
Իրանում վայրէջք կատարած օդանավը տեղափոխվեց Երեւան
Քիչ առաջ՝ Երեւանի ժամանակով 19:24-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել վերջին շաբաթների ավիացիոն նորությունների գլխավոր հերոսը՝ «Fly Armenia Airways» ավիաընկերության «Boeing 737-300» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-FAA):
Մոտ մեկ ժամ առաջ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ նախատեսվում է օդանավի ժամանումը 19:15-ին: Ինքնաթիռը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից օդ է բարձրացել Երեւանի ժամանակով 17:58-ին եւ մեկուկես ժամից իջել «Զվարթնոցում»:
Հիշեցնենք, որ «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից շահագործվող «Boeing 737-300» ինքնաթիռը փետրվարի 19-ին տեխսպասարկման նպատակով Տալլին-Գոստոմել թռիչքի փոխարեն Էստոնիայի մայրաքաղաքից թռել էր բուլղարական Վառնա, իսկ ամսի 20-ին այնտեղից թռել ու վայրէջք կատարել Թեհրանում, որտեղ մնացել էր մինչեւ այսօր: Տալլին-Գոստոմելից բացի՝ այլ ուղղությամբ թռիչք կատարելու իրավունք ինքնաթիռը չուներ: Կատարվածից հետո՝ փետրվարի 25-ին, ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հոդվածներով:
Իր հերթին ՔԱԿ-ը «Հետքին» հայտնել էր, որ կոմիտեում ընթանում է «Boeing 737-300» օդանավի միջադեպի հետ կապված ուսումնասիրություն՝ հանգամանքները պարզելու նպատակով, որի ավարտից հետո կոմիտեն հանդես է գալու համապարփակ պարզաբանմամբ: Թե երբ կավարտվի ուսումնասիրությունը, հայտնի չէ:
Տես նաեւ՝
- ՔԱԿ. Իրանում հայտնված օդանավի վրա տեխնիկական բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել. մեծ մասը վերացվել է
- Հայկական օդանավը փախցրե՞լ են. ԱԱԾ-ն այս հատկանիշներով է քննում գործը
- Իրանում հայտնված օդանավը շահագործող հայկական ընկերությունը կարող է հայտնվել ամերիկյան «սեւ ցուցակում»
- Հայկական օդանավն Իրան տեղափոխելու առաջին ռաունդը կարծես ավարտված է, բայց դա վերջը չէ
- Հայկական ինքնաթիռի արկածներն ու անպատասխան հարցերը
- Իրանում հայտնված ինքնաթիռը շահագործող հայկական ընկերությունից հեռացել է դրա սկանդալային նախկին սեփականատերը
- «Կորած» հայկական ինքնաթիռի հետքերով. «Հետքը» պարզել է նրա թռիչքի հետագիծը
- Ինչու է կասեցվել հայկական նոր ավիափոխադրողի վկայականի գործողությունը
- Հայկական նոր ավիափոխադրողի արտասահմանցի ներդրողը հայտնի է սկանդալներով
- «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» դեռ չի կարող երկինք բարձրանալ
- Ովքե՞ր են հայկական շուկա մտնող նոր ավիաընկերության տերերը
Մեկնաբանել