածվում 

Ո՛չ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ), ո՛չ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում, և ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց: Այս մասին այսօր հայտարարություն են տարածել ԶՊՄԿ-ից։ 

Երկու օր առաջ «Հետք»-ը գրել էր, որ ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։

Հարցին, թե ինչպես այս պատժամիջոցները կարող են ազդել «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվների վրա, «Գեոպրոմայնինգ»-ից չպատասխանեցին, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին։ Մեր հարցման պատասխանն առայժմ չենք ստացել։ Փոխարենը այս թեմայի վերաբերյալ հայտարարություն են տարածել ԶՊՄԿ-ից։ 

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը ինչպես նախկինում չի հանդիսացել, այնպես էլ ներկայում չի հանդիսանում ԶՊՄԿ ընկերության բաժնետեր և ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի»,- ընդգծում են ԶՊՄԿ-ից։

Ռեգիստրի տվյալներն իսկապես վկայում են, որ ռուսական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն չի հանդիսանում ոչ ԶՊՄԿ-ի, ոչ էլ՝ հայաստանյան «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի սեփականատեր։ Սակայն, նշված երկու ընկերությունները, ինչպես նշեցինք, ռուսական  «Գեոպրոմայնինգ» խմբի ակտիվներ են համարվում։  

Բացի այդ, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի և ԶՊՄԿ-ի սեփականատերերը փոխկապակցված են ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին և նրա որդուն՝ Գլեբ Տրոցենկոյին։ Տրոցենկոներին է պատկանում «Գեոպրոմայնինգ» խումբը։ 

Ռոման և Գլեբ Տրոցենկոները ավելի վաղ հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, որից հետո իրենց պատկանող ընկերությունների մի մասից, որտեղ բաժնետեր են հանդիսացել, դուրս են եկել։ 

Անցած տարեվերջին Գլեբ Տրոցենկոն «լքել» է նաև հայաստանյան «Գեպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն և ԶՊՄԿ-ն։ Նրան փոխարինել է Տրոցենկոների բիզնեսներում ներգրավված Սվետլանա Երշովան։

Գլխավոր լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter