HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապանի օդանավակայանի վերագործարկման համար ծախսվելու է 4,8 մլն դոլար

Կապանի օդանավակայանի ուղեւորային համալիրի կառուցման եւ թռիչքուղու վերանորոգման (հիմնանորոգման) աշխատանքների արժեքը կազմում է 2,3 մլրդ դրամ: Ներկա դրությամբ իրականացվել է շուրջ 850 մլն դրամի աշխատանք:

Այս մասին «Հետքին» հայտնել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Ի պատասխան մեր հարցման՝ մարզպետն ուղարկել է օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի տեղեկանքը կառույցի գործարկմանն ուղղված աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ նշված ընկերությունը 2017-ի սեպտեմբերին Կապան համայնքից ստացել է օդանավակայանը 25 տարով կառավարելու իրավունք: Ընկերությունը նույն տարում ստեղծվել էր Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամի կողմից (վերջինս էլ հիմնադրվել է կառավարության որոշմամբ, իսկ կառավարող լիազորված մարմինը Սյունիքի մարզպետարանն է), սակայն ավելի ուշ ՍՊԸ-ի մասնակից է դարձել նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը, որն իր հերթին հիմնադրվել է ԶՊՄԿ-ի կողմից:

Հենց ՍՄԶՆՀ-ն ու ԶՊՄԿ-ն են համարվում օդանավակայանի ծրագրի ներդրողներ: Հետաքրքիր է, որ սկզբնապես մարզպետարանը «Հետքին» հայտնել էր, թե վերագործարկման ծրագրի արժեքը 2 մլն դոլար է, իսկ ավելի ուշ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշել էր 2,5 մլն-ի մասին: Ստացվում է, որ վերջին տվյալներով այն շուրջ 4,8 մլն դոլար է, եւ 1,8 մլն-ն արդեն ներդրվել է:

DSC_0444.jpg (173 KB)

Կոնցեսիոների տեղեկանքում նշվում է, որ օդանավակայանի եւ դրա ենթակառուցվածքների կառուցման եւ գործարկման ամբողջ ֆինանսական բեռն իր վրա է վերցրել ԶՊՄԿ-ն՝ պարտավորվելով իր հաշվին ձեւավորել բոլոր ենթակառուցվածքները (ներառյալ՝ շինաշխատանքների կատարումը, անհրաժեշտ նյութերի եւ սարքավորումների ձեռքբերումը) եւ անհատույց դրանք հանձնել ՍՊԸ-ին: Հավելենք, որ, ըստ կոնցեսիոն պայմանագրի, դրա ավարտից հետո ամբողջ նորակառույց գույքն իբրեւ սեփականություն անցնելու է Կապան համայնքին, չնայած կոնցեսիան կարող է երկարաձգվել եւս 10 տարով:

«Կապանի օդանավայանի վերագործարկումը ՍՄԶՆՀ-ի եւ ԶՊՄԿ-ի նախաձեռնած համատեղ ամենախոշոր եւ նշանակալի ծրագրերից է, որի բարեհաջող իրականացումը նոր շունչ կհաղորդի մարզի սոցիալ-տնտեսական կյանքին: Ծրագիրը կրում է խիստ ռազմավարական բնույթ եւ աննախադեպ է՝ լինելով հետխորհրդային Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված առաջին իրական նախաձեռնությունը»,- ասվում է կոնցեսիոների տեղեկանքում:

DSC_0455.jpg (238 KB)

Նշվում է նաեւ, որ կոմբինատը համապատասխան լիցենզավորված կազմակերպություններին պատվիրել ու ամբողջությամբ ֆինանսավորել է ուղեւորային համալիրի կառուցման եւ թռիչքուղու նախագծանախահաշվային աշխատանքները՝ դրանցում նաեւ ներգրավելով ոլորտում լիազորված եւ շահագրգիռ պետական մարմիններին, մասնագիտացված կազմակերպություններին: Որպես ուղենիշ ընտրվել է օդանավակայանների որակավորման միջազգային ստանդարտներին համապատասխան, առաջադեմ տեխնոլոգիաների եւ մոտեցումների կիրառմամբ համալիր կառուցելու նպատակը՝ հաշվի առնելով դրա հետագա զարգացման հեռանկարները, ներառյալ՝ միջազգային փոխադրումներ իրականացնելու հնարավորությունը (համապատասխան արգելքները վերացվելուց հետո): Գրել ենք, որ շինաշխատանքներն իրականացնում է «Կապանի Նորոգշին» ՍՊԸ-ն, իսկ նախագծողը երեւանյան ««Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինտիտուտ «Տրանսնախագիծ»» ՓԲԸ-ն է:

Հայտնի է նաեւ, որ Կապանը միջազգային փոխադրակետ դարձնելու խոչընդոտը կառավարության եւ «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի պայմանագիրն է, որում ամրագրվել է, որ ՀՀ տարածքում «Զվարթնոցից» 250 կմ շառավղով հեռավորության վրա չի կարող լինել այլ միջազգային օդանավակայան: Եթե այս խոչընդոտը չլինի, ապա Կապանը կարող է փոքր ավիացիայի միջոցով օդային հանգույց դառնալ Երեւանի ու Իրանի միջեւ: Ճիշտ է, դրա համար գուցե անհրաժեշտ կլինի տեխնիկապես վերազինել օդանավակայանը, սակայն դա մեծ հաշվով խնդիր չի լինի՝ հաշվի առնելով ԶՊՄԿ-ի ֆինանսական կարողությունները:

DSC_0428.jpg (209 KB)

Կապանի օդանավակայանի կոնցեսիոների փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ ուղեւորային համալիրի շինաշխատանքների 60 տոկոսն ավարտված է: Թե ինչպիսին է լինելու այդ համալիրը, «Հետքը» գրել է: Անդրադարձել ենք նաեւ վազքուղու վերանորոգման աշխատանքներին, որոնցում բարդություններ էին ի հայտ եկել՝ կապված աֆալտե ծածկի հիմքի հետ:

«Թռիչքուղու մասով իրականացվող աշխատանքներն ընդգրկում են դրա կապիտալ վերանորոգումը, հիմքերի փոխումը, ամրացումը, ամբողջովին նոր ծածկույթի ապահովումը, անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորումը, չնայած որ առկա վիճակով թռիչքուղին ավելի քան բավարար էր ներկա ծրագրի շրջանակներում նախատեսված օդանավերի շահագործման համար,- նշված է ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի տեղեկանքում,- աշխատանքները նպատակաուղղված են ապահովելու անվտանգության եւ հուսալիության բարձր չափանիշների համապատասխանող աերոդրոմի (թռիչքուղու) կառուցումը, ինչը հնարավորություն կտա Կապանի օդանավակայանում ընդունելու ավելի ծանր օդանավեր, ապահովելու տարբեր նպատակներով բեռնափոխադրումների կազմակերպումը»:

DSC_0452.jpg (290 KB)

Չնայած այս օդանավակայանը համար ԶՊՄԿ-ն Չեխիայից 5,5 մլն եվրոյով արդեն ձեռք է բերել «L-410» տիպի ինքնաթիռ, որը նախատեսված է 19 հոգու համար, աերոդրոմի տվյալները թույլ են տալիս ընդունել ավելի մեծ տարողությամբ օդանավեր: 2015-ին արտադրված «L-410»-ը 2018-ի օգոստոսին է բերվել Հայաստան, այստեղ այն գրանցվել է որպես EK-4117: Մի որոշ ժամանակ «Զվարթնոցում» կանգնելուց հետո ինքնաթիռն այս գարնանն սկսել էր ուսումնական թռիչքներ կատարել: Հիշեցնենք, որ այն շահագործելու է «Atlantis Armenian Airlines» ավիաընկերությունը: Բացի Կապանից՝ ինքնաթիռը Երեւանից թռչելու է նաեւ Թբիլիսի, Քութայիս ու տարածաշրջանի այլ կետեր:  

«Օդանավի անվտանգ շահագործման ապահովման նպատակով ԶՊՄԿ-ի հաշվին անձնակազմի անդամներն ու տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատակիցներն անցել են համապատասխան ուսուցում Չեխիայում՝ օդանավն արտադրող գործարանում («Aircraft Industries»- հեղ.), եւ Հայաստանում: Ինքնաթիռի վարժական թռիչքները կազմակերպելու եւ օդաչուների վերապատրաստումն իրականացնելու նպատակով մասնագետներ են հրավիրվել Հայաստան, կազմակերպվել են անհրաժեշտ դասընթացները եւ վարժանքները: Սահմանված կարգով իրականացվել են նախաթռիչքային բոլոր աշխատանքները, ապահովված է օդանավի ընթացիկ պատշաճ սպասարկումը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասվում է կոնսեցիոների տեղեկանքում:

Ինչ վերաբերում է դեպի Կապան թռիչքների տոմսերին, ապա գրել էինք, որ նախնական գնահատմամբ երկկողմանի տոմսն արժենալու է 40.000 դրամ: Սյունիքի մարզպետարանից մեզ հայտնել էին, որ ՍՄԶՆՀ-ն նաեւ պատրաստ է սուբսիդավորել առողջության նկատառումներով մայրաքաղաք շտապ տեղափոխվելու անհրաժեշտություն ունեցող ուղեւորների ճանապարհածախսը: Ավելի ուշ նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էր հայտարարել, որ երկկողմանի տոմսը, նախնական հաշվարկներով, կարժենա 30-40 հազար դրամ, իսկ վերոնշյալ հիմնադրամի կողմից կգործեն նաեւ հատուկ սակագներ ուսանողների համար:

Չնայած կոնցեսիոները տեղեկանքում չի անդրադարձել ավիատոմսի գներին, նշել է հետեւյալը. «ԶՊՄԿ-ն նախատեսում է իր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում սուբսիդավորել օդանավի տոմսերի ձեռքբերումը սոցիալապես անապահով անձանց, ուսանողների եւ այլ խոցելի խմբերի համար»:    

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter