HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական օդանավը փախցրե՞լ են. ԱԱԾ-ն այս հատկանիշներով է քննում գործը

Հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից շահագործվող «Boeing 737-300» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-FAA), որը Տալլին-Գոստոմել թռիչքի փոխարեն թռել է Տալլին-Վառնա-Թեհրան ուղղությամբ եւ փետրվարի 20-ին վայրէջք կատարել Իրանի մայրաքաղաքի «Մեհրաբադ» օդանավակայանում, դարձել է քրեական գործի հերոս:

Մարտի 4-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) հայտարարել էր, որ տեղի ունեցածի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, իսկ կոմիտեի կողմից իրականացվող քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են իրավապահներին:

«Հետքն» ԱԱԾ-ից պարզել է, թե ինչ հատկանիշներով է հարուցվել քրգործը, եւ Քրեական օրենսգրքի որ հոդվածներով է ընթանում նախաքննությունը:

Հիշեցնենք, որ Իրանում ինքնաթիռի վայրէջքից 3 օր անց՝ փետրվարի 23-ին, դրա շահագործող «Fly Armenia Airways»-ը հայտարարեց, թե «փետրվարի 20-ին օդանավը թռել եւ անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել»։ Մարտի 4-ին ՔԱԿ-ը, որը Տալլին-Գոստոմել մեկանգամյա տեխնիկական թռիչքի թույլտվություն էր տվել ինքնաթիռին, շեշտեց, որ «օդանավը շահագործող ավիաընկերությունն է պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի, ինչպես նաեւ թռիչքի վերգետնյա սպասարկման համար»:

ՔԱԿ-ը նշել է, որ «օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության եւ չպահպանելով կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը (Գոստոմել - «Հետք»), թռիչքն իրականացրել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետեւ ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբադ» օդանավակայանում»: Ըստ ՔԱԿ-ի՝ «Fly Armenia Airways»-ը եւս հայտնել է, որ նախատեսված թռիչքուղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց ընկերության համաձայնության եւ գիտության:

Օդաչուները, ՔԱԿ-ի տեղեկացմամբ, եղել են Տաջիկստանի քաղաքացիներ: Հայկական ավիաընկերությունը թռիչքից առաջ դիմել էր կոմիտեին ու խնդրել վավերացնել (ճանաչել) այդ օդաչուների օտարերկրյա վկայականները եւ նրանց թույլատրել մեկ թռիչք կատարել Տալլինից դեպի Գոստոմել, ինչը ՔԱԿ-ը բավարարել էր: Արդյունքում տաջիկստանցի օդաչուները հայկական ինքնաթիռով նախ փետրվարի 19-ին Տալլինից թռել էին Վառնա, իսկ հաջորդ օրը վայրէջք կատարել Թեհրանում:

Փետրվարի 25-ին ԱԱԾ-ն քրգործ է հարուցել ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին «Հետքին» հայտնել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, փոխգնդապետ Գ. Խալաթյանը:

Նշվածներից առաջին դրույթը սահմանում է. «Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով»: Այսինքն՝ քննչական մարմինը օդանավը փախցնելու հանցակազմ է տեսել կատարվածում:

Քրգործի հիմքում դրված երկրորդ դրույթը նշում է. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով (200.000-400.000 դրամ - «Հետք»), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»:

Վերոնշյալը վերաբերում է Տալլին-Գոստոմել թռիչքի թույլտվության եւ հարակից այլ օրինական փաստաթղթերի փոխարեն անօրինական ճանապարհով այնպիսի թույտվություններ ստանալուն, որոնց շնորհիվ հաջողվել է թռչել նախ դեպի Վառնա, ապա՝ Թեհրան:

Կարելի է ենթադրել, որ առաջինը կթիրախավորվեն տաջիկստանցի օդաչուները, որոնք կատարել են թռիչքը: Բայց արդյոք նրանք գործել են ինքնուրույն:

Ըստ ավագ քննիչ Խալաթյանի՝ քրգործի նախաքննության այս փուլում դեռեւս որեւէ անձի չի տրվել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ EK-FAA-ն առայժմ Թեհրանում է: Մարտի 4-ին ՔԱԿ-ը հայտարարել էր, թե հայկական եւ իրանական կողմերի ավիացիոն մասնագետների սերտ համագործակցության ու քննարկումների արդյունքում ձեռք է բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երեւան տեղափոխելու համար: Սակայն կոմիտեն նաեւ նշել էր, որ Թեհրանում «Fly Armenia Airways»-ի մասնագետների կողմից արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ, եւ համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը օդանավի թռիչք իրականացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ:

Տես նաեւ՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter