HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու է կասեցվել հայկական նոր ավիափոխադրողի վկայականի գործողությունը

«Fly Armenia Airways» ավիաընկերությունը, որը ստեղծվել է 2019-ի հոկտեմբերին եւ օդանավ շահագործողի վկայական ստացել այս տարվա հուլիսի 2-ին, առայժմ չի կարող երկինք բարձրանալ: Պատճառն այն է, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ավիափոխադրողի վկայականի՝ ՕՇՎ-ի գործողությունը կասեցրել է տալուց ընդամենը երկու ամիս անց՝ սեպտեմբերի 3-ին: Նախապես այն կասեցվել էր մեկ ամսով, ինչը հետո երկարաձգվել էր եւս մեկ ամսով:

ՔԱԿ-ին հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե որն է եղել «Fly Armenia Airways»-ի վկայականի կասեցման պատճառը, եւ նոյեմբերի 3-ից հետո արդյոք դրա գործողությունը վերականգնվել է: Դեկտեմբերի 8-ին ՔԱԿ գլխավոր քարտուղար Միքայել Զալինյանը հայտնել է, որ ՕՇՎ-ի գործողությունը մնում է կասեցված, քանի որ չեն վերացվել կասեցման հիմքերը:

Որպես կասեցման հիմք ՔԱԿ-ը բերել է կառավարության 2015 թ. որոշումը, որով սահմանվել է օդանավ շահագործողի վկայական տալու կարգը: Ըստ այս կարգի՝ պահանջվող շահագործման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ եւ հարմարավետ փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով օդանավ շահագործողի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն: Կարգի 34-րդ կետը նշում է, որ ՔԱԿ-ը մշտական վերահսկողություն իրականացնելիս կարող է կասեցնել կամ դադարեցնել ՕՇՎ-ի գործողությունը, եթե փոխադրողի գործունեությունը չի համապատասխանում ՀՀ միջազգային պայմանագրերի, թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության եւ ավիացիոն անվտանգության շահագործողական նորմերի ապահովման պահանջներին:

Կոնկրետ «Fly Armenia Airways»-ի ՕՇՎ-ն կասեցվել է այն պատճառով, որ, ըստ ՔԱԿ-ի, պարզվել է հետեւյալը. օդանավ շահագործողը չի պահպանում այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է վկայականը: Թե ինչ պայմանների ու պահանջների մասին է խոսքը, կոմիտեն չի մանրամասնում:    

«Fly Armenia Airways»-ի մասին նախկինում գրել ենք: Ընկերությունը ներկայում թռիչքներ է առաջարկում դեպի Ռուսաստան, Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա: Եթե փոխադրողի ՕՇՎ-ի գործողությունը վերականգնվի, այդուհանդերձ, դեպի Եվրոպա, ավելի կոնկրետ՝ Եվրամիության տարածք (Մարսել եւ Պրահա) թռչելու թեման խնդրահարույց է: Բանն այն է, որ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները հունիսի 2-ից մտցվեցին Եվրամիության «սեւ ցուցակ», եւ ԵՄ երկինքը մեր փոխադրողների առաջ փակվեց: Չնայած սրան՝ «Fly Armenia Airways»-ի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում հայտնել էր, թե իրենք ԵՄ մեկնելու խնդիր չեն ունենալու, ու հավելել էր, թե այդ թռիչքներն այլ ավիաընկերության միջոցով չեն իրականացվելու, «codeshare» թռիչքներ չեն լինելու (սրանք ԵՄ արգելքը հաղթահարելու հնարավոր լուծումներ են), ինչն առնվազն տարօրինակ էր:

ՔԱԿ-ին հարցրել էինք, թե սրա վերաբերյալ ինչ տեղեկություններ ունեն իրենք, ինչին ի պատասխան՝ կոմիտեի գլխավոր քարտուղարը հայտնել է. «ԵՄ սահմանափակումների արդյունքում ՀՀ գրանցման օդանավերն իրավունք չունեն թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ տարածք՝ բացառությամբ «ԵՄ օդային անվտանգության ցուցակում» (ժողովրդական լեզվով՝ «սեւ ցուցակ» - «Հետք») ընդգրկված ավիաընկերությունների, որոնք կարող են իրականացնել հայրենադարձության եւ հումանիտար նպատակներով թռիչքներ դեպի ԵՄ երկրներ: Սակայն հնարավոր է ԵՄ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու հետեւյալ տարբերակը. եթե հայկական ավիաընկերությունն ունենա այլ ավիաընկերությունից թաց վարձակալության (wet lease) պայմանագրով (երբ օդանավի հետ վարձակալին փոխանցվում է անձնակազմը, ապահովագրությունը, օդանավի պահպանությունը) վերցրած օդանավ, եւ եթե այդ ավիաընկերությունն ունենա իրավունք թռիչքներ իրականացնելու դեպի ԵՄ տարածք՝ հանդիսանա երրորդ երկրի շահագործողի (TCO) սերտիֆիկատ կրող կամ լինի ԵՄ անդամ երկրի ավիաընկերություն»:

Այսինքն՝ ՔԱԿ-ը հաստատում է, որ ներկայում հայկական ավիաընկերությունները, բացի օդանավի թաց վարձակալությունից կամ «codeshare» թռիչքներից, այլ տարբերակներ չունեն՝ դեպի ԵՄ տարածք կոմերցիոն թռիչքներ կատարելու համար:

Այս առումով հատկանշական է, որ «Fly Armenia Airways»-ը նոյեմբերի 26-ին Ուկրաինայից Հայաստան է տեղափոխել իր առաջին ինքնաթիռը՝ «Boeing 737-400» տեսակի: Սակայն այն մինչ օրս մնում է ուկրաինական UR-CNP գրանցումով, ինչը խոսում է օդանավի թաց վարձակալության մասին: Ուկրաինական ռեգիստրի համաձայն՝ ինքնաթիռի շահագործողը տեղական «YanAir» ավիաընկերությունն է, իսկ սեփականատերը՝ ԱՄԷ-ում գրանցված «Eastok Avia (FZC)»-ն:

Չնայած թաց վարձակալության պարագայում տվյալ օդանավը մնում է իր գրանցման երկրի ռեգիստրում, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը սահմանում է. «Եթե օտարերկրյա պետությունում գրանցված օդանավը շահագործելու իրավունքով գտնվում է ՀՀ օդանավ շահագործողի տրամադրության տակ, ապա վերջինս պարտավոր է ՔԱԿ-ին տրամադրել օդանավին վերաբերող փաստաթղթերն ու համապատասխան պայմանագիրը, ինչպես նաեւ տեղեկացնել պայմանագրում ցանկացած փոփոխության մասին: Նմանատիպ օտարերկրյա օդանավերի եւ դրանց շահագործողների ցանկը (օտարերկրյա օդանավ շահագործողների ցանկ) վարում է կոմիտեն»: Այսինքն՝  UR-CNP ուկրաինական գրանցումով ինքնաթիռը մեր երկրում ընդգրկվել է առանձին ցանկում: ՔԱԿ-ը, մեր հարցին ի պատասխան, հայտնել է, որ ընդհանուր առմամբ «Fly Armenia Airways»-ից ստացվել է 5 օդանավի գրանցման հայտ: Ընկերության պաշտոնական կայքում առայժմ ներկայացված է միայն վերը նշված բորտը:

Այս «Boeing 737-400» ինքնաթիռն արտադրվել է 1989 թ. հունվարին, այսինքն՝ շուտով կդառնա 32 տարեկան, ինչն ավիացիայում բավականին մեծ տարիք է օդանավի համար, չնայած իրականում ամեն ինչ կախված է ոչ թե զուտ արտադրման տարեթվից, այլ կոնկրետ բորտի անցկացրած թռիչքային ժամերից, դրա վրա կատարված տեխնիկական աշխատանքներից ու թռիչքային պիտանիության ներկա վիճակից: «Fly Armenia Airways»-ի այս առաջին օդանավը նախկինում շահագործվել է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հրվ. Կորեայում, Բելգիայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ինդոնեզիայում, Ղրղըզստանում, Իրաքում, Ուկրաինայում, Հորդանանում, Էրիթրեայում:

Հավելենք, որ «Fly Armenia Airways»-ն ստացել է միջազգային թռիչքներ կատարելու համար անհրաժեշտ IATA-ի եւ ICAO-ի կոդեր՝ VF եւ FBB:

Ներկայում ՀՀ-ում գրանցված է օդանավ շահագործողի վկայական ունեցող 8 ավիաընկերություն՝

«Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ (Atlantis European Airways) - IATA-ի եւ ICAO-ի կոդերը՝ 2R, LUR
««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ (Armenia Airways) – 6A, AMW
«Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ (Aircompany Armenia) – RM, NGT
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ (Armenian Helicopters) - KAV
«Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ (Atlantis Armenian Airlines) – TD, AEU
«Սքայբոլ» ՍՊԸ (Skyball)
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ (Fly Armenia Airways) - VF, FBB
«ՆովԷյր» ՍՊԸ (NovAir) - NAI:

Սրանցից այս պահին կանոնավոր առեւտրային թռիչքներ են իրականացնում միայն «Aircompany Armenia» եւ «Armenia Airways» ընկերությունները: 

Լուսանկարները՝ «Fly Armenia Airways»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter