HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական նոր ավիափոխադրողի արտասահմանցի ներդրողը հայտնի է սկանդալներով

Հայկական ավիացիան գտնվում է այնպիսի վիճակում, որ ավիափոխադրումների շուկա մտնող ցանկացած նոր ընկերություն՝ անկախ մեծ կամ փոքր լինելուց, հետաքրքրություն է առաջացնում: Վերջերս դաշտում հայտնվել է նոր անուն՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»: Որքան հետաքրքիր են այս ընկերությանը ծրագրերը, նույնքան (տվյալ դեպքում գուցե եւ ավելի շատ) հետաքրքիր է, թե ովքեր են կանգնած դրա թիկունքում: «Հետքը» որոշ մանրամասներ է պարզել այս ավիաընկերության արտասահմանցի սեփականատիրոջ մասին, ինչին չենք կարող մատների արանքով նայել: 

Հայ-եվրոպական նախագիծը մտնում է հայկական ավիացիոն շուկա

Չնայած հուլիսի 4-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն «Մարս Ավիա» ընկերությանը զրկել է օդանավ շահագործողի վկայականից, մեր երկրում կոմերցիոն ավիափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող ընկերությունների թիվը չի փոխվել, քանի որ դաշտ է մտել «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը»: 

Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, այս օպերատորը կոմերցիոն փոխադրումների իրավունք տվող փաստաթուղթ՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել հուլիսի 2-ին: Նկատենք, որ ընկերությունն այս հարցով դեռ անցյալ տարվա նոյեմբերի 25-ին էր դիմել կոմիտեին, սակայն վերջինս հայտի փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո թերություններ էր հայտնաբերել եւ դրանք վերացնելու մասին ծանուցել «Ֆլայ Արմենիա Էյրվեյզին»: Այդուհանդերձ, դիմումատուն չէր վերացրել բացթողումները, ինչի հետեւանքով ՔԱԿ-ն ապրիլին հայտարարել էր, որ որոշել է դադարեցնել հայտի հետագա ուսումնասիրությունը եւ ընկերությանն առաջարկել փաստաթղթերը պատրաստ լինելուն պես կրկին դիմել՝ վկայական ստանալու համար: Եվ ահա, փաստորեն, նոր փոխադրողը հաջողությամբ հաղթահարել է այս փուլը:

Նշենք, որ այս պահին ՀՀ-ում 7 ավիաընկերություն ունի ՕՇՎ: Դրանք են՝

«Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ (Atlantis European Airways) - IATA-ի եւ ICAO-ի կոդերը՝ 2R, LUR
««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ (Armenia Airways) – 6A, AMW
«Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ (Aircompany Armenia) – RM, NGT
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ (Armenian Helicopters) - KAV
«Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ (Atlantis Armenian Airlines) – TD, AEU
«Սքայբոլ» ՍՊԸ (Skyball)
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ (Fly Armenia Airways):

Սրանցից «Արմենիան Հելիքոփթերսը» ուղղաթիռներ է շահագործում, իսկ «Սքայբոլը»՝ օդապարիկ, մյուսները ինքնաթիռային օպերատորներ են:

Օդանավերը ներկվում են

ՕՇՎ ստանալուց հետո «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» հայտարարել է, որ ուղեւորափոխադրումների համար նախատեսված եւ «Boeing 737» տիպի ինքնաթիռներով համալրված ավիապարկը կընդլայնվի, քանի որ պլանավորված ուղղությունների քանակը (ներկա պահին՝ Ռուսաստան, Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք) կավելանա՝ հաշվի առնելով  դեպի Լոս Անջելես, Պեկին եւ Շանհայ իրականացվելիք թռիչքները: Ավիաընկերության կայքում ներկայացված են «Boeing 737-800» եւ «Boeing 737-300» տիպի ինքնաթիռներ: Բեռնափոխադրումների համար էլ օպերատորը նախատեսում է շահագործել «Airbus A300B4» եւ «Boeing 747-200» տիպի օդանավեր: Ավիաընկերությունն օգտագործելու է «Զվարթնոց» օդանավակայանը, որը, ըստ փոխադրողի, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ կծառայի որպես տարանցիկ կենտրոն:

«Մեր նպատակն է ավելացնել ուղեւորների թիվը եւ բեռնափոխադրումների ծավալը դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս,- հայտարարել է նոր օպերատորը:- Դա կօգնի բարելավելու Հայաստանի լոգիստիկ եւ տնտեսական դրությունը շուկայում, իսկ մեր հուսալի ուղեւորային եւ բեռնային (կարգո) ծառայությունների շնորհիվ հնարավոր կլինի զբոսաշրջային եւ բիզնես նոր ուղղությունների ստեղծումը»:

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» մարքեթինգային բաժնի ղեկավար Կարեն Ծատուրյանը «Հետքին» հայտնեց, որ, ելնելով իրենց գալիք թռիչքների խտությունից, այս պահին նպատակահարմար է օգտագործել 2-3 մարդատար ինքնաթիռ, իսկ բեռնատարները լինելու են 2-ը: Նկատենք, որ ՔԱԿ-ի կայքում հրապարակված ՀՀ օդանավերի ռեգիստրի ցանկում (հուլիսի 16-ի դրությամբ) «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» չունի գրանցված ինքնաթիռ: Ըստ Ծատուրյանի՝ օդանավերը դեռ Հայաստան չեն ժամանել, ներկման փուլում են գտնվում, սակայն ընթացքը ձգձգվում է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ներկումը պետք է կատարվեր Չինաստանում, բայց մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսի հետեւանքով այդ երկրում հանգարների աշխատանքը դադարեցվեց, եւ հայկական ընկերության օդանավերը հիմա ներկվում են այլ երկրում, որի անունը Ծատուրյանը չբացահայտեց: Այդուհանդերձ, նշեց, որ ինքնաթիռներին պետք է սպասել օգոստոսի կեսերին:

Մեր հարցին, թե արդյոք ավիաընկերությունն արդեն ստացել է IATA-ի ու ICAO-ի կոդեր (սրանցով, մասնավորապես, համարակալվում են թռիչքները), «Հետքի» զրուցակիցը դրական պատասխան տվեց, չնայած նույն IATA-ի կայքում «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» անունն առայժմ չի նշվում (տես ստորեւ):

Ավիաընկերության ներկայացուցիչն ասում է, թե իրենք ԵՄ «սեւ ցուցակում» չկան

Ուղղությունների մասին: Ավիաընկերությունն իր կայքում նշում է, որ թռիչքներ է իրականացնելու դեպի Ռուսաստան (Մոսկվա, Կալինինգրադ, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Սոչի), Եվրոպա (Մարսել, Պրահա, Ստամբուլ) եւ Մերձավոր Արեւելք (Դամասկոս, Թել Ավիվ): Եվրամիության տարածքի մաս կազմող Մարսելի եւ Պրահայի առումով պետք է հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ՀՀ ՔԱԿ-ի կողմից թռիչքային անվտանգության թույլ վերահսկողության պատճառով Հայաստանում գրանցված ավիաընկերությունները հունիսի 2-ից մտցվեցին Եվրամիության «սեւ ցուցակ», ԵՄ երկինքը մեր փոխադրողների առաջ փակվեց: Այս սահմանափակումը վերաբերում է նաեւ դրա հայտարարումից հետո շուկա մտած ընկերություններին, ինչպիսին է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը»: Ընդհանրապես, արգելքը հաղթահարելու եւ առեւտրային թռիչքներ իրականացնելու համար որեւէ հայկական ընկերություն ստիպված կլինի համապատասխան աուդիտ անցնել՝ ԵՄ-ին ապացուցելու, որ համապատասխանում է վերջինիս չափանիշներին:  

Սակայն Կ. Ծատուրյանը պնդում է, որ իրենց ավիաընկերությունը ՕՇՎ ստացել է Եվրահանձնաժողովի որոշումից հետո, հետեւաբար «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» խնդիր չունի: «Մենք օդանավ շահագործողի վկայական ստացել ենք այն փաստից հետո, որ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները զրկվել են ԵՄ մուտքից: Մեր ՕՇՎ-ի ստատուսը գործող ստատուս է: Մենք այդ խնդիրը չունենք: Բացի դրանից՝ մենք ունենք պայմանագիր եվրոպական ավիաընկերության հետ, որը թռչելու է մեր օդանավերով, մեր անվան տակ, մեր լոգոտիպի տակ, իսկ գրանցման օդանավակայանը «Զվարթնոցն» է, որն էլ թույլ է տալիս դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել առանց որեւէ խնդրի»:

Փաստն այն է, որ «սեւ ցուցակում» են ներառվում բոլոր այն ավիափոխադրողները, որոնք սերտիֆիկացված են իրենց հանդեպ կանոնակարգող վերահսկողություն իրականացնող Հայաստանի իշխանությունների կողմից (All air carriers certified by the authorities with responsibility for regulatory oversight of Armenia): Այսինքն՝ քանի որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզին» վերահսկելու է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, իսկ վերջինս գոնե այս պահին իր որոշ գործառույթների առումով, այսպես ասած, վստահություն չի վայելում Եվրահանձնաժողովի կողմից, ՔԱԿ-ի կողմից վերահսկվող եւ ՀՀ-ում գրանցված ավիափոխադրողները հայտնվել ու հայտնվելու են նշված ցուցակում: Իսկ ինչ վերաբերում է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» գործընկեր եվրոպական ավիաընկերությանը, որը, ըստ Ծատուրյանի, թռչելու է իրենց օդանավերով, «Հետքի» զրուցակցից այդպես էլ չհաջողվեց պարզել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Մեր ճշգրտմանն ի պատասխան՝ նա ասաց, որ դեպի Եվրամիություն թռիչքներն այլ ավիաընկերության միջոցով չեն իրականացվելու, «codeshare» թռիչքներ չեն լինելու. «Մեր չվերթներն իրականացնելու ենք մեր օդանավերով, մեր անձնակազմով, մեր գրանցման օդանավակայանից՝ «Զվարթնոցից»»:

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» կողմից թիրախավորված քաղաք-ուղղությունների մեծ մասը հայաշատ բնակավայրեր են: Այս առումով օպերատորն ինքն իրեն ներկայացնում է որպես «Հայաստան-Սփյուռք» ավիաընկերություն, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցելու ինչպես հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող եւ աշխատող հայերին:

Անձնակազմը հայեր են

Կարեն Ծատուրյանի փոխանցմամբ՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» օդաչուական անձնակազմը բաղկացած է հայերից: «Հիմա անցնում են թրեյնինգներ, վերջացնում են արդեն»,- նկատեց նա՝ հավելելով, որ տեխնիկական կազմը եւս հայեր են լինելու, դա լինելու է հենց ավիաընկերության թիմը (որոշ ավիաընկերություններ օդանավերի տեխսպասարկումը պատվիրում են մասնագիտացած ընկերությունների), որին միանալու են արտերկրից խորհրդատուներ եւ «սուպերվայզերներ», ովքեր «Lufthansa»-ում եւ «Austrian Airlines»-ում աշխատանքի փորձ ունեն:

«Մենք ունենալու ենք մեր պահեստը, հիմա աշխատում ենք որպես կայացած ավիաընկերություն: Այս պահին մեր խնդիրը մեր փակ երկինքն է: Երբ դրա բացման ինֆորմացիան պաշտոնապես հրապարակվի, մենք կսկսենք տոմսերի վաճառքը: Քանի որ ներկայանում ենք որպես կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերություն, չարտերային թռիչքներով չենք ուզում սկսել: Չնայած դրա վերաբերյալ վերջնական որոշում չկա, դա ուղղակիորեն կապված է ժամկետների հետ, թե երբ է կանոնավոր չվերթների համար Հայաստանի օդը բացվելու»,- ասում է Կարեն Ծատուրյանը:

Ո՞վ է հայկական ավիափոխադրողի արտասահմանցի սեփականատերը

Ինչպես արդեն գրել ենք, «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» 2019 թ. հոկտեմբերին հիմնադրել են երեւանցի Բելլա Գայամովան (55 %) եւ Լոնդոնում գրանցված «Lincoln Transport Ltd»-ն (45 %):

«Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ մեր երկրում օդանավ շահագործողի վկայական կարող են ստանալ այն ավիաընկերությունները, որոնց առնվազն 51 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի: Չնայած պետք է նաեւ ասենք, որ Գայամովան ավիացիայից հեռու մարդ չէ: Այս մասին կարող եք կարդալ «Հետքի» նախորդ հոդվածում:

Հայկական ավիաընկերության 45 %-ի սեփականատեր «Lincoln Transport Ltd»-ն ստեղծվել է 2017-ի դեկտեմբերին: Ըստ բրիտանական ռեգիստրի՝ գործունեության ոլորտներն են անշարժ գույքի առքուվաճառքը եւ հաշվապահական ու աուդիտորական գործունեությունը: Կանոնադրական կապիտալը 100.000 ֆունտ ստեռլինգ է: Ընկերության քարտուղարը, տնօրենն ու միակ սեփականատերը Չեխիայի քաղաքացի, Գերմանիայի բնակիչ Սիմոն (Սայմոն) Շպիցն է (Simon Spitz): 

Գրել էինք նաեւ, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» առաջին տնօրենը եղել է Բ. Գայամովան, որին անցյալ տարվա դեկտեմբերին փոխարինել է ավստրիացի Նորբերտ Վինկլերը:

Իր կայքում հայկական նորաստեղծ ավիաընկերությունը հայտարարել է, որ հրավիրել է հմուտ եւ փորձառու մասնագետների, որոնք ունեն տարիների փորձ ավիացիայի տարբեր ոլորտներում՝ ավիացիոն անվտանգություն, վերգետնյա սպասարկում, կառավարում եւ մարքեթինգ: Կոմերցիոն բաժնի ղեկավար Սիլվիո Ուլֆելդերը եւ վերգետնյա սպասարկման բաժնի ղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը, ովքեր Գերմանիայի քաղաքացիներ են, նախկինում աշխատել են Գերմանիայի ազգային փոխադրող «Lufthansa»-ի համակարգում: Տնօրեն Վինկլերը եւս ավիացիայի ոլորտից է:

Մարքեթինգային բաժնի ղեկավար Կարեն Ծատուրյանը «Հետքին» փոխանցեց, որ արտասահմանցի ղեկավարությունը Երեւան է ժամանելու օգոստոսի սկզբներին, որից հետո ասուլիս են հրավիրելու իրենց գործունեության մասին:

Այդուհանդերձ, նշվածներից ամենահետաքրքիրը հայկական նոր ավիաընկերության 45 %-ի փաստացի տեր Սիմոն Շպիցի անձն է: Ինչպես գրել էինք նախորդ հոդվածում, Շպիցը 1999-ին Պրահայում այս քաղաքի բնակիչ Մարտին Կոլարժի (Martin Kolář ) հետ հիմնադրել էր «Star Aviation» ՍՊԸ-ն: Ընկերության 80 %-ի սեփականատերը եղել է Շպիցը, մնացածինը՝ Կոլարժը: «Star Aviation»-ի գործունեության տեսակներից մեկը եղել է օդանավերի եւ ավիացիոն տեխնիկայի վարձակալությունը: 2003-ին գործընկերներն օտարել են ընկերությունը Պրահայի մեկ այլ բնակչի:

Այն, որ լոնդոնյան «Lincoln Transport Ltd»-ի սեփականատեր Շպիցն ու չեխական «Star Aviation»-ի համահիմնադիրը նույն անձն է, փաստվում է անձնական որոշ տվյալների նույնությամբ:

«Star Aviation»-ի հիմնադրման փաստաթղթերում (1999 թ.) նշվել է, որ Շպիցը ծնվել է Պրահայում, Իսրայելի քաղաքացի է եւ Անգլիայի բնակիչ: Իր հերթին բրիտանական ռեգիստրում Շպիցը ներկայացված է որպես Չեխիայի քաղաքացի եւ Գերմանիայի բնակիչ, ընդ որում՝ «Lincoln Transport Ltd»-ն նրա միակ ընկերությունը չէ Մեծ Բրիտանիայում:

Կարճ ներկայացնենք մի քանի ընկերություններ (այլեւս չգործող), որոնցում Շպիցը ներգրավված է եղել. դրանք ավիացիայի եւ ավտոսպորտի ոլորտից են:

«Consolidated Aircraft Leasing, Inc.» (1994-1995, ԱՄՆ)
«Ocean Airways Limited» (1995-2001, Մեծ Բրիտանիա)
«Lada WTCC Racing Ltd» (2005-2007, Մեծ Բրիտանիա)
«Eurolink Airline Ltd» (2008-2017, Մեծ Բրիտանիա)
«Dornier Sports Cars Ltd» (2009-2011, Մեծ Բրիտանիա)

Շպիցի ընկերություններից ներկայում գործում է ոչ միայն «Lincoln Transport Ltd»-ն, այլեւ դեռ 2010-ին կրկին Լոնդոնում հիմնադրված «Skytrain-Airlines Ltd.»-ն, որի գործունեության ոլորտներն են ոչ կանոնավոր (չարտերային) օդային ուղեւորափոխադրումները, օդային բեռնափոխադրումները, ծառայությունների մատուցումը: Սիմոն Շպիցն այս ընկերության սեփականատերը, տնօրենն ու քարտուղարն է:    

Սակայն սրանք Շպիցի ընկերություններից մի քանիսն են միայն: Համացանցի բաց աղբյուրներում այս անձի մասին կարելի է գտնել տարատեսակ ինֆորմացիա, բայց հետաքրքիր է, որ դրանք Շպիցին ներկայացնում են գլխավորապես բացասական լույսի ներքո: Պակաս հետաքրքիր չէ, որ Շպիցը տարբեր ժամանակներում ներկայացել է տարբեր անուններով՝ Սիմոն (Սայմոն) Շպից, Սիմոն Լահավ Շպից, Շիմոն Լահավ եւ այլն: Նա ազգությամբ հրեա է: Բաց աղբյուրներում եւ պաշտոնական ռեգիստրներում տարբեր են նաեւ նրա քաղաքացիության եւ բնակության վայրի մասին տվյալները՝ Իսրայել, Չեխիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նոր Զելանդիա... Ի վերջո, ո՞վ է Շպիցը, եւ ի՞նչ կապ ունի նա ավիացիայի հետ: 

«Նրա անունը չհիշատակեք»  

Մեծ Բրիտանիայում հրատարակվող «Air Cargo News» մասնագիտական պարբերականը դեռ 1998-ին մի հոդված էր հրապարակել նրա մասին, որը բավականին հետաքրքիր է: Դրանում նշվում էր, որ Շպիցը օդային բեռնափոխադրման տնտեսության ներկայացուցիչներին միլիոնավոր դոլարների պարտքեր է կուտակել:

«Չնայած Շիմոն Լահավը հարցաքննության նպատակով հետախուզվում է առնվազն երեք մայրցամաքներում, Չեխիայում ծնված հրեան, որը 1990-ականների սկզբին մեկնարկել եւ հետո փլուզել էր «Metro Cargo Airlines»-ը (Լահավի եւ դեռեւս խորհրդային «Աէրոֆլոտի» կողմից Շվեյցարիայում ստեղծված համատեղ ձեռնարկություն էր), այսօր առանց սահմանափակումների աշխատում է բրիտանական Բրիստոլում հիմնադրված «Ocean Airways»-ի միջոցով՝ բաց եւ առանց ամոթի բեռնափոխադրման չարտերային թռիչքներ առաջարկելով շուկային: Սա՝ չնայած այն հանգամանքին, որ նա եւ ուրիշները, թիրախավորելով բեռնափոխադրումների բիզնեսն ու դրա միամիտ հաճախորդներին, պարտքի, հուսահատության, անկատար խոստումների եւ փլուզված ընկերությունների համաշխարհային հետք թողեցին ոչ ավելի, քան 10 տարում»,- 1998-ին գրել էր «Air Cargo News»-ը: Պարբերականը նշել էր, որ «Metro Cargo Airlines»-ը փակվել է գործունեությունն սկսելուց մեկ տարի անց (սնանկացել է 1991-ին), իսկ դրա հիմնադիր եւ տնօրեն Շիմոն Լահավն անհետացել էր՝ իր հետեւից թողնելով ավելի քան 5 մլն դոլարի պարտքեր (1990-ականներին սա փոքր գումար չէր, չնայած այլ հրապարակումներում նշվել է մինչեւ 7 մլն դոլար): «Իլ-76» օդանավերի սեփականատերերը (ըստ հոդվածի՝ վերջիններս ԱՊՀ երկրներից էին, բայց այլ աղբյուրներում նշվում է մեկ սեփականատեր՝ «Աէրոֆլոտը»), որոնցով աշխատում էր Լահավի ընկերությունը, ըստ հրապարակման, կարողացել էին եվրոպական օդանավականներում կայանված իրենց ինքնաթիռները հետ ստանալ միայն այն բանից հետո, երբ համաձայնության էին եկել «Metro Cargo Airlines»-ի այլ պարտատերերի հետ:

