HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ամենամեծ շարժակազմով ավիաընկերությունը շահագրգռված չէ թռչել դեպի Վրաստան ու Ռուսաստան

Հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանում ծագած միջադեպից եւ ռուս-վրացական միջպետական հարաբերությունների կրկին սրվելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվեց փոխադրումներ կատարել դեպի Վրաստան, իսկ վրացականներին՝ թռչել Ռուսաստան:

Հունիսի 22-ին վրացական ամենամեծ ավիաընկերությունը՝ «Georgian Airways»-ը, որը Թբիլիսիից թռչում է Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան եւ Ուֆա, հայտարարեց, թե իր ուղեւորներին առաջարկելու է օգտվել Թբիլիսի-Երեւան-Մոսկվա տարբերակից՝ առանց լրացուցիչ գանձումների: Հայտարարությունից պարզ չէ, թե արդյոք լրացուցիչ գանձումը վերաբերում է Թբիլիսիի եւ Երեւանի միջեւ թռիչքի տոմսի գնին, սակայն ավիաընկերությունը շտապել է նշել, որ երկու չվերթների միջեւ սպասելաժամանակը կլինի 1 ժամից էլ քիչ:

Ստեղծված իրավիճակում իսկապես ամենահարմար տարբերակը Հայաստանի տարածքն օգտագործելն է (տեսականորեն կա նաեւ Գյանջայի տարբերակը Թբիլիսիին փոխարինելու եւ թուրքական օդանավակայանների այլընտրանքը Բաթումի եւ Քութայիսի համար): Խոսքը թե՛ վրացական, թե՛ ռուսական ավիաընկերությունների մասին է: Քանի որ Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայաններից Վրաստան հասնելը թեկուզ ցամաքային ճանապարհով մի քանի ժամի հարց է, թվում է, թե խնդիրը գոնե նման կերպ ժամանակավոր լուծում կստանա: Այսինքն՝ Հայաստանը հարթակ կդառնա մեր հարեւանի ու դաշնակցի միջեւ օդային փոխադրումներ կազմակերպելիս:

Իրատեսական է թվում հետեւյալ սցենարը. վրացական օպերատորը կարող է իրականացնել Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի չվերթը, ինչպես անում է հիմա, իսկ Երեւանից դեպի Ռուսաստան թռիչքները կկատարի «Georgian Airways»-ի սեփականատերերի հիմնադրած հայկական «Ավիոկոմպանիա Արմենիան»: «Հետքի» տեղեկություններով՝ հայկական այս օպերատորը ծրագրում է շաբաթական 3 չվերթ իրականացնել դեպի Մոսկվա: Հիշեցնենք, որ այս պահին «Արմենիան» Երեւանից թռչում է Վորոնեժ եւ Միներալնիե Վոդի, իսկ ընկերության կայքում դեպի Մոսկվա չվերթ ամրագրելիս դեռեւս առաջարկվում է Թբիլիսիից մեկնելու տարբերակը: Այսինքն՝ հիմա տեղի կունենա հակառակը՝ «Georgian Airways»-ն իր ուղեւորներին կառաջարկի Թբիլիսի-Երեւան-Մոսկվա տարբերակը:       

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ամսի 22-ին կառավարությանն ու քաղավիացիայի կոմիտեին կոչ արեց մինչեւ հուլիսի 8-ը համապատասխան աշխատանքներ կատարել՝ առայժմ Վրաստան կատարվող ռուսական ավիափոխադրումները դեպի «Շիրակ» օդանավակայան ուղղելու համար: Սա, ըստ պատգամավորի, հնարավորություն կտա նաեւ, որ Գյումրու օդային դարպասներն ու քաղաքի տնտեսական շարժն ակտիվանան:

Գյումրին հարմար կլինի ռուսական ընկերությունների համար, քանի որ Վրաստանի սահմանին բավականին մոտ է, ավելին՝ ներկայում «Շիրակ» օդանավակայանից օգտվում է միայն «Աէրոֆլոտի» դուստր «Պոբեդան», որը ժամանում է Մոսկվայի «Վնուկովոյից»:  

Վարչապետ Փաշինյանի խորհրդական Հակոբ Ճաղարյանը հունիսի 24-ին հայտնեց, թե դիմել է հայկական բոլոր ավիաընկերություններին՝ Ռուսաստանից Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու պատրաստակամության եւ հնարավորությունների ճշտման նպատակով: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն՝ «Արմենիա», «Տարոն-Ավիա» եւ «Ատլանտիս Յուրոփիան», պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջեւ ծագած ճգնաժամի կարգավորումներին ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ եւս 2-ով»,- «Ֆեյսբուքում» գրել է Հ. Ճաղարյանը՝ հավելելով, որ արդյունքների մասին զեկուցել է վարչապետին: Նույն օրը Ճաղարյանը նշեց, որ Բաթումից կատարվող չվերթները նախատեսվում է կազմակերպել «Շիրակ», իսկ Թբիլիսիից կատարվողները՝ «Զվարթնոց» օդանավակայանների միջոցով: «Արդեն հայկական ավիաընկերություններից մեկը պլանավորում է թռիչքներ՝ սկսած հուլիսի 8-ից դեպի ռուսական 4 ուղղություն»,- տեղեկացրել է վարչապետի խորհրդականը՝ նկատի ունենալով «Զվարթնոցից» կատարվելիք չվերթները:

«Georgian Airways»-ն այս պահին ամեն օր 3 անգամ թռչում է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղեգծով, բացի դրանից՝ Թբիլիսիից շաբաթական 3-7 չվերթ ունի դեպի Սանկտ Պետերբուրգ, 3՝ Կազան, 2-ական՝ Վորոնեժ եւ Ուֆա: Ահա նման բաց է առաջանալու միայն վրացական օպերատորի՝ Թբիլիսիի չվերթների մասով:  

Պարզ է, որ այս պարագայում հայկական ավիաընկերություններից առաջինը գործի մեջ է մտնելու «Ավիակոմպանիա Արմենիան», որը, ըստ մեր տեղեկությունների, շուտով կհամալրվի երկրորդ օդանավով, քանի որ ունեցած 1 ինքնաթիռը («Boeing 737-500», հայկական գրանցումը՝ EK-73736) պարզապես չի կարող այդքան չվերթ կատարել. չմոռանանք, որ բացի իր կանոնավոր չվերթներից՝ հայկական այս ընկերությունն ամառային տուրիստական սեզոնին նաեւ չարտերային ուղղություններ է բացում դեպի Եվրոպա:

Հակոբ Ճաղարյանի հիշատակած ընկերություններից մարդատար օդանավերի ամենամեծ ավիապարկն ունի «Տարոն-Ավիան»՝ 4 ինքնաթիռ: Ավիափոխադրողի կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանն այսօր «Հետքին» հայտնել է, որ օդանավերից երկուսն (EK-73772 եւ EK-73776) այս պահին գտնվում են Աֆրիկայում՝ վարձակալությամբ շահագործվում են սուդանական «Badr Airlines»-ի կողմից: EK-73797-ը կայանված է «Շիրակում», իսկ EK-73775-ը՝ Երեւանի «Էրեբունիում»: Բոլորն էլ նույն տիպի ինքնաթիռներ են՝ «Boeing 737-500»:

Թվում է, թե «Տարոն-Ավիան», որը 2017-2018 թթ. Երեւանից ու Գյումրուց թռչում էր ռուսական ուղղություններով, այս պահին շուկա մտնելու ամենամեծ հնարավորություններն ունի թեկուզ միայն իր շարժակազմի շնորհիվ: Սակայն իրականում կան խոչընդոտներ: Լ. Քարամյանը մեզ հայտնել է, որ «Տարոն-Ավիային» ձեռնտու չէ սկսել ռուսական ուղղությունների շահագործումը, քանի դեռ չեն լուծվել առկա հակամրցակցային խնդիրները:

Սրանց մասին «Հետքը» նախկինում գրել է: Նորից չանդրադառնալով այս ավիաընկերության եւ «Զվարթնոցի» ու «Շիրակի» կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջեւ տարաձայնություններին, որոնք, չգիտես ինչու, կառավարությունը մինչ օրս չի լուծում կամ չի կարողանում լուծել, հիշեցնենք, որ «Տարոն-Ավիան» եւ ընդհանրապես հայկական ավիաընկերությունները խնդիրների են բախվում Ռուսաստանի տարածքում: Չնայած ԵԱՏՄ-ի գոյությանը՝ հայկական օպերատորները ՌԴ աերոնավիգացիոն ծառայությունների եւ օդանավակայանների կողմից դիտարկվում են իբրեւ արտասահմանյան, ու նրանց հանդեպ կիրառվում են այնպիսի գներ, որոնք բավականին բարձր են ռուսական ավիաընկերություններից գանձվող վճարներից: Այս ամենի հետեւանքով ստեղծվել է հակամրցակցային միջավայր: «Տարոն-Ավիան» նշված հարցով դեռ անցյալ տարի դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ), որն էլ խնդիրը բարձրացրել էր ԵԱՏՀ մրցակցության հարցերով լիազորված դեպարտամենտում: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ սահմանվել է ժամանակացույց՝ մինչեւ 2020 թ. ներառյալ վերհանել ՌԴ բոլոր օդանավակայաններում առկա տարբերակված սակագները եւ վերանայել դրանք: Արդեն իսկ համահարթեցված գներ են առաջարկում Բառնաուլի եւ Չիտայի օդանավակայանները, սակայն դրանք գոնե առայժմ հայկական ավիաընկերությունների հետաքրքրության տիրույթում չեն:       

Լեւոն Քարամյանի տեղեկացմամբ՝ «Տարոն-Ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանը նշել է, որ առկա պայմաններում իրենք, այդուհանդերձ, կարող են Հայաստանից թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան ու Վրաստան, եթե լինի պետական ֆինանսավորում: Միաժամանակ «Հետքի» զրուցակիցը խնդրահարույց է համարում այն, որ մինչեւ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն այն էլ «բաց երկնքի» պայմաններում հայկական որեւէ ավիաընկերության կոնկրետ ուղղության փոխադրող է նշանակում, մոտ 2 ամիս է անցնում: Այսպիսի երկար պրոցեսը առկա գրեթե ֆորսմաժորային իրավիճակում բավականին բարդացնում է հայկական ընկերությունների կողմից նոր թռիչքների կատարումը:

Հավելենք, որ մյուս օպերատորը՝ «Atlantis European Airways»-ը, որն ունի 3 հատ «Airbus A320» (EK-32002, EK-32008, EK-32003), որպես կանոն սեփական թռիչքներ չի կատարում եւ իր օդանավերը վարձակալությամբ տալիս է այլ ընկերությունների:

Լուսանկարի վերեւի շարքում՝ EK-73736 («Ավիակոմպանիա Արմենիա»), EK-73797 («Տարոն-Ավիա»), ներքեւի շարքում՝ EK-32008 («Atlantis European Airways»), EK-73775 («Տարոն-Ավիա»)

Մեկնաբանություններ (1)

andre gugasian
Georgia is not a ally of Armenia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter