HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Թռցրու ինձ». մեծ ավիացիայի հրամանատարն առաջին բիզնես քայլերն անում է թեթեւ ավիացիայից   

Օդաչու Դավիթ Սարգսյանը գործընկերոջ հետ սկսել է մի ձեռնարկ, ինչպիսին մինչ այս մեր երկրում չի եղել: 2018-ի դեկտեմբերին հիմնել են «ՖլայՄի» ՍՊԸ-ն, որն առաջարկում է տարբեր ծառայություններ՝ օդային գովազդ, օդային շրջագայություն եւ լուսանկարչություն, ինչպես նաեւ օդային անակնկալների մատուցում: Չնայած բացի վերջինից՝ մնացած ծառայություններն առաջարկում է նաեւ 2018-ի փետրվարին հիմնադրված «Արմենիան Հելիքոփթերս» ուղղաթիռային օպերատորը, «ՖլայՄին» առանձնանում է նրանով, որ ուղեւորներին «cost share» թռիչքների մասնակցելու առաջարկ է անում:

«Cost share» են կոչվում այն անձնական թռիչքները, որոնք կատարում է մասնավոր օդաչուն (private pilot)՝ ներգրավելով ուղեւորների, բայց կոմերցիոն, այսինքն՝ շահույթ հետապնդելու նպատակ չունի, փոխարենը թռիչքի հետ կապված ծախսերը օդաչուն եւ ուղեւորները կարող են կիսել միմյանց միջեւ: Նման թռիչքի կարող է մասնակցել առավելագույնը 6 մարդ, ներառյալ՝ օդաչուն: Ընդ որում՝ նաեւ թույլատրվում է գովազդել այսպիսի թռիչքները:

«Հետքի» հարցին, որ եթե նման թռիչքները չեն կարող շահույթ հետապնդել, ուրեմն, որն է դրանց նպատակը, Դավիթ Սարգսյանը պատասխանում է, որ սա իրենց կողմից արված մարքեթինգային քայլ է: «Սկզբի համար մենք որոշեցինք ուսումնասիրել հենց մասնավոր թռիչքները եւ մարդկանց ցույց տալ, որ Հայաստանում կարելի է թռչել, ու դա շատ հեշտ է: «Cost share» տարբերակով թռչելով՝ մենք մեզ գովազդում ենք: Որոշ ժամանակ անց, երբ կհասկանանք հաճախորդների պահանջները, ծրագրում ենք մեծացնել ինքնաթիռների պարկն ու անցնել կոմերցիոն գործունեության»,- ասում է Դ. Սարգսյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ էլ ձեռք կբերեն IATA-ի ու ICAO-ի կոդեր:

Ըստ մեր զրուցակցի՝ նախապես փոքր ռեսուրսներով ավիաընկերություն հիմնելու միտքը ծագել է այն բանից հետո, երբ սկսել է ուսումնասիրել տեղական ու արտասահմանյան ավիաշուկան: Ասում է, որ Հայաստանում բոլորը ձգտում են հիմնել ավիաընկերություն, որով անմիջապես կարող են դուրս գալ փոխադրումների շուկա ու շահույթ ստանալ, սակայն դրա համար անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալների լավ թիմ՝ վերլուծաբաններից ու ռազմավարություն մշակողներից մինչեւ սովորական կարգավարներ: «Airbus A320»-ի հրամանատար-հրահանգիչ, «Airbus A330»-ի օդաչու Դավիթ Սարգսյանը նշում է, որ 2008 թ.-ից աշխատել է օտարերկրյա բազմաթիվ ավիաընկերություններում, տեսել գործի մասնագետների աշխատանքի արդյունքը ու վստահ է, որ առաջիկա 20 տարում Հայաստանում հնարավոր չէ տեսնել նման բան, քանի որ առայժմ չկան համապատասխան կադրեր ու մասնագետներ: Մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, արտերկրից այդպիսի մարդկանց աշխատանքի հրավիրելը ոչ միայն թանկ կլինի, այլեւ գործնականում անհնար:

«Վերլուծելով այս ամենը՝ ընկերոջս հետ որոշեցի սկսել ամենապարզ բանից,- ասում է Դավիթը,- ավիացիան սկսվում է փոքր օդանավերից, որոնք ամբողջ աշխարհում թռչում են մեծ արդյունավետությամբ: Նկատի ունեմ թե՛ մասնավոր թռիչքները, թե՛ աերոտաքսին: Սա մի կետից մյուսը հասնելու ամենաարագ միջոցն է»:

Ավիատորն ասում է, որ նպատակ ունեն փոքր ձեռնարկից վերաճել լիակատար ավիափոխադրողի, այսինքն՝ դառնալ կոմերցիոն գործունեություն իրականացնող ավիաընկերություն:    

Քանի որ սկզբնական այս փուլում Դավիթը թռչելու է որպես մասնավոր օդաչու, ինքնաթիռի շահագործող է գրանցված հենց նա եւ ոչ թե «ՖլայՄի» ընկերությունը: Խոսքը այս տարվա փետրվարին ֆրանսիական Կաոր քաղաքից Հայաստան բերված «Cessna F177RG» օդանավի մասին է, որը նախատեսված է 1 օդաչուի եւ 3 ուղեւորի համար: 1971-ին արտադրված ինքնաթիռը մինչեւ մեր երկիր հասնելն անցել է Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Թուրքիայի ու Վրաստանի օդային տարածքներով: Բրիտանական G-OAMP գրանցման փոխարեն Հայաստանում բորտը ստացել է EK-FLY յուրօրինակ գրանցումը:

Հարցին, թե ինչու է ընտրվել հենց «Cessna 177 Cardinal» տիպի ինքնաթիռ, Դավիթ Սարգսյանը պատասխանում է, որ այն բավականին հարմար է մեր երկրի ռելիեֆին եւ բնակլիմայական պայմաններին: Ըստ մեր զրուցակցի՝ շուրջ 30 տեսակի ինքնաթիռ դիտարկելուց հետո կանգ են առել հենց ամերիկյան «Cessna 177RG»-ի վրա: Ձեռք բերված մոդելը դրա ֆրանսիական տարբերակն է՝ արտադրված Ռեյմսում: Դավիթն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ «Cessna»-ի օդանավերն աշխարհում ամենահուսալի ու ոչ պահանջկոտ ինքնաթիռներից են:

Նոր-նոր ավիաշուկա մտնող «ՖլայՄին» (ավելի ճիշտ կլինի ասել՝ Դավիթը) առաջարկում է օդային գովազդ, օդային շրջագայություն եւ լուսանկարչություն, օդային անակնկալների մատուցում: Ֆեյսբուքյան էջով ընկերությունն արդեն հայտնել է, որ ցանկացողներն ինքնաթիռով «cost share» հիմունքներով կարող են թռչել մինչեւ 1000 կմ, այսինքն՝ հնարավոր է նաեւ դուրս գալ Հայաստանի սահմաններից: Մեր երկրի տարածքում 3 ուղեւորով 30 րոպե տեւողությամբ «cost share» թռիչքի արժեքը 120 հազ. դրամ է, 1-ժամանոց թռիչքինը՝ 240 հազ. դրամ: Այս գումարի մեջ ներառված է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի «VIP» սրահից օգտվելու արժեքը: Բանն այն է, որ «Զվարթնոցում» քաղավիացիայի մինչեւ 30 ուղեւոր փոխադրող բոլոր ոչ կանոնավոր (կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն) չվերթները սպասարկվում են բացառապես «VIP» սրահում:

«Հետքի» հարցին, թե առաջարկվող գներն արդյոք մատչելի են մեր պայմաններում, Դ. Սարգսյանն ասում է, որ իրենք ցանկանում ու ձգտում են առավելագույն ցածր գներ առաջարկել: Հավելում է, որ կիրառվող ավիաբենզինի լիտրն արժե 2,8-3,2 եվրո (1500-1700 դրամ), իսկ իրենց ինքնաթիռը ժամում ծախսում է 45-50 լ: Բացի դրանից՝ գնի մեջ ներառված են ոչ միայն «Զվարթնոցի» «VIP» սրահի գները, այլեւ աերոնավիգացիոն ծառայության ու թռիչք-վայրէջքների աերոդրոմային սակագները: «Հավատացեք, եթե հնարավոր լիներ ավելի էժան գներ առաջարկել, մենք դա կանեինք»,- ասում է Դավիթը:

Հնարավոր մրցակցության մասին օդաչուն նշում է, թե իրենք ուրախ կլինեն դրան, քանի որ մրցակցությունը նպաստում է ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, դրա շնորհիվ հնարավոր է լինում արագ արձագանքել ու հարմարվել շուկայի մարտահրավերներին: Իսկ թե ինչու հենց «ՖլայՄի» (անգլերենից «fly me» նշանակում է «թռցրու ինձ») անունն ընտրվեց, Դավիթ Սարգսյանն ասում է, որ ինքը միշտ զարմացել է, թե ինչպես են անվանակոչվում հայկական ավիաընկերությունները: «Տպավորություն է, որ շատ մարդկանց չի հերիքում ֆանտազիան, ու նրանք ուղղակի բառերի տեղափոխությամբ նույն անունն են դնում»,- նշում է ավիատորը՝ հավելելով, որ ընկերության անունը բնորոշում է իրենց ձգտումը՝ հնարավորություն տալ բոլորին թռչել, խոսքը թե՛ զբոսաշրջիկների, թե՛ շարքային քաղաքացիների մասին է:

Համաձայն իրավաբանական անձանց պետռեգիստրի՝ «ՖլայՄի» ՍՊԸ-ի հիմնադիրներն են երեւանցիներ Դավիթ Սարգսյանն (33 %) ու Էլլա Հակոբջանյանը (67 %): Վերջինիս քույրը՝ Մարիաննա Հակոբջանյանը, ՍՊԸ-ի տնօրենն է: Դ. Սարգսյանը նաեւ ընկերության թռիչքային ծառայության տնօրենն է:    

Լուսանկարները՝ ընկերության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
Հետաքրքիր էր, հիշենք որ Քրքորյանն էլ իր գործունեությունը սկսել է փոքր ինքնաթիռներով գործեր անելուց, իսկ հետո արդեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter