HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Եվս մի օպերատոր դուրս մնաց հայկական շուկայից. «Մարս Ավիան» զրկվել է օդանավ շահագործողի վկայականից

Հուլիսի 4-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն «Մարս Ավիա» ավիաընկերությանը զրկել է օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ), ինչը նշանակում է, որ ընկերությունն այլեւս չի կարող առեւտրային գործունեություն ծավալել:

ՔԱԿ-ն այս տարվա փետրվարի 1-ին հայտարարել էր, որ հունվարի 14-17-ը «Մարս Ավիայում» ուսումնասիրությունն է իրականացրել, ինչի արդյունքում ընկերությունում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ:

«Մարս Ավիան» կոմիտեի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ավիափոխադրողի հաշվեկշռում գտնվող «Ան-74» տրանսպորտային ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-74008) անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պատահարի հետեւանքով շարքից դուրս եկավ: Օդանավը վազքուղու վրա նստել էր փակ շասսիով ու անպիտան դարձել, սակայն անձնակազմի 4 անդամները (ազգությամբ ռուսներ) չէին տուժել:

Բայց նորություն չէ, որ «Մարս Ավիայի» օդանավերը, որոնք հիմնականում տրանսպորտային ինքնաթիռներ էին, եւ որոնց թիվն ընկերության ավիապարկում երբեմն գերազանցել է մեկ տասնյակը, գլխավորապես շահագործվում էին Աֆրիկայում:

«Հետքը» վերջերս գրել է աֆրիկյան երկրներում իր գործունեությամբ հայտնի Վահրամ Սիմոնյանին վերաբերող նոր դրվագի մասին, որն այս անգամ առնչվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահին եւ կառավարական բանակին համապատասխան փաստաթղթեր չունեցող օդանավերով ծառայություններ մատուցելուն: Գրել ենք, որ այդ օդանավերից 2-ը («Ան-72» տիպի) մի որոշ ժամանակ ՀՀ-ում գրանցված են եղել հենց «Մարս Ավիայի» անունով, ու հետաքրքիրն այն է, որ ինքնաթիռներից մեկի վարձակալության պայմանագրով փաստվում է, որ ոչ թե վարձակալ «Մարս Ավիան» է վճարել սեփականատիրոջը՝ Սիմոնյանի ընկերությանը, այլ հենց վերջինս է ամսական 3000 դոլար գումար տվել «Մարս Ավիային»: Սրա նպատակը եղել է օդանավը Հայաստանում գրանցելը, այսինքն՝ Սիմոնյանին պետք էր իր ինքնաթիռը գրանցել Հայաստանում, իսկ դրա համար պետք է լիներ ՕՇՎ ունեցող տեղական մի ավիաընկերություն, որը կհամաձայներ իր ավիապարկում ընդգրկել այդ ինքնաթիռը: Համաձայնություն է ձեռք բերվել «Մարս Ավիայի» հետ, ինքնաթիռը գրանցվել է մեր երկրում: Նույնն արվել է երկրորդ օդանավի պարագայում:  

«Մարս Ավիայի» միջոցով Հայաստանում իր օդանավերը գրանցելով՝ Վահրամ Սիմոնյանը դրանք տեղափոխել է Կոնգո ու շահագործել, չնայած ինքնաթիռները թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չեն ունեցել: Ավելին՝ «Ան-72»-ները հայկական ռեգիստրից դուրս գրվելուց հետո, այսինքն՝ այն բանից հետո, երբ թեկուզ ձեւական առումով այլեւս «Մարս Ավիայի» կազմում չէին, շարունակել են հայկական գրանցումով թռչել աֆրիկյան մայրցամաքում:

ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Գալուստ Պողոսյանը «Հետքին» հայտնել էր, որ «Մարս Ավիայում» հայտնաբերված խախտումներն անմիջականորեն կապված են թռիչքային անվտանգության հետ: Նա նաեւ փոխանցել էր, որ կոմիտեն ուսումնասիրել է, թե «Մարս Ավիայում» որքանով են պահպանվում թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության եւ ավիացիոն անվտանգության շահագործողական նորմերի ապահովման պահանջները:

Արձանագրված խախտումների հիմքով ՔԱԿ-ը փետրվարի 1-ին կասեցրել էր «Մարս Ավիայի» ՕՇՎ-ի գործողությունը եւ 3 ամիս ժամանակ տվել՝ թերությունները շտկելու համար: Ժամկետը լրացել էր մայիսի 1-ին, բայց քանի որ մարտի 16-ից Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, եւ ավիափոխադրողն էլ դիմել էր կոմիտեին ժամկետը երկարաձգելու խնդրանքով, ՔԱԿ-ը ժամանակ էր տվել մինչեւ հուլիսի 1-ը:

Փաստորեն, ավիաընկերությունը չի կարողացել բավարարել առաջադրված պահանջները եւ հուլիսի 4-ին զրկվել է ՕՇՎ-ից:

Չնայած այս տարի «Մարս Ավիան» ունեցել է 8 օդանավ, ժամանակի ընթացքում դրանց սեփականատերերը Հայաստանի ռեգիստրից դուրս են հանել իրենց ինքնաթիռները: Պատճառը հասկանալի է. եթե օպերատորի ՕՇՎ-ն կասեցված է, եւ դրա անունով գրանցված օդանավն իրավունք չունի շահագործվել, ապա ավելի լավ է այն գրանցել մեկ այլ երկրում՝ մեկ այլ ավիաընկերության անունով:

Նկատենք, որ «Մարս Ավիայի» կազմում ներառված ինքնաթիռները շահագործվել են այնպիսի երկրներում, որոնք, մեղմ ասած, չեն փայլում իրենց թռիչքային անվտանգությամբ՝ Հարավային Սուդան, Չադ, Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն, Սոմալի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:

Այսպիսով՝ 2013-ին հիմնադրված (սեփականատերերի մասին կարող եք կարդալ այստեղ) եւ 2017-ին օդանավ շահագործողի վկայական ստացած «Մարս Ավիա» ավիաընկերության էջը, ամենայն հավանակությամբ, կարող ենք փակված համարել: Նկատենք նաեւ, որ, ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի, ««Մարս Ավիա» ավիաընկերություն» ՓԲԸ-ն այս պահին համարվում է գործող կազմակերպություն: Այսինքն՝ ընկերությունը չնայած այլեւս չի կարող կոմերցիոն նպատակներով օդանավ շահագործել, որպես իրավաբանական անձ գործունեությունը չի դադարեցրել: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներով էլ՝ 2017-2020 թթ. «Մարս Ավիան» ունեցել է ամսական առավելագույնը 43 աշխատակից, որոնց թիվն այս տարվա ապրիլ-մայիսին հասել է 6-ի:    

Եթե նկատի ունենանք, որ 2019-ի նոյեմբերին «Տարոն-Ավիան» էր դուրս եկել հայկական շուկայից, ապա պիտի ասենք, որ վերջին 8 ամսում երկրորդ հայկական ավիափոխադրողն է լքում ասպարեզը (նշենք նաեւ, որ «Մարս Ավիայի» մասով հայկական շուկա ասվածը հարաբերական է, քանի որ ընկերության հայացքը միշտ էլ արտերկրին է ուղղված եղել):

Առաջին լուսանկարում՝ EK-26005 նախկին գրանցումով «Ան-26» ինքնաթիռը, որը 2017-2020 թթ. գրանցված էր «Մարս Ավիայի» կազմում ու շահագործվում էր Աֆրիկայում. լուսանկարն արված է լեհական Կատովիցե քաղաքում (06.05.2018)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter