HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի օդանավերը. մաս 1

Հայաստանի քաղաքացիական օդանավերի ռեգիստրում (ռեեստրում) գրանցված օդանավերի թիվը օգոստոսի 12-ի դրությամբ 33 է: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից:

Նախկինում անդրադարձել էինք Հայաստանում գրանցված օդանավերին 2016-ի ապրիլի եւ 2017-ի հուլիսի դրությամբ, որոնք ներկայի համեմատ ավելի քիչ էին (29 եւ 23 համապատասխանաբար), սակայն ասվածը հարաբերական է, քանի որ գրանցվող եւ դուրս գրվող օդանավերի թիվն անընդհատ տատանվում է, եւ քանի որ այսօր մեր երկրում չկա գոնե մեկ խոշոր ավիաընկերություն, որը կունենա բնակչությանը սպասարկող պատշաճ ավիապարկ, օդանավերի աճող կամ նվազող թվին պետք է վերապահումով մոտենալ: Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ դրանց մի մասը բեռնատար կամ փոքր ուղեւորատար ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ են:

Այս հոդվածում կանդրադառնանք օդանավերի մի մասին, առեւտրային (կոմերցիոն) փոխադրումներում ներգրավված բորտերի մասին կպատմենք առանձին, կանդրադառնանք նաեւ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ունեցող ընկերությունների սեփականատերերին: 

«ՀԱՈւ»-ի որբ ինքնաթիռը

Մինչ օրս ՀՀ օդանավերի ռեգիստրի հավելվածում է գրանցված «Հայկական ավիաուղիների» EK-86117 համարով «Իլ-86» ինքնաթիռը (հավելվածում կարող են հաշվառվել այն օդանավերը, որոնք տվյալ պահին չեն բավարարում թռիչքային պիտանիության պահանջներն ու չեն շահագործվում կամ էլ ունեն շահագործման սահմանափակումներ), որն, ինչպես նախկինում նշել ենք, մետաղաջարդոն է իրականում:

«ՀԱՈւ»-ի սնանկությունից 15 տարի է անցել, սակայն դեռ անհաջող փորձեր են արվում վաճառել ընկերության՝ Սեւան քաղաքում գտնվող 2 հողամասերի կառուցապատման իրավունքները, ինչով հնարավոր կլինի փակել նախկին ազգային ավիափոխադրողի պարտատերերի պարտքերի մի փոքր մասը: Ի տարբերություն անշարժ գույքի՝ ինքնաթիռն արդեն երկար տարիներ չի դիտարկվում աճուրդի առարկա, քանի որ 2004-ից կանգնած է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ու կայանման մեծ ծախսեր է կուտակել, այն բավականին հին է՝ 28 տարեկան, վերանորոգման խիստ կարիք ունի, մյուս կողմից՝ «Իլ-86» տիպի ինքնաթիռները կոմերցիոն նպատակներով այլեւս չեն շահագործվում, եւ, ընդհանրապես, դրանք պատմության գիրկն են անցել:

«ՀԱՈւ»-ի սնանկության գործով նախկին կառավարիչ Հրանտ Ղամբարյանը «Առավոտ» օրաթերթին դեռ 2013-ին այս օդանավի մասին ասել էր. «Չենք կարողանում հետ բերել, որովհետեւ դրա վրա այնքան պարտք կա կուտակված կայանման համար, քանի որ այդ պարտքը ավելին է, քան նրան հետ բերենք ու օտարենք»: Իսկ հարցին, թե վտանգ չկա արդյոք, որ մի օր էլ «Դոմոդեդովոն» կպահանջի իր գումարը, կառավարիչը նշել էր. «Որպեսզի չվճարենք, ոչ էլ հետ կբերենք, ոչ էլ կօտարենք. այստեղ սնանկությունը օգնում է. եթե պահանջ ներկայացնեն, մենք էլ փող չունենք, որ վճարենք»: Թե ինչ ճանապարհ է անցել EK-86117-ը իր գործունեության վերջին փուլում, գրել ենք «ՀԱՈւ»-ի սնանկության մասին հոդվածում:

Քրեական գործ՝ նախկին ուսումնական օդանավի շուրջ

«Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ին պատկանող եւ ներկայում «Էրեբունի» օդանավակայանում կայանված «Diamond DA40-TDI» ինքնաթիռի մասին եւս գրել ենք: Դրա իրական տերը քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանն է, որի ղեկավարման տարիներին (Մովսեսյանը պաշտոնից ազատվել է 2016-ի հունիսին) EK-225 գրանցումով ինքնաթիռը ՔԱԳՎ-ի ենթակայության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում օգտագործվում էր ուսանողների կողմից: Մովսեսյանի հեռանալուց հետո 4-տեղանոց «DA40»-ը չի շահագործվում:

Հաշվեքննիչ պալատի բացահայտումներից հետո գլխավոր դատախազությունը համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել էր, որ 2013-2018 թթ. պայմանագրերով «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ն օդանավը վարձով տալու միջոցով աշխատել է 592 մլն դրամ, չնայած որ 2013-ին Հայաստան բերված «DA40»-ի արժեքը կազմել է 86,2 մլն դրամ:

Ըստ ԳԴ-ի՝ 2013 թ. Ավիաուսումնական կենտրոնը (ԱՈւԿ) ինքնաթիռի վարձակալության պայմանագիր է կնքել այս ՍՊԸ-ի հետ, բայց Մովսեսյանի ղեկավարած ՔԱԳՎ-ն առանց հիմնավորման 16 մլն դրամ ավելի է հատկացրել կենտրոնին (ՍՊԸ-ին վճարելու համար), քան պայմանագրով նախատեսված է եղել: Բացի դրանից՝ 2015-ին ԱՈւԿ-ը օդանավ վարձակալելու նոր մրցույթ չի հայտարարել, առանց հիմնավորման շարունակվել է 2013-ին «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսի» հետ կնքված պայմանագրի գործողությունը: 2016-ին եւս մի պայմանագիր է կնքվել այս ընկերության հետ, որը մրցույթի միակ մասնակիցն էր, սակայն, ըստ դատախազության, պայմանագիր չպետք է կնքվեր, քանի որ «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսը» չի բավարարել մրցույթի պահանջները: Դատախազությունը հայտնել է, որ ՍՊԸ-ն, բացի տնօրեն Կարեն Մովսիսյանից, ով Ա. Մովսեսյանի հորեղբոր որդին է, չի ունեցել այլ աշխատող: Բացի դրանից, ինչպես գրել ենք, 2016-ի դեկտեմբերին «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսի» 99 %-ի սեփականատեր է դարձել «Ավիաքլաբ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ՔԱԳՎ նախկին պետի մորը, ճիշտ կլինի ասել՝ հենց Ա. Մովսեսյանին:

ԳԴ-ն հարուցել է քրգործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Գործի հիմքում դրվել են ՔՕ 214-րդ հոդվածի 2-րդ մասը (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասը (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով): Կարելի է կռահել, որ առաջին հոդվածը վերաբերում է «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի, իսկ երկրորդը՝ ՔԱԳՎ-ի (ներկայում՝ ՔԱԿ) աշխատողներին:

«Cessna»-ները ներկրվել են, բայց չեն շահագործվում

Հայաստանի օդանավերի ռեգիստրում այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին գրանցվել է 2 հատ «Cessna» տիպի ինքնաթիռ: ՔԱԿ-ը հայտարարել է, թե այս փաստն իր ու մասնավոր հատվածի համագործակցության լավ օրինակ կարող է հանդիսանալ, բացի դրանից՝ նման օդանավերի գրանցումը հիմք կդառնա մեր երկրում ընդհանուր նշանակության ավիացիան (general aviation) զարգացնելու համար:

Ոչ ոք չի կարող հերքել, որ համաշխարհային մեծ տարածում ունեցող «Cessna»-ների առկայությունը կարող է նպաստել փոքր ավիացիայի զարգացմանը, սակայն փաստն այն է, որ 2 ինքնաթիռներն այսօր չեն շահագործվում:

Դրանցից մեկը «ՖլայՄի» ՍՊԸ-ի EK-FLY գրանցումով «Cessna F177RG» 4-տեղանոց օդանավն է, որի շահագործող է գրանցված ընկերության հիմնադիրներից օդաչու Դավիթ Սարգսյանը: «Հետքը» գրել է նորաստեղծ ավիաընկերության եւ Դ. Սարգսյանի առաջիկա ծրագրերի մասին: «ՖլայՄին» առայժմ չունի օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) եւ կոմերցիոն գործունեություն չի ծավալում, փոխարենը հավանական ուղեւորներին առաջարկվում է օգտվել «cost share» սկզբունքով իրականացվող թռիչքներից, երբ օդաչուն ուղեւորների հետ կիսում է թռիչքի ծախսերը: Ընկերության կողմից սա մարքեթինգային քայլ է շուկա մտնելու սկզբնական փուլում, որից հետո, կախված պահանջարկից, ավելացվելու է օդանավերի թիվն, ու սկսվելու են կոմերցիոն թռիչքները:

Այդուհանդերձ, այս տարվա փետրվարին Ֆրանսիայից օդով Հայաստան բերված «Cessna F177RG»-ն մինչ օրս կանգնած է «Զվարթնոցում»: Մեր տեղեկություններով՝ լիցքավորման հետ կապված խնդիրներ են ծագել:

Մյուսը նույնպես 4-տեղանոց «Cessna F172G» ինքնաթիռն է, որը ռեգիստրում գրանցվել է քաղաքացի Արմեն Սարգսյանի անունով որպես EK-SKY: ՔԱԿ-ը «Հետքին» հայտնել էր, որ այս ինքնաթիռը ժամանակավոր կայանված է ՊՆ-ին ենթակա «Արզնի» օդանավակայանում: Ինքնաթիռը Հայաստան է բերվել ցամաքային ճանապարհով, եւ Ա. Սարգսյանը չի դիմել կոմիտեին՝ թռիչքների իրականացման թույլտվություն ստանալու համար:

Կառավարական կամ թիվ 1 բորտը       

Այս «Airbus A319-132» օդանավը Հայաստան է բերվել 2007-ին՝ դառնալով նախագահական ինքնաթիռ: Մինչ այդ թիվ 1 բորտը խորհրդային արտադրության «Տու-134Ա-3»-ն էր (EK-65072), որը 2010-ից կանգնած է «Զվարթնոցում», իսկ տակավին վերջերս կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց Ավիաուսումնական կենտրոնին՝ ուսանողների պրակտիկ պարապմունքներին ծառայելու համար:

«A319»-ը մեր երկրում նախապես գրանցվել էր որպես EK-RA01, սակայն 2014-ի նոյեմբերին կատարված օրենսդրական փոփոխությամբ սահմանվեց, որ պետական օդանավերը EK ազգային նիշի փոխարեն պետք է կրեն «Հայաստան» («Armenia») գրությունը, ինչից հետո այս ինքնաթիռը գրանցվեց որպես «Հայաստան 701»: Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին սպասարկելուց հետո հիմա այս օդանավի հիմնական ուղեւորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, սակայն թե՛ նախկինում, թե՛ այժմ ինքնաթիռից օգտվում են այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եւս:

2018-ի փետրվարին դեռեւս որպես նախագահ պաշտոնավարող Ս. Սարգսյանի կարգադրությամբ այլեւս չօգտագործվող եւ 483 մլն դրամ գնահատված EK-65072-ը (1977 թ. արտադրություն) հանվեց «ՀՀ նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից ու մարտին կառավարության որոշմամբ ամրացվեց պետգույքի կառավարման վարչությանը (ներկայում՝ պետգույքի կառավարման կոմիտե): 17 մլրդ դրամ գնահատված «Հայաստան 701»-ն էլ (1998 թ.) մարտ ամսին Սարգսյանի կարգադրությամբ հանվեց նախագահականի բալանսից, ինչից հետո գործադիրը որոշեց այն ամրացնել քաղավիացիայի գլխավոր վարչությանը (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե):  

Հետաքրքիր է, որ եթե EK-65072-ը, ապա այս նոր օդանավը շահագործում էին «Արմավիայի» մասնագետները, իսկ դրա անկումից հետո՝ «Էյր Արմենիայի» անձնակազմը, եւ թռիչքներն էլ համարակալվում էին որպես նշված ավիաընկերությունների չվերթներ (U8/RNV եւ QN/ARR կոդերով), ապա 2014-ից նախագահականը սկսեց ծառայությունների մատուցման պայմանագրեր ստորագրել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ: Այժմ կառավարական ինքնաթիռի թռիչքները համարակալվում են ARY կոդով:   

Հաջորդիվ կանդրադառնանք օդանավ շահագործողի վկայական ունեցող եւ կոմերցիոն գործունեություն ծավալող ընկերություններին ու նրանց օդանավերին:

Շարունակելի   

Առաջին լուսանկարում՝ «Զվարթնոցի» թռիչքուղին (2016 թ., հեղ.՝ Ալեքսեյ Գրիչկով)

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
Հարգելի Հետք, կողքից հարց, չեք ուզում պարզել թե Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի ՍՊԸ-ի իրական շահառուներն ովքեր են որ 08.09.2017-ին հիմնադրված ՍՊԸ-ի միակ հիմնադիրը մասնակցությունը դադարեցրել է, սակայն այսօր ուզում են հաստատվի իրենց գործարար ծրագիրը օրակարգի կետ 32, նամակը կարող եք չհանրայնացնել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter