HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ովքե՞ր են Հայաստանում կոմերցիոն ավիափոխադրումներ իրականացնում

սկիզբը

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի տեղեկացմամբ՝ Հայաստանում կա օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ունեցող 8 ընկերություն: ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, առանց որի ավիաընկերությունն իրավունք չունի իրականացնել ուղեւորների, բեռների ու փոստի առեւտրային (կոմերցիոն) փոխադրումներ: «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ վկայականը տրվում է կա՛մ ՀՀ-ում գրանցված այն իրավաբանական անձանց, որոնց առնվազն 51 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացիներին կամ մեր երկրում գրանցված այլ իրավաբանական անձանց, կա՛մ կառավարության լիազորված մարմիններին:

Մինչեւ ՕՇՎ ունեցող հայկական ընկերություններին անդրադառնալը հիշեցնենք, որ նման վկայական չունեն, բայց օդանավ են շահագործում (ոչ կոմերցիոն նպատակներով) քաղաքացիներ Դավիթ Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը: Երկուսի «Cessna» ինքնաթիռների մասին գրել ենք: Եթե օդաչու Դ. Սարգսյանի գործունեությանը մանրամասն անդրադարձել ենք, ապա Ա. Սարգսյանի մասով հավելենք, որ նա պարապլաներիզմով զբաղվող «Sky Club» ակումբի հիմնադիրն է: Օգոստոսի 26-ին ակումբն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ EK-SKY գրանցումով «Cessna 172» ինքնաթիռն «Արզնի» օդանավակայանից առաջին թռիչքն է կատարել՝ մեկնելով Գյումրի: «Շուտով կսկսենք տուրիստական թռիչքների եւ սքայդայվինգի իրականացումը»,- հայտարարել է ակումբը:

Սքայդայվինգը (skydiving) օդանավից ազատ անկումով պարաշյուտային թռիչքն է (պարաշյուտն անմիջապես չի բացվում, որոշ ժամանակ պարաշյուտիստն ազատ անկման վիճակում է լինում): Ավելի վաղ ակումբը տեղեկացրել էր, որ թռիչքներն իրականացվելու են 4000 մ բարձրությունից, իսկ ազատ անկումը տեւելու է մոտ 1 րոպե:

Այսօր «Sky Club»-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ վաղը EK-SKY-ը «Զվարթնոցից» մեկնելու է Գյումրի: Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առայժմ ինքն ուսուցում է անցնում օդանավի վրա: Ապագայում նախատեսվում է, որ «Cessna 172»-ը ծառայելու է որպես աերոտաքսի՝ իրականացնելով պատվերով փոխադրումներ եւ իրար կապելով Հայաստանի տարբեր քաղաքներ: Գործունեության մյուս տեսակը, ինչպես ասվեց, սքայդայվինգն է լինելու:

Այժմ անդրադառնանք ՕՇՎ ունեցող եւ կոմերցիոն փոխադրումներ իրականացնող հայկական ընկերություններին:

«Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ

Ավիաընկերությունը հիմնադրվել է 1999 թ. հունվարին որպես «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս», հետագայում մի քանի անգամ փոխել է անունը եւ 2018-ի մայիսից կոչվում է «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ»:

Առաջին հիմնադիրներից մեկը եղել է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ (2007-2014 թթ.) Արամ Նովելի Մարությանը, ով 2001-2003 թթ. «Հայկական ավիաուղիների» կոմերցիոն տնօրենն էր: Մինչեւ 2016 թվականը ընկերությունը փաստացի պատկանել է Մարությանին, իսկ այդ տարի ՍՊԸ-ի վերահսկիչ բաժնեմասի փայատեր է դարձել երեւանցի Կարեն Բդոյանը, ով 2018-ին ամբողջությամբ գնել է ընկերությունը Մարությաններից:

Չնայած «Ատլանտիսն» ունեցել է ՕՇՎ, օդանավեր, IATA-ի ու ICAO-ի կոդեր (TD եւ LUR), որոնք անհրաժեշտ են միջազգային թռիչքներ իրականացնելու համար, ինքնաթիռներն իր կարիքների համար չի շահագործել, այլ վարձակալությամբ տվել է մոլդովական եւ հունական ավիափոխադրողներին, ընդ որում՝ այս պրակտիկան շարունակվում է նաեւ այսօր, երբ ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը Կ. Բդոյանն է: Ընկերության կանոնադրական կապիտալը ներկայում 20 մլն դրամ է: Հասցեն Երեւանի Լեռ Կամսարի 30/3-ն է:

Մարությանների օրոք «Ատլանտիսի» գործունեության առանցքային մյուս ուղղությունը «Austrian Airlines»-ի եւ «Czech Airlines»-ի հետ Երեւանից դեպի Վիեննա ու Պրահա թռիչքների իրականացումն էր «codeshare» հիմունքներով: Այսինքն՝ չվերթներն իրականացրել են այս հայտնի փոխադրողների օդանավերը, իսկ հայկական ընկերությունը եղել է նրանց տեղական գործընկերը, բայց իրավունք է ունեցել տոմսեր իրացնել նաեւ իր անունից (իբրեւ չվերթի կատարող նշվել է նաեւ «Ատլանտիսի» անունը), ու նստատեղերը բաշխվել են կողմերի միջեւ: Արամ Մարությանի այս ընկերության ու եվրոպացիների համագործակցության մասին նախկինում գրել ենք:        

Քաղավիացիայի ղեկավարի նախկին տեղակալը, ով նաեւ Ավստրիայի պատվո հյուպատոսն է ՀՀ-ում, հիմա էլ շարունակում է համագործակցել ավստրիացիների հետ, սակայն արդեն այլ ընկերությամբ, որին կանդրադառնանք ստորեւ: Իսկ ահա Բդոյանի «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզը» Հայաստանում գրանցված իր ինքնաթիռները շարունակում է վարձակալությամբ տալ արտասահմանյան օպերատորներին: Ներկայում «Ատլանտիսի»՝ IATA-ի ու ICAO-ի կոդերն են 2R-ն եւ LUR-ը:

«Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ

Այս ընկերությունը եւս հիմնվել է Արամ Մարությանի շրջապատի կողմից 2010-ի նոյեմբերին եւ սկզբնապես կոչվել է «Էյր Ատլանտիս», ապա՝ «Ատլանտիս Գրուպ», որը 2010-2015 թթ. վերը նշված «Ատլանտա Յուրոփիան Էյուեյսի» 90 տոկոսի սեփականատերն էր: Սա էլ նախորդի պես մի քանի անգամ փոխել է անունն ու 2018-ի օգոստոսից կոչվում է «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ»:

2017-ից միակ սեփականատերը Արամ Մարությանն է, տնօրենն էլ նրա մերձավորներից Ռոլլանդ Մարգարյանն է: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 30 հազար դրամ է: Հասցեն Երեւանի Սայաթ-Նովայի 29-ն է, որտեղ ժամանակին գործում էր նաեւ «Ատլանտա Յուրոփիան Էյուեյսը»:

Հիմա «Austrian Airlines»-ի հայկական գործընկերը Վիեննա-Երեւան-Վիեննա «codeshare» թռիչքներ իրականացնելիս հենց «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզն» է (IATA-ի կոդը՝ TD, ICAO-ինը՝ AEU): Ավիափոխադրողը տակավին վերջերս՝ օգոստոսի 19-ից, սկսել է իրականացնել Երեւան-Բաթում-Երեւան ոչ կանոնավոր թռիչքներ: Ընկերությունն իր էջում նախկինում հայտնել էր, թե նպատակ ունի ոչ միայն շահագործել Երեւան-Կապան օդային գիծը, այլեւ «Զվարթնոցից» ռեգիոնալ թռիչքներ կատարել Թբիլիսի, Քութայիս եւ այլ կետեր: Իսկ այս տարվա ամառային աերոնավիգացիոն սեզոնին նախատեսված կանոնավոր չվերթները Վիեննա, Պրահա, Աթենք, Կիեւ ու Մոսկվա, ինչպես նաեւ չարտերային թռիչքները դեպի հունական կղզիներ տեղափոխվել են 2020-ի ամառային սեզոն:       

«Տարոն-Ավիա» ՍՊԸ

Ավիաընկերությունը (IATA՝ H7, ICAO՝ TRV) հիմնադրվել է 2007-ի օգոստոսին նախկին ռազմական օդաչու, գյումրեցի Գառնիկ Պապիկյանի կողմից, ով նաեւ ՍՊԸ-ի տնօրենն է: Կանոնադրական կապիտալը 50 հազար դրամ է, իրավաբանորեն գրանցված է Պապիկյանի բնակության հասցեում, սակայն գլխավոր գրասենյակը գտնվում է Գյումրու Խորենացու 33-ում:

«Տարոն-Ավիան» ժամանակին շուկա է մտել որպես բեռնափոխադրող ավիաընկերություն, սակայն հետո կենտրոնացել է ուղեւորափոխադրումների վրա: 2017-ին ընկերությունը Գյումրու «Շիրակից», որը նրա բազավորման օդանավակայանն է, թռիչքներ էր կատարում Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով, Մոսկվա, «Զվարթնոցից»՝ Մոսկվա: Սակայն Հայաստանի այս երկու միջազգային օդանավակայանների կոնցեսիոների հետ ունեցած տարաձայնությունների հետեւանքով, ինչպես նաեւ հաշվի առնելով անհավասար մրցակցությունը ռուսական փոխադրողների հետ, դադարեցրեց թռիչքները Գյումրուց 2017-ի դեկտեմբերին, իսկ Երեւանից՝ 2018-ի հունվարին:

Տեղական շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար «Տարոն-Ավիան» 2018-ի մայիսին դիմել էր Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, իսկ Ռուսաստանի տարածքում ունեցած խնդիրների մասով՝ ՀՀ եւ ԵԱՏՄ տնտեսական մրցակցության պաշտպանության մարմիններին: Ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Հետքին» հայտնել էր, որ ՌԴ տարածքում սակագների համահարթեցումը («Տարոն-Ավիան» տուժում է դրանց տարբերությունից, չնայած ՀՀ-ն ու ՌԴ-ն ԵԱՏՄ անդամներ են), ըստ ճանապարհային քարտեզի, պիտի իրականացվի 2019-2020 թթ., ինչից հետո ընկերությունը հույս ունի վերադառնալ սեփական ավիափոխադրումներին:   

Իսկ մինչ այդ Հայաստանում ամենամեծ մարդատար ավիապարկն ունեցող (4 ինքնաթիռ) այս ավիաընկերությունն իր օդանավերը վարձակալությամբ հանձնում է աֆրիկյան փոխադրողներին կամ շահագործում հայկական գործընկերների կարիքների համար:

««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ

Այս ավիաընկերությունը (IATA՝ 6A, ICAO՝ AMW) 2013-ի ապրիլին 50-50 համամասնությամբ հիմնադրել են երեւանցի Արմեն Արարատի Սարգսյանն ու «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ն, որը նախկինում պատկանում էր ՔԱԳՎ նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբոր որդուն՝ Կարեն Մովսիսյանին, իսկ այժմ դրա 99 տոկոսի սեփականատերը Մովսեսյանի մայրն է, բայց փաստացի, ճիշտ կլինի ասել, հենց Ա. Մովսեսյանը: Վերջիններիս օրոք ավիաընկերությունը չվերթներ չի իրականացրել, սակայն գրանցված է եղել ներկայում քրեական գործի մեջ ներքաշված «DA40» ուսումնական ինքնաթիռի շահագործող:   

2018-ին «Արմենիա Էյրվեյզը» ձեռք է բերել պարսկահայ Առլեն Դավուդյան-Զարնաին, ով դարձել է նաեւ ՓԲԸ-ի տնօրենը՝ փոխարինելով Կ. Մովսիսյանին: Դավուդյանի «Տաթեւ ՏՏՏ» տուրգործակալությունը ժամանակին Թեհրանից Երեւան թռչող «Mahan Air» եւ «Iran Aseman Airlines» ընկերությունների ներկայացուցիչն էր ՀՀ-ում:

Պարսկահայ գործարարի ավիաընկերության ծրագրերի մասին տարբեր առիթներով նախկինում գրել ենք: Փոխադրողն իր առաջին եւ առայժմ միակ չվերթն իրականացնում է դեպի Թեհրան, ընդ որում՝ Երեւան-Թեհրան ուղղության վրա «Արմենիա Էյրվեյզը» այժմ մրցակից չունի: Վերջինս եւ «Տաթեւ ՏՏՏ»-ն գրանցված են նույն հասցեում՝ Նալբանդյան 15ա: ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 50 հազար դրամ է:

««Մարս Ավիա» ավիաընկերություն» ՓԲԸ

«Մարս Ավիան» (ICAO՝ MRS) հիմնադրվել է 2013-ի սեպտեմբերին երեւանցիներ Հայկանուշ Մխիթարյանի (75 %) եւ Անահիտ Բաղդասարյանի (25 %) կողմից: ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 100 հազար դրամ է, գրանցված է Ա. Բաղդասարյանի բնակության հասցեում՝ Սարի Թաղում: Տնօրենը նույնպես երեւանցի Գեւորգ Վարդանյանն է:

Հ. Մխիթարյանը հայտնի ավիատոր Սերգեյ (Սեյրան) Վանցյանի կինն է, նաեւ «Հայք Ավիա» ավիաընկեության տնօրենն է, որի 50 տոկոսի սեփականատերը որդին է՝ Արմեն Վանցյանը:

Չնայած «Մարս Ավիան» գրանցված է Հայաստանում, գործունեության հիմնական վայրը Աֆրիկան է, որտեղ զբաղվում է բեռնափոխադրումներով: Օպերատորի ավիապարկը հիմնականում հենց բեռնափոխադրող օդանավերից է կազմված: Ներկայում ՕՇՎ չունեցող «Հայք Ավիան» եւս նախկինում աշխատել է աֆրիկյան երկրների օդային բեռնափոխադրումների ոլորտում:   

«Սքայբոլ» ՍՊԸ

Այս ավիաընկերությունն իր տեսակով առանձնանում է, քանի որ ոչ թե ինքնաթիռ կամ ուղղաթիռ է շահագործում, այլ օդապարիկ, ինչի մասին հուշում է նաեւ ՍՊԸ-ի անունը: Հիմնադրվել է 2014-ի հունիսին երեւանցի Անի Գասպարյանի կողմից: Կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է, գրանցված է Երեւանի Պարոնյան 16 հասցեում: ՍՊԸ-ի տնօրենն օդագնաց Նաիրի Բարսեղյանն է՝ Ա. Գասպարյանի ամուսինը:  

«Սքայբոլն» առաջինն է, որ Հայաստանում օդապարիկ է գրանցել: Դա տեղի է ունեցել 2018-ի մարտին: Մինչեւ նույն տարվա դեկտեմբերին ընկերությունը ՕՇՎ կստանար ու առեւտրային փոխադրումներ իրականացնելու իրավունք կունենար, օդապարիկի շահագործող է գրանցվել Ն. Բարսեղյանը:

«Սքայբոլ» ՍՊԸ-ն առաջարկում է օդապարիկով թռիչքներ Հայաստանի երկնքում (թռիչքները հիմնականում իրականացվում են Գառնու տարածքում), ինչպես նաեւ գովազդի ցուցադրում օդապարիկի վրա:        

«Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ

Այս ընկերությունը (IATA-ի կոդը՝ RM, ICAO-ինը՝ NGT) հիմնադրվել է 2015-ի դեկտեմբերին գյումրեցի Աշոտ Թորոսյանի (51 %) եւ թբիլիսցի Ռոբերտ Օգանեսյանի (25 %) կողմից, որոնց մեկ ամիս անց միացել է վրացի Թամազ Գաիաշվիլին (24 %): Վերջինս «Georgian Airways» ավիաընկերության հիմնադիրն էր, իսկ Օգանեսյանը՝ դրա գլխավոր տնօրենի առաջին տեղակալը: Հայկական մամուլում լուրեր տարածվեցին, որ Թորոսյանը ատամնաբույժ է, բայց իրականությունն այն է, որ նրա մասնակցությունն «Արմենիայի» մեջ ձեւական էր, ինչը պայմանավորված էր օրենքով:

Ինչպես նշեցինք վերը, «Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ ՕՇՎ կարող են ստանալ այն իրավաբանական անձինք, որոնց առնվազն 51 տոկոսը պատկանում է ՀՀ քաղաքացիներին կամ Հայաստանում գրանցված այլ իրավաբանական անձանց: Պատահական չէ, որ ատամնաբույժ Ա. Թորոսյանը հենց 51 տոկոսի սեփականատեր էր գրանցվել, սակայն 2017-ի դեկտեմբերին այդ բաժնեմասն անցել է ՀՀ քաղաքացի դարձած Ռ. Օգանեսյանին, ով նաեւ ընկերության տնօրենն է: Մնացած 49 տոկոսը Թ. Գաիաշվիլունն է: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 200 հազար դրամ է, գրանցված է Երեւանի Ճառագայթային փողոցի Վ շենքում:

«Ավիակոմպանիա Արմենիան» սկսել է չարտերային եւ կանոնավոր թռիչքներ իրականացնել 2016-ի հուլիսից: Ներկայում այդպիսի չվերթներ է իրականացնում դեպի Ռուսաստան, Վրաստան, Մերձավոր Արեւելք, Եվրոպա: Այն բանից հետո, երբ այս տարվա հուլիսից արգելվեց վրացական ավիափոխադրողների մուտքը Ռուսաստան, «Georgian Airways»-ի համար կենսական նշանակություն ունեցող դեպի Մոսկվա թռիչքները Երեւանի միջոցով (Թբիլիսի-Երեւան-Մոսկվա-Երեւան-Թբիլիսի) իրականացնում է «Ավիակոմպանիա Արմենիան», որը վաղուց սեփական թռիչքներ չէր կատարում դեպի ՌԴ մայրաքաղաք: Նման կերպ հայ-վրացական դուետն առաջարկում է օդային կապ նաեւ Մոսկվայի ու Բաթումի միջեւ:

«Արմենիան Հելիքոթփերս» ՍՊԸ

Սա քաղաքացիական օդանավեր շահագործող միակ ավիաընկերությունն է Հայաստանում: Հիմնադրվել է 2018-ի փետրվարին երեւանցի Կարեն Ալֆրեդի Վարդանյանի կողմից: ՍՊԸ-ն գրանցված է մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան 2 հասցեում, ներկա տնօրենը Արսեն Մանուկյանն է, ով ժամանակին աշխատել է ՔԱԳՎ (ներկայում՝ ՔԱԿ) աշխատակազմի ղեկավար: Կանոնադրական կապիտալը 100 հազար դրամ է:

Այս ավիաընկերությունն առաջարկում է չարտերային թռիչքներ Հայաստանի տարածքում (կան մշակված երթուղիներ օպերատորի կողմից, առաջարկվում են նաեւ չվերթներ դեպի Գյումրի, Սեւան, Դիլիջան, Ջերմուկ, Մեղրի), ինչպես նաեւ դեպի Վրաստան (Թբիլիսի), Ռուսաստան (Սոչի, Վլադիկավկազ), Թուրքիա (Կարս, Աղրի, Վան), իրականացնում է նաեւ հարսանեկան շրջագայություններ, օդային տեսա- եւ լուսանկարահանումների համար ու գովազդային թռիչքներ, խորհրդատվություն եւ տեխնիկական ծառայություններ ուղղաթիռ գնելուց առաջ եւ հետո:   

«Արմենիան Հելիքոփթերսը» ուղղաթիռով կատարում է նաեւ ծանր հիվանդների տեղափոխություն հիվանդանոց (սանիտարական թռիչքներ): Այս ծրագրի մասին «Հետքը» գրել է: Օպերատորը կարող է իրականացնել նաեւ որոնողափրկարարական, գյուղատնտեսական, հրդեհաշիջման, շինարարական, բեռնափոխադրման աշխատանքներ:  

Հաջորդ հոդվածում կանդրադառնանք այս շահագործողների օդանավերին, որոնք թռչում են Հայաստանում եւ արտերկրում:  

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter