HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ավիակոմպանիա Արմենիան» համալրվում է իր նախկին օդանավով

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերությունը, որը ռուս-վրացական հարաբերությունների լարումից հետո հայտարարեց Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթներ սկսելու մասին, շուտով համալրվելու է երկրորդ ինքնաթիռով:

Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ից ռուսական օպերատորները չեն կարողանալու թռչել Վրաստան, իսկ վրացականները՝ Ռուսաստան: Այս արգելքը դրվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով: Վրացական ամենամեծ ավիաընկերությունը՝ «Georgian Airways»-ը, որը մինչ այս Թբիլիսիից թռչում է Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Վորոնեժ եւ Ուֆա, այժմ պիտի օգտվի իր քույր կամ դուստր ընկերության՝ «Արմենիայի» կարգավիճակից, որն առանց խնդրի ներկայում Երեւանից թռչում է Վորոնեժ ու Միներալնիե Վոդի, իսկ նշված արգելքի՝ ուժի մեջ մտնելուց հետո կմեկնի նաեւ Մոսկվա:

«Արմենիայի» գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը հունիսի 26-ին հայտնել է, որ ավիաընկերությունը ռուսական կողմից ստացել է Երեւան-Մոսկվա-Երեւան կանոնավոր չվերթների թույլտվություն: Հայկական օպերատորն օրական 2 անգամ մեկնելու է ՌԴ մայրաքաղաք եւ հետ վերադառնալու: Իր հերթին «Georgian Airways»-ը օրական 2 անգամ կատարելու է Թբիլիսի-Երեւան-Թբիլիսի չվերթներ: Այսինքն՝ վրաց-հայկական հատվածը շահագործելու է վրացական ավիափոխադրողը, ինչպես որ անում է այժմ, իսկ հայ-ռուսականը՝ հայկական օպերատորը: Երկու հատվածների միջեւ սպասելաժամանակը, ըստ Խաչատրյանի, լինելու է 50 րոպե:  

Քաղավիացիայի կոմիտեն, հղում անելով «Ավիակոմպանիա Արմենիայի» տնօրենին, հունիսի 26-ին հայտնել է, որ փոխադրողը նախատեսում է նաեւ չվերթներ իրականացնել Գյումրի-Մոսկվա-Գյումրի եւ Գյումրի-Բաթում-Գյումրի ուղղություններով:

Իրենց հերթին ռուսական ավիաընկերությունները նախատեսում են ավելացնել դեպի Հայաստան չվերթների քանակը, իսկ Երեւան կամ Գյումրի հասցված ուղեւորներին Վրաստան տեղափոխելու համար դիտարկում են ավտոբուսային ու երկաթուղային փոխադրումները:

Վերադառնալով «Արմենիային»՝ նշենք, որ Գ. Խաչատրյանը հայտարարել է, թե ընթացքի մեջ են «Boeing 737-700» օդանավը Հայաստանում գրանցելու աշխատանքները: Ինքնաթիռը, ըստ նախատեսվածի, Երեւանում պետք է լինի հուլիսի 8-ին:

Համաձայն Վրաստանի օդանավերի ռեգիստրի՝ «Georgian Airways»-ն այս պահին ունի 2 հատ նման ինքնաթիռ (գրանցման համարները՝ 4L-TGO եւ 4L-TGN), որոնցից, ըստ մեր տեղեկությունների, Հայաստան է տեղափոխվելու 4L-TGO գրանցումով օդանավը: 2008-ին արտադրված այս ինքնաթիռը, որը վրացական օպերատորի պարկում ամենաթարմ բորտն է, ժամանակին հենց Հայաստանում՝ «Արմենիայի» հաշվեկշռում էր գրանցված:

Այն մեր երկիր էր բերվել 2016-ի հուլիսին Կանադայից (նախորդ շահագործողն այդ երկրի «WestJet» ավիաընկերությունն էր), սակայն Հայաստանում որպես EK-73786 գրանցված օդանավը տրվեց մայր ընկերությանը՝ «Georgian Airways»-ին, որը դրանով մինչ օրս թռչում է գլխավորապես Մոսկվա: 2017-ի մայիսին EK-73786-ը մտցվեց վրացական ռեգիստր որպես 4L-TGO եւ հիմա, փաստորեն, վերադառնում է:

Հայկական ու վրացական ավիաընկերությունները որոշել են փոխել օդանավի ազգային գրանցումը, որովհետեւ նույնիսկ եթե այն «թաց լիզինգի» պայմաններով վարձակալության տրվեր «Արմենիային», շարունակելու էր վրացական կողմի պատասխանատվության եւ դրոշի տակ մնալ, ինչը խնդիրներ կստեղծեր Ռուսաստանի օդային տարածք մտնելիս: Մյուս կողմից՝ այս օդանավը մինչ օրս չի ներկվել «Georgian Airways»-ի գույներով, այսինքն՝ այս առումով խնդիրը հեշտ լուծելի է՝ ինքնաթիռի հետնամասի 4L-TGO գրանցումն ուղղակի պետք է ներկել ու վրան ավելացնել հայկական գրանցման համարը:

Հիշեցնենք, որ «Ավիակոմպանիա Արմենիան» ներկայում ունի 1996-ին արտադրված 1 հատ «Boeing 737-500» (EK-73736), որը, կարելի է ասել, բազմաչարչար ինքնաթիռ է՝ հայկական ավիափոխադրողի բոլոր չվերթները կատարում է միայնակ (չհաշված ամառային խիտ սեզոնին «Արմենիայի» կողմից վարձակալվող օդանավերը): 2010-2016 թթ. այս օդանավը գրանցված էր (4L-TGI) հենց «Georgian Airways»-ի կազմում:         

Լուսանկարում՝ 4L-TGO-ն՝ Վիեննայի օդանավակայանում (02.06.2019, հեղ.՝ Մաքս Հրուսա, www.jetphotos.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter