HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հայվեյզը» Երեւան է տեղափոխել իր առաջին սեփական օդանավը

«Հայվեյզ» ավիաընկերությունը, որը նպատակ ունի հայկական շուկայում զբաղվել բեռնափոխադրումներով, նոյեմբերի 11-ին Երեւան է տեղափոխել իր առաջին օդանավը:

«Boeing 737-400SF» տիպի բեռնատար ինքնաթիռը «Զվարթնոց» է ժամանել բրիտանական «East Midlands» օդանավակայանից (միջանկյալ կանգառ կատարելով վրացական Քութայիսում), որտեղ գտնվում էր 2022 թ. դեկտեմբերից: Օդանավը կառուցվել է 1997 թ., ընդ որում՝ այն ի սկզբանե եղել է ուղեւորատար օդանավ եւ շահագործվել է չինական «China Xinhua Airlines»-ի կողմից (չինական գրանցումը՝ B-2989): Ըստ planespotters.net-ի տվյալների՝ 2012-2013 թթ. ԱՄՆ-ում ինքնաթիռը ձեւափոխվել է՝ «Boeing 737-400»-ից դառնալով «Boeing 737-400SF» (SF- Special Freighter, հատուկ բեռնափոխադրող): 2013-ի հունվարին օդանավը ԱՄՆ-ից տեղափոխվել է Ռուսաստան ու հանձնվել նոր շահագործողի՝ ռուսական «Ատրան» բեռնափոխադրող ընկերությանը, որը օդային բեռնափոխադրումների ոլորտում հայտնի «Վոլգա-Դնեպր» ռուսական խմբի ընկերություններից է: Ու չնայած շահագործողը ռուսական օպերատոր էր, ինքնաթիռը գրանցված էր Բերմուդյան կղզիներում որպես VP-BCK: Սա տարածված եւ օրինական երեւույթ էր ռուսական ավիացիայում, որը, սակայն, արեւմտյան պատժամիջոցների տակ հայտնվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա 2022 թ. փետրվարին: Դրանից հետո ռուսական օդանավերն այլեւս չեն գրանցվում Բերմուդներում:  

2022 թ. հունվարին օդանավը տեղափոխվել է Շարժա, որտեղ մնացել է մինչեւ նույն տարվա դեկտեմբեր, իսկ հետո՝ մինչեւ այս տարվա նոյեմբեր, կայանված էր Մեծ Բրիտանիայում, որտեղից էլ, ինչպես ասվեց, բերվել է Հայաստան:

Ըստ planespotters.net-ի՝ օդանավի նախորդ սեփականատերը ամերիկյան «Vx Capital Partners» լիզինգային ընկերությունն էր: Բայց ինչպես «Հետքին» հայտնել է «Հայվեյզ» ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը, հայկական կողմը գնել է օդանավը, եւ առաջիկայում այն գրանցվելու է ՀՀ օդանավերի ռեգիստրում՝ «Հայվեյզի» շարժակազմում: Պարզապես առժամանակ այն կրում է բերմուդյան նույն՝ VP-BCK գրանցումը:

VP-BCK-ն՝ Մեծ Բրիտանիայում. 23.02.2023, հեղ.՝ Ստյուարտ Լոուսոն/airteamimages.com

Հիշեցնենք, որ «Հայվեյզն» այս տարվա մայիսին օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու հայտ է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտե: ՕՇՎ-ն այն առանցքային փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող զբաղվել կոմերցիոն գործունեությամբ: «Հայվեյզի» հայտը, ինչպես տեղեկացանք Օ. Ստեփանյանից, դեռեւս ուսումնասիրման ընթացքում է:

Քանի որ «Ավիացիայի մասին» օրենքում այս տարի լրացումներ են արվել, իսկ Կառավարությունն ամբողջությամբ փոխել է ՕՇՎ տալու կարգը, նման վկայական ունեցող ավիաընկերությունները պետք է իրենց վկայականները թարմացնելիս անցնեն նոր ընթացակարգով: Դե իսկ «Հայվեյզը», որը նոր պետք է ՕՇՎ ստանա, արդեն այդ գործընթացում է:

Նկատենք, որ ի տարբերություն նախկինի, երբ վկայականը տրվում էր առավելագույնը 2 տարի ժամկետով, նոր կարգի համաձայն՝ այն տրվում է մինչեւ 16 տարով: Այս պահին գործող հայկական փոխադրողներից արդեն իսկ նման ՕՇՎ-ներ ունեն «Ֆլայ Արնան» ու «Ֆլայուան Արմենիան»: Նրանց վկայականների գործողության ժամկետը մինչեւ 2039 թ. է:

Վերադառնալով «Հայվեյզին»՝ նկատենք, որ ընկերությունը (2019-2021 թթ. կոչվում էր «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ») 2020-2021 թթ. ուներ ՕՇՎ, սակայն այդպես էլ գործունեություն չծավալեց: 2021-ի տարեվերջին կազմակերպությունը կրկին դիմել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ նոր վկայական ստանալու համար, սակայն, ի վերջո, 2022-ի տարեվերջին մերժում ստացավ: Իսկ հիմա, փաստորեն, երրորդ փորձն է:

Եթե նախորդ ձախողումը կապված էր օդանավի վարձակալության հետ, հիմա նման խնդիր վստահաբար չի լինի, քանի որ, ինչպես ասվեց, ինքնաթիռը «Հայվեյզը» ձեռք է բերել սեփականության իրավունքով: Բանն այն է, որ ՕՇՎ ստանալու համար հայտատու ընկերությունը պետք է առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) լինի կամ ունենա առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: Երբ մայիսին «Հայվեյզը» հայտ էր ներկայացնում, արդեն նման հուշագիր ուներ, իսկ հիմա, փաստորեն, նաեւ օդանավի սեփականության վկայական ունի:

Նախկինում «Հայվեյզը» նպատակ ուներ զբաղվել ուղեւորափոխադրումներով, բայց հիմա կենտրոնացել է բեռնափոխադրումների վրա:

Դեռ մայիսին Օվսաննա Ստեփանյանը «Հետքի» հետ զրույցում հայտնել էր, որ օդով բեռներ տեղափոխելը ներկա պայմաններում բավական ձեռնտու բիզնես կարող է լինել: Գլխավոր պատճառը ծովային եւ ցամաքային ճանապարհով Հայաստանից դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների դժվարություններն են: Ըստ Ստեփանյանի՝ այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ծաղիկները, պաղպաղակը, մրգերը, գինիներն ու կանաչեղենը, այլ փչացող մթերքներ, ամենաարագը կարելի է տեղափոխել հենց օդով:

Հայկական ավիացիայի որոշ ներկայացուցիչներ «Հետքի» հետ զրույցում այս ֆոնին կարծիք էին հայտնել, որ մեր շուկան բավական փոքր է օդային բեռնափոխադրումների համար, եղած բեռներն էլ կարելի է տեղափոխել մարդատար օդանավերով: Սակայն «Հայվեյզի» տնօրենն ասել էր, որ մարդատարների բեռնախցիկի դռները բեռնատարների դռներից ավելի փոքր են, եւ կան ծավալով մեծ բեռներ, կոնտեյներներ, որոնք հնարավոր չէ մտցնել մարդատարների մեջ: Ըստ Օվսաննա Ստեփանյանի՝ մարդատար բորտերը ուղեւորներից ու նրանց ուղեբեռներից դուրս կարող են տեղափոխել 2-3 տոննա բեռ, այնինչ «Boeing 737-400SF»-ն ունի 18 տ բեռ տեղափոխելու հնարավորություն: Սա համեմատելով հետխորհրդային բեռնատար «Անտոնովների» ու «Իլյուշինների» հետ՝ «Հայվեյզի» ղեկավարն ասել էր, որ «Boeing 737-400SF»-ի վառելիքի ծախսատարությունն ավելի քիչ է, ինչը, բնականաբար, դրականորեն է ազդում բեռնափոխադրման ծառայության գնագոյացման վրա:  

Ինչ վերաբերում է հայկական շուկայի փոքր լինելուն, Ստեփանյանը նշել էր, որ այն, իրոք, փոքր է, սակայն իրենց թիրախը ոչ միայն տեղական շուկան է, այլեւ հարեւան երկրներն ու տարածաշրջանները: «Հայվեյզի» դիտակետում են ԵԱՏՄ շուկան, Իրանն ու Վրաստանը, այլ երկրներ: Տարբերակներից մեկը մուլտիմոդալ փոխադրումներն են. ըստ այդմ՝ բեռները տարբեր երկրներից օդանավով կարող են բերվել Հայաստան, ապա բեռնատար մեքենաներով ուղարկվեն, օրինակ, Իրան ու Վրաստան: Հեռանկարում էլ դիտարկվում է Չինաստանից ու Հնդկաստանից բեռներ բերելու տարբերակը:

«Հայվեյզի» ղեկավարը մեզ նաեւ փոխանցել էր, որ բեռնափոխադրումների շուկա մտնելուց առաջ իրենք արել են համապատասխան ուսումնասիրություններ ու հաշվարկներ եւ այս ոլորտ մտնելը հիմնավորված են համարում: Ըստ Ստեփանյանի՝ տարբեր գործընկերներից ունեն առաջարկներ. վերջիններս պատրաստակամություն էին հայտնել օդանավի առկայության դեպքում օգտվել դրա ծառայություններից:

«Հետքի» հետ վերջին զրույցում անդրադառնալով նոր օդանավի ձեռքբերմանը՝ Օվսաննա Ստեփանյանը նշեց, որ առժամանակ կաշխատեն այս մեկով, իսկ հետո կդիտարկեն ավիապարկն ընդլայնելու տարբերակը:

Հիշեցնենք, որ 2022-ի մայիսից «Հայվեյզի» միանձնյա սեփականատերը գործարար Գեւորգ Նալբանդյանն է, որի համար ավիացիան, կարելի է ասել, նոր ոլորտ է: Փոխարենը նա վաղուց տարբեր բիզնեսներ ունի Շվեդիայում եւ Հայաստանում։ Նալբանդյանի անունն առնչվում է տարբեր ոլորտների, այդ թվում՝ սննդի արդյունաբերություն (պահածոներ, գինիներ, ծխախոտ), կահույքի արտադրություն, առեւտուր, ֆինանսավարկային ոլորտ, հիմա՝ նաեւ ավիացիա: Գ. Նալբանդյանը նաեւ ավիատեխսպասարկող «Քրոսս Թեքնիքս» ընկերության սեփականատերն է: «Քրոսս Թեքնիքսն» է սպասարկելու «Հայվեյզի» «Boeing 737-400SF» ինքնաթիռը:  

Առաջին լուսանկարում՝ VP-BCK-ն՝ Մեծ Բրիտանիայում, 20.02.2023, հեղ.՝ Դեյվ Սթարջիս/airteamimages.com   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter