
Քաղավիացիայի կոմիտեն «Մարս Ավիային» եւս 2 ամիս ժամանակ է տվել
Քաղավիացիայի կոմիտեն երկարաձգել է այն ժամկետը, որը տվել էր «Մարս Ավիա» ավիաընկերությանը՝ բացահայտված թերությունները վերացնելու համար:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ն այս տարվա փետրվարի 1-ին հայտարարեց, թե հունվարի 14-17-ը ընկերությունում ուսումնասիրությունն է իրականացրել, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ: Սրա հիման վրա ՔԱԿ-ը փետրվարի 1-ին կասեցրել էր «Մարս Ավիայի» օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը եւ ավիափոխադրողին 3 ամիս տվել՝ թերությունները վերացնելու համար: Առանց ՕՇՎ-ի ընկերությունը չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել:
ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Գալուստ Պողոսյանին խնդրել էինք մանրամասնել, թե որոնք են «թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերությունները»: Այդուհանդերձ, Պողոսյանն ընդամենը նշել է, որ «խախտումները անմիջականորեն կապված են թռիչքային անվտանգության հետ»: Նա նաեւ հայտնել է, որ կոմիտեն ուսումնասիրել է, թե «Մարս Ավիայում» որքանով են պահպանվում թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության եւ ավիացիոն անվտանգության շահագործողական նորմերի ապահովման պահանջները:
Ավիափոխադրողին տրված 3 ամիսը լրացել է այս ամսվա սկզբին, սակայն ՔԱԿ-ը երկարացրել է ժամկետը մինչեւ հուլիսի 1-ը (եւս 2 ամսով): Ի պատասխան մեր հարցմանը՝ Գ. Պողոսյանը հայտնել է, որ դա կապված է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու եւ ապրիլի 13-ին այն երկարաձգելու հետ: Բացի դրանից՝ կոմիտեին դիմել է նաեւ «Մարս Ավիան»՝ խնդրելով լրացուցիչ ժամանակ տրամադրել, ինչին կոմիտեն ընդառաջել է:
Փետրվարի 1-ին ՔԱԿ-ը նաեւ հայտնել էր, որ «Մարս Ավիայի» օդանավերը շահագործվում են աֆրիկյան երկրներում՝ Հարավային Սուդանում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) եւ Չադում: Իրականում, սակայն, «Մարս Ավիայի» ինքնաթիռների գործունեության աշխարհագրությունն ավելի մեծ է: Նույն ՔԱԿ-ի հրապարակած տյալներով՝ 2020 թ. ընթացքում այս ընկերությունն ունեցել է 8 օդանավ («Ան-28», «Ան-26», «Ան-32», «Յակ-42», «L-410» տեսակների), որոնցից 6-ը շահագործվել են Սոմալիում, Հարավային Սուդանում, ԿԱՀ-ում, Չադում, 2-ն էլ կայանված են եղել Ռուսաստանում ու Լեհաստանում:
2020-ի հունվար-փետրվարի ընթացքում «Մարս Ավիայի» օդանավերից 5-ը դուրս են գրվել ՀՀ օդանավերի ռեգիստրից, այսինքն՝ դրանք այլեւս ՀՀ ազգային նիշ (EK) չեն կրում:
Մնացած 3-ն այս պահին շահագործվելու իրավունք չունեն: Սրանցից 2-ը «Ան-26» տրանսպորտային ինքնաթիռ են. մեկը (EK-26005) բազավորված է ԿԱՀ-ի մայրաքաղաք Բանգիում, մյուսն էլ (EK-26009) կայանված է Լեհաստանի Կատովիցե քաղաքում, իսկ 1-ն էլ ուղեւորատար «Յակ-42» է (EK-42018), որի բազավորման վայրը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոն է (այս օդանավի մասին գրել ենք):
«Մարս Ավիային» ՔԱԿ-ն առանձնակի ուշադրություն դարձրեց անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Մոգադիշոյում «Ան-74» տրանսպորտային ինքնաթիռի (հայկական գրանցումը՝ EK-74008) պատահարից հետո: Օդանավը վազքուղու վրա նստել էր փակ շասսիով ու շարքից դուրս էր եկել, անձնակազմի 4 անդամները (ազգությամբ ռուսներ) չէին տուժել:
Եթե ավիաընկերությունը չկարողանա բավարարել առաջադրված պահանջները, ապա կզրկվի օդանավ շահագործողի վկայականից, եւ, ըստ ամենայնի, ինքնաթիռների սեփականատերերը դրանք Հայաստանից կտեղափոխեն՝ այլ երկրում գրանցելու:
Առաջին լուսանկարում՝ «Մարս Ավիայի» «Յակ-42» ինքնաթիռը՝ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում (bigsta.net)
Մեկնաբանել