
Կապանի օդանավակայանի վերագործարկումը ձգձգվում է, բայց նոր մարզպետը դեմ չէ դրա բացմանը
Չնայած Կապանի օդանավակայանի բացումը նախատեսված էր հունիս-հուլիսին, մինչ օրս այնտեղ շարունակվում են շինաշխատանքները: Հունիսին մենք եղել ենք Կապանում, տեսանկարահանել ընթացիկ վիճակը: Առայժմ շարունակվում է օդանավակայանի շենքի շինարարությունը, բարեկարգվում է թռիչքուղու ասֆալտե ծածկը: Օդանավակայանի տարածքը մեծ մասամբ ցանկապատված է:
Տեղում աշխատողներից մեկը մեզ հայտնեց, որ բացումը, ըստ շրջանառվող խոսակցությունների, հետաձգվել է 18 ամսով, բացի դրանից՝ Կապանում տեղեկացանք, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին փոխարինած Կարեն Համբարձումյանը մի փոքր այլ մոտեցում ունի օդանավակայանի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հենց Հակոբյանի օրոք՝ 2017-ի մայիսին են սկսվել շինաշխատանքները: 1972-ին բացված, սակայն 1990-ականներից չգործող օդանավակայանի վերաշահագործումը ֆինանսավորում են Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամն (ՍՄԶՆՀ) ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): Մարզպետարանից մեզ հայտնել էին, որ ներդրման ծավալը 2 մլն դոլար է, սակայն 2017-ի տարեվերջին Վ. Հակոբյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը նշել էր 2,5 մլն դոլարի մասին: Բացի սրանից՝ ԶՊՄԿ-ն 5,5 մլն եվրոյով ձեռք է բերել չեխական «L-410» 19-տեղանոց ինքնաթիռ: 2017-ի սեպտեմբերին էլ Կապանի քաղաքապետարանը կոնցեսիոն պայմանագիր էր կնքել նորաստեղծ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի հետ, որով այս ընկերությունը 25 տարով ստանձնել է օդանավակայանի տիրապետման, օգտագործման, կառավարման, շահագործման, սպասարկման, վերանորոգման եւ անհրաժեշտ բարելավման իրականացման իրավունքը: 2017-ի մայիսին գրանցված ՍՊԸ-ի հիմնադիրը հենց ՍՄԶՆՀ-ն է, Կապանի օդանավակայանն էլ ստացել է «Սյունիք» անունը, չնայած մարզում օդանավակայաններ ունեն նաեւ Սիսիանը, Գորիսը, Մեղրին:
Օդանավակայանը կբացվի, հիմնադրամը կաշխատի
Ըստ մեր ստացած տեղեկությունների՝ Կարեն Համբարձումյանը, ով սիսիանցի է, Կապանում լրագրողների հետ հանդիպմանը, մասնավորապես, հայտնել է, որ ինքը աշխատավայր հասնում է (հասնելու է) մեքենայով, այլ ոչ թե օդանավով: Ակնարկն այստեղ հասկանալի է, քանի որ ԶՊՄԿ-ում աշխատած մարզային նախկին ղեկավարությունը պարբերաբար Երեւանից Կապան էր մեկնում ուղղաթիռով: Մյուս կողմից՝ տեղեկացել էինք, որ միանշանակ չէ նաեւ նոր մարզպետի վերաբերմունքը ՍՄԶՆՀ-ի հանդեպ, որը նույնպես հիմնադրվել է Վ. Հակոբյանի օրոք՝ 2016-ի դեկտեմբերին, կառավարության որոշմամբ, սակայն պետության կողմից դրա կառավարման լիազորված մարմինը Սյունիքի մարզպետարանն է:
Կարեն Համբարձումյանին հուլիսի 2-ին երկու հարց էինք ուղղել օդանավակայանի եւ հիմնադրամի մասին, սակայն մարզպետարանից հայտնեցին, որ կպատասխանեն 30 օրում, ինչը տարօրինակ էր. հարցերն ընդամենը նշված կառույցների հետագա գործունեության վերաբերյալ նրա ունեցած դիրքորոշման մասին էին: Մարզպետարանի պատասխանատուներից մեկը ավելի ուշ հայտնեց, որ, իր տվյալներով, ձգձգումը պայմանավորված է ստուգումներով, որոնք պիտի իրականացվեին օդանավակայանում եւ հիմնադրամում: Ինչեւէ, այսօր մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գրիգոր Թադեւոսյանից ստացել ենք հարցերի պատասխանները:
Օդանավակայանի վերաբերյալ Թադեւոսյանը հայտնել է. «Սյունիքի մարզպետարանը շահագրգռված է Կապանի օդանավակայանի շահագործման հանձնման հարցում, քանի որ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը եւ դիվերսիֆիկացիան հանդիսանում է մարզի զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններից, եւ օդանավակայանի շահագործումը հանդիսանում է ՀՀ Սյունիքի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության ռազմավարական ծրագրերից մեկը»:
Այս առումով արժե նշել, որ հուլիսի 27-ին տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հայկական ավիացիայի վերաբերյալ, որի ժամանակ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը խոսել է նաեւ Սյունիքի օդանավակայանների մասին՝ առանձնացնելով Կապանի կառույցի շինաշխատանքներն ավարտին հասցնելու կարեւորությունը: Մարզի մյուս օդանավակայանները, ինչպես նախկինում գրել ենք, գտնվում են ՊՆ բալանսում: Ղազարյանը նշել է, որ աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ ճիշտ կլինի Սիսիանի ու Գորիսի օդանավակայանները շարունակել օգտագործել ռազմական նպատակներով:
Վերադառնալով Կ. Համբարձումյանին ուղղված մեր հարցերին՝ նշենք, որ, Գ. Թադեւոսյանի տեղեկացմամբ, Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը շարունակելու է գործել: Աշխատակազմի ղեկավարի տեղակալը հավելել է, որ ՍՄԶՆՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշտոնե Սյունիքի մարզպետն է:
Ինքնաթիռը գրանցվել է «Մարս Ավիայի» անունով
Կապանի օդանավակայանի համար նախատեսված «L-410UVP-E20» ինքնաթիռը, մարզային նախորդ իշխանությունների ներկայացմամբ, պիտի Հայաստան բերվեր դեռ մարտ ամսին, սակայն դրա ժամանման մասին առայժմ որեւէ հստակություն չկա: Ապրիլին գրել էինք, որ նոր գույներով ներկվելուց հետո այն ստացել է Համո Սահյանի անունը, պոչին պատկերվել է ՀՀ եռագույնը եւ ԶՊՄԿ-ի լոգոն, իսկ իրանին գրվել է ապագա օպերատորի անունը՝ «Atlantis Armenian Airlines»: Բայց քանի որ Հայաստանում նման ավիաընկերություն չկա, հայտնել էինք, որ խոսքը «Atlantis European Airways»-ի մասին է, որի 3 ինքնաթիռներն այսօր վարձակալությամբ շահագործվում են Հունաստանում (EK-32002, EK-32008) եւ Մոլդովայում (EK-73797):
ՀՀ-ում Չեխիայի դեսպանության աշխատակիցը՝ Կունովիցե քաղաքի օդանավակայանում հայկական ինքնաթիռի հետ
(13.06.2018, facebook.com)
Եվ ահա քաղավիացիայի կոմիտեի կայքից տեղեկանում ենք, որ նշված օդանավը հունիսի 5-ին ստացել է հայկական գրանցում՝ EK-4104: Սակայն շահագործող է նշված ոչ թե «Atlantis»-ը, այլ «Մարս Ավիան»: Այս ընկերության մասին նախկինում գրել ենք. մասնագիտացած է օդային բեռնափոխադրումների ոլորտում, թիրախային գոտին Աֆրիկան է: Այս պահին, ըստ ՔԱԿ-ի կայքի, «Մարս Ավիան» ունի 11 ինթնաթիռ, որոնցից միայն «L-410»-ն է ոչ խորհրդային մոդել, մյուսները ուկրաինական հայտնի «Անտոնով» ընկերության օդանավերն են («Ան-26», «Ան-28», «Ան-32», «Ան-72», «Ան-74»): Սրանցից «Ան-28»-երը (հայկական օպերատորն այս պահին ունի 2 նման ինքնաթիռ) բեռնաուղեւորատար են եւ իրենց տեխնիկական բնութագրերով նման են «L-410»-ին: Այսինքն՝ այն հանգամանքը, որ «Մարս Ավիան» չեխական օդանավի նմանակի շահագործման փորձ ունի, թերեւս պատճառ է դարձել, որ Կապանի օդանավի օպերատոր դառնա հենց նա:
Ճշտում (10.08.2018) - «Մարս Ավիայի» EK-4104 օդանավն ու «Atlantis»-ի ինքնաթիռը տարբեր բորտեր են, ավելի մանրամասն՝ այստեղ: Ներողություն ենք խնդրում շփոթության համար:
Օդանավակայանի լուսանկարն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել