HY RU EN

Վահե Սարուխանյան

Ինչպիսի՞ն է լինելու Կապանի ապագա օդանավը. վիճակագրությունն ու ԶՊՄԿ-ի լռությունը

Կապանի օդանավակայանի վերագործարկման մասին մի քանի հարց էինք ուղղել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին դեռ հոկտեմբեր ամսին: Օրեր անց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանից ստացել ենք պատասխան, սակայն միայն մեկ հարցի վերաբերյալ: Այսպես՝ նախատեսվում է, որ Կապանից թռիչքներն իրականացվելու են դեպի «Զվարթնոց» օդանավակայան: Հիշեցնենք, որ երբ խորհրդային տարիներին մեր երկրում բավականին զարգացած էր փոքր ավիացիան ու ներքին օդային ցանցը, ներհայաստանյան ու տարածաշրջանային թռիչքները սպասարկում էր «Էրեբունի» օդանավակայանը:

Մեր հարցերը հիմնականում վերաբերում էին ինքնաթիռին, որն իրականացնելու է Կապան-Երեւան-Կապան չվերթները: Ռ. Սարգսյանը հայտնել է հետեւյալը. «Օդանավը ձեռք է բերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից, ուստի օդանավին վերաբերող հարցերը խնդրում ենք ուղղել ԶՊՄԿ-ին»: Սա անուղղակի պատասխանն է նաեւ մեր այն հարցին, թե ով է հայկական կողմից ինքնաթիռի ձեռքբերման պայմանագիր ստորագրողը, այսինքն՝ ու՞մ սեփականությունն է լինելու այն:

Դեռ ամռանը մարզպետի խորհրդական Սահակ Հակոբյանը հայտնել էր, որ բանակցությունները հայկական կողմից վարել են Վ. Հակոբյանն ու ԶՊՄԿ-ն: Լրագրողների հետ հոկտեմբերյան հանդիպմանն էլ առաջինը նշեց, որ պայմանագիրը ստորագրել են հոկտեմբերի 4-ին: 19 հոգու համար նախատեսված «L-410» օդանավը, թերեւս, գնվել է դրա չեխական արտադրող «Aircraft Industries» ընկերությունից:

Ինքնաթիռի վերաբերյալ հարցերը ուղղեցինք ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին: Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե կոնկրետ որ ընկերությունից է գնվել այն, խնդրել էինք հայտնել, թե արդյոք նախկինում շահագործվել է (ըստ մարզպետի՝ արտադրվել է 2016-ին), ՀՀ-ում ով է լինելու շահագործողը՝ ստեղծվելու՞ է նոր ավիաընկերություն, թե՞ հանձնվելու է արդեն գոյություն ունեցողներից մեկին (բանն այն է, որ օպերատորը պետք է ունենա օդանավ շահագործողի վկայական, ինչի համար ահրաժեշտ է բավարարել մի շարք պահանջներ): Մարզպետը նշել էր նաեւ, որ հեռանկարում նախատեսում են ձեռք բերել այլ օդանավեր. Պոլոսկովից հետաքրքրվել էինք, թե ինչ ինքնաթիռների մասին է խոսքը:

Մեր հարցմանը պատասխանելուց ԶՊՄԿ-ն որեւէ կերպ չի հրաժարվել: Ավելին՝ Պոլոսկովի օգնական Լուսինե Մովսիսյանը նշել է, թե կպատասխանեն 30-օրյա ժամկետում, սակայն դրա լրանալուց հետո, մեր հիշեցումներին ի պատասխան, մի քանի անգամ ասաց, թե այսօր-վաղը կուղարկեն պատասխանները, ինչն էլ մնաց օդում: Ահա այսպես: Դժվար է հասկանալ, թե որն էր ԶՊՄԿ-ի՝ ընդամենը 5 պարզ հարցի չպատասխանելու դժկամության պատճառը: Ըստ էության, ի սկզբանե Մովսիսյանը, գուցե նաեւ Պոլոսկովը, լրագրողական հարցումն անտեսելու հորդոր-ուղղորդում են ունեցել: Ընդհանրապես, ԶՊՄԿ-ն, լինելով արդյունաբերական հսկաներից մեկը, Հայաստանի ամենափակ կառույցներից է, չնայած իր պաշտոնական կայքում, որը վաղուց չի թարմացվում, խոսում է թափանցիկությունից: Կոմբինատի փակ ու գաղտնի գործելաոճի մասին գիտեն շատերը, նրանք, ովքեր երբեւէ շփվելու առիթ են ունեցել դրա հետ: Բայց ինչպես համոզվել ենք, երկրի ընդերքից միլիարդների օգուտ ստացող կառույցի ղեկավարությանն ընդհանրապես չի հուզում հասարակության եւ մամուլի կարծիքն իր գործելակերպի մասին:    

Եվ այս գերգաղտնի վարքագծով կոմբինատը Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագրի ներդրողներից մեկն է, մյուսը Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամն (ՍՄԶՆՀ) է:

Մարզպետ Վ. Հակոբյանը նաեւ հայտարարել էր, որ «L-410» օդանավը ձեռք են բերել 5,5 մլն եվրոյով, որից 1,5 մլն-ը ԶՊՄԿ-ն վճարել է, մնացած 4 մլն-ն էլ մարվելու է դրա շահագործումից հետո: Նախատեսվում է այն Հայաստան բերել մարտին, իսկ շահագործումը սկսել մայիս-հունիսին, երբ կբացվի օդանավակայանը:

Կապան-Երեւան ավիատոմսի արժեքը
կլինի մոտ 20.000 դրամ

Կապանի օդանավակայանը 25 տարով
անհատույց հանձնվել է
կոնցեսիոն կառավարման

Կապան-Երեւան-Կապան չվերթները կատարվելու են երկու օրը մեկ (օրը մեջ): Գրել էինք, որ միակողմանի տոմսի արժեքը, նախնական տվյալներով, լինելու է 20.000 դրամի սահմաններում: Սյունիքի մարզպետարանից «Հետքին» նաեւ հայտնել էին, որ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել սուբսիդավորել առողջության նկատառումներով մայրաքաղաք շտապ տեղափոխվելու անհրաժեշտություն ունեցող ուղեւորների ճանապարհածախսը: Հոկտեմբերյան ասուլիսին Վ. Հակոբյանը, փաստորեն, հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ երկկողմանի տոմսը, նախնական հաշվարկներով, կարժենա 30-40 հազար դրամ, իսկ վերոնշյալ հիմնադրամի կողմից կգործեն նաեւ հատուկ սակագներ ուսանողների համար: Հիշեցնենք, որ Կապանի համայնքապետարանը օդանավակայանը, որը ստացել է «Սյունիք» անունը, սեպտեմբերից 25 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնել ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը ՍՄԶՆՀ-ն է:          

Այս պահին դեռեւս շարունակվում են օդանավակայանի շենքի կառուցման աշխատանքները: Ըստ նախագծի՝ այն ժամում կարող է սպասարկել մինչեւ 100 ուղեւորի: Չնայած նախապես նշվում էր, որ օդանավակայանի վերագործարկման ծրագիրն արժենալու է 2 մլն դոլար, Վահե Հակոբյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ դեկտեմբերին կայացած հանդիպմանը նշել է 2,5 մլն դոլարի մասին:

Կապանի օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 1590 մ է, լայնությունը՝ 40 մ: Այն սերտիֆիկացվելու է որպես «3C» դասի աերոդրոմ, որը կարող է սպասարկել մինչեւ 50-80 հոգի տեղավորող օդանավեր: 

Դատելով նրանից, որ ձեռք բերված չեխական օդանավը տեղավորում է 19 ուղեւոր՝ այն, ամենայն հավանականությամբ, «L-410UVP-E20» մոդիֆիկացիան է (17-19 հոգի կարող է տեղափոխել նաեւ «L-410UVP-E» տեսակը, որը տեխնիկական պարամետրերով զիջում է առաջինին):  

«L-410UVP-E20»-ը ստեղծվել է իր նախորդներից ավելի երկար՝ 1410-1520 կմ հեռավորության թռիչքների համար (խոսքը դատարկ վիճակում թռիչքների մասին է, իսկ հեռավորության տարբերությունը կախված է շարժիչի մոդելից), տարբերվում է նաեւ նրանով, որ թռիչք-վայրէջք կարող է կատարել կարճ տարածության վրա (500-547 մ), ավելի քան 5 ժամ կարող է գտնվել օդում: Օդանավի կոմերցիոն ծանրաբեռնվածությունն այսպիսին է՝ 19 ուղեւոր + 250 կգ բեռ: 100 կգ բեռը տեղավորվում է ինքնաթիռի քթամասում առանձնացված խցիկում, իսկ մյուս 150-ը՝ սրահի վերջնամասում (ինչպես շատերին հայտնի «Յակ-40»-ում): Ընդ որում՝ լրիվ ծանրաբեռնվածությամբ ինքնաթիռը կարող է թռչել 510 կմ:

Սա նշանակում է, որ այն կարող է ոչ միայն Կապան-Երեւան 40-րոպեանոց թռիչքներ կատարել, այլեւ մեկնել հարեւան երկրներ՝ Վրաստան, Իրան, Թուրքիա: Հիշեցնենք, որ հոկտեմբերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետը հայտարարեց, որ իրենք բանակցում են Թավրիզի (ավելի կոնկրետ՝ Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի, որի կենտրոնն է Թավրիզը) նահանգապետի հետ՝ իրանցի զբոսաշրջիկներին Կապանից ինքնաթիռով Երեւան տեղափոխելու համար: Մյուս կողմից՝ արժե հիշեցնել, որ «Զվարթնոցի» ու «Շիրակի» կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն մեր երկրում միջազգային թռիչքներն սպասարկելու մենաշնորհ ունի: Այսինքն՝ Կապանի օդանավակայանից կարող են կատարվել միայն տեղական՝ ներհայաստանյան չվերթներ:

«L-410» օդանավը կարող է ծառայել թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական ավիացիային: Այն շահագործվել ու շահագործվում է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում: Հայաստանում կիրառվելու է առաջին անգամ: Աշխատում է -50°C-ից մինչեւ +50°C ջերմաստիճանի պայմաններում:

1969-ից ի վեր ավելի քան 1200 միավոր «L-410» է արտադրվել: Ոլորտում մասնագիտացած aviation-safety.net կայքի տվյալներով՝ առ այսօր այս օդանավի մասնակցությամբ 128 միջադեպ ու պատահար է գրանցվել, որոնցում զոհվել է 432 հոգի: Բացի սրանցից՝ գրանցվել է նաեւ «L-410» առեւանգելու 4 դեպք (1 զոհ): Ամենաողբերգական պատահարը տեղի է ունեցել 1993-ի օգոստոսի 26-ին, երբ ռուսական «Սախա Ավիա» (հետագայում՝ «Յակուտիա») ընկերության օդանավը աղետի էր ենթարկվել Ալդանի օդանավակայանի երկնքում. զոհվել էին 2 օդաչուներն ու 22 ուղեւորները: Ընդհանուր 132 դեպքերից 119-ում օդանավերը շարքից դուրս են եկել վերջնականապես, ընդ որում՝ տարեցտարի նման դեպքերի թիվն աճում է: 

Օդանավի լուսանկարները՝ aircraft-industries.com