HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սոմալին դարձել է հայկական օդանավերի նոր խոպան

Հայկական ավիաընկերությունների եւ ավիատորների համար Աֆրիկան միշտ էլ եղել է գումար աշխատելու հարմար վայր: Հատկապես բեռնափոխադրող ընկերությունները, տարիներ շարունակ գրանցված լինելով Հայաստանում, գերազանցապես աշխատել են ասիական ու աֆրիկական շուկաներում՝ օգտագործելով խորհրդային արտադրության ինքնաթիռներ, որոնք պարբերաբար հայտնվել են ավիացիոն պատահարների ու միջադեպերի կիզակետում:

Աֆրիկական երկրներից մեկը, ուր խոպան են գնում ՀՀ-ում գրանցված օդանավերն ու հայ ավիատորները, Սոմալին է: Այս երկիրը հայտնի է ներքաղաքական լարված իրավիճակով, զինված բախումներով, անկախություն հռչակած տարածաշրջանների ու կենտրոնական իշխանությունների շարունակական հակամարտությամբ, սոցիալական վատ պայմաններով եւ, ինչի մասին շատերը գիտեն, ծովահենությամբ: Այսքանով հանդերձ՝ հայկական ավիափոխադրողները Սոմալիում աշխատելու փորձ են կուտակել:

«Հետքը» գրել է վտանգավոր այս երկրում փոխադրումների ծառայություններ մատուցած հայկական ընկերությունների մասին: Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ 1992-ին Սոմալիում զենքի էմբարգո է հայտարարել, հետագայում նույն ՄԱԿ-ի փորձագետներն իրենց զեկույցներում այլ երկրների ավիաընկերությունների թվում հիշատակել են նաեւ հայկական փոխադրողների մասին, որոնք 2010-2011 թթ. տարբեր պատվիրատուների համար բեռնափոխադրումներ են կատարել, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի: Դրանց թվում էին «Վ-Բերդ-Ավիա», «South Airlines» եւ «Հայք Ավիա» ընկերությունները, որոնք ներկայում օդանավ չեն շահագործում:  

Ինչպես հայտնի է, վերջերս՝ հոկտեմբերի 9-ին, Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի օդանավակայանում վթարային վայրէջք կատարեց մեկ այլ հայկական ավիաընկերության՝ «Մարս Ավիայի» «Ան-74» տրանսպորտային ինքնաթիռը, որում 4 մարդ կար (անձնակազմի անդամները), բայց բարեբախտաբար ոչ ոք չտուժեց:    

«Մարս Ավիան» առավել հայտնի է որպես բեռնափոխադրող ընկերություն, սակայն ունի տարբեր նշանակության օդանավեր, այդ թվում՝ ուղեւորատար: Դրանցից մեկը՝ EK-42018 գրանցումով «Յակ-42Դ» ինքնաթիռը, վերջերս վարձակալությամբ հանձնվել է սոմալիական «Halla Airlines»-ին: Դժվար է հիշել, թե մեկ էլ երբ են հայկական օդանավերն օգտագործվել Սոմալիի ուղեւորատար ավիաընկերությունների կարիքների համար:

Չնայած իր կայքում «Halla Airlines»-ը նշում է, որ սոմալիական ընկերություն է՝ հիմնադրված 2015-ին, հասցեն ներկայացվում է Սոմալիի հարեւան Քենիայի մայրաքաղաք Նայրոբին: Բանն այն է, որ սոմալիական ավիափոխադրողը հիմնադրվել է քենիական «Darasa Investment Limited»-ի կողմից: Ավիացիոն ոլորտում մասնագիտացած ch-aviation.com կայքը, հղում անելով «Skyliner Magazine»-ին, գրում է, որ հայկական ինքնաթիռը վարձակալած ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում մայրաքաղաք Մոգադիշոյի եւ Հարգեյսա քաղաքի միջեւ: Վերջինս Սոմալիից անկախություն հռչակած, բայց միջազգային հանրության կողմից չճանաչված Սոմալիլենդի մայրաքաղաքն է:

Մեծ հաշվով, «Halla Airlines»-ն անհայտ ընկերություն է: Վերջինս այս ամռանը սուդանական «Tarco Aviation»-ից կարճ ժամանակով վարձակալել, ապա վերադարձրել էր մեկ հատ «Boeing 737-300» տիպի ինքնաթիռ: Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ «Մարս Ավիայից» վարձակալած օդանավը «Halla Airlines»-ի պատմության երկրորդ բորտն է:

«Յակ-42»-ները խորհրդային, ապա ռուսական արտադրության օդանավեր են, որոնք նախատեսված են 120 ուղեւորի տեղափոխման համար: Կոնկրետ EK-42018-ը թողարկվել է 1994-ի փետրվարին, նախկինում շահագործվել է Ուկրաինայում, Իրանում եւ Սուդանում: Մեր տեղեկություններով՝ ՀՀ-ում գրանցվել է 2018-ին: Համաձայն aerotransport.org-ի՝ սոմալիական փոխադրողն օդանավը վարձակալել է «թաց լիզինգի» տարբերակով, ինչը նշանակում է, որ, մասնավորապես, դրա թռիչքային եւ տեխնիկական սպասարկումը հայկական ավիաընկերությունն է իրականացնում:  

Նշենք, որ «Յակ-42Դ» տիպի 5 հատ ինքնաթիռ Հայաստանում նախկինում շահագործել է «Արմավիան»: Դրանցից մեկը, որը գրանցված էր իբրեւ EK-42470 եւ կրում էր հայ մեծահարուստ, բարերար Ալեքսանդր Մանթաշեւի անունը, 2013-ից՝ «Արմավիայի»՝ շուկայից դուրս գալուց հետո, մինչ օրս կանգնած է Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում:       

Լուսանկարում՝ «Յակ-42»-ը՝ Օդեսայում 2017 թ., երբ դեռ սուդանական գրանցումով էր (russianplanes.net)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter