HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական օդանավի առեւանգման հետքերով. նոր մանրամասներ

«Հետքին» մի շարք մանրամասներ են հայտնի դարձել Իրանում հայտնված հայկական օդանավի միջադեպից, որը գրեթե վերաճել էր միջպետական սկանդալի: «Հետքի» աղբյուրները հայտնել են, որ ինքնաթիռը Հայաստան է վերադարձվել հայկական կողմի դիվանագիտական ճկուն աշխատանքի շնորհիվ: Մյուս կողմից՝ պարզվում է, որ օդանավի սեփականատերն ու շահագործող ընկերությունը հակասություններ ունեն, որոնց հիմքում, թերեւս, սեփականատիրոջ կասկածելի գործողություններն են:

Հիշեցնենք, որ «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից շահագործվող «Boeing 737-300» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-FAA) այս տարվա փետրվարի 19-ին թռել էր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից եւ ամսի 20-ին անօրինական ձեւով հայտնվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու միայն երկարատեւ քաշքշուկներից հետո ապրիլի 23-ին տեղափոխվել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան:

Ովքե՞ր են եղել տաջիկ օդաչուները

Մարտի 4-ին Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հայտարարել էր, որ «օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության եւ չպահպանելով կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը (ուկրաինական Գոստոմել - «Հետք»), թռիչքն իրականացրել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետեւ ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբադ» օդանավակայանում»: Ըստ ՔԱԿ-ի՝ «Fly Armenia Airways»-ը եւս հայտնել է, որ նախատեսված թռիչքուղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց ընկերության համաձայնության եւ գիտության:

Օդաչուները, ՔԱԿ-ի տեղեկացմամբ, եղել են Տաջիկստանի քաղաքացիներ: Հայկական ավիաընկերությունը թռիչքից առաջ դիմել էր կոմիտեին ու խնդրել վավերացնել (ճանաչել) այդ օդաչուների օտարերկրյա վկայականները եւ նրանց թույլատրել մեկ թռիչք կատարել Տալլինից դեպի Գոստոմել, ինչը ՔԱԿ-ը բավարարել էր: Արդյունքում տաջիկ օդաչուները հայկական ինքնաթիռով նախ փետրվարի 19-ին Տալլինից թռել էին Վառնա, իսկ հաջորդ օրը վայրէջք կատարել Թեհրանում:

«Հետքը» պարզել է, թե ովքեր են եղել հայկական ինքնաթիռը Իրան տեղափոխած օդաչուները: Դրանք են հրամանատար Ազիզբեկ Գոզիեւը եւ երկրորդ օդաչու Սարվար Նուրովը: Ըստ վերջիններիս ֆեյսբուքյան էջերի՝ նրանք աշխատում են տաջիկական «Tajik Air» ավիաընկերությունում, որն այդ երկրի ազգային ավիափոխադրողն է եւ, ըստ ավիացիոն տեղեկատուների, այս պահին շահագործում է ընդամենը մեկ ինքնաթիռ: Գոզիեւը Տաջիկստանի Բուստոն (նախկինում՝ Չկալովսկ) քաղաքից է, Նուրովը՝ մայրաքաղաք Դուշանբեից, երկուսն էլ ավարտել են Ղրղըզստանի ավիացիոն ինստիտուտը (ք. Բիշքեկ):

Ինքնաթիռի սեփականատերը կամ լիզինգատուն, ինչպես արդեն գրել ենք, շվեյցարական «BK Impex» բաժնետիրական ընկերությունն է (սրան ավելի մանրամասն կանդրադառնանք մեկ այլ հոդվածում): «Fly Armenia Airways»-ը «Հետքին» տեղեկացրել է, որ օդանավի լիզինգի պայմանագիրը կնքվել է 2020 թ. օգոստոսի 31-ին: Մեր կողմից հավելենք, որ ինքնաթիռը ՀՀ օդանավերի ռեեստրում գրանցվել է 2020-ի դեկտեմբերի 30-ին որպես EK-FAA: Պայմանագիրը կնքելիս «Boeing 737-300»-ը գտնվում էր Տալլինի օդանավակայանում՝ տեղական «Magnetic MRO» տեխսպասարկող ընկերության բազայում:

Հետագա զարգացումների մասին հայկական ավիաընկերությունը մեզ հայտնել է հետեւյալը. «Ըստ պայմանագրի՝ լիզինգատուն պարտավոր էր անցկացնել բոլոր տեխնիկական աշխատանքները՝ օդանավը թռիչքային պիտանիության վիճակի բերելու համար։ Նշված աշխատանքների ավարտից հետո օդանավը պետք է տեղափոխվեր Հայաստան՝ հետագա շահագործման համար: Պայմանավորված Հայաստանում պատերազմական իրավիճակով եւ կորոնավիրուսի համաճարակով՝ օդանավի Հայաստան տեղափոխման աշխատանքները դանդաղեցին։ Իրավիճակի կայունացման հետ միաժամանակ վերսկսվեցին օդանավի տեխնիկական աշխատանքները, եւ լիզինգատուի կողմից որոշում կայացվեց նշված աշխատանքների մնացած մասը իրականացնել Ուկրաինայի Գոստոմել քաղաքի օդանավակայանում»:

Երբ ուշադիր նայում ենք, թե ինչ է տեղի ունեցել հետո, թվում է, թե շվեյցարական սեփականատիրոջ այդ որոշումը եղել է նախապես մշակված մեծ պլանի առաջին քայլը, որից «Fly Armenia Airways»-ում անտեղյակ են եղել:

Բնականաբար, նշված աշխատանքները շարունակելու համար պետք էր օդանավը Տալլինից Գոստոմել տեղափոխել: «Fly Armenia Airways»-ն ուներ իր օդաչուները, բայց քանի որ Էստոնիան Շենգեն գոտի է, վիզայի խնդիր է ծագել: Մյուս կողմից՝ «Fly Armenia Airways»-ը տեղեկացվել է, որ Գոստոմելի օդանավակայանում տեխսպասարկման համար արդեն իսկ սլոթ (կոնկրետ ժամանակահատված) է ամրագրվել, որը խախտելու դեպքում ավիաընկերությունը ստիպված կլինի հավելյալ վճարումներ կատարել: Այսինքն՝ շտապելու խնդիր է ծագել, այն էլ՝ կորոնավիրուսի համավարակի եւ փակ սահմանների պայմաններում: Եվ այս պարագայում, երբ հայկական ընկերության սեփական օդաչուները շենգենյան վիզա չեն ունեցել, սեփականատեր «BK Impex»-ն առաջարկել է տաջիկ օդաչուների տարբերակը, ինչն ընդունվել է «Fly Armenia Airways»-ի կողմից: Դժվար է ասել, թե ինչ տեղի կունենար, եթե Տալլին մեկնեին հայ օդաչուներ:

Այստեղ արժե հիշեցնել, որ «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվային, ով ռազմական եւ պաշտպանական ոլորտի փորձագետ է, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ իրանական «Caspian Airlines» ավիաընկերությունն այս «Boeing 737-300» օդանավը պատվիրել էր (գնել էր) 2020-ի ամռանը՝ այն ժամանակ, երբ ինքնաթիռը դեռ Հայաստանում չէր գրանցվել («Fly Armenia Airways»-ի շարժակազմում չէր), այլ գտնվում էր լիտվական «GetJet Airlines»-ի հաշվեկշռում ու կայանված էր Էստոնիայի մայրաքաղաքում: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, նշանակում է, որ օդանավը Հայաստանում գրանցելն ուղղակի միջոց է եղել այն Իրան տեղափոխելու գործընթացում: «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ այս առումով առանցքային «խաղացողները» եղել են շվեյցարական սեփականատերն (վաճառողը) ու իրանական կողմը (գնորդը): 

Վերադառնալով տաջիկ օդաչուների ներգրավմանը՝ նկատենք, որ «Fly Armenia Airways»-ը դիմել է ՔԱԿ-ին, որ վերջինս, ինչպես գործող կարգն է պահանջում, ճանաչի շվեյցարական սեփականատիրոջ  առաջարկած թեկնածուների՝ Գոզիեւի եւ Նուրովի տաջիկական վկայականները եւ նրանց թույլատրի Տալլին-Գոստոմել մեկ թռիչք իրականացնել, ինչն էլ կոմիտեն արել է: Դրանից հետո փաստացի տեղի է ունեցել հետեւյալը. ինչ-որ անհայտ փաստաթղթերի միջոցով օդաչուները կարողացել են Տալլինից թռչել մինչեւ բուլղարական Վառնա, գիշերել այնտեղ, ապա փետրվարի 20-ին Թուրքիայի երկնքով թռել են Իրան ու վայրէջք կատարել Թեհրանում: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով: Այդ գործի շրջանակներում ԱԱԾ-ն կալանք է դրել ապրիլի 23-ին Թեհրանից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան տեղափոխված «Boeing 737-300» ինքնաթիռի վրա:

Ինչպե՞ս է օդանավը «փախել» Իրան 

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Տալլին-Գոստոմել թռիչքը, ըստ ՔԱԿ-ի տված թույլտվության, պետք է կայանար փետրվարի 12-22-ն ընկած ժամանակահատվածում, ու ինքնաթիռը Տալլինից օդ է բարձրացել ամսի 19-ին՝ ուրբաթ օրը, իսկ Թեհրանում վայրէջք կատարել շաբաթ օրը՝ ոչ աշխատանքային օր: Տպավորություն է, որ այդպես ինքնաթիռը տեղափոխողները ցանկացել են շաբաթ-կիրակիի միջոցով հնարավորինս երկար ժամանակ շահել, որ Հայաստանում ուշ իմանան, թե ինչ է եղել իրականում: 

Ահա, թե ինչ է մեզ պատմել «Fly Armenia Airways»-ը. «Փետրվարի 19-ին, առանց ավիաընկերության կողմից նախապես հաստատված թռիչքային ծրագրի, ընկերությունը տեղեկացվում է, որ օդանավը իբրեւ վայրէջք է կատարել Գոստոմելի օդանավակայանում։ Փետրվարի 20-ի առավոտյան կապ հաստատելով Գոստոմելի օդանավակայանի հետ, որտեղ պետք է պլանավորված վայրէջք կատարեր օդանավը՝ հայտնի դարձավ, որ վերջինս չի ժամանել այնտեղ։ Այնուհետեւ ավիաընկերությունը կապ հաստատեց Տալլինի օդանավակայանի հետ, ինչի ընթացքում պարզ դարձավ, որ ինքնաթիռը Տալլինից թռել է այլ ուղղությամբ։ Այնուհետեւ, ինչպես պարզվեց ընկերության կողմից կատարված հետաքննության արդյունքում, օդանավն արդեն գտնվում էր Վառնա քաղաքի օդանավակայանում, որից հետո ավիաընկերությունը անմիջապես տեղեկացրեց ՀՀ իրավապահ մարմիններին եւ քաղավիացիայի կոմիտեին՝ անհապաղ գործողությունների իրականացման պահանջով, ինչից հետո կոմիտեից ստացավ մերժում։ Ավիաընկերությունը դիմեց նաեւ «EUROCONTROL» կազմակերպությանը եւ մի շարք երկրների ավիացիոն կառույցներին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պահանջով։ Ավիաընկերությանը հաջողվեց սեփական ուժերով հայտնաբերել ինքնաթիռի գտնվելու վայրը եւ վերահսկողության տակ առնել այն։ ՀՀ ԱԱԾ-ի եւ ԱԳՆ-ի, ի դեմս Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության, միասնական ջանքերի շնորհիվ օդանավը հաջողվեց սույն թվականի ապրիլի 23-ին վերադարձնել ՀՀ»։

«Fly Armenia Airways»-ի տեղեկացմամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից բարձր է գնահատվել ավիաընկերության ներդրումը օդանավի վերադարձման գործընթացում։ Ըստ այդմ, ինչպես նշում է փոխադրողը, իր գործողությունների արդյունքում ՀՀ-ն այլեւս չի համարվում օդանավերն Իրան տեղափոխելու բարենպաստ տարանցիկ կետ։

«Ավիաընկերությունը տուժել է այդ հանցավոր գործունեության հետեւանքով եւ իր հնարավորության սահմաններում նախաքննության մարմնին տրամադրել է անհրաժեշտ բոլոր տեղեկությունները եւ փաստաթղթերը։ Ընկերությունը հույս է հայտնում, որ բոլոր մեղավորները կբացահայտվեն եւ կենթարկվեն պատասխանատվության»,- «Հետքին» փոխանցել են «Fly Armenia Airways»-ից։

ՀՀ դեսպանությունը պնդել է, որ օդանավը պետք է վերադարձվի

«Հետքի» աղբյուրները հայտնել են, որ Իրանից օդանավը վերադարձնելու հարցում շատ մեծ դեր է խաղացել այդ երկրում ՀՀ դեսպանությունը, որը կապի մեջ է եղել տարբեր ոլորտների իրանցի պատասխանատուների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ պնդել Հայաստանի դիրքորոշումը՝ ինքնաթիռը պետք է վերադարձվի մեր երկիր, ինչն էլ արդյունք է տվել: 

Ճիշտ է՝ պարզվել է, որ Թեհրանում օդանավի վրայից հանվել են որոշ կարեւոր դետալներ, այդուհանդերձ, դրանք փոխարինվել են, ու հաջողվել է ինքնաթիռը թռցնել Երեւան: Հաջողվել է նաեւ հասնել նրան, որ օդանավը սարքին վիճակի բերելու հարցում հայ եւ իրանցի մասնագետների միջեւ համագործակցություն է ձեւավորվել:

Մյուս կողմից՝ «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռի շվեյցարական սեփականատեր «BK Impex»-ն էստոնական տեխսպասարկող «Magnetic MRO»-ին արգելել էր հայկական ավիաընկերությանը փոխանցել Տալլինում օդանավի վրա կատարված տեխնիկական աշխատանքների փաստաթղթերը, ինչը լիզինգատուի մյուս քայլերի պես եւս կասկածներ է հարուցում:

Տես նաեւ՝

Գլխավոր լուսանկարում՝ Ազիզբեկ Գոզիեւն ու Սարվար Նուրովը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter