HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վերաքննիչ դատարանը ստորին ատյանին պարտադրել է վարույթ ընդունել Իրան տեղափոխված օդանավի շվեյցարացի տիրոջ դեմ հայցը

2021-ի փետրվարին զարտուղի ճանապարհով Էստոնիայից Իրան տեղափոխված, բայց ամիսներ անց Երեւան բերված հայկական օդանավի պատմությունը նոր զարգացում է ստացել, այս անգամ՝ վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ 2021 թ. փետրվարին «Fly Armenia Airways» (ներկայում՝ «Hayways») ավիաընկերության «Boeing 737-300» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-FAA) Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից տեխսպասարկման նպատակով պետք է մեկներ ուկրաինական Գոստոմել, սակայն արտոնված երթուղու փոխարեն Տալլինից մեկնել էր բուլղարական Վառնա, իսկ հետո թռել Թեհրան: Եվ միայն ապրիլին հայկական կողմը կարողացավ Երեւան տեղափոխել օդանավը։ ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով, բայց չնայած հայտնի են այն տաջիկ օդաչուների անունները, ովքեր օդանավը տեղափոխել են Թեհրան, ինչպես գրել ենք, ԱԱԾ-ն նրանց կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չէր տվել գործի հարուցումից կես տարի անց: Ինքնաթիռի վրա ԱԱԾ-ն կալանք է դրել, այն մինչ օրս կանգնած է «Զվարթնոցում», չնայած անկախ ամեն ինչից՝ հայկական ավիափոխադրողն այլեւս չի պատրաստվում շահագործել այն:

«Hayways»-ը պնդում էր ու հիմա էլ շարունակում է պնդել, որ սկանդալային պատմության մեջ խառն է «Boeing»-ի սեփականատեր շվեյցարական «BK Impex» ընկերության մատը:

Անցյալ տարվա հուլիսին հայկական օպերատորը դատի էր տվել «BK Impex»-ին՝ պահանջելով վճարել շուրջ 25 մլն դրամ եւ 121 հազ․ դոլար։ Սա այն ծախսերն են, որ, ըստ հայկական ավիաընկերության, արել է ինքը՝ Իրան տեղափոխված օդանավը Հայաստան բերելու համար։ Այսինքն՝ փոխադրողը սեփականատիրոջից պահանջում է իր կատարած ծախսերի փոխհատուցում (օդանավը Թեհրանից Երեւան տեղափոխելու համար հայկական կողմն իր աշխատակիցներին էր այնտեղ գործուղել, որոնք պետք է ինքնաթիռը թռիչքային պիտանիության վիճակի բերեին)։ Այսպիսով՝ պահանջի ընդհանուր չափը մոտ 173 հազ․ դոլար է։ 2021-ին Երեւանի դատարանը (դատավոր՝ Մուրադ Հովակիմյան) «Hayways»-ի հայցը վերադարձրել էր, քանի որ պետտուրքը չէր վճարվել, իսկ վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը դատարանը մերժել էր։

Այդուհանդերձ, «Hayways»-ը 2021-ի տարեվերջին երկրորդ անգամ էր դիմել Երեւանի դատարան կրկին նույն պահանջով։ 850.000 դրամ պետտուրքը վճարվել էր, բայց այս անգամ դատավոր Հայարփի Զարգարյանը հայցադիմումը չէր ընդունել՝ որոշելով, որ այս գործը չի կարող քննվել Հայաստանում։

Ավիաընկերությունը բողոքարկել է այս որոշումը վերաքննիչ ատյանում, որն էլ վերացրել է Զարգարյանի կայացրած ակտը, ինչը նշանակում է, որ ստորին ատյանը՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, հայցը պետք է ընդունի։

Այսպես՝ հայկական ավիափոխադրողը շվեյցարական սեփականտիրոջ դեմ ՀՀ դատարանում հայց ներկայացնելը հիմնավորել էր Քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն դրույթով, որ ՀՀ դատարաններն իրավունք ունեն նաեւ քննելու օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե գույքային վեճով պատասխանողը ՀՀ տարածքում ունի գույք (այս դեպքում որպես այդպիսին դիտարկվում է «Զվարթնոցում» կայանված ինքնաթիռը): Սակայն դատավոր Զարգարյանը մեկնաբանել էր, որ «ունի գույք» արտահայտությամբ օրենսգրքում նկատի է առնվում ոչ թե ՀՀ տարածքում ցանկացած, այդ թվում՝ լքյալ գույք ունենալը (այսինքն՝ դատարանը «BK Impex»-ի օդանավը մեր երկրում, ըստ էության, դիտարկել էր որպես լքյալ), այլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված եւ գրանցված օբյեկտի առկայությունը, որի նկատմամբ տարածվում է ՀՀ օրենսդրությունը (այս պարագայում «BK Impex»-ի սեփականության իրավունքը «Boeing 737-300» ինքնաթիռի հանդեպ ձեռք է բերվել ու գրանցվել Հայաստանից դուրս):

Այդուհանդերձ, վերաքննիչ ատյանի դատավոր Կարեն Համբարձումյանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2021-ի ապրիլից «Boeing 737-300»-ը գտնվում է Հայաստանում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, նկատել է, որ ՀՀ տարածքում պատասխանողի գույք ունենալու հանգամանքը դրանով իսկ պարզ է եւ չունի որեւէ յուրահատուկ մեկնաբանության անհրաժեշտություն, ինչպես որ արել է ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարգարյանը։ Իսկ վերջինիս վերոնշյալ մեկնաբանության մասին վերաքննիչ ատյանը նշել է․ «Հիշյալ ձեւակերպումը դատարանի յուրովի մեկնաբանությունն է, որը լրացուցիչ բացահայտման կարիք կարող էր ունենալ միայն հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ դատավարության մնացած փուլերի ժամանակ, եւ, ըստ էության, հանդիսանում է վեճի առանցքային տարրերից մեկը»։

«Hayways»-ն ու «BK Impex»-ը «Boeing 737-300» օդանավի լիզինգի պայմանագիրը կնքել են 2020 թ. օգոստոսին, սակայն ընդհանուր իրավասության դատարանին այս փաստաթուղթը չի ներկայացվել: Դատավոր Հ․ Զարգարյանն էլ, մեջբերելով Քաղաքացիական օրենսգրքի պահանջները, նշել էր, որ եթե կողմերի միջեւ ձեռք չի բերվել համաձայնություն այն մասին, թե որ պետության իրավունքը պիտի կիրառվի, ապա այդ պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնադրվել է, բնակության կամ գործունեության հիմնական վայր ունի վարձատուն (այս դեպքում՝ շվեյցարական լիզինգատուն): Վերաքննիչ ատյանը, սակայն, նկատել է, որ դա վերաբերում է վեճի նկատմամբ կիրառելի օրենսդրությանը, որը չի կարող հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք հանդիսանալ։ Այսինքն՝ ընդհանուր իրավասության դատարանը նախ պետք է հայցը վարույթ ընդուներ, իսկ հետո՝ դատավարության ընթացքում, որոշեր, թե որ երկրի օրենսդրությամբ պետք է լուծվի վեճը։

Ահա, թե ինչ է գրել այս մասին վերաքննիչի դատավոր Կ․ Համբարձումյանը․ «Եթե ի հայտ է գալիս օտարերկրյա իրավունք կիրառելու անհրաժեշտություն, ապա դատարանն ինքնուրույն պետք է պարզի դրանց գոյությունը, իսկ այդպիսի գործողություններ դատարանի կողմից կարող են կատարվել միայն դատավարության ընթացքում, օրինակ՝ դատավարության կողմերի նկատմամբ կիրառելի իրավունքի եւ նորմերի ներկայացման պահանջ առաջադրելու եղանակով։ Այսինքն՝ կողմերի միջեւ կիրառելի իրավունքի մասին համաձայնության բացակայությունը գործի հարուցման սկզբնական փուլում չի կարող դառնալ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք՝ հաշվի առնելով պատասխանողի գույքի փաստացի առկայությունը ՀՀ տարածքում»։

Քաղաքացիական օրենսգրքին հղում անելով՝ ընդհանուր իրավասության դատարանը նկատել էր նաեւ, որ վնաս պատճառելու հետեւանքով ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ տեղի է ունեցել վնասը հատուցելու պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ հանգամանքը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Կոնկրետ այս դեպքում «Hayways»-ին վնաս տալու գործողությունը, կարող ենք ասել, դրա տեղափոխումն էր Տալլինից Թեհրան։ Այդ ընթացքում ինքնաթիռն անցել էր Տալլին-Վառնա-Թեհրան երթուղով եւ Հայաստան չէր մտել, հետեւաբար, ըստ դատավոր Զարգարյանի, վնասի փոխհատուցման պահանջը չէր կարող ՀՀ-ում քննության առարկա դառնալ։

Բայց վերաքննիչի դատավոր Համբարձումյանը սրա վերաբերյալ արձանագրել է․ «Հիշատակված դրույթը վերաբերում է վեճի նկատմամբ կիրառելի օրենսդրությանը, որը չի կարող հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք հանդիսանալ»։ Այսինքն՝ ինչպես վերը նշված օրենսդրական նորմերի պարագայում, այս դեպքում էլ, ըստ վերաքննիչի, ստորին ատյանը պարտավոր էր հայցը վարույթ ընդունել եւ հետո միայն անդրադառնալ նշված նորմերին, այնինչ դատավոր Զարգարյանը մյուսերի նման այս դրույթը եւս դրել է հայցը վարույթ չընդունելու հիմքում։

Մարտի 15-ին վերաքննիչ դատարանը որոշել է վերացնել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը «Hayways»-ի հայցը վարույթ չընդունելու մասին։ Վերաքննիչի որոշումը բողոքարկման ենթակա չէ եւ ուժի մեջ է մտել կայացման պահին։

Սա նշանակում է, որ ընդհանուր իրավասության դատարանը պետք է հայկական ավիաընկերության հայցն ընդդեմ շվեյցարական «BK Impex»-ի վարույթ ընդունի, բայց թե ինչ ընթացք կստանա գործը՝ արդյոք կպարզվի, որ այն ենթակա է ՀՀ օրենսդրությամբ քննվելու, թե, ամեն դեպքում, կորոշվի, որ դրա հանդեպ կիրառելի է օտարերկրյա իրավունքը, կիմանանք դատավարության ժամանակ։  

Գլխավոր լուսանկարում՝ «Զվարթնոցում» կայանված եւ քաղաքացիական ու քրեական գործերում ներքաշված «Boeing 737-300»-ը (EK-FAA). 25.10.2021, լուսանկարիչ՝ Սիմոն Դե Ռուդեր/jetphotos.com  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter