HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապանի ինքնաթիռի սեփականատերը ԶՊՄԿ-ին առնչվող ընկերություն է

Կապան-Երեւան օդային երթուղին սպասարկելու համար ձեռք բերված չեխական «L-410UVP-E20» ինքնաթիռը չնայած Երեւան էր տեղափոխվել անցյալ տարվա օգոստոսին, միայն այս տարվա փետրվարին է քաղավիացիայի կոմիտեի կողմից գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում: Օդանավին տրվել է EK-4117 համարը: Հիշեցնենք, որ այն արտադրվել է 2015-ին ու նախկինում հաշվառված էր Չեխիայում որպես OK-JPP: Ավելին՝ 2015-ի աշնանը շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել: Ինքնաթիռը կրում է Համո Սահյանի անունը:

Գրել էինք, որ այն շահագործելու է քաղավիացիայի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Արամ Մարությանի «Atlantis Armenian Airlines» ավիաընկերությունը: Վերջինիս կայքում տեղադրված օդանավի գրանցման սերտիֆիկատից տեղեկանում ենք, որ դրա սեփականատերը երեւանյան «Գլոբալ Սերվիսիս Գրուպ» ՍՊԸ-ն է:

l-410-certificate.jpg (109 KB)

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետարանի տարածած տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռի ձեռք բերողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ լրագրողներին հայտնել էր, որ օդանավը գնվել է 5,5 մլն եվրոյով, որից 1,5 մլն-ը վճարվել է, իսկ մնացած 4 մլն-ը մարվելու է դրա շահագործման ընթացքում:     

Ինքնաթիռի արտադրող «Aircraft Industries» ընկերության կայքում նշվում է, որ 19 հոգու համար նախատեսված օդանավը հագեցած է թվային ավիոնիկայով, ստանդարտ նստատեղերով, «TCAS II» ազդանշանային համակարգով, որը զգուշացնում է երկրի հետ բախման վտանգի մասին, բացի դրանից՝ օդանավի սրահի բեռնային խցիկը կարող է մեծացվել՝ շնորհիվ շարժական միջնորմի (այս մոդելի օդանավերում հնարավոր է 100 կգ բեռ տեղավորել քթամասում գտնվող խցիկում, եւս 150 կգ՝ ուղեւորների սրահի վերջնամասում):

Քանի որ ավիաօպերատորին՝ «Atlantis Armenian Airlines»-ին, անդրադարձել ենք, մի քանի խոսքով ներկայացնենք նաեւ սեփականատիրոջը:

«Գլոբալ Սերվիսիս Գրուպ» ՍՊԸ-ն գրանցվել է 2015-ի հունիսին: Հիմնադիրը երեւանցի Վադիմ Ավետյանցն է, ով նաեւ դրա տնօրենն է: Ընկերության հասցեն Արշակունյաց 9/4-ն է, կանոնադրական կապիտալը՝ 10 հազ. դրամ: ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի համաձայն՝ ՍՊԸ-ի գործունեության ոլորտը հանքագործական արդյունաբերության այլ ճյուղերում օժանդակ ծառայությունների մատուցումն է: Ըստ էության, սա ԶՊՄԿ-ի արբանյակ ընկերություններից է:

Հետաքրքիր է, որ հիմնադրման տարում ՍՊԸ-ն՝ որպես հարկային գործակալ, վճարել է 4,3 մլն դրամ եկամտահարկ, 2016-ին այդ թիվը կազմել է 16,5 մլն, 2017-ին նույնպես մուծած եկամտահարկի չափն անցել է 10 մլն-ից: 2018-ին էլ ընկերությունը հայտնվել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների 943-րդ տեղում. անցյալ տարի ՍՊԸ-ն վճարել է ավելի քան 148 մլն դրամ հարկ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին «Գլոբալ Սերվիսիս Գրուպը» 2017-2018 թթ. ընթացքում ամեն ամիս վճարել է 3000-7000 դրամ, ինչից կարելի է ենթադրել, որ աշխատողների առավելագույն թիվը եղել է 7-ը:      

Երկար ժամանակ «Զվարթնոցում» կայանված «L-410»-ն, ինչպես կարող ենք տեսնել flightradar24.com կայքում, սկսել է թռիչքներ կատարել Հայաստանի երկնքում:

l-410-flights.jpg (135 KB)

EK-4117-ը իրար է կապելու ոչ միայն Կապանն ու Երեւանը, այլեւ, ըստ «Atlantis Armenian Airlines»-ի, Երեւանից թռչելու է Թբիլիսի, Քութայիս ու տարածաշրջանի այլ կետեր: Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ այս ամառվա վերջ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter