HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Կորած» հայկական ինքնաթիռի հետքերով. «Հետքը» պարզել է նրա թռիչքի հետագիծը

Հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերության «Boeing 737-300» (գրանցումը՝ EK-FAA) ինքնաթիռը դարձավ վերջին օրերի լրահոսի հակահերոսներից մեկը:

Վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը փետրվարի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ, իր տեղեկություններով, ամսի 21-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել ԱՄԷ-ի ավիացիոն իշխանություններից հայկական EK-FAA գրանցումով օդանավի առեւանգման մասին: Ըստ այդմ՝ օդանավը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից, ըստ թռիչքի պլանի, պետք է ուղեւորվեր Երեւան, սակայն օդում որոշում է կայացվել մեկնել ԱՄԷ՝ տեխսպասարկման, բայց արդյունքում հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում:

Սրան ի պատասխան՝ նույն օրը (Ճաղարյանի հայտարարությունից ժամեր անց) ՔԱԿ-ը հայտարարեց, որ բորտի առեւանգման մասին կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկություն չի ստացել համապատասխան մարմիններից: «Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին եւ ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ: Քննության ավարտից հետո կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեց ՔԱԿ-ը: Դրանից հետո կոմիտեն տարածեց նաեւ երկրորդ պարզաբանումը՝ հայտնելով, որ օդանավում ուղեւորներ չեն եղել, իսկ օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ: «Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու եւ չարտոնված վայրէջքի վերաբերյալ կոմիտեում ընթանում է քննություն»,- իրազեկեց ՔԱԿ-ը:

Բարձրացած աղմուկից հետո փետրվարի 24-ին «Fly Armenia Airways»-ը հայտարարեց, որ EK-FAA-ի վրա Տալլինում ընթանում էին տեխնիկական աշխատանքներ, որից հետո՝ փետրվարի 12-22-ն ընկած ժամանակահատվածում, այն պետք է մեկներ Ուկրաինայի Հոստոմելի (ներկայում՝ «Անտոնով») օդանավակայան՝ շարունակելու տեխսպասարկումը: Ըստ ավիաընկերության՝ «փետրվարի 20-ին օդանավը թռել եւ անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։ Այս պահին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից կատարվում է քննություն։ Կատարվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ավիաընկերությունը կտրամադրի ավելի ուշ»։

Այս ամբողջ ընթացքում կողմերից ոչ մեկն այդպես էլ չներկայացրեց ապացույց, թե երբ եւ ինչ ուղեգծով է թռել հայկական «Boeing 737-300»-ը: Բաց աղբյուրներում մեր սեփական հետազոտությունը հետաքրքիր պատկեր առաջ բերեց:

Օդանավը գրանցվել է Հայաստանում՝ գտնվելով Էստոնիայում. խախտում չկա

Թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com, planefinder.net եւ flightaware.com կայքերում ինքնաթիռի EK-FAA գրանցումով որոնում կատարելիս հնարավոր չէ որեւէ թռիչք գտնել: Նկատենք, որ մինչեւ ՀՀ-ում գրանցվելն օդանավը շահագործվել է լիտվական «GetJet Airlines»-ի կողմից եւ կրել լիտվական գրանցում՝ LY-EWE: Այս գրանցումով որոնելիս, օրինակ, planefinder.net-ում կարող ենք տեսնել, որ ինքնաթիռի վերջին թռիչքը (թռիչքի համարը՝ GJT 9909) եղել է 2020 թ. ապրիլի 6-ին: Planespotters.net-ի համաձայն՝ այդ օրը «Boeing 737-300»-ը, որը 2020-ի փետրվար-ապրիլ ամիսներին կայանված էր Լիտվայի Կաունաս քաղաքում, վերջինիս օդանավակայանից տեղափոխվել է Տալլին:

Դրանից հետո, ըստ planespotters.net-ի, Էստոնիայի մայրաքաղաքում ինքնաթիռը կանգնած էր մինչեւ այս տարվա փետրվարի 19-ը: Սա հաստատում է նաեւ planefinder.net-ը, որին կանդրադառնանք քիչ անց:    

Այդ ընթացքում՝ 2020 թ. դեկտեմբերի 30-ին, համաձայն ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կայքի, ինքնաթիռը գրանցվել է ՀՀ օդանավերի ռեգիստրում (ավելի ճիշտ՝ ռեգիստրի հավելվածում), ինչը նշանակում է, որ այն մինչ այդ ապագրանցվել էր (դուրս էր գրվել) լիտվական ռեգիստրից: Հայաստանում, ինչպես վերն ասվեց, «Boeing 737-300»-ը մտել է «Fly Armenia Airways»-ի ավիապարկ եւ ստացել EK-FAA գրանցումը:

Նկատենք, սակայն, որ մեր երկրում գրանցվելու ընթացքում օդանավը գտնվել է Տալլինում (սա նաեւ հաստատել է կոմիտեում «Հետքի» աղբյուրը), ինչը օրենքի խախտում չէ: Եվ ահա, թե ինչու:

«Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ օդանավը մեր երկրի ռեգիստրում կարող է գրանցվել, եթե բավարարում է 3 պայման: Առաջին՝ դրա սեփականատերը եւ/կամ շահագործողը պետք է լինեն ՀՀ-ն, ՀՀ համայնքները, ՀՀ քաղաքացիները կամ իրավաբանական անձինք (այս դեպքում՝ շահագործողը երեւանյան «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն է), երկրորդ՝ այն պետք է բավարարի գրանցման համար սահմանված թռիչքային պիտանիության նվազագույն պահանջները, երրորդ՝ օդանավը չպիտի գրանցված լինի այլ երկրում (ինչպես նշեցինք, լիտվական ռեգիստրից «Boeing 737-300»-ը դուրս էր բերվել):

Այստեղ կա մի կարեւոր «բայց»: Եթե օդանավը նշված պայմաններից բավարարում է թեկուզ միայն առաջինն ու երրորդը, սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի հայտի հիման վրա կարող է ժամանակավորապես ընդգրկվել ՀՀ օդանավերի ռեգիստրի հավելվածում՝ անկախ նրանից, թե արդյոք այն գտնվում է ՀՀ տարածքից դուրս եւ արդյոք բավարարում է վերջնական գրանցման համար բոլոր պայմանները:

Կառավարության որոշմամբ՝ օդանավը կարող է գրանցվել ռեգիստրի հավելվածում, եթե օրենքով սահմանված վերոնշյալ երկու կետերից (որոնք «Boeing 737-300»-ը բավարարել է) բացի՝ ունի կա՛մ շահագործման ժամկետների սահմանափակում, կա՛մ դրան որոշակի ժամանակ չի կարող տրվել թռիչքային պիտանիության սերտիֆիկատ (օդանավը գտնվում է տեխսպասարկման կամ վերանորոգման գործընթացի մեջ եւ այլն), կա՛մ սեփականատիրոջ ու շահագործողի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված է ժամկետային սահմանափակում:

EK-FAA-ի պարագայում, ինչպես տեսնում ենք ՔԱԿ-ի կայքում, ինքնաթիռը ՀՀ-ում գրանցվել է կոնկրետ ժամանակով՝ մինչեւ 2025 թ. օգոստոսի 20-ը, ինչը նշանակում է, որ «Fly Armenia Airways»-ն օդանավը սեփականատիրոջից վարձակալել է կոնկրետ ժամկետով: Այսինքն՝ «Boeing 737-300»-ը ընդգրկվել է ՀՀ օդանավերի ռեգիստրի հավելվածում ժամանակավոր՝ մինչեւ 2025 թ. ամառ:

Հետաքրքիր է, որ հունվարի 8-ի դրությամբ, ըստ ՔԱԿ-ի, EK-FAA-ն ուներ թռիչքային պիտանիության գործող (վավեր) սերտիֆիկատ, իսկ փետրվարի 1-22-ի դրությամբ՝ ոչ: Այնինչ մենք պարզել ենք, որ օդանավը Տալլինից թռիչք է կատարել փետրվարի 19-ին: Նկատենք, սակայն, որ նման իրավիճակ հնարավոր է: Ըստ կառավարության որոշման՝ «այն դեպքերում, երբ օդանավը կարող է կատարել անվտանգ թռիչք, սակայն չունի օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, կոմիտեի կողմից ICAO-ի «Թռիչքային պիտանիության ձեռնարկի» (DOC 9760) դրույթներին համապատասխան տրվում է օդանավի թռիչքի թույլտվություն: Թռիչքի թույլտվությունը կարող է տրվել նաեւ այն դեպքում, երբ օդանավն ունի գործող թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, բայց ժամանակավորապես չի համապատասխանում թռիչքային պիտանիության պահանջներին, սակայն կոմիտեի կողմից համարվում է ապահով՝ սահմանված սահմանափակումների շրջանակներում թռիչքներ իրականացնելու համար»:

Տալլինից՝ Վառնա, այստեղից էլ՝ Իրան

Այս պատմության մեջ ամենամեծ հարցերից մեկն այն է, թե հայկական օդանավի թռիչքի պլանում ինչ ուղեգիծ է նշված եղել, եւ դրա փոխարեն իրականում ուր է թռել այն: Թռիչքի պլանի մասին հայտարարություններն իրարամերժ են. Ճաղարյանի տեղեկություններով՝ թռիչքը պիտի լիներ դեպի Երեւան, «Fly Armenia Airways»-ն ասում է՝ դեպի ուկրաինական Հոստոմել, քաղավիացիայի կոմիտեն լռում է: Մյուս կողմից՝ Ճաղարյանն ասում է, որ այն վերջնարդյունքում հայտնվել է Թեհրանում, մյուս երկուսն այս մասին լռում են:

Մենք պարզել ենք, որ փետրվարի 19-ին EK-FAA-ն Տալլինից թռել է բուլղարական Վառնա, իսկ ամսի 20-ին Վառնայից մեկնել է Իրան: Ինչպես արդեն նշեցինք, flightradar24.com, planefinder.net եւ flightaware.com կայքերում ինքնաթիռի EK-FAA գրանցումով որոնում կատարելիս հնարավոր չէ որեւէ թռիչք գտնել: Բայց «Boeing 737-300»-ի նման ինքնաթիռներն ունեն տրանսպոնդեր (ռադիոպատասխանիչ)՝ սարք, որն ընդունում է ռադիոլոկացիոն համակարգերից եկող ազդանշաններն ու պատասխան ազդանշաններ ուղարկում: Եթե շատ չխորանանք ավիացիոն տերմինների մեջ ու լինենք հնարավորինս հանրամատչելի, ապա ընդամենը պիտի ասենք, որ տրանսպոնդերներն ունեն կոդեր (hex code), որոնցով իդենտիֆիկացվում են դրանք կրող օդանավերը:

EK-FAA-ի «hex code»-ը 600011 է, ինչը կարող ենք տեսնել, օրինակ, planespotters.net-ում:

Հենց այս կոդով planefinder.net-ում որոնելիս կարելի է տեսնել հայկական ինքնաթիռի վերջին երկու թռիչքները՝ Տալլին-Վառնա եւ Վառնա-Թեհրան (Թեհրանի տարբերակը չենք պնդում, քանի որ թռիչքներին հետեւող կայքերում երեւում է, որ Իրանի երկնքում օդանավի ուղեգիծն ընդհատվել է):

Ինչպես կարող ենք տեսնել ներքեւի նկարում, փետրվարի 19-ին՝ Տալլինի ժամանակով առավոտվա 10-ի սահմաններում (Երեւանի ժամանակով՝ 12:00-ին), EK-FAA-ն մեկնել է Էստոնիայից եւ, անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի ու Ռումինիայի օդային տարածներով, վայրէջք կատարել բուլղարական Վառնայում տեղական ժամանակով 12:35-ի սահմաններում (Երեւանի ժամանակով՝ 14:35-ին):

«Fly Armenia Airways»-ը հայտարարել է, թե օդանավը պետք է վայրէջք կատարեր Կիեւից ոչ հեռու գտնվող Հոստոմելի օդանավակայանում, սակայն, ինչպես տեսնում ենք, EK-FAA-ն չի էլ անցել դրա վրայով:

Բալթյան երկրները, Ռումինիան ու Բուլղարիան Եվրամիության տարածք են, այնինչ 2020 թ. հունիսին Եվրահանձնաժողովը հայտնեց, որ ՀՀ գրանցումով օդանավերի մուտքը ԵՄ երկինք արգելվում է, այսինքն՝ մեր օդանավերը ՔԱԿ-ի թույլ վերահսկողության պատճառով հայտնվեցին եվրոպական «սեւ ցուցակում»: Այստեղ հարց է ծագում, թե ինչպես է ՀՀ-ում գրանցված եւ, ըստ շահագործողի, տեխնիկական չվերթ (պլանի համաձայն) կատարող օդանավը թռել Եվրամիության օդային տարածքում: Տեսականորեն նման բան հնարավոր է, եւ մի քանի տարբերակներ կան (այդ թվում՝ թռիչք, որը կատարվել է ոչ թե հայկական, այլ օտարերկրյա որեւէ ավիաընկերության (ԵՄ երկնքում թռչելու խնդիր չունեցող) կողմից), բայց թե գործնականում ինչ է տեղի ունեցել, դժվար է ասել:

Փետրվարի 20-ին՝ Վառնայի ժամանակով 11:40-ի սահմաններում (Երեւանի ժամանակով՝ 13:40-ին), հայկական «Boeing 737-300»-ը մեկնել է Բուլղարիայից եւ Թուրքիայի օդային տարածքով մտել Իրան, որտեղ, ինչպես երեւում է նկարում, նրա հետագիծը կորել է planefinder.net-ի տեսադաշտից: 

Flightradar24.com-ում նույնպես երեւում է, որ EK-FAA-ն մոտենում է Թեհրանին, սակայն այս կայքը եւս ցույց չի տալիս թռիչքի ամբողջ հետագիծը: Ըստ այդմ՝ դժվար է ասել, թե Թեհրանի երկու օդանավակայաններից («Մեհրաբադ» եւ Իմամ Խոմեյնիի) որ մեկում է վայրէջք կատարել ինքնաթիռը:

Թե ինչ նպատակով է հայկական բորտը թռել Իրան, առայժմ ՔԱԿ-ն ու «Fly Armenia Airways»-ը լռում են: Մենք եւս առայժմ ձեռնպահ կմնանք ինչ-որ հետեւություններ անելուց, սակայն եթե սա հայկական օդանավը Իրան տեղափոխելու եւ այնտեղի օպերատորներից որեւէ մեկին հանձնելու փորձ է, ապա պիտի ասենք, որ նման պրակտիկա հայկական ավիաընկերությունները նախկինում ունեցել են (գործել է մի փոքր այլ սխեմա): Մյուս կողմից՝ կա եւս մեկ հետաքրքիր դետալ, որը վերաբերում է կոնկրետ այս օդանավի եւ Իրանի կապին: Դրան, ըստ անհրաժեշտության, կանդրադառնանք առաջիկայում:

Իսկ հաջորդ հոդվածում կպատմենք «Fly Armenia Airways»-ում կատարված փոփոխությունների եւ քաղավիացիայի կոմիտեի հետ ընկերության ունեցած դատական վեճի մասին:

Առաջին լուսանկարում՝ EK-FAA հայկական գրանցումով ինքնաթիռը՝ Տալլինի օդանավակայանում (21.01.2021, աղբյուր՝ Wouter Cooremans/airteamimages.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter