HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դատարանը գտել է, որ Իրան տեղափոխված օդանավի տիրոջ դեմ գործը Հայաստանում չի կարող քննվել

Երեւանի դատարանը երկրորդ անգամ չի ընդունել հայկական «Hayways» ավիաընկերության հայցն ընդդեմ շվեյցարական «BK Impex» ընկերության: Եթե առաջին անգամ՝ նախորդ տարվա օգոստոսին, դատարանը վերադարձրել էր հայցը, քանի որ ավիափոխադրողը չէր վճարել պետտուրքը, ապա այս անգամ դատարանը գտել է, որ հայցը ենթակա չէ քննության ՀՀ դատարանի կողմից:

Հիշեցնենք, որ 2021 թ. փետրվարին «Fly Armenia Airways» (ներկայում՝ «Hayways») ավիաընկերության «Boeing 737-300» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-FAA) Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից տեխսպասարկման նպատակով պետք է մեկներ ուկրաինական Գոստոմել, սակայն արտոնված երթուղու փոխարեն Տալլինից մեկնել էր բուլղարական Վառնա, իսկ հետո թռել Թեհրան: Երկարատեւ ջանքերից հետո հայկական կողմը օդանավը կարողացավ Երեւան բերել միայն ապրիլին: ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով, բայց չնայած հայտնի են այն տաջիկ օդաչուների անունները, ովքեր օդանավը տեղափոխել են Թեհրան, ինչպես գրել ենք, ԱԱԾ-ն նրանց կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չէր տվել գործի հարուցումից կես տարի անց: Ինքնաթիռի վրա ԱԱԾ-ն կալանք է դրել, այն մինչ օրս կանգնած է «Զվարթնոցում», չնայած անկախ ամեն ինչից՝ հայկական ավիափոխադրողն այլեւս չի պատրաստվում շահագործել այն:

«Hayways»-ը պնդում էր ու հիմա էլ շարունակում է պնդել, որ սկանդալային պատմության մեջ խառն է «Boeing»-ի սեփականատեր շվեյցարական ընկերության մատը:

Անցյալ տարվա հուլիսին հայկական օպերատորը դատի էր տվել շվեյցարական կողմին՝ պահանջելով նրանից վճարել շուրջ 25 մլն դրամ եւ 121 հազ․ դոլար։ Ավիաընկերության նախկին ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը «Հետքին» հայտնել էր, որ սրանք օդանավի հետ կապված այն ծախսերն են, որ արել է ավիափոխադրողը, ու քանի որ, ըստ «Hayways»-ի, ինքը ֆինանսապես տուժել է օդանավը Իրան տեղափոխելու հանգամանքից, սեփականատիրոջից պահանջում է կատարած ծախսերի փոխհատուցում (օդանավը Թեհրանից Երեւան տեղափոխելու համար հայկական կողմը բավականաչափ ծախսեր է կատարել՝ թե՛ իր աշխատակիցներին այնտեղ գործուղելով, թե՛ ինքնաթիռը թռիչքային պիտանիության վիճակի բերելով)։ Այսպիսով՝ հայկական օպերատորը շվեյցարական սեփականատիրոջից պահանջել էր մոտ 173 հազ․ դոլարի փոխհատուցում, ինչի պարագայում 2 տոկոս պետտուրքը կազմում է մոտ 3500 դոլար։ Տ․ Մարտիրոսյանը դատարանին միջնորդել էր հետաձգել պետտուրքի վճարումը՝ հայտնելով, որ ավիաընկերությունը որեւէ տնտեսական գործունեություն, մասնավորապես՝ ավիափոխադրումներ, չի իրականացնում եւ հնարավորություն չունի վճարելու հայցագնի համար նախատեսված պետտուրքը։

Մարտիրոսյանը մեզ պատմել էր, որ ինքը դատարան է ներկայացրել վճարումը հետաձգելու, այսինքն՝ արտոնություն կիրառելու համար հիմք հանդիսացող ապացույցներ, սակայն դատավոր Մուրադ Հովակիմյանը միջնորդությունը մերժել է՝ որոշման մեջ գրելով, որ «հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել հայցվոր ընկերության գույքային դրության վերաբերյալ այնպիսի ապացույցներ, որը դատարանին հնարավորություն կտար հայցվորի համար սահմանելու պետական տուրքի վճարման արտոնություն»: Քանի որ պետտուրք վճարված չէր, այն հետաձգելու միջնորդությունն էլ մերժվել էր, դատարանը վերադարձրել է դիմումը, սակայն «Hayways»-ը ո՛չ թերությունները վերացրեց, ո՛չ բողոքարկեց դատարանի որոշումը: Հետագայում ընկերությունը «Հետքին» հայտնել էր, որ հայցադիմումը վերադարձնելու մասին ինքը պատշաճ չի ծանուցվել, սակայն կատարվում են շտկումներ՝ հայցը կրկին դատարան ներկայացնելու նպատակով։

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» հարթակից, ինքնաթիռի շվեյցարական սեփականատիրոջ դեմ նոր հայցը «Hayways»-ը ներկայացրել է անցյալ տարեվերջին՝ դեկտեմբերի 29-ին: Պահանջը եղել է նույնը՝ փոխհատուցել պատճառած վնասը 25 մլն դրամի եւ 121 հազ. դոլարի չափով: Հայցը մակագրվել էր դատավոր Հայարփի Զարգարյանին: «Hayways»-ի շահերը ներկայացրել է իրավաբան Սոնա Շաքարյանը:

Ավիափոխադրողն օտարերկրյա ընկերության դեմ ՀՀ դատարանում հայց ներկայացնելը հիմնավորել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն դրույթով, որ ՀՀ դատարաններն իրավունք ունեն նաեւ քննելու օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե գույքային վեճով պատասխանողը ՀՀ տարածքում ունի գույք (այս դեպքում որպես այդպիսին դիտարկվում է «Զվարթնոցում» կայանված ինքնաթիռը): Սակայն դատավոր Զարգարյանը մեկնաբանել է, որ «ունի գույք» արտահայտությամբ օրենսգրքում նկատի է առնվում ոչ թե ՀՀ տարածքում ցանկացած, այդ թվում՝ լքյալ գույք ունենալը (այսինքն՝ «BK Impex»-ի օդանավը Հայաստանում լքյալ է որակվում), այլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված եւ գրանցված օբյեկտի առկայությունը, որի նկատմամբ տարածվում է ՀՀ օրենսդրությունը (այս պարագայում «BK Impex»-ի սեփականության իրավունքը «Boeing 737-300» ինքնաթիռի հանդեպ ձեռք է բերվել ու գրանցվել Հայաստանից դուրս):

Բացի վերը նշվածից, ըստ դատարանի մեկնաբանության, Քաղաքացիական օրենսգիրքը (ՔՕ) սահմանում է, որ տրանսպորտային միջոցների (ինչպիսին նաեւ օդանավն է) եւ պետական գրանցման ենթակա այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ու այլ գույքային իրավունքները որոշվում են այն պետության իրավունքով, որի պետական գրանցամատյանում գրառված են այդ տրանսպորտային միջոցների կամ գույքի նկատմամբ իրավունքները:

«Hayways»-ն ու «BK Impex»-ը «Boeing 737-300» օդանավի լիզինգի պայմանագիրը կնքել են 2020 թ. օգոստոսին, սակայն դատարանին այս փաստաթուղթը չի ներկայացվել: Դատարանը, կրկին մեջբերելով ՔՕ-ի պահանջները, նշել է, որ եթե կողմերի միջեւ ձեռք չի բերվել համաձայնություն այն մասին, թե որ պետության իրավունքը պիտի կիրառվի, ապա այդ պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնադրվել է, բնակության կամ գործունեության հիմնական վայր ունի վարձատուն (այս դեպքում՝ շվեյցարական լիզինգատուն):

ՔՕ-ին հղում անելով՝ դատարանը նկատել է նաեւ, որ վնաս պատճառելու հետեւանքով ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ տեղի է ունեցել վնասը հատուցելու պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ հանգամանքը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Կոնկրետ այս դեպքում կարող ենք ասել, որ «Hayways»-ին վնաս տալու գործողությունը ներառել է օդանավի անցած Տալլին-Վառնա-Թեհրան երթուղին (այլ կերպ ասած՝ ինքնաթիռը փախցնելու ճանապարհը), որում Հայաստանը չկա:

Ելնելով այս ամենից՝ դատավոր Հայարփի Զարգարյանը հանգել է այն եզրակացության, որ «Hayways»-ը վնասի հատուցման պահանջ է ներկայացրել ընդդեմ օտարերկրյա իրավաբանական անձի («BK Impex»), որի գրանցման երկիրը ՀՀ-ն չէ, ներկայացված վեճը կապված չէ ՀՀ տարածքում գտնվող՝ պատասխանողին պատկանող գույքի հետ, իսկ պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքները չեն ծագել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս պայմաններում դատարանը նկատել է, որ հայցապահանջը ենթակա չէ քննության ՀՀ դատարանի կողմից:

Որոշումը կայացվել է հունվարի 18-ին, որը կարող է բողոքարկվել «Hayways»-ի կողմից ակտը ստանալուց հետո 7 օրում: «Դատալեքսում» առայժմ տեղեկություն չկա Հ. Զարգարյանի այս որոշման բողոքարկման մասին: Եթե այն օրինական ուժ ստանա, ապա կնշանակի, որ հայկական ավիաընկերությունը լիզինգատուին կարող է դատի տալ հենց Շվեյցարիայում կամ, օրինակ, Իրանում, որտեղ տեղի է ունեցել վնասը հատուցելու պահանջի համար հիմք ծառայած գործողությունը, այս դեպքում՝ օդանավը փախցնելու օպերացիան կամ դրա ավարտական փուլը:  

Լուսանկարում՝ «Զվարթնոցում» կայանված եւ քրգործում ներքաշված «Boeing 737-300»-ը (EK-FAA). 25.10.2021, լուսանկարիչ՝ Սիմոն Դե Ռուդեր/jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter