
Հայկական ավիաընկերություններն ակտիվացել են
«Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակում հուլիսից սկսած աճել են հայկական ավիաընկերությունների թռիչքները, ինչը միայն կարող է ուրախացնել: Ինչպես արդեն գրել ենք, հունիսի 15-ից դեպի Թեհրան չվերթներ է մեկնարկել «Արմենիա Էյրվեյզը», որն այս պահին Երեւանն ու Իրանի մայրաքաղաքը կապող միակ ավիաընկերությունն է. իրանական փոխադրողները Հայաստան չեն թռչում, ինչից հայկական ավիաընկերությունը միայն շահում է:
Սակայն «Արմենիա Էյրվեյզը» չէ, որ տոն է տալիս «Զվարթնոցի» չվացուցակում, այլ «Ավիակոմպանիա Արմենիան»: Հունիսի վերջին ծագած ռուս-վրացական լարվածությունից հետո այս օպերատորը հուլիսի 8-ից սկսել է թռիչքներ կատարել դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան օրական 2-3 անգամ: Ինչպես հայտնի է, «Արմենիան» նման կերպ փակում է քույր ընկերության՝ վրացական «Georgian Airways»-ի թռիչքների բացը դեպի Ռուսաստան:
Գրել ենք, որ ամառային սեզոնին կանոնավոր եւ չարտերային թռիչքների խիտ գրաֆիկն իրականացնելու համար հայկական ավիափոխադրողի շարժակազմ տեղափոխվեց եւս մեկ ինքնաթիռ: Ինչպես կարող ենք տեսնել թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքում, այս օդանավը («Boeing 737-700», հայկական գրանցումը՝ EK-73786) շահագործում է Թբիլիս-Երեւան-Թբիլիսի եւ Երեւան-Մոսկվա-Երեւան օդային գծերը:
Այս ամենից զատ՝ երեկվանից՝ հուլիսի 10-ից, «Georgian Airways»-ը թռչում է Բաթում-Երեւան-Բաթում ուղեգծով: Այսինքն՝ հայ-վրացական տանդեմը Ռուսաստանից «Զվարթնոց» ժամանողներին առաջարկում է ոչ միայն դեպի Թբիլիսի, այլեւ Բաթում ուղղությունը: Բաթում-Երեւան-Բաթում չվերթներ կազմակերպվելու են շաբաթվա մեջ 4-5 օր, օրական՝ մեկ անգամ: Բաթումից օդանավը ժամանում է առավոտյան, մեկնում՝ երեկոյան կողմ: Թռիչքի տեւողությունը 40 րոպե է:
Հայկական մյուս ավիաընկերություններից «Տարոն-Ավիան», որը մարդատար օդանավերի ամենամեծ ավիապարկն ունի (4 հատ «Boeing 737-500»), շարունակում է իր ինքնաթիռները վարձակալությամբ շահագործել Աֆրիկայում: Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում կայանված EK-73775 բորտը հուլիսի 5-ին եւս թռել է Աֆրիկա՝ Կամերուն, որտեղ ներկայում չվերթներ է կատարում այդ երկրի «Cameroon Airlines Corporation»-ի (ապրանքանիշը՝ «Camair-Co») կազմում:
Մեկնաբանել