Թե ինչով է զբաղվել Լահավի այս ավիաընկերությունը, 2015-ին rg.ru-ին հետաքրքիր մանրամասներ է պատմել «Իլ-76»-ի օդաչու Վլադիմիր Շարպատովը: Վերջինիս մեր ընթերողը կարող է ճանաչել իրական փաստերի վրա հիմնված «Կանդահար» ֆիլմից: Ռուսական «Aerostan» ավիաընկերության «Իլ-76»-ի հրամանատար Շարպատովի անձնակազմը 1995-ի օգոստոսին պատանդ էր վերցվել թալիբների կողմից Աֆղանստանի Կանդահար քաղաքում (թալիբների կործանիչը «Իլ-76»-ին պարտադրել էր վայրէջք կատարել): Այդուհանդերձ, մեկ տարի անց ռուսական անձնակազմը նույն օդանավով կարողացել էր փախչել Աֆղանստանից, իսկ Վ. Շարպատովը Ռուսաստանի հերոսի կոչում էր ստացել:

Վերադառնանք «Metro»-ին, որտեղ հրամանատար Շարպատովն աշխատել է 1991-ին: Նա պատմել է, որ «Metro Cargo Airlines»-ի կողմից շահագործվող «Իլ-76»-ով, օրինակ, Ֆրանսիայից ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ) են տեղափոխել Մերձավոր Արեւելք, Գերմանիայից Սաուդյան Արաբիա են փոխադրել դաշտային հոսպտալ, դեղորայք, ռազմամթերք, Հոլանդիայից Թուրքիա են տեղափոխել ՆԱՏՕ-ի երկու գունդ: «Իսկ ու՞ր փախչել: Մենք ենթականեր էինք, հրաման էինք կատարում»,- ասել է Շարպատովը:    

«Metro Cargo Airlines»-ի փակվելուց մի քանի ամիս անց, «Air Cargo News»-ի փոխանցմամբ, Լահավը տեղափոխվել էր ավստրալական Սիդնեյ, սակայն այստեղ չէր կարողացել բեռնափոխադրող նոր ընկերություն հիմնել, ինչից հետո մեկնել էր Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաք, որտեղ էլ 1992-ին հիմնել էր «Pacific Express» ավիաընկերությունը: Լահավը ռուսական եւ ուկրաինական տերերից կարողացել էր «Իլ-76» օդանավեր վարձակալել ու աշխատել նույնկերպ, ինչ «Metro Cargo Airlines»-ի պարագայում: Այստեղ, սակայն, նա նոր սկանդալի մեջ էր հայտնվել: Տեղական պատվիրատուի համար «Մի-8» տիպի 2 ուղղաթիռ ներկրելու համար Լահավը «Իլ-76» բեռնատար օդանավ էր վարձակալել կուբական «Cubana» ընկերությունից: Ըստ «Air Cargo News»-ի՝ այս ծառայության համար Շիմոնը 20 հազ. դոլար էր վերցրել պատվիրատուից, բայց երբ ուղղաթիռներով բեռնված կուբական օդանավը վայրէջք էր կատարել Օքլենդում, վերջինիս անձնակազմը հրաժարվել էր բեռնաթափում կատարել, քանի որ չէր վարձատրվել «Pacific Express»-ի կողմից: Իր հերթին նորզելանդական մաքսային ծառայությունը 90 հազ. դոլար էր պահանջել ուղղաթիռների մաքսազերծման համար: Ուղղաթիռների պատվիրատուն ի պատասխան դիմել էր դատարան, որն արգելել էր կուբական «Իլ-76»-ի մեկնումը Նոր Զելանդիայից: Ի վերջո, 2 օր տեւած բանակցություններից հետո կողմերին հաջողվել էր համաձայնության գալ. կուբական անձնակազմը վճարվել էր, եւ ուղղաթիռները բեռնաթափվել էին: Այս միջադեպից հետո Լահավի նորզելանդական «Pacific Express»-ը հայտնվել էր տեղի ավիացիոն իշխանությունների ուշադրության կենտրոնում:      

Ավելին՝ Լահավի մասին տեղական հեռուստատեսությունը փաստագրական ֆիլմ էր պատրաստել «Frontline» («Առաջնագիծ») վերնագրով: Ֆիլմը պատմում էր, որ Լահավը՝ որպես Սիմոն Շպից, գերմանական Մյունխենում մեղադրվել է խարդախության մեջ: Նա մեղավոր էր ճանաչվել 90 հազ. դոլար յուրացնելու մեջ եւ 2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվել: Պարզվել էր, սակայն, որ Լահավը խախտել է պատժի կրման պայմանները, ու նրան փնտրող գերմանացի իրավապահները «Frontline» ֆիլմից էին տեղեկացել Լահավի գտնվելու վայրի մասին, եւ նրան կալանավորելու որոշում էր կայացվել: Այդ ժամանակ Լահավը գտնվում էր ԱՄՆ-ում գործուղման մեջ, մյուս կողմից՝ Գերմանիան ու Նոր Զելանդիան միմյանց միջեւ չունեին համաձայնագիր արտահանձնման վերաբերյալ, հետեւաբար երկուսն էլ դիմել էին Ինտերպոլին: «Pacific Express»-ի ղեկավարներից մեկը հայտարարել էր, թե Լահավն անհանգստացած չէ եւ անհամբեր սպասում է Նոր Զելանդիա վերադառնալուն, որ հանդիպի լրատվամիջոցներին: Այդուհանդերձ, նա այդպես էլ չվերադարձավ, իսկ «Pacific Express»-ը 1993-ին սնանկ ճանաչվեց՝ «Metro Cargo Airlines»-ի նման ասպարեզում մնալով ընդամենը 1 տարի: Հետաքրիր է, սակայն, որ, ըստ «Air Cargo News»-ի, մինչ այդ «Bank of New Zealand»-ը գումարներ էր փոխանցել Չեխոսլովակիա՝ Լահավի մոր անունով: Համաձայն հրապարակման՝ «Pacific Express»-ի սնանկացումից հետո Լահավը 1,2 մլն դոլարի պարտք էր մնացել գործընկերներին, այդ թվում՝ բանկերի, միջնորդների, վերգետնյա սպասարկում իրականացնող ընկերությունների, քաղավիացիոն իշխանությունների: 1998 թ. տպագրված հոդվածում գրվել է, որ Նոր Զելանդիան եւ Ավստրալիան Լահավին կալանավորելու որոշումներ ունեն:

«Pacific Express»-ի մասին 1993-1994 թթ. ձմռանը մի հետաքրքիր հրապարակում է արել ամերիկյան «CovertAction Quarterly» եռամսյա հանդեսը: Այսպես՝ 1993-ին ամերիկյան «Evergreen Helicopters» ավիաընկերությունը մեղադրել էր իր կանադական մրցակցին՝ «SkyLink»-ին՝ հայտարարելով, թե վերջինս սաբոտաժ է կազմակերպել՝ խանգարելով իր եւ ՄԱԿ-ի գործարքի իրականացմանը: Բանն այն է, որ ամերիկյան ընկերությունը ՄԱԿ-ի կարիքների համար ուղղաթիռներ պետք է առաքեր Կամբոջա, սակայն դա տեղի չէր ունեցել: «SkyLink»-ը զրպարտության հայցով դատի էր տվել «Evergreen»-ին ու պահանջել 7 մլն դոլար: Պարզվել էր, որ ամերիկյան կողմը ուղղաթիռները Կամբոջա տեղափոխելու համար պայմանագիր էր կնքել Լահավի «Pacific Express»-ի հետ, եւ հենց վերջինս էլ չէր կարողացել կատարել իր պարտականությունները, փոխարենն իր պատվիրատուին՝ «Evergreen»-ին, հայտնել էր, թե իբր Կանադայում գործող ընկերությունը կաշառքով եւ կոռուպցիայով առեւտրային սաբոտաժ է կազմակերպել: Ըստ Լահավի ընկերության՝ կանադացիները 5000 դոլար կաշառք են տվել գործարքի ենթակապալառուին՝ ուկրաինական «Atlant»-ի օդաչուներին, որ նրանք Կամբոջա չթռչեն ու տապալեն գործարքը: «Evergreen»-նն էլ իր հերթին ՄԱԿ-ին հայտնել էր, թե սաբոտաժի հեղինակ այդ կանադական ընկերությունը «SkyLink»-ն է:

Իսկ ի՞նչ էր եղել իրականում. «Atlant»-ը հայտարարել էր, որ ուղղաթիռները Կամբոջա չի տարել ոչ թե կանադացիներից կաշառք ստանալու պատճառով, այլ որ Լահավի «Pacific Express»-ն ավելի քան 500 հազ. դոլար պիտի վճարեր իրեն, սակայն վճարել է միայն 39 հազ. դոլար եւ տվել 2 հատ «Volvo» մեքենա: «CovertAction» հանդեսն ավելի հավանական էր համարել Լահավի ընկերության կողմից գումար չվճարելու պնդումը՝ հաշվի առնելով, թե ով է Շիմոն Լահավը կամ Սիմոն Շպիցը: Ամերիկյան պարբերականը եւս նշել էր, որ Շպիցը 1986-ին յուրացման մեղադրանքով դատապարտվել է Գերմանիայում եւ մինչ օրս (1993-1994 թթ.) հետախուզման մեջ է գերմանացի իրավապահների կողմից: Բացի դրանից, «CovertAction»-ի փոխանցմամբ, 1989-ին Իսրայելի ռազմածովային ուժերը կանգնեցրել էին Լահավի նավակը, որով նա փորձում էր իր պարտատերերից փախչել Կիպրոս: Դրանից հետո Լահավը կարողացել էր հեռանալ Շվեյցարիա, որտեղ էլ հիմնել էր «Metro Cargo Airlines»-ը, որը հետո 7 մլն դոլարի պարտք էր կուտակել իր օգտագործած օդանավերի սեփականատեր «Աէրոֆլոտին»: «CovertAction»-ը եւս հիշատակել է Լահավի օդանավերով զենքի առաքման մասին պնդումները (տես ստորեւ):

Նոր Զելանդիայից հետո, «Air Cargo News»-ի փոխանցմամբ, Շիմոն Լահավը հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ կրկին տարբեր պատմությունների մեջ է հայտնվել: Պարբերականը գրել է, որ Լոս Անջելեսում շքեղ գրասենյակ բացած Լահավը ավիացիոն ոլորտի տարբեր միջնորդների մոտ փորձել է «Իլ-76»-ը գովազդել իբրեւ հրդեհաշիջման լավ միջոց, որը կարող է աշխատել Կալիֆոռնիայում պարբերաբար բռնկվող հրդեհների ժամանակ, սակայն նրա նախագիծն ուշադրության չի արժանացել: Հետո Շիմոնը ծանոթացել է մի ամերիկացու հետ, որի հետ պայմանավորվել են «Boeing 747» բեռնատար օդանավով բեռ տեղափոխել Մեքսիկա: Լահավը ծառայության համար վերցրել է 400 հազ. դոլար, բայց հսկա ինքնաթիռ է բեռնվել ընդամենը 500 կգ բեռ: Դժբախտ պատվիրատուն դրանից հետո սնանկացել է:

Այնուհետ Լահավը գործընկերներ էր գտել Բուլղարիայում, որոնք ավելի ուշ եւս սնանկացել էին: Գերմանացի իրավապահներն իմացել էին, որ նա գտնվում է Բուլղարիայում եւ կապվել էին Ինտերպոլի հետ: Լահավին բռնել էին, եւ նա 4 օր մնացել էր անազատության մեջ: Այդուհանդերձ, գերմանական ոստիկանությունը չէր մասնակցել Սոֆիայում կայացած դատական նիստին, եւ դատարանը Լահավին ազատ էր արձակել, ինչից հետո վերջինս հեռացել էր Բուլղարիայից:

«Air Cargo News»-ը գրել է, որ Շիմոն Լահավը Իսրայելի եւ Չեխիայի քաղաքացիություն ունի, եւ Բուլղարիայից հետո նա հայտնվել է չեխական Օստրավա քաղաքում, որտեղ աշխատանքի է անցել «Air Ostrava» ավիաընկերությունում: Լահավի միջոցով բեռնափոխադրման պայմանագիր է կնքվել չեխական այս փոխադրողի եւ սինգապուրյան «Air Charter World»-ի միջեւ, որի հիման վրա վերջինս խոշոր գումարներ է փոխանցել, բայց այս պայմաններում «Air Ostrava»-ն հաջողացրել է մեծ պարտքեր կուտակել իրեն ծառայություն մատուցող գործընկերներին: «Air Cargo News»-ի տեղեկացմամբ՝ չեխական ընկերությունում տեղյակ չեն եղել Լահավի այս գործարքից, եւ իրականությունն ավելի ուշ է բացահայտվել:

Օստրավայում աշխատելիս Լահավը կապ է հաստատել իռլանդական «Aer Turas» ավիաընկերության հետ եւ հետաքրքրվել դրա «DC-8» տիպի բեռնատար օդանավերով՝ 1995 թ. Սուրբ ծննդի օրերին ԱՄՆ փոստային ծառայության համար չարտերային թռիչքներ կատարելու համար: Իռլանդական ընկերությունն էլ Լահավին՝ որպես պոտենցիալ հաճախորդի, ներկայացրել է մանրամասն տեղեկատվություն: Այս ինֆորմացիան Լահավը փոխանցել է ամերիկյան միջնորդին՝ Դալասում գործող «Tail Wind International»-ին, որը՝ տպավորված պրեզենտացիայով, 100 հազ. դոլար կանխավճար է փոխանցել, սակայն ոչ մի «DC-8» չի ուղարկվել ԱՄՆ, կանխավճարը նույնպես չի վերադարձվել: Սուրբ ծննդից հետո ամերիկյան ընկերության ղեկավարներից մեկը մեկնել է Օստրավա՝ հանդիպելու Լահավին: Ըստ «Air Cargo News»-ի՝ նրանք զրուցել են, սակայն Լահավը ներկայացել է որպես Մարտին Կոլարժ՝ ասելով, թե Շիմոն Լահավը կվերադառնա մի քանի օրից: Ամերիկացի հյուրին տեղավորել են հյուրանոցում, բայց Լահավի հետ հանդիպումն այդպես էլ չի կայացել: Ֆինանսական միջոցները քամուն տված ամերիկացին ստիպված դիմել է Պրահայում գտնվող ամերիկյան դեսպանատուն՝ խնդրելով կազմակերպել իր վերադարձը հայրենիք: Այս ընթացքում, ինչպես գրել է «Air Cargo News»-ը, «Air Ostrava»-ն հանիրավի ձեռք է բերել խարդախ ավիաընկերության պիտակ ու ստիպված է եղել բոլոր գործընկերներին նամակներ ուղարկել՝ հերքելով իր կապը Շիմոն Լահավի հետ: Դրանից հետո, ըստ հրապարակման, Լահավին վռնդել են Օստրավայից:

«Air Cargo News»-ի զրուցակիցները նշել են, թե Լեհաստանի հետ սահմանից մինչեւ Վլադիվոստոկ Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների բեռնափոխադրող ավիաընկերությունները տենչում են Շիմոն Լահավի արյունը (նկատի են ունեցել բիզնեսը): Մեկ այլ աղբյուր բրիտանական պարբերականին ասել է. «Եթե երբեւէ գաք Ռուսաստան կամ ԱՊՀ, նրա անունը չհիշատակեք, այլապես ծանրքաշայինները կկախեն ձեզ»:                

Բրիտանական պարբերականի հրապարակումը, ինչպես ասվեց, միակը չէ Շպիցի եւ նրան առնչվող ընկերությունների մասին: Համացանցում այս անունը փնտրելիս կարելի է գտնել տարբեր մեկնաբանություններ, որոնց, սակայն, այստեղ չենք անդրադառնա:

Այդուհանդերձ, չենք կարող չնշել, որ Լահավի անունը շոշափվել է 1990-ականներին աշխարհի թեժ կետեր զենք-զինամթերք մատակարարելու խնդրում: Ավելին՝ 1998-ի ապրիլին «HTV Bristol»-ին տված հարցազրույցում նա ինքը խոստովանել է, որ Լոնդոնի «Գեթվիկ» օդանավակայանում բազավորվող ավիաընկերություններից մեկը դեռ 1995-ին վարձակալել էր իր ինքնաթիռները՝ քաղաքացիական կռիվների մեջ գտնվող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն զենք տեղափոխելու համար: Լահավը հայտարարել էր, թե ինքը կարծել է, որ զենքի առաքումը միջկառավարական գործարք է: «Մենք թռչում ենք, եթե փաստաթղթերը ճիշտ են: Մենք թղթեր չենք ստուգում, պարզապես նայում ենք արտահանման սերտիֆիկատները»,- ասել էր նա:       

«Մեր պարտնյորը պերսոնան չէ»                  

«Մենք ունենք դրսից շատ մեծ ինվեստիցիա, եւ հենց դրա հիման վրա է այս ամենը ստեղծվել»,- «Հետքի» հետ զրույցում չթաքցրեց «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» մարքեթինգային բաժնի ղեկավար Կարեն Ծատուրյանը՝ նկատի ունենալով «Lincoln Transport Ltd» ընկերությունը: Իսկ երբ խնդրեցինք մեկնաբանել Սիմոն (Սայմոն) Շպիցի մասին համացանցում առկա տեղեկությունները, նա ասաց, թե ինչ ուզում են, թող գրեն, ինքը որեւէ մեկնաբանություն չունի: «Մենք գործ ունենք կազմակերպության հետ (նկատի ունի «Lincoln Transport Ltd»-ն- հեղ.), մեր պարտնյորը պերսոնան չէ, այլ ինվեստիցիոն կազմակեպությունը»,- ասաց Ծատուրյանը:

-Բայց այդ ընկերության միակ սեփականատերը ինքն է, այսինքն՝ փաստացի ինքն է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» 45 տոկոսի տերը:

-Ոչ:

-Համաձայն չե՞ք:

-Իհարկե, ոչ: Դա ընդամենը մարդ է, պերսոնա է, անհատ, որն այդ կազմակերպության տնօրենն է:

-Նաեւ սեփականատերն է: Մենք իր մասին գրելու ենք, ցանկանում ենք «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» արձագանքն իմանալ, որպեսզի նյութը չլինի միակողմանի:

-Դե, գիտե՞ք ոնց է. ինքն անձամբ մեր կազմակերպության փայատերը չէ, փայատերը էն կազմակերպությունն է, որը որ ինքը ղեկավարում է: Վաղը կարող է դրա սեփականատերն ու տնօրենն այդ մարդը չլինի, դրանից մեր պայմանագիրը, ֆինանսային համագործակցության ընթացքը որեւէ կերպ ո՛չ տուժելու է, ո՛չ էլ շահելու է: Պերսոնալ այդ մարդը որեւէ դեր չի խաղում: Ներդրողը լոնդոնյան ընկերությունն է, բայց Դուք հիմա անձի անուն եք տալիս, որը, եթե շատ կոպիտ ասեմ, որեւէ դերակատություն չունի: Այսինքն՝ պայմանավորվածությունները կապ չունեն եւ կախում չունեն այդ անձից, այնպես որ իր մասին ինչ ուզում եք, գրեք: Ինձ համար ընդհանրապես կարեւոր չէ, թե ինչ կգրեք:

Հաշվի առնելով Կ. Ծատուրյանի ասածը, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» հիմնադրվել է արտասահմանյան ներդրման հիման վրա՝ հարցրինք, թե ինչ ներդրում ունի ընկերության 55 %-ի փայատեր Բելլա Գայամովան, արդյոք նրա մասնակցությունը ֆիկտիվ չէ, ինչին Ծատուրյանը պատասխանեց. «Որեւէ ֆիկտիվ բան այս կազմակերպությունում գոյություն չունի, ինչ որ կա, ամենը համապատասխանում է մեր ներկայացրած ինֆորմացիային»:  

Մեկնաբանություններ (2)

Thomas Rinnert
Fantastic article - well researched. If interested I do have some more details about this crook
Christoph
Fantastic article! Any news about Fly Armenia? Did they start flying or any other update regarding the company

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter