HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմենիա Էյրվեյզը» մենակ է մնացել հայ-իրանական ավիաշուկայում

Հայկական «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը, որը հունիսի 15-ից սկսել է թռչել Երեւան-Թեհրան-Երեւան ուղղությամբ, իսկ ամսի 24-ից կանոնավոր չվերթներ է կատարում ամեն օր, այս պահին միակն ավիափոխադրողն է, որ իրար է կապում Հայաստանի ու Իրանի մայրաքաղաքները:

Բավականին երկար ժամանակ ու մինչեւ վերջերս իրանական կողմից նույն ուղղությամբ կանոնավոր չվերթներ էր կատարում «Mahan Air»-ը, սակայն ինչ-ինչ պատճառներով այս ավիաընկերությունը դուրս է եկել հայկական շուկայից: Չի բացառվում, որ պատճառը ամերիկյան պատժամիջոցներն են ու Հայաստանում դրանց հետեւանքով ծագած խնդիրները: Բայց փաստ է, որ իրանցի ուղեւորների հոսքը դեպի Հայաստան բավականին մեծ է, ու իրանցի զբոսաշրջիկների ներկայությունը մեր երկրում նկատելի է ամբողջ տարվա ընթացքում:

Չունենալով մրցակից՝ «Արմենիա Էյրվեյզը» հայտնվել է բավականին շահեկան դիրքում: Այդուհանդերձ, ընկերությունը փոխադրումներ կատարում է օրական մեկ անգամ, այն էլ՝ ընդամենը 112 հոգի տեղավորող «BAe 146-300» տիպի ինքնաթիռով (EK-14601): Վերջինս ամեն առավոտ՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ին, «Զվարթնոցից» մեկնում է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան, թռիչքը տեւում է 1,5 ժամ: Երեւանում վայրէջքը կեսօրից հետո է՝ 14:30-ին:   

Ինքնաթիռի փոքր լինելը հետաքրքիր է նրանով, որ նույն «Mahan Air»-ն օգտագործում էր շատ ավելի մեծ, տարողունակ օդանավեր, քանի որ պահանջարկ կար ու այժմ էլ կա: Եվ չնայած «Արմենիա Էյրվեյզն» ունի նաեւ 250-տեղանոց 2 հատ «Airbus A310-300», որոնք «BAe 146-300»-ի նման ձեռք են բերվել Ռումինիայից, դրանցից մեկը (EK-31001) տեխնիկական խնդիրների պատճառով կայանված է Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, իսկ մյուսը (EK-31002) թեեւ Թեհրանից տեղափոխվել է Երեւան, չի շահագործվում:

Հայկական ավիաընկերության բոլոր բորտ-ուղեկցորդները հայեր են, նրանք անցել են համապատասխան վերապատրաստում, իսկ հայ օդաչուներն առայժմ աշխատում են իրանցի մասնագետների հետ, որոնց կփոխարինեն աստիճանաբար, երբ պահանջվող որակավորում ստանան: Տեխնիկական անձնակազմը նույնպես տեղացիներ են:

Լուսանկարը՝ հայկական ավիաընկերության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter