HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ավիակոմպանիա Արմենիայի» նոր ինքնաթիռը Երեւանում է

«Ավիակոմպանիա Արմենիայի» նոր ինքնաթիռը ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Ինչպես արդեն հայտնել ենք, ռուս-վրացական լարվածությունից եւ վրացական օպերատորների առաջ ռուսական երկնքի փակվելուց հետո «Արմենիայի» քույր «Georgian Airways»-ը որոշել է իր թռիչքները դեպի Ռուսաստան իրականացնել հայկական ավիափոխադրողի միջոցով: Բացի սրանից՝ «Արմենիան» շարունակում է իրականացնել նաեւ իր կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտեր) չվերթները դեպի Եվրոպա, Ռուսաստան ու Մերձավոր Արեւելք:

Հասկանալի է, որ այս պարագայում ընկերությունը չէր կարող իր ունեցած մեկ օդանավով գործը գլուխ բերել: Այսպիսով՝ «Արմենիայի» «Boeing 737-500»-ին (EK-73736) միանում է «Georgian Airways»-ի «Boeing 737-700»-ը, որի վրա արդեն հայտնվել է «Ավիակոմպանիա Արմենիայի» տարբերանշանն ու հայկական գրանցումը՝ EK-73786: Արդեն գրել ենք, որ այս օդանավը մինչեւ վրացական ռեգիստրում գրանցվելը հաշվառված էր Հայաստանում իբրեւ «Արմենիայի» բորտ: Այն մեր երկրում կրկին գրանցվել է իր նախկին համարով՝ EK-73786:

2008-ին արտադրված օդանավը նախկինում շահագործվել է Կանադայում («WestJet», գրանցումը՝ C-FCWJ), 2016-ին տեղափոխվել է Հայաստան, սակայն կիրառվել է վրացական օպերատորի կարիքների համար, իսկ 2017-ին մտցվել է վրացական ռեգիստր (4L-TGO):

Flightradar24.com-ի տվյալներով՝ ինքնաթիռը «Georgian Airways»-ի կազմում իր վերջին թռիչքները կատարել է Մոսկվա ու Թել Ավիվ:

«Georgian Airways»-ը, ՀՀ տեղափոխված ինքնաթիռից զատ, ունի եւս 8 հատ օդանավ՝ 1-ական «Boeing 737-700», «Boeing 737-800», «Bombardier CRJ200LR» եւ «Bombardier CRJ200» (ավելի կոնկրետ սրա բիզնես տարբերակը՝ «Challenger 850»), ինչպես նաեւ 1 հատ «Embraer 195LR» ու 3 հատ «Embraer 190AR»: Վրացական ընկերությունն ունի նաեւ մեկ հատ չօգտագործվող «Bombardier CRJ100LR»: Նախկինում հատկապես ամառային տուրիստական սեզոնին, որը հագեցած է ոչ միայն կանոնավոր, այլեւ չարտերային թռիչքներով, «Georgian Airways»-ի օդանավերը պարբերաբար օգնության են եկել «Արմենիային»:    

Լուսանկարները՝ Արգիշտի Ապիկյանի  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter