HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապանի աերոդրոմի վազքուղին նորոգելու ընթացքում բարդություններ են ի հայտ եկել

Կապանի «Սյունիք» օդանավակայանի շենքի շինարարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2019 թվականի ամառվա վերջ, իսկ թռիչքուղու վերականգնումն առայժմ հայտնի չէ, թե երբ կավարտվի, քանի որ դրա նախագիծը դեռեւս փորձաքննություն էլ չի անցել: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց աերոդրոմի ինժեներ, շինարար Գեւորգ (Գագիկ) Ղազարյանը:

«Հետքը» հետեւում է Կապանի օդանավակայանի վերակառացուման աշխատանքներին եւ, լինելով տեղում, պարբերաբար անդրադառնում դրանց: Այս ամենից զատ՝ գրել ենք նաեւ 1972-ին շահագործման հանձնված օդանավակայանի պատմության մասին: Հիշեցնենք, որ օդանավակայանում վերակառուցման շինաշխատանքներն սկսվել են 2017-ի մայիսից: Դրանք իրականացնում է «Կապանի Նորոգշին» ՍՊԸ-ն, իսկ նախագծողը երեւանյան ««Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինտիտուտ «Տրանսնախագիծ»» ՓԲԸ-ն է:     

IMG_6088.jpg (215 KB)

Օդանավակայանի շենքին նախկինում անդրադարձել ենք: Այն անցել է բնապահպանական փորձաքննություն: Շենքը երկու թեւերում միահարկ, իսկ կենտրոնում՝ երկհարկանի կառույց է: Մեր այցի պահին աշխատանքներ էին կատարվում դրա տանիքին: Շենքի ամենաբարձր հատվածում է գտնվում կարգավարների համար նախատեսված դիտման տարածքը, որտեղից երեւում է ամբողջ թռիչքուղին:

IMG_6063.jpg (213 KB)

Ըստ նախագծի՝ օդանավակայանից նախատեսվում է օրական իրականացնել առավելագույնը 2 չվերթ՝ 35-50 ուղեւորի ներգրավմամբ: Մյուս կողմից՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ժամանակին հայտնել էր, թե նախատեսվում է Կապան-Երեւան-Կապան կանոնավոր չվերթները կատարել երկու օրը մեկ: Օդանավակայանի շահագործման համար գնված առաջին ու դեռեւս միակ «L-410UVP-E20» ինքնաթիռն էլ, որն օգոստոսից կանգնած է «Զվարթնոց» օդանավակայանում, նախատեսված է 19 ուղեւորի համար: Գ. Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում անցյալ տարի նշել էր, որ օդանավակայանի նոր շենքը ժամում կարող է սպասարկել մինչեւ 100 հոգու: Չվերթների քանակն ու դրանց ծանրաբեռնվածությունը, բնականաբար, ցույց կտա ժամանակը, միայն ասենք, որ օդանավը շահագործելու է «Atlantis Armenian Airlines» ավիաընկերությունը, որին շուտով կանդրադառնանք առավել մանրամասն:

22.jpg (304 KB)

Հունիս, 2018 թ.

Բացի դրանից՝ չի բացառվում, որ հետագայում օդանավակայանն օգտագործեն ավելի մեծ տարողություն ունեցող ինքնաթիռներ: Գ. Ղազարյանը ժամանակին մեզ հայտնել էր, որ վերակառուցումից հետո աերոդրոմը սերտիֆիկացվելու է որպես «3C» դասի, ինչը նշանակում է, որ այն կարող է ընդունել մինչեւ 50-80 հոգի տեղավորող օդանավեր:  

Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերին Կապանի ղեկավարությունը պայմանագիր է կնքել ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի հետ, որով օդանավակայանը 25 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել նշված ընկերությանը: Վերջինիս սեփականատերն էլ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամն է, որը ստեղծվել է կառավարության կողմից, սակայն կառավարման լիազոր մարմինը Սյունիքի մարզպետարանն է, իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ ի պաշտոնե մարզպետը: Օդանավակայանի վերակառուցման ներդրողներ են համարվում այս հիմնադրամը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. վերջինս իր վրա է վերցրել ֆինանսական ծախսերը, մասնավորապես՝ վճարել է չեխական ինքնաթիռի 5,5 մլն եվրո արժեքից 1,5 մլն-ը, իսկ մնացածը մարվելու է օդանավի շահագործումից հետո: Դրանից զատ՝ օդանավակայանի վերագործարկման ծրագիրը գնահատվել է 2 մլն դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշել էր 2,5 մլն-ի մասին:       

IMG_6066.jpg (197 KB)

Մարզպետի պաշտոնում Վ. Հակոբյանին (2016-2018 թթ.) փոխարինած Կարեն Համբարձումյանի (2018-ի հունիս-հոկտեմբեր) օրոք խոսակցություններ կային, որ վերջինս ոգեւորված չէ օդանավակայանի գործարկմամբ եւ հիմնադրամի գործունեությամբ, սակայն մեր հարցմանն ի պատասխան մարզպետարանից հայտնել էին, թե առաջինի շահագործումը մարզի ռազմավարական ծրագրերից է, իսկ երկրորդն էլ շարունակելու է գործել:

IMG_6054.jpg (229 KB)

Եթե օդանավակայանի շենքի շինարարության ընթացքը կարելի է նորմալ համարել, ապա թռիչքուղու մասով դժվարություններ են առաջացել: Աերոդրոմի ինժեներ Գ. Ղազարյանը «Հետքին» անցյալ տարվա հունիսին հայտնել էր, որ թռիչքուղու ասֆալտբետոնե ծածկն ամբողջությամբ դժվար թե փոխեն, փոխարենը նպատակը բոլոր փոսերն ու անհարթությունները ծածկելն էր: Հերթական հանդիպման ժամանակ, սակայն, նա նշեց, որ երբ քանդել են վերանորոգման ենթակա հատվածները, տեսել են, որ ասֆալտի հիմքում մոլիբդենային մնացորդ է լցված՝ արդեն «պլաստիլին դարձած»: Շինարարն ասում է, որ այդ հիմքը պետք է հանվի, տեղում կատարվի խճապատում, կոպճապատում, ապա նոր՝ ասֆալտապատում:  

01.jpg (230 KB)

Հունիս, 2018 թ.

Չնայած տարբեր աղբյուրներում (այդ թվում՝ պաշտոնական) Կապանի թռիչքուղու երկարությունը նշվում է 1590 մ, փաստացի այն 1747 է, լայնքը՝ 40 մ: Ըստ Գ. Ղազարյանի՝ 750 մ-ը քանդել են: Մյուս կողմից՝ քանի որ թռիչքուղուն կից անվտանգության գոտին պարտադիր պետք է լինի 25-30 մ, իսկ կոյուղու գծերը մոտ են թռիչքուղուն, ստիպված կլինեն գծանշման միջոցով մի քանի մետր նեղացնել 40 մ լայնությամբ վազքուղին, այսինքն՝ ասֆալտի մի մասը եւս կդառնա անվտանգության գոտի: Ինչպես ասվեց վերեւում, թռիչքուղու վերականգնման նախագիծը դեռ փորձաքննություն պիտի անցնի:    

IMG_6067.jpg (154 KB)

Հիշեցնենք, որ Կապանի աերոդրոմում գոնե սկզբնական փուլում չի նախատեսվում տեղադրել վայրէջքը կարգավորող սարքավորումներ, այսինքն՝ օդանավերը վայրէջք են կատարելու վիզուալ թռիչքների կանոններով: Քանի որ, ըստ Սյունիքի մարզպետարանի, սկզբնապես չի լինելու նաեւ լուսազդանշանային համակարգ (պլանավորվում է հետագայում անդրադառնալ հարցին՝ կախված ոչ լուսավոր ժամերին թռիչքների պահանջարկից), հասկանալի է, որ թռիչքները կատարվելու են միայն օրվա ընթացքում:

Լուսանկարները՝ հեղինակի, Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter