HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի օդանավերը. մաս 2

սկիզբը

Ինչպես արդեն գրել ենք, ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված է 33 օդանավ (օգոստոսի 12-ի դրությամբ): Դրանցից 5-ին անդրադարձել ենք նախորդ հոդվածում: Այժմ՝ այն 28 օդանավերի մասին, որոնք կատարում են կոմերցիոն առեւտրային փոխադրումներ՝ վճարովի հիմունքներով տեղափոխում են ուղեւորներ, բեռ եւ փոստ:

Օդանավերին անդրադառնանք ըստ դրանց շահագործող ավիաընկերությունների, որոնց մասին արդեն պատմել ենք:   

«Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզի» «Airbus»-ները

Երեւանցի Կարեն Բդոյանի «Atlantis European Airways» («Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ») ընկերությունն ունի 3 հատ «Airbus A320-200» տիպի ինքնաթիռ, բայց, ինչպես հայտնի է, «AEA»-ն թե՛ նախկինում, թե՛ այսօր իր ինքնաթիռները վարձակալությամբ հանձնում է այլ ավիաընկերությունների:  

Դրանցից EK-32008 համարով բորտը Հայաստանում գրանցված է դեռ 2003-ից, երբ շահագործողն «Արմավիան» էր: Վերջինիս՝ շուկայից հեռանալուց հետո՝ 2014-ին, օդանավի շահագործող է դարձել «AEA»-ն, իսկ սեփականատերը «Յունիբանկն» է: Օդանավն արտադրվել է 1991-ի հունիսին, այսինքն՝ 28 տարեկան է, ինչը պատշաճ տարիք է:

«AEA»-ն իր կարիքների համար չի օգտագործել օդանավը, փոխարենը «թաց լիզինգի» հիմունքներով վարձակալությամբ տվել է նախ մոլդովական «Fly One»-ին, ապա՝ հունական «Ellinair»-ին, իսկ հետո՝ Մոլդովայի ազգային փոխադրող «Air Moldova»-ին: Ավելի ուշ կրկին «Fly One»-ն է վարձակալել ինքնաթիռը, իսկ տակավին վերջերս EK-32008-ը մի քանի թռիչք է իրականացրել հունական «Air Mediterranean» ավիաընկերության համար, ապա վարձով հանձնվել Թունիսի ազգային փոխադրող «Tunisair»-ին: Ինքնաթիռը կրում է «Մեսրոպ Մաշտոց» անունը:   

EK-32002-ը եւս 2003-2005 թ. Հայաստանում գրանցված էր «Արմավիայի» անունով, բայց կրում էր EK-32007 համարը: Այստեղից հեռանալուց եւ տարբեր երկրներում դեգերելուց հետո այս «A320»-ը 2017-ին վերադարձել է Հայաստան ու գրանցվել «AEA»-ի անունով: Ինքնաթիռն արտադրվել է 1997-ի հոկտեմբերին:

«AEA»-ն տարբեր ժամանակահատվածներում օդանավը «թաց լիզինգով» տվել է վերը նշված «Fly One»-ին եւ «Ellinair»-ին, իսկ հետո՝ «Air Moldova»-ին, որը մինչ օրս շահագործում է այն:

EK-32003 համարով «A320»-ը համեմատաբար վերջերս է հայտնվել մեր երկրում. «AEA»-ն այն ստացել է 2018-ին, բայց էլի ինքը չի օգտագործել, այլ վարձով հանձնել է «Air Moldova»-ին: Օդանավն արտադրվել է 1991-ի հոկտեմբերին, նախկինում շահագործվել է Մեքսիկայում:

Փաստորեն, «Atlantis European Airways»-ի 3 օդանավերից 2-ի վարձակալը ներկա պահին Մոլդովայի ազգային ավիափոխադրողն է:

«Ատլանտիս Արմենիան Էյրլայնզն» առայժմ մեկ ինքնաթիռ ունի

ՀՀ-ում Ավստրիայի պատվավոր հյուպատոս եւ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Արամ Մարությանի այս ընկերությունն («Atlantis Armenian Airlines») առայժմ մեկ ինքնաթիռ է շահագործում՝ չեխական «L-410UVP-E20»՝ արտադրված 2015 թ. եւ ձեռք բերված հենց արտադրողից: EK-4117 գրանցումով օդանավի սեփականատերը, ինչպես գրել ենք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին փոխկապակցված երեւանյան «Գլոբալ Սերվիսիս Գրուպ» ՍՊԸ-ն է: Բայց հայտնի է նաեւ, որ 5,5 մլն եվրո արժեցող «L-410»-ը գնվել է ԶՊՄԿ-ի միջոցներով: Այն կրում է Համո Սահյանի անունը:

Սկզբնապես օդանավը նախատեսվել էր Երեւան-Կապան օդային երթուղին սպասարկելու համար, սակայն Կապանի օդանավակայանը դեռ չի բացվել, եւ տակավին վերջերս EK-4117-ը Երեւանից ոչ կանոնավոր թռիչքներ էր կատարում դեպի Բաթում:

«Տարոն-Ավիայի» «Boeing»-ները

Գյումրեցի Գառնիկ Պապիկյանի ավիաընկերությունը ներկա պահին 4 հատ «Boeing 737-500» տիպի ինքնաթիռ ունի, որոնցից 3-ը նախկինում շահագործել է «Արմավիան»: «Czech Airlines»-ից վարկով գնված այդ օդանավերի մասին «Հետքը» գրել է:

EK-73775 բորտը, ըստ ավիացիոն տեղեկատուների, արտադրվել է 1999-ի հունվարին, Հայաստան է տեղափոխվել 2011-ին: «Արմավիան» այն օգտագործել է մինչեւ 2013 թ., երբ հայտարարեց չվերթները դադարեցնելու մասին: Երկար ժամանակ EK-73775-ը կանգնած էր «Զվարթնոցում»: 2015-ին օդանավը ձեռք է բերել Գ. Պապիկյանի՝ Շարժայի օդանավակայանի ազատ տնտեսական գոտում գրանցված «Ala International» ընկերությունը (հետագայում սրա փոխարեն սեփականատեր է գրանցվել նույն հասցեում գործող «Meridien FZE»-ն), իսկ շահագործող է գրանցվել «Տարոն-Ավիան»: Սակայն վերջինս իր կարիքների համար ինքնաթիռը չի շահագործել, այլ շուտով «թաց լիզինգով» հանձնել է սուդանական «Badr Airlines»-ին:

Հետագայում օդանավն օգտագործվել է նաեւ մոլդովական «Fly One»-ի ու հայկական «Ավիակոմպանիա Արմենիայի» համար, իսկ այս տարվա հուլիսից վարձակալության է հանձնվել Կամերունի ազգային ավիափոխադրող «Camair-Co»-ին:

EK-73772-ն արտադրվել է 1998-ի փետրվարին: Նախորդի պես սա էլ 2011-2013 թթ. եղել է «Արմավիայի» շարժակազմում, ապա 2015-ին վաճառվել է Պապիկյանի արաբական «Ala International»-ին, իսկ շահագործող է դարձել «Տարոն-Ավիան», որը EK-73775-ի նման այս բորտն էլ շուտով հանձնել է սուդանական «Badr Airlines»-ին, եւ օդանավը մինչ օրս թռչում է Աֆրիկայում:

EK-73776-ն արտադրվել է 1997-ի մայիսին, «Արմավիայի» նախկին բորտերից է, սակայն 2011-2013 թթ. հայկական այս փոխադրողի կազմում օդանավի գրանցումն այլ էր՝ EK-73771, իսկ մինչեւ մեր երկրում շահագործվելը՝ 2011-ի աշնանը, ինքնաթիռը հանձնվել էր Միխայիլ Բաղդասարովի կողմից Սլովակիայում հիմնված «Slovakian Airlines»-ին (OM-BTS), որն այդպես էլ թռչելու իրավունք չստացավ, եւ EK-73771-ը տեղափոխվեց Հայաստան ու սկսեց օգտագործվել «Արմավիայի» կողմից: 2013-2017 թթ. բորտը կանգնած էր լեհական Կատովիցե քաղաքի օդանավակայանում, ապա Հորդանանում տեխսպասարկում անցնելուց հետո տեղափոխվեց Հայաստան եւ որպես EK-73776 մտավ «Տարոն-Ավիայի» շարժակազմ: Այստեղ օդանավը անվանակոչվեց կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: Ինչպես հայտնի է, «Տարոն-Ավիան» 2017-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Գյումրուց թռչում էր ռուսական տարբեր ուղղություններով, իսկ նույն տարվա նոյեմբերից մինչեւ 2018-ի հունվար՝ Երեւանից դեպի Մոսկվա:

EK-73776-ը կատարում էր այս չվերթները, իսկ դրանց դադարեցումից հետո այն տեղափոխվեց Աֆրիկա՝ վարձով հանձնվելով սուդանական «Badr Airlines»-ին, որը շահագործում է մինչեւ հիմա:

«Տարոն-Ավիայի» երկրորդ օդանավը, որը մասնակցել է ընկերության սեփական ավիափոխադրումներին, EK-73797-ն էր: 1994-ի փետրվարին արտադրված ինքնաթիռը 2013-2014 թթ. շահագործվել է Հայաստանում «Էյր Արմենիայի» կողմից, որն էլ այն վարձակալել էր Պապիկյանի «Ala International»-ից: Շատերը կհիշեն, որ վերջինիս ունեցած պարտքի պատճառով «Էյր Արմենիայի» ղեկավար Արսեն Ավետիսյանը ծեծի ենթարկվեց ֆուտբոլի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից: «Էյր Արմենիայից» հետո EK-73797-ը վարձակալությամբ հանձնվել է Աֆղանստանի («Kam Air»), Կոնգոյի («Canadian Airways Congo»), Սուդանի («Badr Airlines») օպերատորներին: 2017-ի ապրիլից օդանավը, որը ստացել էր «Մհեր Մկրտչյան» անունը, Գյումրուց սկսեց թռչել Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով եւ Մոսկվա: «Տարոն-Ավիայի» սեփական թռիչքների դադարեցումից հետո՝ 2018-ի մայիսին, EK-73797-ի շահագործող դարձավ «Atlantis European Airways»-ը, որը, սակայն, իր հերթին «թաց լիզինգով» բորտը հանձնեց օտարերկրյա տարբեր օպերատորների («Ellinair», «Fly One», «Air Moldova»):

Այս տարի EK-73797-ի շահագործող է գրանցվել կրկին «Տարոն-Ավիան»: Վերջինս մի որոշ ժամանակ օդանավով թռիչքներ էր կատարում սուղ ավիապարկ ունեցող «Ավիակոմպանիա Արմենիայի» եւ դրա գործընկեր վրացական «Georgian Airways»-ի համար, իսկ հիմա EK-73797-ը կանգնած է «Շիրակ» օդանավակայանում:  

«Արմենիա Էյրվեյզն» օգտագործում է օդանավերից մեկը

Պարսկահայ Առլեն Դավուդյանի «Արմենիա Էյրվեյզն» («Armenia Airways») այս հունիսից իրականացնում է Երեւան-Թեհրան-Երեւան թռիչքներ՝ այս պահին չունենալով որեւէ մրցակից: Ընկերությունն այդ նպատակով շահագործում է 112 հոգու համար նախատեսված «BAe 146-300» տիպի մեկ օդանավ (EK-14601), որն արտադրվել է 1991-ի հուլիսին եւ Հայաստան է բերվել այս տարի Ռումինիայից:

Չնայած, ըստ մեր աղբյուրի, այն ձեռք է բերվել լիզինգով, չի բացառվում, որ հայկական օպերատորը կգնի բորտը:      

Ըստ քաղավիացիայի կոմիտեի տրամադրած ցանկի՝ «Արմենիա Էյրվեյզն» ունի նաեւ 1 հատ «Airbus A310-300» (EK-31001), որը չի շահագործվում: Ինքնաթիռն արտադրվել է 1992-ի հունվարին, Հայաստան է բերվել 2018-ի հունիսին Ռումինիայից: Հայկական օպերատորը գնել է օդանավը: 

Հիշեցնենք, որ սա ռումինական կողմից գնված ու հունիսին մեր երկիր բերված միակ բորտը չէր. դրա հետեւից ժամանեց եւս մեկ հատ «A310-300» (EK-31002, արտադրված՝ 1992-ի մարտին), իսկ հետո դրանք տեղափոխվեցին Թեհրան՝ տեխսպասարկման: «Հետքի» աղբյուրը հայտնել էր, որ EK-31001-ի վրա խնդիրներ են հայտնաբերվել, ու, ամենայն հավանականությամբ, այն չի շահագործվի: Մինչ օրս այս բորտը կանգնած է Թեհրանում, իսկ EK-31002-ն այլեւս ՀՀ օդանավերի ռեգիստրում չէ: Մեր տեղեկություններով՝ այն վաճառվել է, փոխարենը հայկական ավիաընկերությունը պատրաստվում է գնել «BAe 146» տիպի եւս մեկ օդանավ, իսկ EK-31001-ը, թերեւս, կվաճառվի մաս-մաս:  

«Մարս Ավիայի» ամենամեծ ավիապարկը

Աֆրիկայում բեռնափոխադրումների մեջ մասնագիտացած «Մարս Ավիան» Հայաստանում ամենամեծ ավիապարկն ունեցող ընկերությունն է, դրա անունով գրանցված է 12 բորտ: Օդանավերը տարբեր տեսակի եւ նշանակության են:

Ավիաընկերությունն ունի «Ան-28» տիպի 2 հատ բեռնաուղեւորատար ինքնաթիռ, որոնցից EK-2801-ն արտադրվել է 1988-ի ապրիլին (31 տարեկան է), իսկ EK-2809-ը՝ 1990-ի դեկտեմբերին (29 տարեկան է): Նախկինում այս օդանավերը ՀՀ-ում գրանցված են եղել «Skiva Air»-ի անունով:

«Մարս Ավիան» ունի նաեւ 1 հատ «Ան-26Բ» տիպի բեռնատար օդանավ (EK-26005), որն արտադրվել է 1982-ի հունիսին, այսինքն՝ 37 տարեկան բորտ է: Սա եւս նախկինում մեր երկրում գրանցված էր իբրեւ «Skiva Air»-ի ինքնաթիռ:

Հետաքրքիր է, որ խորհրդային արտադրության «Ան-26», «Ան-26Բ» եւ մի շարք այլ տիպերի օդանավեր ժամանակին, ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հրամաններից մեկի համաձայն, մեր երկրում հանվել էին շահագործումից: Հրամանով սահմանվել էր, որ մի շարք օդանավերի տիպեր, որոնք չէին բավարարում թռիչքային պիտանության նորմերի պահանջները, սակայն երկար տարիներ շահագործվել էին ՀՀ-ում, բացառության կարգով կարող էին մեր երկրում գրանցվել ու շահագործվել նախագծող կազմակերպության (կոնստրուկտորի) կողմից որոշված անհատական ժամկետներով եւ փաստաթղթերի հիման վրա: Սակայն ՔԱԳՎ պետը առավելագույնը ժամկետ էր սահմանել. ուղեւորատար օդանավերի դեպքում՝ մինչեւ 2012-ի դեկտեմբերի 31-ը, իսկ այլ նշանակության օդանավերի դեպքում՝ 2014-ի դեկտեմբերի 31-ը: Այդուհանդերձ, 2016-ի հունվարին հրամանի մեջ փոփոխություն կատարվեց, եւ նշված կետն ուժը կորցրած ճանաչվեց՝ գրանցման արգելքը հանվեց: 

«Մարս Ավիան» շահագործում է նաեւ 2 հատ «Ան-32» տիպի տրանսպորտային օդանավ՝ EK-32408 եւ EK-32703 (վերջինս 31 տարեկան է, արտադրվել է 1988-ի օգոստոսին, ՀՀ օդանավերի ռեգիստրում նախկինում գրանցված էր որպես «South Airlines»-ի ինքնաթիռ):

Ավիաընկերության շարժակազմում կա 3 հատ «Ան-74» տրանսպորտային ինքնաթիռ: Դրանցից EK-74008-ը («Ան-74Տ-100») արտադրվել է 1992-ի ապրիլին, օգտագործվել է Ուկրաինայում եւ Ռուսաստանում, իսկ «Մարս Ավիան» շահագործում է 2017-ի նոյեմբերից:

EK-74052-ը եւ EK-74923-ը (երկուսն էլ «Ան-74-200» մոդելից են) թողարկվել են համապատասխանաբար 1994-ի հունվարին եւ 1992-ի դեկտեմբերին, ՀՀ-ում նախկին օպերատորը եղել է «Skiva Air»-ը:   

«Մարս Ավիայի» կազմում կան նաեւ ուղեւորատար օդանավեր՝ 1 հատ «Յակ-42Դ» (EK-42018) ու 3 հատ չեխական «L-410»: Սրանցից EK-4104-ին («L-410UVP-E»), որն արտադրվել է 1986-ին եւ Հայաստանում գրանցվել է 2018-ի հունիսին, անդրադարձել ենք: Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին ավիաընկերությունը գրանցել է նույն տիպի երկու այլ մոդել՝ «L-410UVP» (EK-4105) եւ «L-410UVP-E20» (EK-4109), ինչպիսին ունի նաեւ «Atlantis Armenian Airlines»-ը:     

«Սքայբոլի» առաջին օդապարիկը      

Օդագնաց Նաիրի Բարսեղյանը մեր երկրում 2018-ի մարտին առաջին անգամ գրանցել է օդապարիկ (EK-B001)՝ դառնալով դրա շահագործող, իսկ երբ նույն տարվա դեկտեմբերին օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել նրա «Սքայբոլ» ընկերությունը, օդապարիկի շահագործող է դարձել հենց ավիափոխադրողը:

EK-B001 գրանցումով օդապարիկը ռուսական «Ռուսբալ» ընկերության արտադրանք է՝ «АТ104» տիպի ջերմային աերոստատ (մոդելը՝ «Х55ТА»), որի քաշը 397 կգ է, թաղանթի ծավալը՝ 5500 խմ:    

«Ավիակոմպանիա Արմենիայի» «Boeing»-ները

Վրացական «Georgian Airways»-ի ղեկավարության (Թամազ Գաիաշվիլի, Ռոբերտ Օգանեսյան) կողմից հիմնադրված հայկական այս ընկերությունը 2016-ի հուլիսից թռիչքներն սկսելուց ի վեր շահագործում է «Boeing 737-500» տիպի օդանավ (EK-73736), որը նախկինում օգտագործում էր նշված վրացական օպերատորը:

Այս ինքնաթիռն արտադրվել է 1996-ի հուլիսին:

Մյուս բորտը՝ EK-73786 համարով «Boeing 737-700»-ը, որն արտադրվել է 2008-ի ապրիլին եւ նախկինում շահագործվել է Կանադայում, նույնպես 2016-ի ամռանն է բերվել մեր երկիր, սակայն սպասարկել է «Georgian Airways»-ի թռիչքները, իսկ 2017-ի գարնանն արդեն գրանցվել է որպես վրացական օդանավ (4L-TGO):     

Բայց երբ այս տարի քաղաքական կոնֆլիկտի պատճառով վրացական բորտերի մուտքը դեպի Ռուսաստան արգելվեց, հուլիսին այս ինքնաթիռը կրկին մտավ «Արմենիայի» ավիապարկ եւ հայկական EK-73786 գրանցումը ստացավ՝ այդպիսով հնարավորություն ստանալով թռչել ՌԴ:       

«Արմենիան Հելիքոփթերսի» 3 տարբեր ուղղաթիռները

Մեր երկրի միակ ուղղաթիռային օպերատոր «Արմենիան Հելիքոփթերսը» («Armenian Helicopters», հիմնադիրը երեւանցի Կարեն Վարդանյանն է), որն իրականացնում է ոչ կանոնավոր կոմերցիոն փոխադրումներ, ներկա պահին ունի 3 տարբեր տեսակի ուղղաթիռ: Ընկերությունը ՕՇՎ ստացել է 2018-ի հունիսին:

Նույն ամսում գրանցել է առաջին բորտը՝ ամերիկյան «Robinson R66» ուղղաթիռը (EK-H001, 1 օդաչու + 4 ուղեւոր), որն արտադրվել է 2014 թ. եւ մինչեւ ՀՀ բերվելը շահագործվել է Ռուսաստանում:

2018-ի սեպտեմբերին գրանցվել է ավիաընկերության երկրորդ բորտը՝ «Airbus Helicopters»-ի կողմից թողարկվող «H130 T2» ուղղաթիռը (EK-H002, 1 օդաչու + 6 ուղեւոր), որի ներկրման համար դեռ անցյալ տարվա գարնանը կառավարությունը մաքսային արտոնություն էր տվել դրա ներմուծող «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպությանը: Բորտը մինչ այդ գրանցված էր Հունգարիայում:

Այս տարվա մարտին հայկական գրանցում է ստացել (EK-H004) երրորդ ուղղաթիռը՝ «Airbus Helicopters»-ի «H125» մոդելը (EK-H004, 1 օդաչու + 5 ուղեւոր), որը ձեռք է բերվել հենց «Airbus»-ից (Ֆրանսիա) եւ մեր երկրում սանավիացիայի ծառայություններ է մատուցում:

ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցված չէ, բայց տեսականորեն պիտի լիներ նաեւ EK-H003 ուղղաթիռը («SA 341G Gazelle» տիպի), որի ներկրման համար եւս կառավարությունն անցյալ տարեվերջին մաքսային արտոնություն տվեց ուղղաթիռային օպերատորին:    

Առաջին լուսանկարում՝ «Զվարթնոց» օդանավակայանը (05.03.2012, հեղ.՝ Արմեն Գասպարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter