HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Բեռնափոխադրող «Հայվեյզը» IATA-ի եւ ICAO-ի կոդեր է ստացել. դա իրավունք կտա միջազգային թռիչքներ կատարել

Հայկական «Հայվեյզ» բեռնափոխադրող ավիաընկերությունը քաղավիացիայի միջազգային կառույցներից ստացել է կոդեր, ինչը նրան իրավունք կտա միջազգային թռիչքներ իրականացնել: 

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կայքի համաձայն՝ «Հայվեյզին» հատկացվել է Y5 երկնիշ կոդը, իսկ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) տեղեկացմամբ՝ ավիաընկերությունը Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունից (ICAO) ստացել է HYY եռանիշ կոդը:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ավիափոխադրողը ՔԱԿ-ից օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել, ինչը նրան առեւտրային (կոմերցիոն) թռիչքներ իրականացնելու իրավունք է տալիս: Վկայականի գործողության ժամկետը 16 տարով է՝ մինչեւ 2040 թ.: 

Ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը վերջերս «Հետքին» հայտնել էր, որ առաջին ուղղությունները լինելու են դեպի Ռուսաստան, իսկ հետո նախատեսում են ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը դեպի ասիական երկրներ: «Հայվեյզը» նախատեսում է երկինք բարձրանալ այս գարնանը:

Նախորդ տարվա նոյեմբերի 11-ին «Հայվեյզը» Մեծ Բրիտանիայից Երեւան էր տեղափոխել իր առաջին օդանավը՝ «Boeing 737-400SF» տիպի բեռնատար ինքնաթիռը, որը նախկինում գրանցված էր Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (VP-BCK), իսկ փետրվարի 27-ին ստացել է ՀՀ գրանցում՝ EK-HAY: 1997 թ. թողարկված ինքնաթիռը «Հայվեյզի» սեփականությունն է:

2019-ին հիմնադրված ավիաընկերության միանձնյա սեփականատերը գործարար Գեւորգ Նալբանդյանն է, որը բիզնեսներ ունի Շվեդիայում եւ Հայաստանում։ Նալբանդյանի անունն առնչվում է տարբեր ոլորտների, այդ թվում՝ սննդի արդյունաբերություն (պահածոներ, գինիներ, ծխախոտ), կահույքի արտադրություն, առեւտուր, ֆինանսավարկային ոլորտ: Գ. Նալբանդյանը նաեւ ավիատեխսպասարկող «Քրոսս Թեքնիքս» ՍՊԸ-ի սեփականատերն է: Այս ընկերությունն է սպասարկում «Հայվեյզի» «Boeing 737-400SF» ինքնաթիռը:

Լուսանկարը՝ airlinesconnection.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter