
«Արմենիա Էյրվեյզն» սկսել է Երեւան-Թեհրան-Երեւան ուղեգծի շահագործումը
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունն այսօր առավոտյան՝ 10:01-ին, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից կատարել է իր առաջին կանոնավոր չվերթը (չվերթի համարը՝ 6A 111) դեպի Իրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան: Թռիչքը կատարվել է ավիաընկերության «BAe 146-300» տիպի ինքնաթիռով (հայկական գրանցումը՝ EK-14601), որը նախատեսված է 112 հոգու համար: Օդանավը Երեւանի ժամանակով 11:31-ին վայրէջք է կատարել Թեհրանում եւ մեր ժամանակով 13:00-ին թռել դեպի Երեւան (չվերթի համարը՝ 6A 112): Վայրէջքը «Զվարթնոցում» նախատեսված է 14:30-ին:
Հիշեցնենք, որ «Արմենիա Էյրվեյզի» Երեւան-Թեհրան-Երեւան թռիչքները կայանալու են յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ, իսկ հունիսի 24-ից՝ ամեն օր: Միակողմանի տոմսի արժեքն սկսվում է 69 հազ. դրամից: Առայժմ Թեհրանը հայկական ավիաընկերության միակ ուղղությունն է:
Թեհրան-Երեւան-Թեհրան թռիչքներ է կատարում նաեւ իրանական «Mahan Air» ընկերությունը:
Մեկնաբանել