HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Սկյուռը» պացիենտներին հիվանդանոց կտեղափոխի պետպատվերի հաշվին

«Արմենիան Հելիքոփթերս» ավիաընկերությունը ձեռք է բերել իր չորրորդ ուղղաթիռը, որը մյուսներից կտարբերվի իր գործունեությամբ: Աշխարհահռչակ «Airbus» ընկերությունից գնված ուղղաթիռը Հայաստան է ժամանել օրերս եւ այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող երրորդ ուղղաթիռն է:

Հիշեցնենք, որ «Արմենիան Հելիքոփթերսն» ունի մեկ հատ ամերիկյան «Robinson R66» (1 օդաչու + 4 ուղեւոր), մեկ հատ եվրոպական «H130 T2» (թողարկվում է «Airbus Helicopters»-ի կողմից, 1 օդաչու + 6 ուղեւոր), ինչպես նաեւ մեկ հատ «SA 341G Gazelle» (նախագծվել ու արտադրվել է «Airbus»-ի իրավանախորդ ֆրանսիական «Aérospatiale»-ի կողմից, 1 օդաչու + 4 ուղեւոր): Այս վերջին ուղղաթիռը դեռ Հայաստան չի բերվել, սակայն դեկտեմբերին կառավարությունը որոշել է ավիաընկերությանն ազատել դրա ներմուծման մաքսատուրքից: Օպերատորն ուղղաթիռները համարակալում է հերթականությամբ՝ նախկինում Ռուսաստանում գրանցված «R66»-ը Հայաստանի օդանավերի ռեգիստրում հաշվառվել է որպես EK-H001, հունգարական գրանցում ունեցած «H130»-ը՝ EK-H002, տրամաբանական է, որ «SA 341»-ը կլինի EK-H003-ը, իսկ նոր ուղղաթիռի վրա արդեն կա EK-H004 գրությունը (առայժմ դրա վրայից չի մաքրվել ֆրանսիական F-WTBI գրանցումը):

Նոր օդանավը դեռ Հայաստան չբերված՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում արդեն անդրադարձել էր դրան՝ նշելով, որ այն ծառայելու է սանիտարական ավիացիային:

«Հետքը» մի քանի հարցեր էր ուղարկել Թորոսյանին նոր փոխադրամիջոցի ծառայությունների մասին: ԱՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Հակոբյանը մեր հարցին, թե ինչ կերպ են համագործակցելու օպերատորն ու նախարարությունը, պատասխանել է. «ԱՆ-ի եւ «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի համագործակցությունը նախատեսում է ընկերության կողմից ուղղաթիռով պացիենտների միայն տեղափոխման գործընթացի իրականացում: Տվյալ ծառայությունն ընկերությունը մատուցելու է իրեն պատկանող տարբեր ուղղաթիռների միջոցով, որոնք կհամապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին: Ընկերության կողմից գնված վերջին ուղղաթիռը համապատասխանում է սահմանվող անհրաժեշտ չափանիշներին, եւ հավանաբար հիմնականում այն կմատուցի պացիենտների ուղղաթիռով տեղափոխման ծառայությունները»: Այս առումով արժե հիշել, որ երբ Հայաստան էր բերվել ավիաընկերության երկրորդ ուղղաթիռը, այն տեսնելու էր գնացել նախարար Թորոսյանը: 

52602601_1870060813100603_8.jpg (104 KB)

Պացիենտներն ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխվելու անվճար, ավելի ճիշտ՝ պետպատվերի շրջանակներում: Վ. Հակոբյանը «Հետքին» տեղեկացրել է. «Պացիենտի տեղափոխումն ուղղաթիռով (պացիենտի՝ ուղղաթիռով տեղափոխման ենթակա հիվանդությունների եւ վիճակների դեպքում) կազմակերպվելու է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում՝ արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակներում: Միաժամանակ տվյալ ծառայությունը կարող է իրականացվել նաեւ վճարովի հիմունքներով, երբ պացիենտի մոտ բացակայում են ուղղաթիռով տեղափոխման համար սահմանված հիվանդությունները եւ վիճակները»:

Այլ կերպ ասած՝ պետպատվերի միջոցով ուղղաթիռով հիվանդները տեղափոխվելու են ԱՆ-ի սահմանած կոնկրետ դեպքերում (դրանք կլինեն համեմատաբար ծանր դեպքեր): Սակայն մյուս դեպքերում էլ պացիենտը կամ նրա հարազատները կարող են վճարել իրենց գրպանից՝ նախընտրելով շտապ հասնել հիվանդանոց: 

Շեշտենք, որ ուղղաթիռով «արագ արձագանքման» արտագնա անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունը նոր երեւույթ է Հայաստանում, ինչի ներդրման մասին երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է Արսեն Թորոսյանը:  Նա պատմել է, թե որ դեպքերում են պացիենտները օդով տեղափոխվելու պետության հաշվին, ինչպես նաեւ ներկայացրել տեղափոխման ընթացակարգը:

ԱՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Հակոբյանը «Հետքին» նաեւ հայտնել է, որ պացիենտի օդային տեղափոխումը պետպատվերով կազմակերպվելու է շտապ բուժօգնություն եւ սպասարկում ու երրորդ մակարդակի (ամենաբարձր մակարդակն է- Վ.Ս.) վերակենդանացման ծառայություն մատուցող լիցենզավորված բժշկական կազմակերպությունների կողմից (հիշեցնենք, որ թե՛ շտապ բուժօգնությունը, թե՛ վերակենդանացման միջոցառումները Հայաստանում իրականացվում են պետպատվերով): Կարճ ասած՝ տվյալ ԲԿ-ները «Արմենիան Հելիքոփթերսի» միջոցով տեղափոխելու են հիվանդին, որի դիմաց վճարելու է պետությունը:    

Հետաքրքիր է, որ օրեր առաջ «Ֆեյսբուքում» Արսեն Թորոսյանը տարածել է նաեւ Մարտունու նոր բժշկական կենտրոնի էսքիզները՝ հայտնելով, որ այն շահագործման կհանձնվի 2021 թվականի վերջին: Էսքիզների համաձայն՝ տանիքին նախատեսվում է նաեւ ուղղաթիռադաշտ կառուցել:   

52966834_881571845362415_29.jpg (151 KB)

Ավիաընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը Առաջին ալիքին տեղեկացրել է, որ իրենք ԱՆ-ին առաջարկել են այնպիսի գին, որը գրեթե զրոյական շահույթ է բերելու փոխադրողին, սակայն, այդուհանդերձ, ուղղաթիռը շահագործելու հնարավորություն տալու է: Տնօրենը նաեւ հայտնել է, որ, բացի սանիտարական թռիչքներից, օդանավը կարող է իրականացնել որոնողափրկարարական, գյուղատնտեսական, հրդեհաշիջման, շինարարական, բեռնափոխադրման աշխատանքներ:  

Հավելենք, որ նոր ուղղաթիռը «Airbus»-ի «H125» մոդելն է, որը հայտնի է նաեւ «AS350 Écureuil» (ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է սկյուռ) անունով: Այս ուղղաթիռներն արտադրվում են 1970-ականներից ֆրանսիական «Aérospatiale»-ի, ապա՝ «Eurocopter»-ի, իսկ այսօր՝ «Airbus Helicopters»-ի կողմից: Ընդ որում՝ «H130»-ը, որն արդեն մի քանի ամիս շահագործում է «Արմենիան Հելիքոփթերսը», «H125» մոդելի զարգացված տարբերակներից է: Կախված նստատեղերից՝ «H125»-ը տեղավորում է 1-2 օդաչու եւ 4-6 ուղեւոր: Կոնկրետ հայկական ավիաընկերության ձեռք բերած ուղղաթիռը 1+5 տարբերակով է: Նստատեղերը կարող են տեղաշարժվել՝ տեղ ազատելով, օրինակ, պատգարակի համար:    

Հիշեցնենք, որ «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018-ի փետրվարի 15-ին Երեւանում: Միանձնյա սեփականատերը երեւանցի Կարեն Ալֆրեդի Վարդանյանն է: Սկզբնական փուլում տնօրենը եղել է Արամ Աբովյանը, ապա՝ ռուսաստանցի Սերգեյ Կոմարովը: 2018-ի օգոստոսից ՍՊԸ-ի տնօրենը Արսեն Մանուկյանն է, ով մինչ այդ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմի ղեկավարն էր:  

Ավիաընկերությունն օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել 2018-ի հունիսի 21-ին: Առաջարկում է չարտերային չվերթներ Հայաստանի տարածքում (կան մշակված երթուղիներ օպերատորի կողմից), ինչպես նաեւ դեպի Վրաստան (Թբիլիսի), Ռուսաստան (Սոչի, Վլադիկավկազ), Թուրքիա (Կարս, Աղրի), իրականացնում է նաեւ հարսանեկան շրջագայություններ, օդային տեսա- եւ լուսանկարահանումների համար ու գովազդային թռիչքներ, խորհրդատվություն եւ տեխնիկական ծառայություններ ուղղաթիռ գնելուց առաջ եւ հետո: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter