Ուսումնական ինքնաթիռը կլորիկ եկամուտ է ապահովել քաղավիացիայի նախկին պետի եղբոր համար
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2018 թ. իր տարեկան հաշվետվության մեջ անդրադարձել է նաեւ քաղաքացիական ավիացիայի ոլորտին: Ըստ հաշվետվության՝ պալատը 2018-ի հուլիսից մինչեւ 2019-ի մարտ ժամանակահատվածում հաշվեքննել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, ինչպես նաեւ դրան ենթակա «Հայաէրոնավիգացիա» եւ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ներում կատարել է ստուգումներ:
Հաշվեքննությունը վերաբերել է 2017-ի հունվարից մինչեւ 2018-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածին, իսկ առարկան եղել է պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործումը, բյուջետային մուտքերի ապահովումն ու պետական սեփականության կառավարումը:
Իրականացվել է ֆինանսական, համապատասխանության եւ կատարողականի հաշվեքննություն: Եթե առաջին երկուսի վերաբերյալ տրվել է «դրական եզրահանգում» կարծիք, ապա երրորդի մասով նշվել է, որ չեն պահպանվել կատարողականի հաշվեքննության տնտեսման եւ նպատակային արդյունավետության սկզբունքները:
Հաշվեքննիչ պալատն առանձնացրել է մի քանի առավել ուշագրավ փաստ: Այսպես՝ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն ուսանող օդաչուների ուսումնավարժանքային թռիչքների իրականացման համար «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ից վարձակալել է «Diamond DA40-TDI» տիպի օդանավ, որը ՍՊԸ-ն ներմուծել էր 2013-ին: Պալատը նշել է, որ դրա մաքսային արժեքը, ներառյալ հարկերը, կազմել է 86,2 մլն դրամ, ինչը, ըստ էության, տվյալ օդանավի շուկայական արժեքն է: 2013-ից սկսած՝ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ն այս օդանավի վարձակալության համար վճարել է շուրջ 600 մլն դրամ վարձավճար, այսինքն՝ ինքնաթիռի արժեքի գրեթե յոթնապատիկի չափով:
Ինչպես հայտնի է, 2004-2016 թթ. ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ, հետագայում՝ ՔԱԿ) պետը Արտյոմ Մովսեսյանն էր: «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006-ի դեկտեմբերին Երեւանում: Սեփականատերերն էին երեւանցիներ Կարեն Մովսիսյանը, Արմեն Սարգսյանը, Գալինա Կարապետյանն ու էջմիածինցի Գայանե Միրզախանյանը: 2008-ին ՍՊԸ-ից դուրս է եկել Գ. Միրզախանյանը, իսկ 2012-ին՝ Ա. Սարգսյանն ու Գ. Կարապետյանը: Միակ մասնակից է մնացել Կարեն Ռաֆիկի Մովսիսյանը, ով Արտյոմ Մովսեսյանի հորեղբոր որդին է: Միանձնյա սեփականատերը դարձել է նաեւ ընկերության տնօրեն:
2013-ի ապրիլին «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսը» (իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ դրա տեր ու տնօրեն Կարեն Մովսիսյանը) եւ վերոնշյալ Արմեն Սարգսյանը Երեւանի այն նույն հասցեում, որտեղ հաշվառված է Կ. Մովսիսյանը եւ գրանցված է «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ն, հիմնել են ««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ-ն (այս ընկերությունը 2018-ին ձեռք է բերել իրանահայ Առլեն Դավուդյանը, եւ այժմ «Արմենիա Էյրվեյզը» Երեւանից թռիչքներ է իրականացնում Թեհրան):
2013-ին «Հետքն» անդրադարձել է այն իրավիճակին, որն ստեղծվել էր այդ տարվա ապրիլից շուկայի մոնոպոլիստ «Արմավիայի» անկման հետեւանքով: Կառավարությունը հայեցակարգ էր մշակել, որով նախատեսվում էր առանձնացնել ավիափոխադրումների 3 խումբ-ուղղություններ՝ ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: Այսինքն՝ նախկին մեկ մոնոպոլիստի փոխարեն պիտի լինեին երեքը: «Արմավիայի» հեռանալուց հետո մյուս ավիաընկերությունների համար ստեղծվել էին որոշակի հեռանկարներ, ու, թերեւս, դրանով պիտի պայմանավորել «Արմենիա Էյրվեյզի» ստեղծումը: Վերջինս համարվում էր 3 խումբ-ուղղություններից մեկը շահագործել պատրաստվող գլխավոր հավակնորդներից մեկը: Պատահական չէ, որ ՔԱԳՎ պետ Ա. Մովսեսյանը հեռուստատեսությամբ հայտարարել էր, թե կցանկանար, որ իր հորեղբոր որդին մասնակցեր մրցույթին ու հաղթող դառնար: Այդուհանդերձ, կառավարությունը 2013-ի հոկտեմբերին որոշեց ամբողջությամբ բացել հայկական երկինքը, այսինքն՝ տեղական ու օտարերկրյա օպերատորների թվի սահմանափակումը վերացվեց:
ՀՀ օդանավերի ռեգիստրում 2013-ին ներկրված «DA40» ինքնաթիռի (հայկական գրանցումը՝ EK-225) սեփականատեր էր գրանցվել «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսը», իսկ շահագործող՝ «Արմենիա Էյրվեյզը»: 4-տեղանոց օդանավն Ավիաուսումնական կենտրոնում ծառայում էր ուսանողներին: Կենտրոնն ամեն տարի հայտարարում էր կոնկրետ մասնագիտություններով սովորելու հնարավորության մասին. դրանց թվում էր «թռչող ապարատների թռիչքային շահագործումը»: Ըստ այդմ՝ 3 տարվա ուսումից հետո ուսանողներն ստանում էին առեւտրային օդաչուի արտոնագիր (CPL, commercial pilot licence): «Ուսումնական թռիչքներն իրականացվում են «DA40» եւ «DA42» օդանավերի վրա»,- ասվում էր ՔԱԳՎ կայքում: 2016-ին գրել էինք, որ, մեր աղբյուրի տեղեկացմամբ, նշված կենտրոնում «DA40»-ով թռիչքի 1 ժամն ուսանողին կամ նրա ծնողին արժենում է 500 դոլար, իսկ արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է 160 թռիչքային ժամ ունենալ, ինչը կարժենար 80.000 դոլար, այնինչ արտերկրում ավելի էժան սովորելու հնարավորություններ կան:
2016-ի հունիսի 7-ին Արտյոմ Մովսեսյանն ազատվեց ՔԱԳՎ պետի պաշտոնից: Ու հետաքրքիր է, որ 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն հայտարարելիս Ավիաուսումնական կենտրոնը չէր նշել «թռչող ապարատների թռիչքային շահագործում» (այլ կերպ՝ օդաչուի) մասնագիտության մասին: Ավելին՝ պարզել էինք, որ EK-225-ը գրանցվել է օդանավերի ռեգիստրի հավելվածում, որտեղ հաշվառվում են այն օդանավերը, որոնք տվյալ պահին չեն բավարարում թռիչքային պիտանիության պահանջներն ու չեն շահագործվում կամ էլ ունեն շահագործման սահմանափակումներ: Այսինքն՝ Մովսեսյանի հեռանալուց հետո կանգ էր առել այն բիզնեսը, որն այս փոքր ինքնաթիռի միջոցով կլորիկ եկամուտ էր ապահովում ՔԱԳՎ պետի հարազատին:
Սակայն հարց է, թե իրականում ում է պատկանել «DA40»-ի սեփականատեր «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ն: Մովսեսյանի ազատվելուց 6 ամիս անց՝ 2016-ի դեկտեմբերին, ՍՊԸ-ի 99 տոկոսի սեփականատեր է դարձել «Ավիաքլաբ» ՍՊԸ-ն, իսկ 1 տոկոսը մնացել է Կարեն Մովսիսյանին, ով շարունակել է աշխատել որպես տնօրեն: «Ավիաքլաբը» հիմնադրվել է դեռ 2005-ի փետրվարին, մինչեւ 2007 թ. միակ սեփականատերը եղել է նույն Կ. Մովսիսյանը, սակայն 2007-ի ապրիլին նա իր բաժնեմասը փոխանցել է հորեղբոր կնոջը կամ Արտյոմ Մովսեսյանի մորը՝ Երեւանի բնակիչ Երանուհի Մովսեսյանին: Այսքանից հետո դժվար չէ կռահել, որ «Ավիաքլաբի», «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսի» ու «Diamond DA40-TDI» օդանավի փաստացի տերը հենց Արտյոմ Մովսեսյանն է:
Հավելենք, որ ներկայում ինքնաթիռը կայանված է «Էրեբունի» օդանավակայանում, իսկ «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ի գործունեությունը, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է:
Հաշվեքննիչ պալատն անդրադարձել է նաեւ արտերկրում աշխատող ավիաընկերություններին: «Համապատասխան հսկողական մեխանիզմների բացակայությունը հնարավորություն չի ընձեռում տիրապետել ավիաընկերությունների կողմից իրականացված գործունեության փաստացի ծավալներին, ինչը բարձրացնում է հայտարարագրված հասույթների արժանահավատության ռիսկը,- նշել է պալատը, ապա մասնավորեցրել,- այսպես՝ 2017 թ. ընթացքում 2 ավիաընկերություն, որոնք ունեցել են 10-ից ավելի օդանավ (բազավորման վայրը՝ աֆրիկյան երկրներ), համախառն եկամուտ են ցույց տվել մեկ օդանավի մասով տարեկան միջինը համապատասխանաբար 1.727.600 դրամ եւ 4.733.300 դրամ»: Իսկապես, դժվար է հավատալ, որ մեկ օդանավի տարեկան միջին եկամուտը կարող է կազմել ընդամենը 1,7 կամ 4,7 մլն դրամ:
Այսպիսի խնդիր ժամանակին արձանագրել էր նաեւ ՀՊ-ի նախորդը՝ ՀՀ վերահսկիչ պալատը: 2009-ին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ասել էր, որ ավիաընկերությունները գրանցվում են Հայաստանում, քանի որ մեր երկրում դա անվճար է (այսօր էլ է այդպես), իսկ, օրինակ, նույն ԱՄԷ-ում գանձվում է պետտուրք՝ 382 մլն դրամ, Մեծ Բրիտանիայում էլ՝ 1,1 մլրդ դրամ: Բացի դրանից՝ պարզվել էր, որ Հայաստանում գրանցված, բայց դրսում գործող ընկերությունները ՀՀ պետբյուջե մուծում են չնչին հարկեր՝ համեմատած «Արմավիայի» կամ էլ նույնիսկ ՊՆ-ին ենթակա «Արմ-Աէրո»-ի, որը մեկ ուղղաթիռի շահագործումից ավելի շատ հարկ էր վճարել, քան արտերկրում աշխատող ընկերությունները միասին: ՎՊ-ի ստուգումների արդյունքում պարզվել էր, որ 2007-2008 թթ. Հայաստանում գրանցվել, սակայն արտերկրում էին աշխատել 9 ընկերություն՝ «Էյր Հայնեսսես» ՍՊԸ, «Միապետ-Ավիա» ՍՊԸ, «Տարոն-Ավիա» ՍՊԸ, «Սաութ Էըրլայնզ» ՍՊԸ, «Քլիք Էյրվեյզ Ինթ.Լ» ՍՊԸ, ««Հայք Ավիա» ավիաընկերություն» ՓԲԸ, «Ֆենիքս Ավիա» ՍՊԸ, «Վերթիռ» ՍՊԸ, «Բլյու Էյրվեյս» ՍՊԸ: Սրանք երկու տարում ընդհանուր շահագործել էին մոտ 60 ինքնաթիռ եւ ՀՀ պետբյուջե մուծել ընդամենը 37.200.000 դրամ հարկ (շահութահարկ եւ այլ վճարներ):
«Հետքը» 2016 եւ 2017 թթ. գրել է Հայաստանում գրանցված օդանավերի մասին՝ անդրադառնալով նաեւ արտերկրում թռչող բորտերին: Եթե 2016-ին հայկական ավիաընկերություններից Աֆրիկայում աշխատում էին Վահրամ Սիմոնյանին պատկանող «Սաութ Էըրլայնզ» եւ «Սկիվա Էյր», ինչպես նաեւ Գառնիկ Պապիկյանի «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ները, ապա 2017-ին Սիմոնյանի ընկերությունների նախկին օդանավերը շահագործում էր ««Մարս Ավիա» ավիաընկերություն» ՓԲԸ-ն, «Տարոն-Ավիան» եւս շարունակում էր գործունեությունը Աֆրիկայում, ինչպես հիմա:
Լուսանկարում՝ Արտյոմ Մովսեսյանն ու «Էրեբունիում» կայանված EK-225-ը
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել