HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գործարար Գեւորգ Նալբանդյանն ամբողջությամբ գնել է «Hayways» ավիաընկերությունը

Հայկական «Hayways» ավիաընկերությունը (նախկինում՝ «Fly Armenia Airways»), որը ներկայում անցնում է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու գործընթացով, փոխել է սեփականատիրոջը:

ՕՇՎ ստանալու հայտի ուսումնասիրման վերջնաժամկետը հստակ չէ

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին հիմնադրված ավիաընկերությունը առաջին անգամ 2020-ի հուլիսին էր ստացել ՕՇՎ (սա առեւտրային փոխադրումներ կատարելու իրավունք տվող փաստաթուղթ է), որի գործողությունը 1 տարի էր, սակայն այդ ընթացքում ավիաընկերությունն այդպես էլ որեւէ չվերթ չկատարեց, փոխարենը ՕՇՎ-ի գործողությունը քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) երկու անգամ կասեցրեց, ընդ որում՝ երկրորդ անգամից հետո լրացավ նաեւ վկայականի գործողության ժամկետը:

2021-ի օգոստոսին «Fly Armenia Airways»-ն անվանափոխվել է՝ դառնալով «Hayways»: Վերջինս 2021-ի տերեվերջին կրկին դիմեց ՔԱԿ-ին՝ նոր ՕՇՎ ստանալու համար:

Կառավարության 2015 թ. որոշմամբ, որով հաստատվել է ՕՇՎ տալու կարգը, սահմանվել է, որ գործընթացն իրականացվում է 5 փուլով: Մարտի 28-ի դրությամբ, ինչպես տեղեկացել էինք ՔԱԿ-ից, «Hayways»-ի հայտը 3-րդ՝ փաստաթղթերի նախնական գնահատման փուլում էր: Այս փուլում կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են հայտին կից ներկայացված փաստաթղթերը եւ կազմում համապատասխան եզրակացություններ: 4-րդ փուլում կոմիտեն ավիաընկերությունում իրականացնում է ստուգումներ եւ ուսումնասիրություններ, իսկ 5-րդը սերտիֆիկացման փուլն է, երբ կոմիտեն տալիս է ՕՇՎ կամ մերժում դրա տրամադրումը: 

Վերը նշված որոշման համաձայն՝ ՕՇՎ տալու կամ այն մերժելու վերաբերյալ որոշումն ընդունվում է հայտը եւ դրան կից փաստաթղթերը ՔԱԿ-ում մուտքագրվելուց հետո 90 օրվա ընթացքում: Նախորդ անգամ կոմիտեին հարցրել էինք, թե երբ հայտնի կլինի պատասխանը: Սակայն ՔԱԿ-ը նշել էր, թե քանի որ հայտի քննարկումը 3-րդ փուլում է, որին պիտի հաջորդի 4-րդը, հնարավոր չէ կանխատեսել կամ կանխորոշել «Hayways»-ին ՕՇՎ տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու ժամկետները:

Հերթական հարցմամբ ՔԱԿ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք չի լրացրել կառավարության որոշմամբ սահմանված 90-օրյա ժամկետը, եւ ինչ որոշում է կայացրել կոմիտեն: Վերջինս այս անգամ պատասխանել է. «90-օրյա ժամկետը լրանալու փաստը միանշանակ չէ եւ ենթակա է գնահատման ՔԱԿ-ի կողմից, մասնավորապես՝ համաձայն կառավարության 2015 թ. որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի՝ այն դեպքում, երբ հայտը եւ ներկայացված փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված հայտատուի կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը կոմիտեում մուտքագրվելու պահից: «Hayways» ընկերության ՕՇՎ ստանալու վերաբերյալ հայտը ներկայում գտնվում է ուսումնասիրման փուլում»: Ստացվում է, որ մինչ այժմ վերջնականապես հստակ չէ, թե երբանից է կոմիտեն սկսել(ու) 90-օրյա ժամկետի հաշվարկը, որպեսզի պարզ լինի նաեւ ավիաընկերության հայտը բավարարելու կամ մերժելու վերջնաժամկետը։

Սկանդալային ինքնաթիռի վրայից հանվել է քրգործով դրված արգելանքը

«Fly Armenia Airways»-ը հիշվեց իր արտասահամանցի համասեփականատիրոջ սկանդալային անցյալով, որը 2020-ի դեկտեմբերին հեռացավ ընկերությունից, բայց հայկական ավիաընկերության անվան վրա է՛լ ավելի մեծ ստվեր գցեց 2021-ի փետրվարյան պատմությունը, երբ նրա անունով գրանցված օդանավը մինչ օրս չպարզված հանգամանքներում Ուկրաինայի փոխարեն հայտնվեց Իրանում, եւ միայն ապրիլին հաջողվեց այն տեղափոխել Երեւան:

ԱԱԾ-ն, որը քրգործ էր հարուցել օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով, կասեցրեց գործի քննությունը՝ չհանրայնացնելով կասեցման հիմքերը: Նույն ԱԱԾ-ն գործի շրջանակներում արգելանք էր դրել սկանդալային պատմության հերոսի՝ «Boeing 737-300» ինքնաթիռի (ՀՀ գրանցումը՝ EK-FAA) վրա, որը մինչ օրս կայանված է «Զվարթնոցում» (տես վերեւի լուսանկարում): Բայց «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ արգելանքն արդեն հանվել է օդանավի վրայից: Այսինքն՝ դրա սեփականատերը՝ շվեյցարական «BK Impex» ընկերությունը, ըստ էության, այն կարող է տանել Հայաստանից, եթե, իհարկե, օդանավի տեխնիկական վիճակը թույլ տա: Խնդիրն այն է, որ ինքնաթիռը ներկայում չունի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ:

Ավիաընկերությունը Իրանի հետ կապված պատմության գլխավոր մեղավոր է համարում EK-FAA-ի շվեյցարական սեփականատիրոջը: 2021-ի հուլիսին հայկական ավիաընկերությունը դատի էր տվել «BK Impex»-ին՝ նրանից պահանջելով իր կատարած ծախսերի փոխհատուցում (օդանավը Թեհրանից Երեւան տեղափոխելու համար հայկական կողմն իր աշխատակիցներին էր այնտեղ գործուղել, որոնք պետք է ինքնաթիռը թռիչքային պիտանիության վիճակի բերեին)։ Առաջին հայցը դատարանը հետ էր վերադարձրել պետտուրքի վճարված չլինելու պատճառով: Երկրորդ անգամ ընկերությունը դատարան էր մտել 2021-ի դեկտեմբերին: Բայց այս անգամ էլ դատարանը գտել էր, որ հայցապահանջը ենթակա չէ քննության ՀՀ դատարանի կողմից: Սակայն «Hayways»-ը բողոքարկել է Երեւանի դատարանի այս որոշումն, ու վերաքննիչ ատյանը բավարարել է այն՝ որոշելով, որ ստորադաս ատյանը հայցը պետք է ընդունի:

Գործը մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին, սակայն նիստեր, ըստ datalex.am-ի, դեռ չեն կայացել:

Գեւորգ Նալբանդյանն ամբողջությամբ գնել է ընկերությունը

Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին հիմնադրված ավիաընկերության առաջին տերերը երեւանցի Բելլա Գայամովան (55 %) ու բրիտանական «Lincoln Transport Ltd» ընկերությունն (45 %) էին։ Վերջինիս հիմնադիրն էլ հրեական արմատներով Չեխիայի քաղաքացի, Գերմանիայի բնակիչ Սիմոն (Սայմոն) Շպիցն էր (Simon Spitz), որի արկածային անցյալի մասին նախկինում գրել ենք: 2020-ի դեկտեմբերին Շպիցի ընկերությունը լքել էր «Fly Armenia Airways»-ը, իսկ 2021-ի փետրվարին նոր սեփականատեր էր գրանցվել գործարար Գեւորգ Նալբանդյանը։ Վերջինս եւ Բ․ Գայամովան դարձել էին սեփականատեր 50-50 համամասնությամբ։ Ի տարբերություն Գայամովայի, որը նախկինում եւս աշխատել է ավիացիայի ոլորտում, Նալբանդյանն այստեղ նորեկ է, չնայած վաղուց տարբեր բիզնեսներ ունի Շվեդիայում եւ Հայաստանում ու շարունակում է նոր ընկերություններ հիմնել մեր երկրում։ Գեւորգ Նալբանդյանի անունն առնչվում է բիզնեսի տարբեր ոլորտների, այդ թվում՝ սննդի արդյունաբերություն (պահածոներ, գինիներ, ծխախոտ), կահույքի արտադրություն, առեւտուր, ֆինանսավարկային ոլորտ, հիմա՝ նաեւ ավիացիա:

Քանի որ Գայամովայի հետ գործընկերության ժամանակ ֆինանսական ներդրողը հենց Նալբանդյանն էր, ավիաընկերության գործադիր ղեկավար՝ տնօրեն, 2021-ի օգոստոսին նշանակվել էր նրա թիմի ներկայացուցիչը՝ նույնպես երեւանցի Օվսաննա Ստեփանյանը, ով մինչ օրս ղեկավարում է «Hayways»-ը։ «Հետքի» աղբյուրը վերջերս հայտնել էր, որ Բելլա Գայամովան պատրաստվում է վաճառել իր 50 %-ը եւ դուրս գալ ընկերությունից, ու հիմա, ինչպես տեղեկանում ենք պետռեգիստրից, մայիսի 6-ին ավիաընկերության 100 %-ի սեփականատեր է դարձել Գեւորգ Նալբանդյանը, այսինքն՝ «Hayways»-ն ամբողջությամբ անցել է նրա տիրապետմանը։

Չնայած ՀՀ օդանավերի ռեգիստրում EK-FAA-ն դեռ մնում է «Hayways»-ի անունով, վերջինս նպատակ չունի օգտագործել ինքնաթիռը, որի վարձակալության ժամկետը լրանալու է 2025-ի օգոստոսին։ Հայկական ավիաընկերության նպատակը օդանավի շվեյցարացի տիրոջից ֆինանսական փոխհատուցում ստանալն է դատական կարգով։

Բայց «Hayways»-ն արդեն վարձակալել է նոր ինքնաթիռ («Boeing 737-800» տիպի), որը, ինչպես գրել ենք, ներկայում տեխսպասարկում է անցնում Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։ Օդանավը դեռ հայկական գրանցում չի ստացել, առայժմ գրանցված է բրիտանական գահին ենթակա Գերնսի օֆշորային կղզում (գրանցումը՝ 2-KUTG)։ 2010-ին արտադրված ինքնաթիռը նախկինում շահագործվել է ԱՄԷ-ում եւ Չեխիայում։ Գերնսիի օդանավերի ռեգիստրից տեղեկանում ենք, որ դրա անմիջական սեփականատերն իռլանդական «Fly Aircraft Holdings Fourteen Limited»-ն է, որի տերը մեկ այլ իռլանդական ընկերություն է՝ «Fly Leasing»-ը։ Գրել ենք, որ սրա սեփականատերն էլ իր հերթին ամերիկյան «Carlyle Aviation Partners»-ն է, որն աշխարհի խոշոր լիզինգատուներից է:

Հիշեցնենք, որ 2021-ի նոյեմբերին «Hayways»-ը «Հետքին» հայտնել էր հետեւյալը․ «ՕՇՎ ստանալուց անմիջապես հետո ընկերությունը կիրականացնի ոչ կանոնավոր եւ կանոնավոր ուղեւորափոխադրումներ դեպի ՌԴ եւ Մերձավոր Արեւելք։ Հավելյալ տեղեկությունների մասին ընկերությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»։ Ինչպես արդեն գրել ենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը գտնվում է արեւմտյան խիստ պատժամիջոցների տակ, եւ արեւմտյան լիզինգատուներն այդ երկրի փոխադրողներից հետ են պահանջել իրենց օդանավերը, իսկ այլ երկրների ավիաընկերություններից պահանջում են ինքնաթիռները չթռցնել ռուսական ուղղություններով՝ գոնե այս պահին դժվար է պատկերացնել, թե ինչպես է իռլանդական ու ամերիկյան տերերի պատկանող «Boeing 737-800»-ը չվերթեր շահագործելու դեպի Ռուսաստան։ Սա կարեւոր է, քանի որ ուղեւորափոխադրումների հայկական շուկայի գլխավոր ուղղությունը հենց Ռուսաստանն է։ Բայց մինչ այդ «Hayways»-ը դեռ պիտի ՕՇՎ ստանա, ապա՝ կոնկրետ ուղղություններով թռիչքներ կատարելու իրավունք։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter